Լևոն Խեչոյան / ՔՆՆԱԴԱՏՈւԹՅՈւն, ՈՐ ՉՈՐԱՑԱԾ ԹԶԵՆԻ ՊԻՏԻ ԾԱՂԿԵՑՆԵՐ

 

...Երկրի համար կենաց, մահու պահերին մի վճռորոշ ժամանակ կա, որ ոչ միայն արվեստագետի, մտավորականի, այլ տունդարձի՝ հայրենիքի հետ լինելու ժամանակն է...

 

                                                     ԹԱՏԵՐԱԿԱՆՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

 

                                               «ՔՆՆԱԴԱՏՈւԹՅՈւն, ՈՐ ՉՈՐԱՑԱԾ ԹԶԵՆԻ ՊԻՏԻ ԾԱՂԿԵՑՆԵՐ»           

  Հայ-թուրքական արձանագրությունները մեր ժողովրդի կամքի արտահայտությունը չէ։ Իբրեւ թե նրա շուրջ քննարկումներ են կատարվում հասարակական կազմակերպություններում, մամուլով, հեռուստատեսությամբ, որոշակի հեղինակություն եւ որոշակի դիրք ունեցող մարդիկ են հանդես գալիս , իրականում իմիտացիա է այդ ամենը, որեւէ կերպ չի արտահայտում ժողովրդի ցանկությունները։ Այնպես, ինչպես որ թմբկահարվում է, թե Ազգային ակադեմիան  քննարկել է փաստաթուղթը եւ հավանության է արժանացրել, այդպես չէ։ Այնտեղ էլ իմաստուն, վառ հոգիներ կան. բա ո՞վ էր սոցիալիզմի 70 տարիներին մեր հոգ¢որ հայրենիքի մասին կրակը վառ պահում։ Ինքնին հարց է ծագում եթե արձանագրություններն արդեն ստորագրվել են եւ նրանցում որեւէ բան փոխելը անհնար է (Նալբանդյանի եւ Էրդողանի վկայությամբ), էլ ինչ հասարակական քննարկումների մասին կարող է լինել խոսքը։ Ասես՝ այդ ամենն արվում է միայն մի նպատակով՝ ինչքան շատ լինեն թատերականացված քննարկումներին մասնակից մարդկանց բազմությունը, ապագայում  այնքան չքմեղանալը եւ ապացուցելը հեշտ կլինի, որ գործած մեղքին ամբողջ ազգն է մասնակից եղել։ Միշտ էլ կողմ եմ եղել, որ Թուրքիան սահմանը բացի, բայց ոչ այն գնով, որ պահանջում է, ոչ էլ այն շտապողականությամբ, որ գլխապատառ գիրկն ենք նետվում։ Գերմանիան, անգամ, որ Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկն է, դեմ է նրա՝ Եվրամիությանն  անդամակցելուն, պատճառաբանությամբ, թե ոչ իրենց մշակույթը, ոչ էլ տնտեսությունն է պատրաստ 70 միլիոնանանոց Թուրքիայի հետ խաչաձեւելուն։ Հիմա մենք մեր այս վիճակում մի՞թե ունենք սեւ հեղեղի դեմն առնելու զորությունը։ Էլ չեմ ասում՝ ստորագրված արձանագրությունների մի քանի կետերի մասին, որոնք ընհանրապես անընդունելի են։ Մի՞թե կարելի է, որ նա այդպես մեր արժանապատվությունը վիրավորի՝, ինչ՝ ջուրը, ինչ՝ արյունը, հա՞, մեկ ու կես միլիոն մարդ է երկրի երեսից վերացրել, արդյո՞ք ներողություն է խնդրել մեր ժողովրդից, թեկուզ գաղտնի, մի հայի դեմ ծու՞նկ է չոքել, կամ որեւէ գրողի, դրամատուրգի բերանով մի գեղարվեստական գործում, մի ներկայացման մեջ ասե՞լ է՝ ես մեղա, ես անարդար էի, կամ թողության խոստովանությու՞ն է արել իր մեջիթի կամ դերվիշի առաջ։ (Օ. Փամուկի անունը մեջտեղ չբերենք, նա պարզապես Նոբելյան ստանալու համար հայկական հարցն արհեստավարժ աճպարարի պես խաղացրեց Եվրոպայի աչքի առաջ, այնինչ, այդ ամենաարդար ամբիոնից իր ճառի մեջ պիտի ասեր, որ եղել է ցեղասպանություն։ Գուցե դրանից հետո հասկանալի դառնար այդ ազգը)։  Ինքն է փակել այդ սահմանը, բացելու համար գին պիտի վճարենք, այն էլ՝ միջազգային ասպարեզներից «ցեղասպանություն» բառը հանելով, Հայ դատի պահանջատիրությունից հրաժարվելով կամ Ղարաբաղի յոթ շրջաններն էլ պիտի տանք Ադրբեջանին, դեռ պահանջած հանձնաժողովն էլ պիտի փորձի ապացուցել, որ անապատում թափառող ուրվականներն էլ մերոնք չեն… Որեւէ դիվանագիտություն, անգամ հաղթանակած, ոչ մի արժեք չունի, եթե նման գին է պահանջվում, եթե ազգի ողնաշարը, քրոմոսոմն է տրոհվում…

 Բայց փաստն այն է, որ դարձյալ երես առ երես կանգնել ենք Թուրքիայի 900-ամյա դիվանագիտության եւ ասկյարի դիմաց։ Դուք էկրանին՝ Էրդողանի դեմքը զննեք, մեր դեմ փողկապով ¢ ժամանակակից հագով ասկյարն է։ Կանգնել է Եվրոպայի պարիսպների տակ, բայց նրա պատերազմը չի ավարտված։ Նա դեռ զինվոր է, մի ձեռքով Եվրոպայի դարպասներն է թակում, մյուսով՝ մեր պատմական հայրենիքն է վերցրել, մեկով՝ Կիպրոսը, մյուսով՝ Նախիջեւանը, մեկով քրդերին է մեռցնում, մյուսով՝ Իսրայելի նախագահի երեսին է թռնում, էս մեկով Անդրկովկասում անկայունություն գցելով է աշխարհին սպառնում, մյուսով՝ Ամերիկայի նշանակած թիկնապահին է հարվածում… Զինվոր է, կռվում է։ Եվրոպայի համար վայրի մեղրի պես դառը, քաղցրահամ… Ահա, թե ով է մեր երկիրը մտնելու՝ զարգացած տնտեսությունով, բազմաձեւ ազդեցիկ մշակութային ծավալներով, 70 միլիոնանոց մի հզոր պետություն։ Արդյո՞ք մենք, հայտնի փորձություններից հետո, բարոյա-հոգեբանական այսպիսի ճաքով պատրաստ ենք դիմակայելու նրան՝ ով դարեր շարունակ ֆիզիկապես բնաջնջելու իր նպատակը չի էլ թաքցրել։ Իսկ ո՞վ է ասում, թե կրնկի վրա բաց դռներով մեր երկիրը մտնելուց հետո, մեր որդիների հետ ավելի բարյացակամ է լինելու։ Սկսած ամենահին ժամանակներից, երբ հարցն ազգային անվտանգության է վերաբերել՝ ժողովուրդն աշխարհաժողովների միջոցով կարողացել է պետությանն իր կամքը թելադրել, անգամ թագավորների՝ գահին մնալ-չմնալու խնդիրն է լուծել։ «Հայոց պատմության» մեջ Բյուզանդը հիշատակում է, որ 4-րդ դարում ժողովուրդն Արշակ թագավորին աշխարհաժողովով է գահից հրաժարացրել։ Մեկ ուրիշ աշխարհաժողովի մասին է հիշատակվում՝ դարձյալ չորրորդ դարի 353 թվականին, երբ Ներսես Մեծին Ամենայն Հայոց կաթողիկոս են ընտրել, (Բյուզանդ, չորրորդ դպրություն, գլ.ԾԱ եւ գլ. Գ)։ Հիմա եւս նույնանման իրավիճակ է՝ հայ- թուրքական արձանագրություններն իրենց լուսումութ կողմերով որոշելու են մեր ապագան։ Մի խնդիր, որ համայն հայությանն է վերաբերում եւ միայն ժողովրդին է տրված՝ նման արձանագրությունները վավերացնել կամ՝ նախագահի հրաժարականի գնով կանգնեցնել վտանգավոր գործընթացը։

  Բոլոր ժամանակներում էլ իշխանության եւ ժողովրդի միջեւ մրցակցություն է ընթացել։ Իշխանությունները միշտ էլ ժողովրդական հերոսներին զուգահեռ՝ իրենց ստեղծած կեղծ հերոսներին են ասպարեզ հանում, որոնք հասարակությանն ուղղորդելու, ցանկացած պահի նրա միակամության մեջ խառնակչություն առաջացնելու, հեշտ կառավարելու ատրիբուտներից մեկն են։ Բայց, ի վերջո, ժողովրդի միջից ելած հերոսն է ապրում։ Ժողովուրդը չգիտակցված, բայց գոյություն ունեցող մի զգայարանով, որով աստղի ընկնելը, տարվա երաշտ լինելը, կնոջ՝ տղա կամ աղջիկ բերելն է գուշակում, այդպես էլ հերոսին է՝ Անդրանիկին, Նժդեհին, Մանթաշովին է ճանաչում։ Նրան կորցնելուց՝ ամբողջ մարմինը տնքում է, ինձ թվում է՝ հերոս դառնալու խորհուրդը հենց այդ տնքոցի մեջ է թաքնված։ Օրինակը հինգերորդ դարն է, երբ Պարսկական միապետության դեմ կրոնական շարժում սկսվեց, եւ Վարդանը կար, եւ Վասակը, որ պարսից շահերն էր պաշտպանում։ 1600 տարի է անցել, բայց ժողովուրդը Կարմիր Վարդանին է հիշում, որ 287 մարդով պարսից կանոնավոր բանակի դեմ ճակատամարտելիս նահատակվեց։ Ճիշտ է, հիշողության մեջ Վասակն էլ կա, բայց եկեղցականները Վարդանի անունով են կոչվում։

   Ափսոս, ցավեցնող, բայց տեսանող քննադատությունը, որ չորացած թզենի պիտի ծաղկեցնի, այսօր չի ընդունվում։ Այն դասական հասկացությունը, թե ծաղրածուն թագավորի երեսին ճշմարտություն ասելով երկիր պիտի փրկի՝ փոխվել է։ Քանի գնում երեսպաշտությունն է ավելանում, ոսկե կուռքերի տապանակներ են պտտեցնում փողոցներում։ Չեմ էլ կասկածում՝ գուցե եւ գա ժամանակը, խոհարարական գիրքը կհռչակվի ամենաբարձր արժեքը։

 

  Երբ սահմանադրական կատարյալ երկիր կունենանք, երբ ազգովի օրենքի առաջ հավասար կլինենք, երբ սեւ ջիպերը միայն իրենց խոշորության առավելությունով ճանապարհդ չեն կտրի… բանկերը կծաղկեն, մանուկները կչկչալով դպրոց կհաճախեն, ծերերը չեն տնքա հացի պակասից, երբ ընտանիքները դրամագլուխ կունենան ու արդեն ջլապնդվող արու զավակները հայելիների առաջ՝ կպտտվեն լիքը դրամագրքույկների շուրջը, եւ հարեւանից՝ վախը ծխի պես կչքանա…

  Տիեզերքի անսահմանության մեջ իր ամբողջ կյանքի ընթացքում մարդը գրելով, երգելով, նկարելով, պատերազմել՝ հող ազատելով՝ հարազատ ոգի եւ հայրենիք է որոնում։ Երբ սկսում են բացակայել շուրջդ եղած մարտական եւ հոգեւոր ընկերներդ, սենյակում լույսը վառել-մարելու պես է՝ փոխնիփոխ հայտնվում ես ուժեղ ճերմակի, հետո ուժեղ սեւի մեջ… Շատ հաճախ թվում է՝ գուցե այդ հերոս, մարտի ելած տղաների եւ խիզախ հոգիների՝ հայրենիքի համար պատերազմը երազում է շառաչել։

 Երբ արվեստագետները չեն մասնակցում քաղաքական անցուդարձին, նշանակում է կատարյալ է տվյալ երկիրը։ Լռության համար ոչ թե պիտի պարսավել նրան, այլ՝ խրախուսել։ Կարծում եմ՝ լռության ժամանակ է գտնվում ամենապայծառ միտքը, որը եւ գուցե տասնյակ ոսկեհանքերի, լավ զինված բանակների, հայրենիքի ճակատին փողփողացող դրոշակի արժեք ունենա։ Նրա տեսակն է այդպիսին՝ կապիկի նման մենակ՝ անծայրածիր ջունգլիներում, բայց միշտ ամենաբարձր ծառերի կատարներին։ Իսկ երկրի համար կենաց- մահու պահերին մի վճռորոշ ժամանակ կա, որ ոչ միայն արվեստագետի, մտավորականի, այլ տունդարձի՝ հայրենիքի հետ լինելու  ժամանակն է։