ՆՈՐ ՀՈԳՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԻՔԸ Ո՞ՐՆ Է

 

Անդրադարձ «Arvest.am» պորտալում հրապարակված՝ «Այն, ինչ մեր նախնիները նրբանկատորեն ծածկել են հողով» նյութին.  Ասեմ,  որ  Երևանի կենտրոնի խաթարումներին  ու ներկա նկարագրին վերաբերող, ինչպես  նաև քաղաքաշինական խնդիրներին պարբերաբար  անդրադարձող հանդեսի  մի շարք  հրապարակումներից  հատկապես այս հոդվածին անդրադառնալուս պատճառն արծարծվող հարցի վրա  կրկին ուշադրություն հրավիրելն է։ Կարծում եմ ճարտարապետաքաղաքաշինական հայեցակետից արված հետաքրքիր մեկնաբանումները կարդալը քիչ  է։   Միայն «լայքերը» բավարար չեն ու խնդրի կարևորությունը շեշտելու համար։  Լավ կլիներ, որ  թեմայի  շուրջ  հրապարակային քննարկումները    շարունակվեն՝  հաշվի առնելով մի շարք լուրջ հանգամանքներ նույնպես։  Օրինակ, զբոսաշրջիկության  հոսքերի խնդիրը, որի առաջադրած հարցականները  մեզանում մինչև հիմա անպատասխան  են թողնված։  Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքը թանգարան դարձնելու առաջարկի կողմնակիցները   զբոսաշրջիկների թիրախային ո՞ր խմբերին են հաշվի առնում. նրա՞նց, ովքեր իրենց երկրներում ունեն ամենաքիչը մի քանի հարյուր տարվա քաղաքային շենքերով կառուցապատված թաղամասեր, թե՞  նրանց, ովքեր համեմատաբար ոչ այնքան մեծ կենսագրություն ունեցող  բնակատեղերից են ժամանելու։ Ո'չ առաջիններին, ո'չ էլ վերջիններին չես զարմացնի «նորահայտ» կիսանկուղներով ստորգետնյա, թեկուզ նորոգ նման մի տարածք ներկայացնելով։ Առաջիններն, օրինակ` եվրոպացիներն, իրենց երկրներում ամեն քայլափոխի  հրաշալի պահպանված մի քանի հարյուր տարվա կենսագրությամբ քաղաքային շինություններ ունեն։ Եւ  բնական է, որ Հայաստան գալիս են   ճարտարապետական անծանոթ ու հետաքրքիր լուծումներով հին ու նոր հորինվածքներ    տեսնելու ակնկալիքով։ Մյուս մասն էլ մեր հինավուրց երկիրը գերադասում է  նույնքան հինավուրց ու երևակայություն հարստացնող ճարտարապետական ինքնատիպ  արտահայտություններ հայտնաբերելու համար։ Ինչքանո՞վ կարող են  գրավիչ  լինել Երևանի կենտրոնում գտնվող ստորգետնյա կիսանկուղներն այդ մարդկանց համար։  Եւ որքանո՞վ է դրանք  մարդկության պատմության համար ավելի մեծ կարևորություն ներկայացնում, քան  ուշադրությունից ցավալիորեն դուրս մնացած մեր պատմական հուշարձանները։ Դրանցից են` նախամարդու կացարան հանդիսացող Երևանի քարայրը, արտակարգ հետաքրքիր նյութ պարունակող Շենգավիթ հինավուրց բնակավայրը, մինչև վերջերս աղբակույտով ծածկված Կարմիր բլուրը, Արին բերդը` Էրեբունի,  կամ Դալմայի այգիներում մեծ ջանքերի գնով պահպանված ջրանցքի պատառիկներն ու հնձանը։ Եւ սա այն դեպքում, երբ Երևանի անձնագիր հանդիսացող Էրեբունի թանգարանն իր հարակից տարածքով կարիք ունի հիմնավոր նորոգման ու պատշաճ խնամքի ու ներկայացման։ Լավ է, որ թանգարանը  կարծես թէ նոր  թափ է առնում, ինչը հարկավոր է ավելի լայն ծավալով զարգացնել։

Ուշադրության  արժանի մշակութային նմանօրինակ կենտրոն է նաև  հազվագյուտ նմուշներով հարուստ Պատմության ազգային թանգարանը և մի շարք այլ թանգարաններ։ Երևանի պատմամշակութային թանգարանների  համար կա՞ արդյոք մշակութային քաղաքականության մշակված դրույթներ և դրանց  համապատասխան զարգացմանը խթանող  ծրագիր։  Արժե՞ արդյոք հերթական անգամ իրականացնել շինարարական մասնակի մի գործ, որը կարող է քաղաքի նկարագիրը փոխել, և թեկուզ  ժամանակավոր, բայց անխուսափելի տհաճ անհարմարություններ պատճառել մեզ։ Այնպես, ինչպես մինչև այժմ է արվել` կամայական մոտեցմամբ ու  պահի թելադրանքով։ Ժամանակն է ընդմիշտ մոռանալ մասնակի գործելու այս եղանակը։ Մենք պիտի արձանագրենք նաև, որ մեզանում քաղաքի հանրային անկախ կազմակերպություն էլ չկա և  մտավոր ու մշակութային գործիչների կարծիքը քաղաքաշինական ծրագրերում ներառված չէ։ Այս հարցում կարող է օգտակար լինել եվրոպական քաղաքների փորձը։ Օրինակ Գերմանիայի Մյունխեն քաղաքը պարբերաբար կազմակերպում է բաց դռների օրեր, և այդ ընթացքում ցանկացողները կարող են այցելել ու ծանոթանալ քաղաքապետարանի աշխատանքային ծրագրերի ձևավորմանը և առաջնահերթ անելիքների ցուցակին։ Մի շարք երկրներում քաղաքի համար կարևոր շինություններ կառուցելուց առաջ  հրապարակային քննարկում–հարցումներ, իսկ երբեմն էլ քաղաքային հանրաքվեներ են անցկացնում։ Ինչու՞ այս եղանակները չկիրառել մեր մայրաքաղաքում։ Վերջիվերջո, քաղաքն իրականում քաղաքացիներին  է պատկանում և նրանց   համար  է կառուցապատվում։  Ինչու՞  է մերժվում  երևանցու կարծիքը և  քաղաքի հիմնախնդիրներին  հաղորդակից  դարձնելու նրա օրինական պահանջը, ի՞նչ է արվում  կարևոր ծրագրերին նրա ներգրավվածությունն ապահովելու համար։

 Մեր մայրաքաղաքին խիստ անհրաժեշտ են կանաչ գոտիներ։ Պետք է   նաև այգիները բեռնաթափելով,  ազատել բետոնապատ սրճարաններից և կանաչապատ նոր տարածքներ ու ծառուղիներ ստեղծել։  Երևանը,  դեռևս վախեցնելու աստիճան կիսավեր, կիսամութ ու տգեղ միջավայրով, քանդված աստիճաններով, կեղտոտ  գետնանցումները կարգի բերելու հրատապ լուծելու հարց ունի։ Որպես  օրինակ ուզում եմ մատնանշել   մայրաքաղաքի ամենաբանուկ և կենտրոնական հատվածներում «գործող» Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան անկյունային մասի, Մաշտոցի պողոտայի՝ հատկապես դեպի  նախկին փառահեղ փակ շուկան, (հիմա արդեն  «Սիթի» առևտրային կենտրոն դարձրած)  տանող անցուղիները, ինչպես նաև Տիգրան մեծ պողոտայից ճառագայթվող  գետնուղիները։ Ի դեպ, սրանք քաղաքակիրթ երկրներում ամենօրյա ախտահանումների ենթարկվող, ամենախնամված  ու մաքուր տարածքներն են։ Դժվար չէ պատկերացնել. թե ներկա ժամանակների  արտակարգ  իրավիճակների պարտադրանքով,  նորանոր ինչպիսի նյութեր ու միջոցներ են օգտագործվում նման անցուղիները պարզապես փայլեցնելու համար։  Մենք ոչ միայն հայացք փախցնելու, այլ  աչք փակելու մեր սովորությանն ենք նորից ապավինում։ Այսքան  հրատապ խնդիրների առկայության դեպքում, ի՞նչ նոր հոգս ստեղծելու մասին կարող է խոսք լինել։ Չէ՞ որ Հանրապետության հրապարակը քանդելով ոչ միայն խաթարվելու  է  քաղաքի տեսքը, այլև կենտրոնն է  վերածվելու  փնթի ու փոշեծածկ մեծ մի տեղավայրի։ Բազմաթիվ մարտահրավերներով առկա մեր այս վիճակում կարծում եմ, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող շերտի «ազատագրումը» կարող է  հետաձգվել, մանավանդ որ այն չունի քանդվելու կամ իսպառ վերանալու վտանգ։ Եւ փոխարենը  հրատապ ու անհետաձգելի  դարձնել թե՛ վերոհիշյալ  թե՛ մեր  խոնարհված վանքերը, բերդերը, կամուրջներն ու այլ  շինությունները նորոգելու  խնդիրների լուծումը։