ՌՈւԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ / ՄԻԱՅՆ ՄԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԱՅՐԸ

   Arvest.Am-ի վաղուց հրապարակած մի նյութ ենք մեր ընթերցողին ներկայացնում։ Ի դեպ, այսուհետ   «Անցյալի ու ներկայի խաչմերուկում»  վերտառությամբ ենթաբաժնում  նմանօրինակ նյութեր էլի ենք  առաջարկելու։ 

   Առաջինը, որը հատվածաբար ենք հրապարակում, մեզ պատկանող, մեզնից նորից խլված  պատմական տարածքի մասին է։ Տարիներ առաջ  հայրենիքում  ճանաչված, հատկապես մշակույթի ասպարեզում տարաբնույթ ներդրումներով հայտնի մեկենաս Էդվարդ Մսրլյանի հրավերով  շատ հետաքրքիր մի ծրագրի քննարկման ներկա եղա։  Երկրի համար նշանակալից  հավաք էր՝  աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայազգի  մարդկանց մասնակցությամբ։  Ժամանել էին Ջեյմս Թյուֆենկյանի Քաշաթաղի զարգացմանը միտված նախաձեռնությանը գործնական առաջարկներով և աջակցությամբ մասնակից  դառնալու համար։  Մոտ տասներկու տարի անց թեկուզև իրադարձային համարվող  այդ երկօրյա  հավաքի աշխատանքները լուսաբանող  նյութի  մեջտեղ բերելը մեր ձեռքբերումների ու կորուստների զուգահեռը պահելու համար չէ։   «Ինչպիսի՞ն ենք եղել ու ինչպիսի՞ն  կարող ենք դառնալ» հարցերի շուրջ մտորելու առաջարկ չէ։   Հիշեցնելով՝  հուշելու հրավեր է։ Փախուստի ճանապարհ ընտրելը  տխուր տարբերակ է։ Իրավիճակներ են փոխվել, այո։ Ի՞նչ է, համակերպվենք ու մի կողմ քաշվենք։ Իսկ գուցե՞  կարելի է   անցյալի վրիպումները սրբագրել։ Առկա   խոչընդոտները գոնե մասամբ  հաղթահարելու համար  միաբանվել ու միատեղվել։  Ինքնահիասթափության ճգնաժամից  դուրս  բերող ուղիներ նախանշող միտք բանաձևել։  Այն ինչ եղել է, արդեն եղել է։ Քաշաթաղում և առհասարակ հայրենիքում   բազմաբովանդակ մտահղացումներ իրականացնողներից  շատերը հիմա մի տեսակ   շվարած են։ Խոսքը, անգամ ճշմարիտ խոսքն արժեք չէ այլևս։  Ոչ հեռավոր անցյալում  երկրի հոգևոր սահմաններն ամրացնելու  խնդիրը ուշադրության  առանցքում պահող  այդ անհատներից   ամեն մեկը խոսքով չէ, գործով էր ասում՝ «Ես սա եմ»։ Դժվարություններ, խոչընդոտող  հանգամանքներ, հուսախաբության բազում փաստեր, իհարկե լինում էին։ Դիմանում էին։ Ներսուդրսում գործող անհատական  ամուր կերտվածքով այդ մարդկանց  համար  հայրենիքի հանդեպ պարտավորություն և    պատասխանատվություն ասվածը  պատվի խնդիր էր։ Նրանցից ոմանք   ի տես  դնելով, բարձրաձայնում,  որոշներն էլ մերժում էին իրականացված ներդրումների մասին խոսելու կամ գնահատանքի արժանանալու առաջարկները։ Տարբեր էին ու ամեն մեկը յուրովի էր   գործնական դաշտում  անազնվության և անարդարության դրսևորումներին հակադարձելով, շարունակում ներկայություն պահել։  Էդվարդ  Մսրլյանը, օրինակ տասնամյակներ շարունակ  ասում էր ու հիմա էլ է ասում. «Ինչ որ մարդկանց տգեղ, անվայել  վարքի պատճառով հայրենիքից չի կարելի երես  թեքել»։

Իհարկե, չի կարելի, այլապես կկորցնենք։ 

 

                                                                                                       *************                

 

 ԴԱ ԱՅՆ ՎԱՅՐՆ Է, ՈՐՏԵՂ ՍԵՓԱԿԱՆ ՁԱՅՆԴ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՔԵԶ ՀԵՏ

 

  • Գտե՞լ եք Ձեր տարածքը։ Ձեզ համար բացառիկ, միայն Ձեզ պատկանող և անհրաժեշտ վայրը, որտեղ Ձեր սեփական ձայնը կարող է զրուցել Ձեզ հետ, միայն Ձեզ հետ, որտեղ կարող եք անրջել։ Դե,  ամուր կանգնեք, չկորցնեք, բաց չթողնեք,- այս տողերը կարդացի Քաշաթաղից վերադառնալուս գիշերը։ Այդպես լինում է. Երբ  հարցերիդ համահունչ գրավոր պատասխան  է տրվում։  Բոլորովին անսպասելի մի տեղից, անծանոթ  մեկից։ Քեզ մնում զարմանալ  ու մտովի շնորհակալություն հայտնել բառային ճշգրիտ ձևակերպումով քեզ պատասխան տվողին։  Տվյալ պարագայում  մեջբերված  տողերի  հեղինակ՝  Դորիս Լեսսինգին։ Մեջբերումը նրա «Իրադարձություն» վերնագրով  գործից է, որը նա  գրել է Նոբելյան մրցանակին… չարժանանալու կապակցությամբ։

 Ջեյմս Թուֆենկյանը, որ ծնվել ու ապրել է Միացյալ նահանգներում  վստահաբար գտել է   փնտրված այն վայրը, որտեղ  ինքն իր հետ կարող է զրուցել եւ նույնիսկ անրջել։ Իր ասածն է:  Ոչ միայն գտել է, այլեւ աշխարհի տարբեր երկրներից եւ հենց Հայաստանից մարդկանց սոսկ ծանոթության համար չէր տարել նախընտրած իր անկյունը, որ կոչվում է Քաշաթաղ։  «Ամբողջ հայության հետաքրքրությունը  Քաշաթաղի հանդեպ բարձրացնելու», և այստեղ գոյություն ունեցող խնդիրները լուծելը առաջնային  դարձնելու նպատակով էր տարել։  Անկեղծ հավատով  է Ջեյմս Թուֆենկյանը հայկական տարածքը ամուր բռնելու հորդորով աշխարհի տարբեր անկյուններից հայերին  Քաշաթաղ հրավիրել։ Եւ տեղում  «անհրաժեշտ վայրը»  շենացնող ու տարիների մեջ թույլ տրված բացթողումները շտկելու ծրագրի փաթեթ առաջարկել։ Չէ՞ որ դա այն տարածքն է, որով անցնում են Հայաստանը եւ Արցախը միացնող չորս ճանապարհներից երեքը։

Այն, մեծ ծրագիրը, որ նախատեսվում է իրականացվել Քաշաթաղում,  Թուֆենկյան Ֆոնդի  աշխատակազմի եւ իր՝ Ջեյմս Թուֆենկյանի նախաձեռնությամբ, անշուշտ որեւէ մրցանակի չի ներկայացվելու։ Մրցանակին արժանացնողը կամ մերժողը Ժամանակն է լինելու , ժողովուրդը եւ հայրենի հողն է լինելու։ Հողը, որը 22 հազար հեկտարը վարելատարածք ունի, որտեղ կարելի է ձկնաբուծություն, հիդրոէներգետիկա զարգացնել, որտեղ խաղողի մեծ բերք կարելի է ստանալ, ծիրանի ու դեղձենու այգիներով  գեղեցկացնել։ Սա է այն վայրը, որը Թուֆենկյանի համոզմամբ կարող է «ծաղկող այգու վերածվել», եթե ինչպես հարկն է խնամենք ու ձեռքից բաց չթողնենք։ Դրա իրավունքն էլ  չունենք, որովհետեւ  Քաշաթաղը մեր երկրի համար ռազմավարական կարեւոր, անչափ կարեւոր եւ հատուկ նշանակություն ունի։ Այս կարեւորությունը խոսքով, չէ գործով  շեշտելու համար  էր  տարբեր աշխարհամասերից  ութսուն հայազգի գործարար եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին խնդրելով, պատադրում  երկրամասի զարգացման եւ հզորացման գործընթացին մասնակցել։ Սա մեր ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը միտված հիմնարար ու կարեւոր նախաձեռնություն էր, գուցե նույնիսկ ուշացած, թեպետ կազմակերպիչները համոզված են, որ  սխալը շտկելու երաշխիքները սպառված չեն։ 

 Հայտնի է, որ Շարժումը սկսվելուց կարճ ժամանակ անց,   Արցախը մեկուսացվեց արտաքին աշխարհից, նաեւ Հայաստանից: Հայաստանի  հետ հիմնականում օդային կապը կար, որը   վտանգավոր լինելուց բացի նաեւ մշտական ու կայուն  գործող ուղի չէր։ Մեր տարածքների միջև  սեպված հատվածը ադրբեջանցիններից  ազատագրելը , փաստորեն բեկումնային նշանակությամբ կարեւորվեց։ Պատահական չէ, որ առաջին ու պատմական վկայագրով հաստատված Քաշաթաղ անունը վերականգնելուց առաջ, այն կոչեցինք՝ Կյանքի ճանապարհ… Հիմնավորված ու ճշգրիտ ձևակերպում, քանի որ այս 3700 քառակուսի կմ տարածքն ազատագրելուց հետո միայն հնարավորություն ստեղծվեց վերամիավորել երկրի բաժանված երկու հատվածը։ Քաշաթաղի կենտրոն դարձած` Բերձորում Պարգեւ սրբազանը ասաց. «Աստված է տվել մեզ այս հողը, որը 1921 թվականին խլել էին մեզանից։ Եւ մեր մեծագույն ու բարոյական պարտականությունն էր Աստծո մատնանշած մեր տեղը դառնալն ու այն շենացնելը»։ Այս տարածքի հայկական պատկանելիությունը հաստատող բազում ու բազմատեսակ վկայություններ՝ պատմաճարտարապետական հուշարձաններ, եկեղեցիներ, բերդեր, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր կան, որոնց շարքն լրացրել ու լրացնում են վերջին տարիների  հնագիտական պեղումներից հայտնաբերված, դարերի կնիքը կրող  տարաբնույթ «վկայագրերը»։  Ի վերուստ մեզ տրվածը ետ բերվեց  մեծ զոհաբերումներով, հարազատ ու սիրելի մարդկանց կյանքերի գնով։ Հոգի ունեցող թանկ վայր է, որն այս անգամ ոչ թե Աստծո, այլ մեր կողմից էր անուշադրության մատնվել։ Նախ, բավականին ուշացումով (պատճառներն իշխանավորներին է հայտնի, գնահատականն էլ քաղաքագետներին ու պատմաբաններին է թողնված), սկսվեց վերաբնակեցումը։ Եթե անմիջապես ու հետեւողականորեն իրականացվեր այս գործընթացքը, ապա հաստատապես  դժվարություններով չէր ընթանալու մի քանի տասնամյակներ առաջ հայաթափված ու հայկական իրականության բացակա տարածքի կյանքը նոր եւ ավելի նպաստավոր հունով կազմակերպելու գործը։ Թեպետ պետք է ասել, որ 1994-ին սկսված աշխատանքները լայն թափով էին ընթացել։ Մեծ շարժ կար։ Չնայած վերաբնակեցվածների ստույգ թիվ չի ասվում, նույնիսկ  վերջերս հրապարակված տեղեկագրում նշված  թվերն ու պաշտոնական տվյալներն   չեն համընկնում։  Քաշաթաղցիները, սակայն հավատացնում են, որ այս տարիներին հարյուրհազարավոր մարդիկ են  եկել այստեղ հաստատվելու նպատակով։ Եկել են  աշխատանք ունենալու, ապրուստի միջոց հայթայթելու հույսով։ Նաեւ երկրի պաշտպանական օղակը ամրացնելու մղումով են եկել։  Բայց ոգեւորությանը տեղիք տված հուսահատությունը նրանց ետ է տարել կամ օտար ափեր քշել։ Քաշաթաղից հեռացել են նույնիսկ տարիներով այստեղ  ապրած ընտանիքներից շատերը։ Պարզ է, եթե լավ լիներ, եթե ապրուստի անհրաժեշտ կամ նույնիսկ նվազ  միջոցներ ունենային, եթե վարչարարական անհեթեթ խոչնդոտումներ չհարուցվեին, կենցաղային տարրական պայմաններ ապահովվեին, չէին գնալու։ Անհավատալի է, բայց  եւ փաստ, որ այստեղ մնացած մարդիկ  ոչ թե ներկա, այլ անցյալ դարասկզբին հատուկ կենցաղային դժարություններ հաղթահարելով են ապրում։  Քարուքանդ, նույնիսկ վտանգավոր ներքին ճանապարհներ, տրանսպորտային միջոցների պակաս, խմելու ջրի սակավություն, հեռախոսակապի, բուժկետերի, դպրոցների, կենցաղ-սպասարկման  կետերի անհրաժեշտություն։ Առաջին բուժօգնություն ստանալու համար, օրինակ երկու-երեք ժամվա ճանապարհ պետք է կտրել ու անցնել։ Սա, լավագույն պարագայում՝ եթե փոխադրամիջոց գտնվի։ Հույժ ծանր իրավիճակներում մասնագիտացված օգնություն ստանալու համար, հիվանդին Ստեփանակերտ տեղափոխելն է նախընտրվում, որովհետեւ տեղի հիվանդանոցում անհրաժեշտ սարքավորումներ չկան բուժումն ինչպես հարկն է իրականացնելու համար։ Ինքնին հասկանալի է՝ նման պայմաններում ապրողների բարոյահոգեբանական տրամադրությունները բարձր պահելու եւ նոր տեղում տեր ու տիրական զգալու մասին խոսելն անգամ անիմաստ դառնում։ Դրա փոխարեն  ներքին մի զայրույթ պայթում եւ հարցականների  վերածվում.  Ի՞նչ մի խոշոր տարածք է, որ այսչափ ծանր ու անլուծելի թվացող խնդիրներ կան առաջադրված։ Ի վերջո, եթե սթափ դատենք, պիտի խոստովանենք, որ մեր ամբողջ երկիրն իր ներկա սահմաններով ուզածդ խոշոր երկրներից մեկի խոշոր մի քաղաքի չափսեր ունի։  21-րդ դարում ենք ապրում։ Չմոռանանք։ Աշխարհ պտտած, նմանակումների (որտեղ որ պետք չէ անմիջապես փոփոխություններ եւ ձեւկերտումներ են արվում), սիրահար մեր իշխանավորները, մեր մեծահարուստները ցանկության դեպքում  Ստեփանակերտ – Քաշաթաղ- Գորիս հատվածը,  Երեւան- Էջմիածին, Երեւան-Ջրվեժ եւ քաղաքից դուրս տանող մնացյալ ուղիների օրինակով  կարող էին նաեւ Ստեփանակերտ-Քաշաթաղ-Գորիս հատվածը բանուկ դարձնել։ Եթե մայրաքաղաքից դուրս տանող ճանապարհներին սնկերի պես աճող «օբյեկտներ» կառուցեին նաեւ  երկրի այս մասում։ Եթե Երեւանի կենտրոնը շինհրապարակ դարձնելու, Երեւանի ճարտարապետական նկարագիրը խաթարելու, կանաչ գոտիներից զրկելու, իրենց իսկ երեխաներից ու թոռներից խաղահրապարակները խլելու փոխարեն ազատ ու բարեբեր  այս հողատարածքները մշակեին ու կառուցապատեին։ Հաստատ վնասով չէին մնալու, եթե ասենք Քաշաթաղի կենտրոն` Բերձոր քաղաքում եւ գյուղերում՝ գինու գործարան, մսի կոմբինատ, դեղատուն, շուկա, խանութ, ճաշարան, հանգստյան  գոտի եւ առաջին անհրաժեշտության այլեւայլ կենտրոններ կառուցեին ու աշխատացնեին։  Քաշաթաղը  ենթադրյալ  մեծ քաղաք-երկրի  մի թաղամասն է ընդամենը, և մի քանի մղոնով է բաժանվում Ստեփանակերտից ու Գորիսից։  Սա մի տարածք է, որի «կյանքի ճանապարհ» անվանումը միայն մեկ իմաստով չէր սահմանփակվելու՝ փոքր ինչ շրջահայաց եւ ճկուն քաղաքականություն վարելու դեպքում…

|Շարունակությունը հաջորդիվ.. Տեսնել «ԱՍՏԾՈ ՄԱՏՆԱՆՇԱԾ ՄԵՐ ՏԵՂԸ»