ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈւՆԸ Եւ ՍՈՒՏԸ

- Հիմա  սուտը ստով է ծածկվում։

 -Իսկ ու՞ր է ճշմարտությունը...  

-Որտե՞ղ է թաքցված Ճշմարտությունը, - մարդկությանը մտատանջող, բայցև անպատասխան թողնված հարցերից մեկն է, արդեն դարեր շարունակ։ Այնպես չի, որ միայն հարցը տվել ու մի կողմ են քաշվել։ Պատասխանը որոնողներ շատ են եղել, բայյց նրանք հիմնականում փակուղու առաջ են հայտնվել։ Նրանց   ջանքերը զուր և անարդյունք են մնացել։   Միշտ, նաև  հիմա։    «Ճշմարտությունը  խորության մեջ է», հուշել է հույն փիլիսոփա Դեմոկրիտեսը դեռևս մեր թվարկությունից առաջ,  իր ապրած 460-394թթ ընկած հատվածում։ Իսկ որոշ ժամանակ անց, նույնքան սեղմ մի նախադասությամբ անհավանական թվացող մի տեղ է նշել։ Ասել է. «Ճշմարտությունը ջրհորի հատակին է պառկած»։ Եւ նրա այս մի արտահայտությունն ու սրան հաջորդած.- Ինչու՞ և ինչպե՞՞ս է նա այնտեղ հայտնվել,-հարցերը,  տարբեր վարկածների տեղիք են տվել։ Եւ բանահյուսական,  գրական ու գեղարվեստական գործերի և դրանց շուրջ ծավալված տեսական ուսումնասիրությունների ու լուրջ վերլուծությունների հիմք  դարձել։ Այդ հոսքից առանձնացվել և հավանության  են արժանացվել, հատկապես ամերիկացի արձակագիր, գրաքննադատ Էդգար Պոյի և ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ ու արվեստաբան  Շառլ Բոդլերի աշխատությունները։ Թեպետ նշանավոր այս անհատների կենսագիրներին, ինչպես  նաև գրականագետներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե՝  «Ճշմարտություն-Սուտ բարդ հարաբերությունները» միաժամանակ քննության նյութ դարձնելը միմյանցից անկախ,  պարզ զուգադիպությամբ, թե՞ իրար արձագանքելու արդյունքում է ստացվել։   Ամենատարածվածն ու ամենից շատ շրջանառվողը, սակայն այն ավանդազրույցն է, որը հայտնի է. «Թե ինչպես մի անգամ հանդիպեցին Ճշմարտությունը և Սուտը» վերնագրով։ Եւ քանի որ սրա գործողությունները զարգանում են ջրհորի մոտ, ապա ենթադրվում, որ այս պատումն  էլ է  հույն փիլիսոփայի  հայտնի արտահայտության հենքով հյուսվել։  Ի դեպ, գրավոր աղբյուրներում տարբեր (հիմնականում 19դ.)  թվագրումներով նշված սեղմ տողերում ամփոփված այս ավանդապատումը ոչ միայն գրական, այլև կերպարվեստի ասպարեզի  մարդոց  համար է ոգեշնչման աղբյուր հանդիսացել։  Ավելին, թեման որոշ արվեստագետների այնքան է գրավել, որ նրանք նորից ու նոր գործերով են փորձել ներկայացնել  ճշմարտության անհետացման առեղծվածային պատմությունը։ Ընդ որում, դրանք տարիների ընդմիջումով արված անդրադարձներ են եղել։

Նկարիչների պարագայում այս հայեցակետից հատկապես նշանակալից տեղ է հատկացվում   ֆրանսիացի Ժան- Լեոն Ժերոմին (1824-1904թթ), որի ստեղծագործական կենսագրության փառավոր էջը գրանցվել է հենց այս թեմայով արված գեղանկարների շնորհիվ։  Հատկանշական է, որ նկարչի  ոչ թե  առաջին, այլ մեկ ուրիշ ստեղծագործությունն  է գլուխգործոց ճանաչվել։ Նկարը, որ կոչվում է «Ջրհորից դուրս եկող Ճշմարտությունը»(1896թ.), կերպարային հետաքրքիր աշխարհ է ներկայացնում։ Ի դեպ, Ժերոմի այս նկարի մասին խոսելիս, ճիշտ է  հպանցիկ, բայց գրեթե միշտ հիշատակվում է նույն  սյուժեյի հիմքով արված ևս մեկ՝ «Զայրացած ճշմարտությունը» վերնագրով գործը (1899թ), որի հեղինակը Ժերոմի ժամանակակից ու հայրենակից   Էդուարդ Դեբատ-Պոնսանն է (1847-1913թթ)։ Այդ գործը, սակայն  ավելի շատ պլակատի է նման, իսկ հերոսուհին  անհաղորդ  թողնելով,  մի տեսակ վանում է դիտողին։        

   Ժան Ժերոմի ստեղծած 1894-ին, ապա 1896-ին նշված թեմայով, բայց բովանդակային ու կոմպոզիցիոն լուծումով խիստ տարբեր գործերը տարատեսակ կարծիքների տեղիք տալով նաև տարբեր գնահատականների են արժանացել։ Յուղաներկով իրականացված  առաջիՆ կտավում, արվեստագետը  պատկերել էր ջրհորի հատակին  պառկած, հոգին ավանդող, տանջահար մի կնոջ։  Նրա  գեղեցիկ   մարմնի  և դեմքի վրա  դաժան խոշտանգումների  ու բռնության  հետքեր են։ Իսկ ովքե՞ր են  մերձիմահ կնոջ շուրջ հավաքվածները, որոնց  դեմքին կարեկցանքի  կամ թե ցավի նշույլ անգամ չկա։  Պատասխանը տրված է նկարի վերնագրում, որն  երկար է ու բացատրագիր է հիշեցնում. «Խաբեբաները և երեսապաշտերը ջրափոսում սպանված Ճշմարտության վրա հակված»...

Ժան-Լեոն Ժերոմի՝ 1896-ին վրձնած երկրորդ գործը, որ  կոչվում է «Ջրհորից դուրս եկող Ճշմարտությունը», պահվում է Ֆրանսիայի սիրտը համարվող Մուլեն քաղաքի՝ Աննա դե Բոժյե թանգարանում։ Գեղանկարն այստեղ է տեղափոխվել նկարչի մահից հետո։ Հետաքրքիր է, որ մինչև կյանքի վերջին օրերը Ժերոմը մերժել է այն վաճառելու կամ թե թանգարանների և պատկերասրահների մշտական ցուցադրության մեջ ներառելու բոլոր առաջարկները։  Ժամանակակիցների վկայությամբ  այդ  նկարը միշտ կախված է եղել նկարչի մահճակալի գլխավերևում։ Իսկ թե ինչու՞ է Ժերոմը իր բազմաթիվ գործերից նախապատվությունը տվել ու մշտապես  իր աչքի առաջ պահել հատկապես այդ  մեկը,  այդպես էլ  չբացահայտված առեղծված է մնացել։

 Իր այս ստեղծագործության համար նկարիչը, որպես սյուժետային առանցք  ընտրել է  այն պահը, երբ  Ճշմարտությունը դուրս է գալիս ջրհորից։  Մի տեսակ  ճիգ գործադրելով, ցավը հաղթահարելով է դուրս գալիս։  Զարմացած է, բայց   նրա գեղեցիկ դեմքն աղավաղված չէ, պարզապես  թեթևակի խոժոռ  է։  Մերկ է, ձեռքին ունեցածը մտրակ է, որն ասես հուշում է, որ նա պատրաստվում է պատժել մարդկությանը՝ մոլորության համար, իրենից խուսափելու, իրեն չհավատալու և Սուտը գերադասելու համար։ Բայց թե՛ նկարչի,  թե՛ նրա  հերոսուհու  արդարությունը հաստատելու և իր գոյությունը վերահաստատելու  ցասումնալից վճռականությունն,  այդպես էլ մնում է գեղանկարի շրջանակներում։  Եւ այնպես է թվում, որ Ճշմարտությունը ոչ միայն այս գեղանկարի կամ հատկապես գեղանկարչության, այլ բոլոր արվեստների նաև գրականության, բանահյուսության, արվեստի, մշակութային  այլ արտահայտությունների տիրույթում է հիմնականում գոյատևում։

 Աշխարհում բան չի փոխվել։ Միայն թե՝ «Ինչու՞ է երկիր մոլորակը  բնակեցնող  մարդը նախընտրում Սուտը»,- հարցն, այդուհանդեձ  շարունակում է միտք քրքրել։ Երբեմն առ երբեմն մարդիկ սփոփվելու համար հայացքը կրկին շրջում են դեպի մշակութային  երևույթների կողմը։ «Հանդիպելու» այն Ճշմարտությանը, որը կա գրականության ու պոեզիայի, երաժշտության, ճարտարապետության, թատերարվեստի, կինոարվեստի գործերում։   Գեղարվեստական իրականությունն են գերադասում, քանի որ  Ճշմարտության գոյության մասին  այստեղ են հուսադրող երաշխիքներ  տրվում։ Այստեղ են միայն հավատացնում, թե՝  «Ամեն ինչ, այդ թվում նաև սուտը ծառայում է Ճշմարտությանը։ Ստվերները չեն խամրեցնում արևը»(Կաֆկա)։ Եւ, որ այդուհանդերձ՝  «Այն, ինչ  ծնվում է, պետք է մահանա, միայն Ճշմարտությունն է, որ  մահով չի քողարկվում»(Օշո)... Անսպառ են այսօրինակ հավաստի ու հիմնավոր  բանաձևումները, որոնք սփոփում են ...    Ճշմարտության տաճարից մարդիկ անշտապ են դուրս գալիս, որովհետև հայտնի է արդեն՝ իրական կյանքի  հետ բախումն անխուսափելի և ցավոտ է լինելու։ Նաև այն պատճառով, որ  կյանքի  իրականության մեջ փայփայվածն, այնուամենայնիվ  Սուտն  է, որը  սեփական դիրքերն ամրացնելով, շարունակում է անարգել  առավել  քան  համարձակ և անկանխատեսելի դրսևորումներով գործել։  Վստահ է, որ երբևէ չի շտկվելու  այն սխալը, որը  միամտաբար  գործել է Ճշմարտությունը՝ Սկզբում, մեր թվարկությունից առաջ,  արևոտ ու տաք մի օր...

                             ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՍՈՒՏԸ

                                                                                           *************  

 Ավանդազրույցի համաձայն Ճշմարտությունը և  Սուտը մի անգամ են հանդիպել։ Սուտը ողջունել է ճշմարտությանը,  ասելով նրան. «Այսօր լավ եղանակ է»։  Ճշմարտությունը շուրջն է նայել, երկնքին է նայել, իսկապես օրը լավն էր։ Նրանք շրջելով իրար հետ, հասել են ջրով լիքը մի մեծ ջրհորի մոտ։ Սուտը ձեռքը ջրի մեջ սուզելով, շրջվել  է  դեպի  Ճշմարտությունը. «Տաք և հաճելի ջուր է,- ասել է նա, - եթե կամենաք, կարող ենք միասին լողալ»։ Ճշմարտությունը  նորից կասկածանքով ձեռքն  ընկղմել է ջրի  մեջ։ Ջուրն, իրոք որ հաճելիորեն տաք է եղել։  Եւ նա ընդունել է հրավերը։ Նրանք  որոշ ժամանակ  միասին լողացել են։ Լողալու ընթացքում, սակայն Սուտը հանկարծակի, կտրուկ մի շարժումով  դուրս  է եկել  ջրհորից, հագել  Ճշմարտության շորերն ու  չքվել։ Զայրացած Ճշմարտությունը, դուրս գալով ջրհորից սկսել է  մերկ դես ու դեն վազել  և ամենուր փնտրել նրան, որպեսզի ետ ստանա իր հագուստը։  Աշխարհը,  նրան մերկ տեսնելով, ամոթանք  տալով, զայրացած թեքել է հայացքը։  Խեղճ, Ճշմարտությունն ամոթահար շուռ  է եկել ու գնացել դեպի ջրհորը  և այնտեղ կորչել ընդմիշտ։ Այդ ժամանակներից ի վեր Սուտը  շրջում է  Ճշմարտության հագուստով և գոհացնում   աշխարհին, որը  ոչ մի կերպ չի ուզում տեսնել մերկ Ճշմարտությունը։

 

                                                                         ************** 

                                           

 Ըստ Հին Կտակարանի իր գաղափարները և իր Ճշմարիտ լինելը հաստատելու համար  մարդուն  փորձության էին ենթարկում, առաջարկում էին կրակի միջով անցնել։ Աստվածաշնչի կանոնի համաձայն եթե մարդը Ճշմարիտ էր ապա կրակը խնայում էր նրան։

  Ներկա ժամանակներում ամերիկացի Ջոն Շաֆերը իդեալական ստի գաղտնիքները բացող իր աշխատությունն է առաջարկում, բարոյական ընտրությունը թողնելով մարդկանց խղճին։ Հավատացնում է, որ լավ ստախոսները ճկուն միտք ունեն և արագ են կողմնորոշվում։ Ապա սարկազմով զգուշացնում. «Իհարկե, երբեմն խիղճն արթնանում է և դուք անքուն գիշերներ եք անցկացնում, բայց միթե՞ դա ավելի մեծ բան  է, քան իսկական, անգերազանցելի ստախոս դառնալու նպատակը»։

Սուտը, կարելի է լսել ու անգամ պաշտել, բայց միայն այն դեպքում, երբ գիտես ճշմարտությունը։ Սա ասվում է հեգնանքով, սարկազմով,  երբեմն էլ լուրջ։  Վստահ, որ դա էլ է դիմակայելու մի ձև, որը նոր աշխարհում կիրառում են  շատ-շատերը։ Ստիպված, կամովին հայտնի ու անհայտ հազար ու պատճառներով կամ առանց դրանց, իսկ գուցե պարզապես  կյանքի նոր կանոններին ենթարկվելով։   

    Ռուզան Զաքարյան