ԻԲՐԵւ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՍՈՒՏԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

- Ներկայումս մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որը չափազանց վտանգավոր է դառնում՝ իբրև ճշմարտություն վաճառվում է սուտը,- Ուլրիխ Զայդլ՝ կինոռեժիսորի այս մտահոգությունը, կարծում եմ շատերն են կիսում, գուցե նույնիսկ նրանք, ովքեր այնքան են հղփացել, որ սուտը ոչ միայն վաճառում են, այլև ցինիկաբար պարտադրում: Բայց սա մարդկության առաջ ծառացած միակ խնդիրը չէ, որի վրա ուշադրություն է հրավիրում ավստրիացի արվեստագետը: Կինոաշխարհում ինքնատիպ և՝ ամենասուր աչք ունեցող ռեժիսորի և սցենարիստի համարում ունեցող Զայդլը, խաղարկային ու վավերագրական կինոժանրերի սահմանները ջնջելով, երբեմն նաև զուգահեռելով է՝ կյանքի և գեղարվեստական իրականությունները ներկայացնող հեղինակային իր ֆիլմերը ստեղծում: Ծայրահեղ տարբեր բնութագրումներով՝ «սև հումորով, սարսափելի սադրիչ»,  «enfant terrible», «21-դարի կինոյի դասական» հայտնի Ու. Զայդլը Երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր: Դա նշանակում է, որ մեզ կրկին հնարավորություն էր ընձեռվել դիտել նրա՝ ոչ այնքան  ակնահաճո,  բայց «ահավոր, ցնցող» և խոր ներազդեցություն ունեցող ֆիլմերը, ներկա լինել նրա վարպետության դասերին, լսել նրա չափազանց հետաքրքիր զրույցներն ու մտորումները մարդու և նրա միջավայրի փոխհարաբերության, երկիր մոլորակը վտանգված լինելու և մարդկությանը հուզող ամենատարբեր երևույթների մասին: Համամարդկային խնդիրներ վերհանող ֆիլմեր նկարահանող արվեստագետը համոզված է, որ՝ «ռեժիսորի մասնագիտական կոչումը հենց դա է: Պարզապես պետք է կարենալ հարցերը ճիշտ ձևակերպել»:

ԲՈԼՈՐՍ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԴՐԱԽՏ, ԲԱՅՑ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԳՏՆԵԼՈՒ ԱՅՆ
Ու. Զայդլը վստահաբար կարողանում է իրեն հուզող հարցադրումները ճիշտ ձևակերպել: Խոսուն վերնագրերով՝ («Ես տեսնում եմ, ես տեսնում եմ», «Կորուստներն անխուսափելի են»,, «Հիսուս, դու գիտես», «Դրախտ. Սեր», այլ) ֆիլմերի հեղինակը չի սիրում հանդիսատեսին՝ հաստատված տեսությունների հիմքով արված  գործեր առաջարկել: Կինոն, որն ինքն է ստեղծում մարդուն մտածելու տեղիք պետք է տա, այս ու այն երևույթների դրդապատճառներն ու էությունը հասկանալու մղի:  Ինքը պատմում է կյանքի բնականոն հոսքն ու ռիթմը խախտող մարդու մասին: Նաև սիրո մասին, նաև հավատի մասին... «Դրախտ. Սեր» ֆիլմն է հիշում ասվածի փակագծերը փոքր-ինչ բացելու համար: «Դրախտը» եռապատում է: «Այն կարող էր կոչվել «Հավատ»: Ըստ էության, երեք՝ Հավատ, Հույս և Սեր ամուր կապով օղակված բոլորիս հայտնի բառերից միայն առաջինն եմ փոխել: Դրախտ, որովհետև մարդն, ըստ էության դրախտի մասին է երազում հավատ, հույս և սեր որոնելիս: Բոլորս դրախտ ենք փնտրում, բայց ինչպես երևում է, մենք այն երբեք չենք գտնելու: Դրախտը տեղ չէ, այլ բիբլիական հավերժության և երջանկության անփոփոխ վիճակն է: Մեր գոյության ողջ ընթացքում զուր ջանքեր գործադրելով, մենք համառորեն  փորձում ենք գտնել մի բան, որը մեր ունայն կյանքում երբեք մեզ չի տրվելու»:
Թերևս  ակնթարթային պահեր, որոնք այդուհանդերձ կարողանում ենք որսալ, բայց կյանքի հարահոս ընթացքում դրանք կայուն վիճակ չեն դառնում ու հաճախ մոռացության են մատնվում …  

ՄԱՐԴՆ ԻՐԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ԴԱՍԵԼՈՎ, ԿՈՐԾԱՆՈՒՄ Է ՄՈԼՈՐԱԿԸ
Ինչու՞ է մարդը սպանում մարդուն և բնաշխարհի մաս կազմող կենդանի արարածներին: Ինչու՞ է ոչնչացնում անտառը ծառը, թուփը: Ինչու՞ է պայթեցնում սարը, թունավորում ծովը, ցամաքեցնում լիճը, փոխում գետերի հունը: Ինչու՞ է խոցում առյուծին, վագրին, հովազին, կրակում երկնքում ճախրող արծվի, աղավնու վրա: Հրացանի փողի ճայթոցով ինչու՞ է կոտրում չվող թռչունների եռանկյուն սլաքը: Ինչու՞ է  վտանգում երկրագունդը, որտեղ ինքն ու իր ժառանգներն են ապրում: Ինչու՞ է մարդկության մի մասը իր ստեղծագործություններով գեղեցկացնում աշխարհը, մյուս մասը՝ քանդում, անհետ կորցնում այն: Ո՞ր հատվածն է գերակշռողը: Եւ ո՞րն է հաղթողը: Ո՞վ է, ի վերջո մոլորակի կարևոր բնակիչը:
Ուլրիխ Զայդլի ֆիլմերի առանցքում մարդն է, ուրեմն՝ «Մոլորակի կարևոր բնակիչը մարդն է: Մարդն է, որ իրեն ամեն ինչից վեր դասելով, կործանում է մոլորակը և սպանում, ոչնչացնում այն ամենն, ինչով պայմանավորված է իր իսկ գոյությունը»: Սա է փառատոնային ծրագրի շրջանակներում ցուցադրված «Սաֆարի» ֆիլմի հիմքում: Մասնագետներն այս ֆիլմը դիտարկում են որպես մանիֆեստ: « Իրականում այն մանիֆեստ չէ: Կինոգետները փորձում են պարզել, թե՝ հատկապես մարդկանց, որ խմբերին է իմ այս գործը հասցեագրված:  Որոշակի խմբերին հասցեագրելու  խնդիրն էլ ի սկզբանե չի դրվել:  Զարմանալին այն է, որ ֆիլմը հավանում են թե՝ մեկ, թե՝ մյուս խմբերը: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներն, օրինակ, ոչ միայն հավանում են, այլև իրենք են կազմակերպում նկարի դիտումները:  Որսորդներին էլ է դուր գալիս ֆիլմը: Այնքան, որ նույնիսկ իրենց մտերիմներին են խորհուրդ տալիս դիտել նկարը: Այսինքն, կենդանիներին սպանողները վստահ են, որ դա սպանություն չէ, այլ բնությանն անհրաժեշտ մի գործողություն: Ավելին, նրանք նույնիսկ ուշադրություն չեն դարձնում, թե ինչպես է իրենց արձակած գնդակից գետնին տապալված կենդանու աչքերը մշուշվում, ինչպես է նրա խոցված մարմնից հոսում արյունը: Իսկ ամենազարհուրելին այն է, որ մարդը, կենդանուն կյանքից զրկող մարդը, մեռնող կենդանուն իր «ետնանակար» դարձնելով, լուսանկարվում է գոհունակ դեմքով ու լայն ժպիտով «հավերժացնելով հիշարժան» պահը: Դա արվում է հիմնականում սոցցանցերում տեղադրելու և սպանելու հաճույքն ներկայացնելու համար: Որոշ ժամանակ անց նա անպայման իր զոհը դարձած կենդանիների մորթին, եղջերուն կամ խրտվիլակն իր տան անկյունները ,,գեղեցկացնող,, տարր դարձնելով, ցուցադրելու է իբրև սեփական հերոսության վկայություն, իբրև խոշոր հաղթանակի ու քաջագործության ապացույց: Չի մոռանալու, անշուշտ, ասել, թե ինչ արժեն նման հաղթանակները: Սպանելը նույնպես գին ունի: Սպանելու համար էլ են վճարում: Այո, հարցը, թե մարդը ի՞նչ հաճույք է ստանում բնության մեջ ապրող Աստծո ստեղծած մեկ այլ արարածին սպանելով,շատերին ու նաև ինձ է հետաքրքրում ու դեռ երկար է շարունակելու հետաքրքրել:

ԱՆԾԱՆՈԹ ՈՒ ՀԵՌԱՎՈՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՒՄ Ի՞ՆՉ Է ՓՆՏՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ.
Ինձ այդ հանգամանքը շատ է անհանգստացնում, և հարկ եմ համարել այդ հարցին նույնպես անդրադառնալ ոււ խոսել որսորդության և զբոսաշրջիկության միջև գոյություն ունեցող կապի մասին: Կան մարդիկ, և վստահ եմ ոչ միայն Եվրոպայում, որոնք հատկապես անծանոթ երկրներ ու Աֆրիկա են մեկնում իրենց հանգստյան օրերը հետաքրքիր անցկացնելու համար: Որսորդներ են, այո, բայց նրանք,  միայն կենդանիներ սպանելու համար չեն գնում: Հաճույքներ, չապրված զգացողությունն են որոնում: Եւ փնտրտունքները նրանց տանում է հատկապես աշխարհի ինչ-որ չափով դեռ անարատ, ավանդույթներ պապահպանած երկրներ:: Եւ հանգստանալու այս եղանակը նախընտրողների մասին պատմող գործերը դիտելու եկած մարդը պետք է ամուր նյարդեր ու կայուն հոգեվիճակ ունենա: Չէ՞ որ կինոն հայելի է: Չէ՞ որ մարդը սիրում է իրեն նայել հայելու մեջ ու հաճախ է նայում հայելուն…

 ՀԱՅԵԼԻՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ՈՒՆԻ, ԱՅՍԻՆՔՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԳՈւՑԵւ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ  ՀԱՅԵՑՈՂՈւԹՅԱՄԲ Է ՈՐՈՇՎՈՒՄ
«Նման ապրիորի դրված սահմաններ, գոնե ինձ համար չկան: Կա պատասխանատվության հստակ գիտակցում՝ մարդու արժանապատվությունը  չի կարելի ոտնահարել, չի կարելի սահմանափակել անհատի իրավունքները: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ կան հասարակական անընդունելի երևույթներ, ու դրանց մասին պետք չէ կիսատ-պռատ խոսել: Դրանց անդրադառնալը, դրանց վրա ուշադրություն հրավիրելը պարտադիր է: Նեգատիվ երևույթներն անհրաժեշտ է ցույց տալ: Չնայած լինում են դեպքեր, երբ մեզ մեղադրում են դրա համար: Օրինակ, ինձ կշտամբում են  կենդանիների սպանության դաժան դրվագները, նրանց կաշին քերթելն ու այլ մանամասներ խոշոր պլանով ցույց տալու համար: Մեղադրում են հաշվի չառնելով կարևոր մի քանի հանգամանք՝ նախ մենք ոչ թե մեր, այլ ուրիշի  գործած վայրագություններն ենք ցույց տալիս: Եւ հետո դա ես հատուկ ենք ցույց տալիս, քանի որ ֆիլմը նկարահանվել է, որպեսզի մարդիկ տեսնեն ու անհանգստանան մոլորակում կատարվող դաժան ու արատավոր նման երևույթների համար: Առահասարակ, արվեստի գործը ստեղծվում է մարդկանց մտորելու, երևույթները քննելու և պատճառները հասկանալու, ուրեմն և դրանց լուծելու ուղիներ գտնելու համար: Եւ ամենակարևորը  նկարում ես այն ֆիլմը, որին հավատում ես»: 
Ուլրիխ Զայդլը, (ինչպես տաղանդավոր արվեստագետներից շատ-շատերը), իրականության մաքուր վերարտադրողը չէ: Ինքն էլ է դա խոստովանում: Բայց նրա առաջարկած հայելու մեջ կամ նույն զուգահեռում տեսանելի են արատավոր այն բոլոր իրադարձությունները, որոնք կան աշխարհի քո անկյունում , քո իրականության մեջ է առկա: Այն ամենն, ինչ, որ  գրեթե ամենօրյա անհանգիստ վիճակների ու տագնապների մեջ են պահում արդի աշխարհի մարդկանց… Այո, մարդը «սպանում, ոչնչացնում է այն, ինչով պայմանավորված է իր գոյությունը»: Բայց  անհնար է չփաստել  ևս մի ճշմարտություն՝ ու չհիշեցնել դեռևս հին ժամանակներից պահպանված գործող մի օրինաչափություն մասին: Բնությունը հետադարձելու և պատժելու սովորություն ունի և դրա կիրառման  եղանակներն ունի, որոնք մարդը վերաբերվում է որպես անսպասելի ու աղետալի ծուղակների: Բնական աղե՞տ են դրանք սոսկ, թե՝ սթափեցնող ազդանշան: Նման զգուշացումները  «նշանային» են կոչվում: Այդ մասին մարդիկ գիտեին հազարամյակներ առաջ ու հիմա էլ շատերը գիտեն: Եւ նրանք, ովքեր գեղեցկացնում են մոլորակը և նրանք, ովքեր քանդել-սպանելու մոլուցքով  տարված շարունակում են ոչնչացնել այն ամենն, ինչ ստեղծվել է իրենցից առաջ ու նաև այսօր է ստեղծվում: Հայտնի է նաև, որ առաջինի պարտությունը երկրորդի անխուսափելի կործանման սկիզբն է դառնում՝ միշտ: Իսկ Զայդլը բանավոր իր ելույթներից մեկի ժամանակ ասաց, թե թե ինքը բնավ չի ուզում տարբերակելով, ցույց տալ, թե ահավասիկ սա՝  չարն է, սա էլ բարին: Ինքը պարզապես իրավիճակներ է ներկայացնում, սովորական մարդկանց մասին պատմելով…