ՈՐՏԵ՞Ղ Է ԳՏՆՎՈւՄ ԷՐԵԲՈՒՆԻ ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ

 

   Երբ մարդը նպատակ է ունենում և այն  լուռ փայփայելով, երազանքների տիրույթում չի  թողնում, այլ իրականացնելու ճանապարհներ է որոնում։ Երբ գուցե մի քիչ ուշ կամ թե  ճիշտ ժամանակին  երազների ետևից գնացող մեկ ուրիշ մարդու  է հանդիպում։    Դա պատահականություն չէ։ Այդպես լինում է։ Եւ լինում է  այն մարդկանց կյանքում, որոնց համար  «ապրել»,  «սիրել» ու «գործել» բառերը հոմանիշներ են։      

Աշխարհի տարբեր անկյուններում ապրող գիտնական և բարերար, տարբեր կենսագրությամբ՝ Միքայել Բադալյան և Ջոն Բալյան անուն ազգանունով երկու հայ  քաղաքամայր Երևանի այցեքարտն ու անձնագիրը խորհրդանշող Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանը բարեկարգելու, նորոգ ու արդիական  ցուցադրությամբ ներկայացնելու նույն նպատակն ունեին։ Եւ այդ նպատակի շուրջ միավորվեցին.

 Նման մի նախաձեռնության մասին ուրախալի լուրը, թերևս  անհավատալի ու անսպասելի էր շատերի համար,  քանի որ  տարիներ շարունակ Էրեբունի պատմա-հնագիտական թանգարանը ուշադրության էր արժանացվում  անմխիթար ու տխուր վիճակի մասին  շրջանառվող  հրապարակումներով ու խոսակցություններով։  Հարկ է նշել նաև, որ  առհասարակ այս  թանգարանի  պատմական տարածքի և դրա նշանակության մասին էլ մի տեսակ  թյուր պատկերացում կար մեզանում։ Շատերի համար  այն միայն Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում գտնվող Էրեբունի ամրոց-թանգարանն է։ Իրականում խոսքը բացառիկ մի խոշոր, երկու մասնաճյուղ ունեցող  համալիրի մասին է։  Այն  ներառում  է համաշխարհային նշանակություն ունեցող, այնպիսի  թանգարաններ, ինչպիսիք են Կարմիր բլուրը և Շենգավիթը։  Ի դեպ,  վերջինիս անունով  համաշխարհային նշանակություն կրող  մշակույթ գոյություն ունի։  Շենեգավիթյան մշակույթը, որը   թվագրվում է մ.թ.ա, 28-24 դարերով,  տարածվում է Դաղստանից մինչև  Իսրայել ու Պաղեստին։ Շենգավիթը, մասնագետների վկայությամբ շատ կարևոր բանալի–հուշարձան է, որի բարելավման համար մայրաքաղաքի «երևանյան քարեր» կոչվող հնագույն շրջանը ներառնող  հեռանկարային ու հետաքրքիր   մի ծրագիր էլ  ունի Մ.Բադալյանը։     

Կարմիր բլուրը  հայկական այն  հնավայրն է, որը  ներառված է աշխարհի հարյուր լավագույն հուշարձանների ցանկում։ Ժամանակին այստեղ  կանաչ գոտի կար, որը  ցավոք,  ցուրտ ու մութ կոչված տարիներին իսպառ վերացվեց։ Ասվում է,  թե  90-ականների «տնտեսական ճգնաժամ» պատճառով են ծառերը հատվել։ Իսկ  պատմական տարածքի քաղաքային հատվածը նույն այդ տարիներից սկսյալ աղբավայրի վերածելու պատճառների մասին նախընտրում են  լռել։  Չնայած վերջին տասնամյակներում քաղաքամայր Երևանում ծավալված աղավաղումներն ի նկատի ունենալով, կարելի է թերևս  և՛ ծառահատումը և՛ պատմական տարածքն աղբավայր դարձնելը,  չարյաց փոքրագույնը համարել։  Եթե Էրեբունի թանգարանային համալիրը մայրաքաղաքի ծայրամասում չլիներ ապա շատ  հնարավոր է, որ պատմական այս հնավայրերն էլ Երևանի կենտրոնի  օրինակով քանդելով,  տեղում «էլիտար», բարձրահարկ  շինություններով անդեմ ևս մի նոր թաղամաս հայտնվեր։ Բարեբախտություն է, որ հուշարաձան-հնավայրը թեկուզև՝ ամոթալի նման մի վիճակով պահպանվել է։ Իսկ աղբակույտերից ազատելը, կանաչ գոտին վերականգնելը,  վնասված  հնավայրերն ինչպես հարկն է մաքրելը դժվար, բայց անլուծելի խնդիր  չէ։  Ընդամենը   մասնագիտական նվիրվածություն և կազմակերպչական  ջիղ ու եռանդ  է պետք։ Անցյալ տարի, փետրվար ամսին Միքայել Բադալյանը, (նա այդ ժամանակ Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչն էր),  տարածքը մաքրելու կոչով դիմեց հանրությանը։ Եւ մարդիկ  առանձին-առանձին, խումբ-խումբ  գնացին  ու  աշխատանքային առաջին իսկ փուլի  արդյունքում 3,5 հեկտարից մեկուկեսը մաքրվեց...

  Փոքր  քայլերից են սկսվում մեծ գործերին տանող ճանապարհը, վստահեցնում են տարբեր ժամանակներում ապրած աշխարհի մեծերը։ Մեծ գործը այս ենթատեքստում Միքայել Բադալյանի և Ջոն Բալյանի համար «Էրեբունի» պատմա-հնագիտական թանգարանի առանձնահատկությունն ու բովանդակային նշանակությունը շեշտված և անհրաժեշտ  մակարդակով ներկայացնելն է։ Մի  ծրագիր, որն արդեն հաստատվել է Էրեբունի թանգարանի,  Երևանի քաղաքապետարանի ու «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրով:

  Ի դեպ, Ջոն Բալյանը  իր  ներկայությունը հայրենիքում և մասնակցությունը այս գործին ոչ թե «երազանք», այլ «պարտք» բառով է բնորոշել։ Եթե այսպես ու այս կարգի ներդրումներ անող անհատների օրինակով, ներս ու դրսում ապրող յուրաքանչյուր հայ ոչ թե սին խոստումներով կամ պաթետիկ ճառ-խորհուրդներով, այլ  մասնագիտական իր հմտությունները, գիտելիքներն ու  կարողություները  փոքր ու մեծ  գործ անելու հետաքրքիր  գաղափար հուշելու կամ նախաձեռնություն հանդես բերելու ՊԱՐՏՔԻ զգացողություն ունենար իր երկրի հանդեպ, ապա հաստատ ուրիշ մի հայրենիքում  էինք ապրելու։

Ջ. Բալյանը   իր այս մղումը,  անկեղծ ու անսեթևեթ  խոսքով  է պարզաբանում.  «Տարիներ ի վեր  ես ու տիկինս մտածում էինք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի ու հայ ժողովուրդի համար։ Տարբեր ծրագրերի շուրջ մտմտացինք, քննարկեցինք և, ի վերջո որոշեցինք մշակութային մի գաղափար կյանքի կոչել։ Եւ քանի որ ուրարտական շրջանը կարևոր դեր է ունեցել մեր պատմության և մշակույթի ձևավորման գործում ապա խորհեցինք, որ լավ է եթե Էրեբունի պատմական հնավայրը վերածնվի։ Մեր պարտքն է,  որը  նպատակի վերածվեց։  Եւ պայմանագրի ստորագրությունն առաջին քայլը դարձավ»։

Թե քանի «վերստի ճանապարհ պիտի անցնեն», առաջին այս քայլից հետո, դեռ հստակված չէ։ Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը պարբերական մամուլում և հեռուստատեսությամբ հնչեցրած հարցազրույցներով  վստահեցնում  է,  որ  արդեն հաստատված աշխատանքային մի շարք   ծրագրերի իրականացումով նախ Էրեբունի պատմամշակութային համալիրը քաղաքի հազարամյա կենսագրության մասին պատմող բազմաբովանդակ  վկայություններով   կփարատի այն կասկածները, որ   ունենում են  Երևան ժամանող օտարերկրյա հյուրերը։

Իսկ  ծրագիրը, որի ընդհանուր արժեքն ավելի քան 1.65 մլն դրամին համարժեք դրամ  է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր մասնաշենքի համար է ներդրվելու։ Շինարարության համար հայտարարված նախագծերի մրցույթի համաձայն  նոր մասնաշենքի համար ընտրվել է ներկայիս թանգարանի ետնամասը։  Ճարտարապետական  մտահղացմամբ  թե արտաքին, թե ներքին լուծումներով այն համահունչ պետք է լինի պատմական տարածքին։ Ի դեպ,  թանգարանի  նոր հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ։ Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Նորաշեն կառույցի  հարկայնության թիվը կախված է ֆինանսավորման չափից։  
 Միքայել Բադալյանը  իրականցվող  ծրագրի  մասին խոսելիս շեշտում է. «Մենք սխալվելու իրավունք չունենք։  Կա ներդնող, կա բարերար, ով ցանկանում է գումարը տրամադրել նոր մասնաշենքի կառուցման համար։ Բարերարը նպատակ ունի աշխատանքները սկսել նոր մասնաշենքի կառուցումով ու եթե դա հաջողվի, ապա ծրագիրը շարունակական կարող է լինել և չի բացառվում, որ  այլ շահառուներ նույնպես ներգրավվեն գործին։ Մեզ համար այս նախագիծը շատ կարևոր է, որովհետև  թանգարանի այցելուները պետք է նաև  լրացուցիչ տեղեկատվություններ, հետաքրքիր գիտելիքներ ստանան մեր պատմության մասին, ինչը հնարավոր է ապահովել նաև անիմացիոն ցուցադրությամբ։ Իսկ Նոր մասնաշենքը նման հնարավորության երաշխիքներ տալիս է»։
Մ. Բադալյանը չի կիսում է  այն մտավախությունը, թե նորակառույց  շենքում անիմացիոն ցուցադրություններ  կազմակերպելու պարագային, այցելուների հետաքրքրությունն ամրոցի հանդեպ այնքան  կնվազի, որ նրանք ամրոց բարձրանալու ցանկություն չեն ունենա։ «Մենք հիմա աշխատում ենք 3D վերակազմությունների վրա։ Պարոն Բալյանը   ներդրումներ կատարելիս  նկատի է ունեցել կարևոր ևս մի հանգամանք։  Այն է՝  մասնաշենքը պետք է ներդաշնակ լինի լանդշաֆտին և թանգարանի շինությանը։ Թանգարանի շենքում ցուցադրություններ դիտող այցելուն,   հազիվ թե մերժի լրացուցիչ  տեղեկություններ    ստանալու առաջարկը։

Մանավանդ որ էրեբունի ամրոցում  այնպիսի հետաքրքիր բացահայտումներ կան, որոնք  շատ քիչ մարդկանց է հայտնի։ Ի դեպ,   դրանց ուսումնասիրման և պահպանման համար էլ են լրացուցիչ ծախսեր ենթադրվում։ Ընդհանրապես, ամրոցի վերականգնումը  մեծ գումարների պահանջ է ներկայացնում։ Բացի ֆինանսական ներդրումներից, անհրաժեշտ են նաև գիտական լուրջ ուսումնասիրություններ կատարել՝  արդեն առկա նյութերի հիմքով։  Դրանք  հնարավորություն կտան  վերականգման աշխատանքները ճշգրիտ  կազմակերպելով, իրականացնել։ Եթե մենք կարողանանք պահպանել այն, ինչ ունենք՝ բացենք ուրարտական փողոցը, խճաքարերով հատակը, ապա դա լուրջ ձեռքբերում կլինի: Քչերը գիտեն, որ այստեղ հողի տակ ուրարտական ժամանակաշրջանի քառակուսի, բազալտե քարերով կառուցված ջրավազան կա։ Դժվար չէ պատկերացնել, թե  լողավազանը, թե՛ վերջին տարիներին հայտնաբերված բազալտե խողովակներով իրականացված կոյուղին բացելը, ինչպիսի հետաքրքրություն կներկայացնեն և՛ մասնագետների և՛ այցելուների համար։ 2014-2016 թթ հայ-ֆրանսիական արշավախմբի հետ համատեղ իրականացրած պեղումների արդյունքում սյունազարդ դահլիճի տակ հայտնաբերվել են հիմքեր։ Մենք ենթադրում ենք, որ դրանք ավելի վաղ շրջանի պատկանող  տաճարի հիմքեր են։  Իսկ սյունազարդ դահլիճը, որ քառակուսի հատակագիծ  ունի հետուրարտական ժամանակաշրջանին  է պատկանում։ Ցավոք, այն բավականին վնասված վիճակում է։  Պեղումերի արդյունքում բացված  տերասաձև կառույցներն օրինակ, նույնպես հողով են ծածկվել»։

    Այս ամենը կա։  Այդ ամենին զուգահեռ Էրեբունի թանգարանի աշխատակազմը   ակտիվ գործնեություն ծավալելով և բովանդակային հետաքրքիր նախաձեռնություններով   է  մայրաքաղաքի մշակութային կյանքը  հարստացնող  գրավիչ ծրագրեր իրականացնում։ Թանգարանն ունի նոր ցուցադրություն, որտեղ ներկայացված են Սևանա լճի տարածքում գտնված եզակի նմուշներ։ Բացառիկ ու աներևակելի  հետաքրքիր այս ցուցահանդեսը գործելու մինչև մարտի 20-ը։

 Այս տարի, փետրվար ամսվա առաջին կեսին, թանգարանում կազմակերպվել էր՝ «Ուեդուրիէթիունի երկրի հնագիտական ժառանգությունը» խորագրով եռօրյա գիտաժողովը։ Այն նվիրված էր հայ ականավոր հնագետ Աշխարհաբեկ Քալանթարյանի հիշատակին։ Ա.Քալանթարյանը Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիրներից մեկն է եղել։ Նրա նախաձեռնությամբ է համալսարանում բացվել Հնագիտության և արևելագիտության ամբիոնը։ Թանգարանի և ՀՀԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ կազմակերպած  գիտաժողովը մասնագետները բարձր գնահատելով,  գիտական նշանակալից իրադարձություն են նկատել։

Դրանից առաջ, «Շտապեք Էրեբունի թանգարան, հաճելի անակնկալներ է սպասվում» երիտասարդներին հղված ուղերձով ազդադարվեց, որ   Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդներին  համար հեծանվային տուր էր կազմակեպվում դեպի Էրեբունի թանգարան։ Սրան հաջորդող նոր հայտարությամբ էլ տեղեկացվեց, թե՝ «Երիտասարդների սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ փետրվարի 8-ին,  բոլոր երիտասարդների և սիրահար զույգերի համար  էրեբունի արգելոց-թանգարանի,  Շենգավիթ և Կարմիր բլուր մասնաճյուղերի մուտքն անվճար է»։ Ապա նաև սիրահար զույգերին առաջարկվեց  թողնել իրենց հասցեներն և անունները, երկու օրվա ընթացքում երջանկության բարեմաղթանքներով սեպագիր ու գեղեցիկ դիզայնով բացիկներ ստանալու համար։ Սրանք ոչ թե ընթացիկ, այլ  իմաստային, իրադարձային նախաձեռնություններ էին.  «Կասե՞ք, թե որտեղ է գտնվում Շենգավիթ թանգարանը»-հարցումներին հաջորդած՝ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսին միացած երիտասարդների զվարթ արձագանքով ու դեպի թանգարան տանող ճանապարները բանուկ դարձնելով։