Ո՞ՐՆ Է ԻՐԱԿԱՆ. ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍՆՈւՄ ԵՆՔ, ԹԵ՞ ԱՅՆ, ԻՆՉ ԶԳՈւՄ ԵՆՔ

 

Վերջերս բրիտանական՝ ART HABENS ամսագրի հայտարարած միջազգային մրցույթում հաղթող են Ճանաչվել Նազիկ Ասլանյանի գեղանկարչական աշխատանքները։ Հեղինակավոր հանդեսն այս իրադարձությանն անդրադարձել է հատուկ թողարկմամբ, և իր ընթերցողին է ներկայացրել ոչ միայն Նազիկի ստեղծագործություններն, այլև նրա հետ կայացած՝ կյանքի ու գեղարվեստական իրականության, արվեստային պարզ ու բարդ երևութները քննող հարցազրույցը։ Ե՛ւ հարցերն են հետաքրքիր, և՛ պատասխանները, և՛ հայերեն է թարգմանված...

Նազիկ, ողջունում ենք Ձեզ ART HABENS ամսագրում: Մինչ ձեր աշխատանքների մասին զրույցին անցնելը, ցանկանում ենք մեր ընթերցողին ուղղորդել դեպի https://www.nazikgallery.com կայքը, որտեղ նրանք կարող են ավելի լավ պատկերացում կազմել Ձեր ստեղծագործությունների մասին: Սկսենք այս զրույցը Ձեր կենսագրության հետ կապված մի շարք հարցերից: Դուք ունեք ամուր հիմքերի վրա խարսխված կրթություն, ավարտել եք Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան: Ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել ձևավորման շրջանի այդ տարիները Ձեր արվեստի զարգացման վրա: Մասնավորապես, ինչպե՞ս է Ձեր՝ հայկական արմատների մշակութային ժառանգությունը ազդել Ձեր ներկա գեղարվեստական ուսումնասիրության հետագծի վրա:

Հիմնական մասնագիտական կրթությունս ստացել եմ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում, որտեղ սովորել եմ ակադեմիական նկարչություն, ուսումնասիրել եմ արվեստի պատմություն, ինչպես նաև դիզայնի հիմունքներ: Այդ տարիներն անցել են գեղագիտական խնդիրների քննարկումներով հագեցած: Այստեղ սովորել եմ ոչ միայն տեսնել և վերարտադրել իրերի արտաքին տեսքը, այլ նաև ուսումնասիրել ու հասկանալ դրանց բնորոշող հատկանիշները:

Հիմա, երբ հայացք եմ նետում ուսանողական տարիների աշխատանքներիս, տեսնում եմ այսօրվա նկարների առաջացման ակունքը, տարիների ընթացքում դրանց գաղափարական և գեղարվեստական զարգացումը: Օրինակ, աբստրակտ նկարներ ունեի, որոնք սև ու սպիտակի էմոցիոնալ կոմպոզիցիաներ էին, և կոչվում էին  «Զգացմունք»,  «Իրավիճակ»,  «Էմոցիա»: Հետագայում, այդ հիմքով ստեղծվեց  «Իրականություն» շարքը: Կամ, շատ էի նկարում շրջան։ Վերադարձ նույն կետին գաղափարն էր, հավերժության գաղափարը, որը հետագայում  «Արև» շարքի հիմքը դարձավ:

 Հայկական հարուստ մշակույթի և հայկական ժամանակակից արվեստի մասին շատ եմ խորհել։ Եւ հաճախ եմ փորձում զուգահեռներ անցկանել իմ ստեղծագործությունների հետ: Այս հարցը բարդ է և ինձ համար կարևոր: Եթե փորձեմ համառոտ բնութագրել հայկական արվեստն, ապա երկու բառ կառանձնացնեմ՝ մինիմալիզմ և մոնումենտալիզ միաժամանակ, ինչպես նաև պարզություն և խորություն, որ նաև հատկանշական է հայկական եկեղեցիների ճանտարապետությանը: Իմ հայկական արմատների գիտակցումն ինձ համար հենակետ է այսօրվա բաց և գլոբալիզացիայի գաղափարներով հագեցած արվեստի աշխարհում: Այս խորը մշակութային սուբստրատի (ժառանգության) ուսումնասիրումը և ընկալումն ինձ դարձնում է ավելի ամուր իմ ստեղծագործական համոզմունքներում, միջազգային արվեստի հարթակներում ներկայանալիս:

 Ձեր ստեղծագործությունները, որոնք մենք ընտրել ենք ART HABENS-ի այս հատուկ թողարկման համար և, որոնց մեր ընթերցողներն արդեն հասցրել են ծանոթանալ այս հոդվածի ներածական մասում, միանգամից ուշադրություն են գրավում աբստրակտ ոճի և իրականության հմուտ համադրության շնորհիվ, Դուք երևան եք բերել իրականի և վերացականի միջև մշտապես գոյություն ունեցող կապը: Մասնավորապես, Իրականություն հետաքրքրաշարժ շարքում, Դուք ընդգծում եք մշտական դինամիզմի և հակադրությունների միջև ընկած հավասարակշռությունը, որոնք իրենց ազդեցությունն են ունենում անընդհատ փոփոխվող և բազմաշերտ մեր իրականության վրա: Ինչպե՞ս ստեղծվեց այս տպավորիչ և ազդեցիկ շարքը:

Մենք ընկալում ենք մեր շրջապատը մեր զգայարանների, զգացմունքների և ներքին պատկերացումների ու համոզումների հիման վրա, որոնք կարող են տարբեր հանգամանքներից ելնելով լինել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ: Ես կարծում եմ, որ մեր պատկերացումներն՝ իրականության և ճշմարտության, ամուր միահյուսված են ստեղծագործական ու երևակայական պատկերացումների հետ:

Ըստ իս, ամեն ինչ դինամիզմի մեջ է, քանի որ ամեն ինչ նաև ժամանակի մեջ է: Այս տեսանկյունից իրականությունը նաև ժամանակն է, կամ իրականությունը ժամանակի մեջ է՝ այսինքն իրականությունը փոփոխական է, քանի որ ժամանակը, ինքնին փոփոխական է և դինամիկ: Նաև մեր մտքերը, զգայարանները և ընկալումներն են կենսունակ և ժամանակի հետ փոփոխվող ու դինամիկ: Ուրեմն՝ որտե՞ղ է ճշմարտությունը և ի՞նչ է իրականությունը հարցերը, կարծում եմ, հավերժ հարցերի շարքից են:

Երբ ես արվեստի պատմություն էի դասավանդում «Քվանտ» վարժարանում, ի դեպ, դա բավականին վաղուց էր, աշակերտներս հարցնում էին, թե ինչպե՞ս կարելի է տարբերել լավ նկարը վատ նկարից, եթե երկուսն էլ պրոֆեսիոնալ են կատարված, և երկուսն էլ աչքի համար հաճելի են: Ես պատասխանում էի՝ պետք է ոչ միայն տեսնել, այլև զգալ նկարը և փնտրել խորքում թաքնված ճշմարտությունը, զգալով պետք ընկալել իրականությունը: Ո՞րն է ավելի իրական՝ այն, ինչ տեսնու՞մ ենք, թե՞ այն, ինչ զգում ենք:

Կարծում եմ, մեր «իրականության» կազմավորման մեջ նշանակալից, երբեմն որոշիչ դեր ունեն անտեսանելի այն երևույթներն, ինչպիսիք են մտքերը, հույզերը, զգացմունքները անգամ համոզմունքները:

Մեկ այլ տեսանկյունից էլ մեզ շրջապատողը տեսողական աբստակցիան է: Այն կա ամենուր, այն կտեսնենք, եթե փոխենք դիտման անկյունը կամ նայենք հատվածաբար՝ ֆրագմենտալ: Ինչպես բնության ստեղծածը, անզուգական աբստրակտ տեսարաններ՝ պարփակված խորը կյանքի փիլիսոփայությամբ:

Բացի դինամիզմից իմ կտավներում ես շեշտում եմ կոնտրաստը և կարծում եմ, որ կոնտրաստը գոյություն ունի մեր կյանքի բոլոր ասպեկտներում: Կարծես հակակշիռ գաղափարը կամ երևույթը հավասարակշռության դեր է խաղում: Համոզված եմ, որ երևույթներն իրենց հակա-հասկացողություններով ապահովվում են միմյանց գոյությունը: Եթե ավելի պատկերավոր՝ կշեռքի նժարների պես, որոնց վրա հավասարակշռվում են լույսն ու խավարը, ուրախությունն ու տխրութունը և այլն: Ինձ թվում է հենց այս հավասարակշռությունն է պտտում երկրագունդը:

Ձեր ստեղծագործություններն առանձնանում են երկրաչափական խիստ զգացումով, որը միտված է բնազդի և գեղագիտության միջև յուրահատուկ ներդաշնակ համադրություն ստեղծելու: Ստեղծագործելու ընթացքում Դուք առաջնորդվու՞մ եք բնազդով, թե՝ մեթոդիկ կերպով մշակու՞մ եք գործերը: Մասնավորապես, ի՞նչ դեր է ունենում ինքնաբուխությունը ձեր արվեստում:

Մինչև նկարը սկսելը, հիմնականում մտովի պատկերացնում եմ, թե մոտավորապես ինչ պետք է անեմ։ Պատկերացնում եմ կտավի չափսերը, կոմպոզիցիան և գունային լուծումները, երբեմն նաև կատարման եղանակը: Թեպետ որոշ ժամանակ անց, երբ մտովի «ստեղծված» գործն իրականացնելու համար կանգնում եմ կտավի առջև և սկսում եմ աշխատել, ինչ-որ առումով պրոցեսը դուրս է գալիս հսկողությունից: Ստեղծագործելու ընթացքում թվում է, թե կտրվում եմ շրջապատող աշխարհից և ժամանակից: Երբեմն նկարելու ժամանակ հնարավոր է շատ հեռանամ նախնական մտահղացումից, երբեմն՝ ոչ, բայց հստակ կարող եմ ասել, որ ենթագիտակցությունը, զգայարանները և էմոցիաները որոշիչ դերակատարում ունեն իմ ստեղծագործական պրոցեսում:

Սիրում եմ երբ մեկ շնչով ավարտում եմ նկարը: Նկարը կարող է ամբողջացնեմ կարճ ժամանակում, կամ կարող եմ երկար աշխատել, մի քանի խոշոր վրձնահարվածներով, մեկ շնչով ավարտել և այդ ինքնաբուխությունը կզգացվի կտավում:

Ինձ թվում է, որ ստեղծագործելու պրոցեսում զգացմունքներս և մտքերս նաև գիտակցությունս և ենթագիտակցությունս գործում են զուգահեռաբար և միաժամանակ:

Ավարտին մոտենալիս, երբ արդեն հոգնած եմ, զգում եմ ստեղծագործությանս շունչը։ Եւ ինձ մի պահ թվում է, թե ամբողջ էներգիաս փոխանցել եմ կտավին։

Ուշագրավ են Ձեր ստեղծագործությունների խորիմաստ նրբերանգների կենսունակությունը: Մասնավորապես հատկանշական է, թե ինչպես են Ձեր նկարները բացահայտում վառ երանգներն, որոնք այնքան էլ անփոխարինելի չեն լարվածություն և դինամիզմ հաղորդելու համար: Ինչպե՞ս կատարվեց Ձեր գունապնակի ընտրությունը: Ինչքանո՞վ է Ձեր հոգեբանական խառնվածքին բնորոշ գույների նրբերանգները, որոնց վրա խարսխվում է Ձեր ընտրությունն այս կամ այն գործը ստեղծելիս, և մասնավորապես ինչպե՞ս եք ներդաշնակում գունային հյուսվածքը:

 

Կարծում եմ կհամաձայնվեք, որ կարելի է օգտագործել բազմաթիվ բառեր և ոչ մի միտք չարտահայտել, և հակառակը՝ քիչ բառերով արտահայտել ամեն ինչ: Կան ստեղծագործություններ, որոնք իրականացնելու համար ինքս՝ իմ առջև դրել եմ գեղանկարչական խնդիր, գեղանկարչական նպատակ՝ մի քանի գույներով արտահայտել առավելագույնը: Երբեմն պատահում է, որ ինչ-ինչ գաղափարներ արտահայտելու համար, ներկապնակի երկու-երեք գույնն էլ է բավարար լինում: Իսկ ընդհանրապես, եթե նայեմ իմ ամբողջ գեղանկարչությանն՝ ըստ շարքերի, ապա կարող եմ ասել, որ ներկապնակս բավականին բազմերանգ է: Կախված է, թե որ շարքն է դիտարկվում և հատկապես ինչ ասելիք ու գաղափար արտահայտելու նպատակ ունեմ:

Իմ կարծիքով, սառը և մռայլ թվացող գույներն էլ կարող են լինել շատ գրավիչ և էքսպրեսիվ, դա կախված է, թե նկարիչն ինչ էմոցիաներ և զգացողություններ է ավելացրել ներկապնակի ներկերին: Համոզված եմ՝ յուրաքանչյուր գույնի արտահայտչականությունը կախված է միջավայրի գունային երանգներից: Ամենը փոխկապակցված և փոխազդեցության մեջ են: Զարգացնելով ներկերի քսվածքը մաստիխինով, կամ վրձինով, ուզում եմ նաև ցույց տալ, որ մեկ գույնն էլ կարող է երանգային և քսվածքային փոփոխություններով լինել խորը և խոսուն: Չեմ կարևորում գույների բազմազանությունը, ինձ համար ավելի էական է, թե ինչպես են դրանք հարաբերվում և իրենք՝ իրենց արտահայտում: «՛Իրականություն» շարքում գունային ընտրությունը պայմանավորված է նաև իրականության մեջ առկա հակասությունների գաղափարի գոյության շեշտադրմամբ: Սա կարծես երկու գույնի զրույց լինի, էմոցիոնալ բանավեճ:

Ակնհայտ է, որ ես ի տես եմ դնում իմ ներքին աշխարհը, արտահայտում եմ իմ մտքերն ու գաղափարները: Եւ դժվարանում եմ մերձեցնել կամ համադրել գունային երանգներն իմ հոգեբանությանը: Բայց վստահ եմ, որ ներկապնակիս բոլոր երանգները համապատասխանում են իմ փիլիսոփայությանը:

Մեջբերում եմ Ձեր մի խոսքը՝ «Իրականությունը փնտրելիս կարող է միայն թվալ, թե այն տեսանելի է կամ շոշափելի»... Այս առումով թերևս նշենք, որ Ձեր ստեղծագործական փորձառությունն աղերսվում է գերմանացի լուսանկարիչ Անդրեաս Գուրսկու այն հայեցակարգին, ըստ որի արվեստը չպետք է զուտ արտացոլի իրականությունը, այլ պետք է խորաթափանց լինի: Դուք, կարծես թե նրա պես առաջարկում եք դիտողին վերափոխել մշակութային երևույթների ընկալման սեփական դիտակետը: Որքա՞ն կարևոր են խորհրդանիշները Ձեր արվեստում և որքանո՞վ եք կարևորում դիտողի զգացողությունների ու երևակայության արթնացնումը: Եվ վերջապես, ներազդեցության ի՞նչ ուժով կուզենայիք, որ Ձեր ստեղծագործությունները ընկալվեին:

Եթե իրականության մեր ընկալումներն սահմանափակվեին միայն տեսողականով, կյանքը կլիներ շատ անհետաքրքիր և պարզունակ: Հոգեբանությու՞ն, թերևս, բայց մարդկային գիտակցությունը բավականին սահմանափակ է ենթագիտակցության համեմատ: Չէ՞ որ, մենք իրականությունն ընկալում ենք նաև ենթագիտակցությամբ: Մարդկանց երբեմն թվում է, թե իրականությունը միայն այն է, ինչ տեսնում են, մինչդեռ տեսողականը միայն արտաքին շապիկն է կամ նման մի տարր: Անտեսանելի երևույթներից են նշանները, էությունը, իմաստը, որոնք պետք է որոնել, տեսնել, հասկանալ, իրականությանը մոտենալու համար: Կարծում եմ արվեստի նպատակն է ոչ թե վերարտադրել տեսանելին, այլ անտեսանելին դարձնել տեսանելի: Ես, իհարկե համակարծիք եմ Անդրեաս Գուրսկիի հետ, շատ հետաքրքիր լուսանկարիչ է, նրա լուսանկարներում աբստրակտ գեղանկարչություն եմ տեսնում, և նրա փիլիսոփայությունը բավականին հոգեհարազատ է ինձ:

Գեղանկարչությանս սիմվոլները, ես վերցնում եմ բնությունից: Բնությունն՝ ամբողջական կատարելիությամբ կամ հատվածաբար, արևն՝ իր շրջանակով կամ լույսով ճառագող, հավերժության և կյանքի խորհրդանիշեր են ինձ համար: Կարծում եմ, դիտողն ազատ է իր ընկալման մեջ, և նման երկխոսությունն արվեստի հմայքներից է՝ անկրկնելի նաև անբացատրելի:

Հայտնի է, որ ավարտուն նկարն ապրում է իր ուրույն կյանքով, դեմ առ դեմ մենախոսության մեջ մտնելով դիտողի հետ, նկարը գտնում է իրեն արժանի պատը, իր միջավայրը: Չնայած, տարիների հետ ձեռք բերած ինքնավստահությանս, որի օգնությամբ հստակ գիտակցում եմ, թե ինչ եմ անում, այնուամենայնիվ գրեթե միշտ կարևորում եմ նրա (դիմացինի) ընկալումը: Եւ հրավիրում եմ նրան սահման խախտելով, մտնել կտավի խորքը՝ իմ մտքերն ու զգացմունքները, գույների ու գծերի միջոցով արտահայտածս «լսելի» դարձնելու համար, ձգտում եմ նրա մեջ արթնացնել անիմաց, անփոխարինելի ապրումներ: Ուզում եմ, որ մարդիկ զգան ու տեսնեն այն, ինչ մինչ այդ չեն զգացել: Նկարելու պահին թվում է, մեկը ստեղծագործում է ինձ հետ, նկարակալի առաջ կանգնած է և հասկանում է, որ միայն իր համար է ծնվում առանձնահատուկ՝ աննման զգացողություններ, ապրումներ արթնացնող նկարը, որը եզակի է և պատկանում է միայն իրեն: Ես գիտեմ նաև, որ հանգամանքների թելադրանքով է ամեն մի գործ յուրաքանչյուր-ոք ընկալում յուրովի: Ինչպես ասել է Ցվետաևան՝ ընթերցողը համահեղինակ է:

Ուսումնասիրելով կյանքի բոլոր բնագավառներում հակակշիռների պայքարը՝ Ձեր գեղանկարները մարդուն ուղեկցում, տանում են հիբրիդային, անսովոր մի տարածք և նրանց բազմերանգ, տարաբնույթ տեսողական ապրումներ պարգևում: Ինչպե՞ս եք դիտարկում հիշողության՝ որպես ամենօրյա կյանքի փորձի բյուրեղացման դերը Ձեր ստեղծագործական գործընթացում, և ինչպե՞ս է Ձեր առօրյան սնուցում Ձեր արվեստը:

Հիշողությունը, կարծում եմ այն է, ինչի շնորհիվ տարիների ընթացքում ձևավորվում ենք, կայանում ենք: Հիշողությանս մեջ իմ տպավորություններն են, ոգեշնչման աղբյուրներն են, որոնցից և կարող է ծնվել նկարի գաղափարը կամ լուսաստվերային, գունային լուծումը: Այն կարծես պահվում, խմորվում է ենթագիտակցությանս մեջ:

Շատ տպավորիչ էր 2012 թվականին, Ֆիլադելֆիայից՝ Վաշինգտոն տանող ֆրիվեյի «առաջարկող» տեսարանը... Մեքենայի արագության տակ հայացքս որսում էր անծայրածիր անտառի խիտ, մուգ կանաչը, իսկ վերևում՝ անամպ, պարզ, բաց երկնագույն երկինքն էր: Այս պարզության մեջ անբացատրելի խորություն էի զգում, և այդ տպավորությունը մնաց հիշողությանս, ենթագիտակցությանս մեջ, որը չէի կարող չարտահայտել, և ամիսներ անց ստեղծվեց  «Բնապատկեր» նկարներիս շարքը՝ գեղանկարչական նոր լուծումներով: Ամենօրյա կյանքում ցանկացած երևույթ կարող է լինել ինձ համար ոգեշնչման աղբյուր. լույս ու ստվեր, չորացած խոտ, կամ արևի վառ ճառագայթ՝ ինչ որ մի տերևի վրա և... ես մտովի սկսում եմ նկարել:

Չնայած գրավիչ աբստրակտ առանձնահատկության հստակ առկայության, Ձեր նկարները միաժամանակ հզոր բովանդակություն ունեն: Մենք գնահատում ենք, թե ինչպես եք գեղարվեստորեն միաձուլում գիտությունն ու բնությունը՝ շեշտելով այդ երկու հակադիր գեղեցկությունները նաև նրանց սիմբիոտիկ հավասարակշռությունը՝ ներդաշնակորեն միահյուսում միմյանց: Որպես իրատես-աբստրակտ նկարիչ, ինչպե՞ս է ձեզ հաջողվում հավասարակշռել վերացականի և իրականի միջև հարաբերությունը Ձեր աշխատանքներում:

Երբեք չեմ քննել իմ նկարչությունն այդ տեսանկյունից: Թերևս, կարելի է հարցը մի քանի կողմից դիտարկել: Մի կողմից, ի նկատի առնելով, որ աբստակցիան էքսպրեսիվ է, մյուս կողմից այն չընկալել, որպես պատահական արդյունք, և աբստրակցիայի ֆիգուրատիվի ուսումնասիրության միջոցով ընդհանուր մի հայտարարի հանգել: Կոտրել ֆիգուրատիվ տեսքը, ստիլիզացնելով, մաքրելով, պարզեցնելով, վեր հանելով հիմնական էությունը՝ հանգել աբստրակցիայի: Այս առումով նկարներիս զգալի մասը աբստրակտ է, բայց և հիշեցնում են ռեալիստական պատումներ: Իմ շարքերի խորագրերը՝ «Բնապատկեր», «Ծաղիկ», «Արև», «Ծառ»» հենց այդ են վկայում: Կարելի է ասել նկարներիս մի մասը կիսաաբստրակտ են:

Մյուս կողմից՝ «Իրականություն» վերտառությամբ նկարներիս շարքը կա, որի էքսպրեսիան բացարձակ աբստրակցիա է: Երբ բացարձակ աբստակցիա է, մտովի վերարտադրում ենք իրականության գաղափարը և միաժամանակ զգում իրականության շունչը: Գուցե հենց դա է հավասարակշռությունը:

Հատկանշական է, որ Դուք ստեղծագործում եք շարքերով: Կա՞ արդյոք հաղորդակցման ընդհանուր որևէ ալիք Ձեր գործերի միջև: Կարծում եք, արդյո՞ք, որ նկարների շարքը կարելի է համարել համընդհանուր գեղարվեստական մի զրուցադարան, որն ավելին է, քան մեկ առանձին գեղանկարը:

Գաղափարը և թեման հիմնականն են, որ կապում են միմյանց աշխատանքներս և ստեղծվում են շարքեր, ուր յուրաքանչյուր գործ գեղանկարչական առանձին խնդիր ու լուծման եղանակ է ենթադրում: Այն կարող է գունային, կոմպոզիցիոն տարբեր լուծում ստանալ, խառը տեխնիկայի հետ կապված նյութերի էքսպերիմենտ լինել և այլն: Յուրաքանչյուր նկար, երբ ավարտում եմ, ցանկություն եմ ունենում, գեղանկարչական նոր եղանակ գտնել մեկ այլ կտավի վրա նույն գաղափարը ուրիշ կերպ արտահայտելու համար։ Եւ ստացվում է շարք: Երբ նույն գաղափարը գեղանկարչական տարբեր լուծումներով իրականացված գործերը ցուցադրում եմ շարքով, կարծում եմ ավելի խոսուն, ավելի ամբողջական և բազմաշերտ եմ ներկայացնում ասելիքս:

Բայց, միաժամանակ, յուրաքանչյուր նկար ինքն՝ իրենով մի ամբողջական, ավարտուն միտք է արտահայտում: Եվ լիարժեք է, երբ ներկայանում է առանձին: Ինձ համար յուրաքանչյուր շարք կարծես մեներգիչներից բաղկացած երգչախումբ լինի:

Դուք կայացած արվեստագետ եք. Ձեր ստեղծագործությունները համալրել են հանրային և մասնավոր հավաքածուներ, տարիներ շարունակ Ձեր գործերը ներկայացվում են տարբեր երկրների, տարբեր ցուցասրահներում: Մենք բարձր ենք գնահատում Ձեր գեղարվեստական մտքի յուրօրինակությունը, և հատկապես այն, թե ինչպես են Ձեր ստեղծագործությունները ճեղքում դիտողի էմոցիոնալ պատնեշները: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հարաբերության բնույթը դիտողի հետ: Ի՞նչ եք ակնկալում, որ նա քաղի Ձեր ստեղծագործություններից:

Նկատել եմ, որ դիտողին դուր են գալիս իմ նկարները, երբ գույների և գծերի միջոցով արտահայտված մտքերը, զգացմունքները և հույզերը համահունչ են լինում այցելուների մտքերին, զգացմունքներին և հույզերին՝ ներքին մի արձագանքով այն արտահայտվում է: Ես հույսով եմ, որ բնության էությունը ու վեհությունը , լույսի հզորությունը հաղորդող գործերի օգնությամբ մարդիկ կվերաիմաստավորեն իրենց արժեքային համակարգը:

Փորձում եմ կտրել դիտողին իրական աշխարհից, և խորհելու մղել նրան: Ձգտում եմ արթնացնել այնպիսի զգացումներ, որոնք գուցեև իրականության թաքուն, անտեսանելի խորքերը բացահայտելու հիմք դառնան նրանց համար: Հուսով եմ, որ արվեստի միջոցով դիտողին պոզիտիվ էներգիա փոխանցելու, և նույնիս գունային սառը գամմայի միջոցով ջերմություն, լույս, դրական լիցքեր և մտքեր հաղորդելու իմ փորձերն արդարացվեն:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական միտքը, և մինչ այս հետաքրքիր զրույցն ավարտելն, ուզում ենք շնորհակալություն հայտնել արվեստի խնդիրների քննարկման և անձնական մտորումներով մեզ հետ կիսվելու համար, Նազիկ: Ի՞նչ ծրագրերի վրա եք կենտրոնացած այս պահին և ստեղծագործական ինչպի՞սի գաղափարներ զարգացնելու մտադրություններ ունեք ապագայում:

Պատրաստվում եմ անհատական ցուցահանդեսի այս տարի աշնանը՝ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Ներկայացնելու եմ հինգ շարք, մոտ վաթսուն աշխատանք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, բավականին հետաքրքիր հարցազրույցի համար, որն ինձ ևս մեկ անգամ խորհելու, մտածելու, աշխատանքներս կողքից նայելու առիթ ընձեռեց ինձ: Եւ ուզում եմ նաև նշել, որ շատ զգացված եմ իմ արվեստի հանդեպ ունեցած Ձեր վերաբերմունքի համար, ինձ համար պատիվ է Ձեր ամսագրում ներկայանալը:

Author