ԵՐԲԵՄՆ ՄԻ ԲԱՌԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՏԱՔ ՀՆՉԵԼ

- Բարև,- դպրոց մտնող յուրաքանչյուր  երեխայի ձեռքը սեղմելով, ասում է Ուսուցիչը։ Կապ չունի, թե եկողը  յոթ, տաս կամ թե տասնհինգ տարեկան է։ Կարևորը,  արտաբերված այդ մի հատիկ բառն է, որն ավելի տաք է հնչում, քան բազում խոսքեր։ Գաղտնաբառ է՝ գեղարվեստի խորհրդավոր աշխարհի դուռը բացող... Այն դուռը, որը տանում է մի տեղ, ուր  գեղանկարչության այբուբեն են սովորեցնում, ուր գեղարվեստի գաղտնիքներ են բացահայտում և կյանքի տարաբնույթ երևույթները դիտարկելու համար  փակ պատուհաններ բացում։ Քանի՞ սերունդ է կրթվել այդ հարկի տակ, որ կոչվում է  «Աթանյան արվեստի կենտրոն»։ Հարցը հռետորական չէ, և հարցի պատասխանը  դժվար չէ ստանալ, քանի որ հինգ տարին մեկ  կենտրոնը  յուրօրինակ հաշվետվությամբ է ներկայանում հանրությանը։ ԵՎ քանի որ  2019-ը, հոբելյանական է, ապա այն հրաշալի հնարավորություն է ընձեռում ոչ միայն այս հարցի պատասխանը ստանալ, այլև քառորդ դար գործող մշակութային կենտրոնի տարեգրությանը ծանոթանալ, նաև կենսագրության էջերը  վերընթերցել  ու վերարժեքավորել...

Տոնական հանդիսությունը Կենտրոնի հոբելյանին նվիրված, այս անգամ կայացել է Գլենդելի Փասիֆիկ համայնքային կենտրոնում։  Կայացել է մեծ շուքով, համերգային հետաքրքիր ծրագրով, շքեղ ցուցահանդեսով, որը ներառել էր դպրոցի 212 աշակերտների տարբեր ժանրերով (գեղանկարչություն, գրաֆիկա, դիզայն, քանդակ, կերամիկա) իրականացված  հինգ հարյուրից ավել գործ։

Ճանաչված նկարիչ և քանդակագործ, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,  պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանը, Գլենդելի ի կյանս Ադամանդե մրցանակակիրը, Արշիլ Գորկու անվան մեդալակիրը, Ֆրանսիայի և Իտալիայի միջազգային բիենալեների  դիպլոմակիրը, Լոս Անջելեսում որդու՝ արվեստագետ Գոռ Աթանյանի հետ հիմնադրած դարբնոցը, մեծապես  հայապահպանման գործին է նպաստում։

Դպրոց, որի սաները մասնակցել են ավելի քան 300-ից ավելի ցուցահանդեսների ու մրցույթների՝ շահելով բազմաթիվ պարգևներ, արժանանալով սահմանված բարձր մրցանակների։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում այստեղ կրթություն են ստացել 3500 աշակերտ, որոնցից շատերը շարունակելով ուսումը կերպարվեստի և դիզայնի քոլեջներում և համալսարաններում մասնագիտական լուրջ հաջողությունների են հասել։ Հարկ է նշել Արմեն Ղազանչյանի, Հարութ Դեմիրչյանի, Անժելա Ավանեսյանի, Արփի Բաղդասարյանի, Անուշ Շահինյանի, Արփի Շահբանդարյանի, Արմեն Թութունջյանի անունները։ Պարգևներ, պատվոգրեր, գրավոր ու բանավոր խոսքով վավերացված գնահատականներ, այդ ամենը փաստում  են  արված հսկայական աշխատանքի ու այն կարևոր դերի մասին, որ ունեցել է և ունի այս կենտրոնը ոչ միայն երեխաների գեղագիտական դաստիարակության գործում, այլև Լոս Անջելեսի մշակութային կյանքում։ Կենտրոնը համագործակցում է Հայաստանի հանրապետության հյուպատոսարանի հետ՝ բազմաբովանդակ ծրագրեր իրականացնելով։ Թեմատիկ ուշագրավ  ցուցահանդեսներից հիշատակության են արժանի քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ «Նվիրումի պատկերներ» խորագիրը կրող և Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսները, որոնք ներկայացվել էին Առաջնորդարանում և «Զորայան» թանգարանում։

Լոս Անջելեսում հայտարարված մի շարք մրցույթներում հաղթող ճանաչված Վլադիմիր և Գոռ Աթանյանների հեղինակած մոնումենտալ ստեղծագործությունների շարքը շուտով կլրացվի ևս նոր մի գործով։ Այն կոչվում է «Դարպաս և կարաս» և  նշանավորելու  է Հոլիվուդում գտնվող   Փոքր Հայաստանի  «դարպասը»։

Կենտրոնի ստեղծագործական համագործակցության շրջանակները գնալով ավելի ու ավելի են մեծանում. Գլենդելի քաղաքապետարանի նախագծերը, Eastern Seals, Sacura of Amerika, Cirgue du Soleil, Nasa, Նյու Յորքի օժտված երեխաների թանգարան, Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան, համահայկական մրցույթ-փառատոն, Ճապոնիայի «Աշխարհի երեխաները» նկարչական մրցույթ-ծրագրեր: Հույս կա, որ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի ու Մշակույթի նախարարությունների հետ տարիներ առաջ  սկզբնավորած  գործնական հարաբերությունները առաջիկայում էլ կշարունակվեն:

Ուսումնական հաստատության ձեռքբերումներն, անշուշտ պայմանավորված են նաև տաղանդավոր մանկավարժների հմուտ աշխատանքով. Իրինա Սրապիոնյանի, Պոլետ Զարգարյանի, Լուսինե Խաչիկյանի, Թալին Քելջյանի ներդրվող ավանդն անգնահատելի է, նվիրումն` անսպառ: Դպրոցի ուսումնական ծրագրում ներառված է  հայոց լեզու առարկան, որը դասավանդում է Նաիրա Մնացականյանը: Սա էլ, ևս մի եղանակ՝ հայազգի երեխաների ինքնության ձևավորման, սեփական արմատները ճանաչելու, գուցեև ամուր պահելու թաքուն հավատով...

Բարձրակարգ այս մանկավարժների շնորհիվ է նաև, որ դպրոցի սաների աշխատանքները ոչ միայն Կալիֆորնիայի, այլև ամերիկյան իրականության մեջ են գնահատվում ու առաջնային տեղեր գրավում։ Այսպես՝ կենտրոնի շնորհալի աշակերտուհի Լուսին Ենգիբարյանը 2016 թ. Easter Seals համաամերիկյան գեղանկարչական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի: 2017 թվականին նույն այդ մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել Աննա Փիլավջյանը, իսկ 2018-ին` Սաբրինա Ալեքսանը: «Աշխարհի երեխաները» վերտառությամբ նկարչական հեղինակավոր մրցույթ կա Ճապոնիայում, և ամենամյա այս ստուգատեսի սահմանած բրոնզե մրցանակը, 2017-ին ստացել է Նվարդ Աբրահամյանը, իսկ 2018-ին, Հայկ Շահբազյանն է արծաթե մրցանակով վերադարձել Տոկիոյից:

Աթանյան արվեստի կենտրոնը, հեռավոր եզերքներում օտարազգի և հայ երեխաներին գեղարվեստի լեզուն յուրացնելուն զուգահեռ, նաև հինավուրց մի երկրի ներկապնակի երանգներին հաղորդակցելով է շարունակում իր երթը։ Որքա՞ն և ի՞նչ ընթացք է ունենալու ուսումնական հաստատության անցնելիք ուղին։ Հարցերն այս  Ժամանակին են ուղղված, թերևս: Թերևս եմ ասում, որովհետև ժամանակը, կարծես թե որպես տևողության մաքուր և հստակ միավոր չի ընկալվում այլևս...