
Մելինե Քոչար-Օհանյան. Փարիզ, «Կինը աղավնին ձեռքին», 1950թ. թուղթ, գուաշ, մատիտ.
Էդգար Շահին. Փարիզ «Ծեր մուրացկան կինը եկեղեցում», Գյուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր» վեպի նկարազարդում, ճապոնական թուղթ, օֆորտ, չոր ասեղ.
Արտաշ Կակաֆեան. Փարիզ, «Անվերնագիր» 1960-70թթ. թուղթ, գունավոր վիմատպություն.
Այս ու ևս վեց տասնյակի հասնող արվեստի գործերի ցուցահանդեսին է հրավիրում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը. «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» վերտառությամբ ցուցահանդեսի բացումը կայանալու է 2019թ. նոյեմբերի 28-ին, ժամը 18:00-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում: Ցուցահանդեսը գործելու է մինչև գալ տարվա մարտի 1-ը.
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությունը արվեստասերներին է ներկայացնում արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանի հավաքածուի ընտրանին: Ի դեպ, նշենք, որ սա «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի թվով չորրորդ ցուցահանդեսն է:
20-րդ դարի համաշխարհային գրաֆիկական արվեստի մասնավոր հավաքածուից կազմված արվեստի 60 նմուշները ներկայացնում են 44 արվեստագետի, ովքեր ապրել և ստեղծագործել են տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրների քաղաքներում, ուրեմն և մշակութային տարբեր միջավայրերում: Այսինքն սա մի ցուցադրությունն, որը թերևս որոշ պատկերացում է տալիս անցյալ հարյուրամյակի ընթացքում արդի արվեստի զարգացման գործընթացին ինտեգրված սփյուռքահայ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին: Նկարիչներից մի քանիսը քաջ հայտնի են Հայաստանում և արտերկրում, իսկ շատերը պետք է հայտնաբերվեն նորովի: Եւ անգամ արվեստաբանական հետազոտությունների հիմք կարող են հանդիսանալ։ Սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործական ժառանգության մաս կազմող այս, ինչպես նաև արդի հայ արվեստի գործերի զուգահեռով, որը ձևավորվել է 1900- 1990-ականներին:
Փաստենք նաև, որ Մասնավոր կոլեկցիոների կենտրոնի առաջնահերթ նպատակներից մեկը հանրության առավել լայն շրջանակներին հասու դարձնելն է գեղարվեստի բացառիկ հետաքրքիր այնպիսի գործերի, որոնց մասին քչերն են տեղյակ։
«Տարագիրներ ու երազողներ» ցուցահանդեսը ներկայացնում է ոչ միայն գրաֆիկական արվեստի թաքնված գանձարանի ինքնատիպ նմուշներ, այլև բացահայտում է սփյուռքահայ արվեստագետների մի աստղաբույլ, որին անգամ արվեստի գիտակները ծանոթ չեն Հայաստանում։ Քանի որ շատ գործեր երբևէ մեզանում չեն ցուցադրվել»,-ասում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Եւ այսպես.
Հանրության համար ցուցադրությունը, որի մուտքն անվճար է, գործելու է 2019թ. նոյեմբերի 29-ից մինչև 2020թ. մարտի 1-ը:
Հավելենք նաև որ՝
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի արտահայտությունները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույն գործերը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:


