ՀԱՅԵՐԸ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱԾ ՉԵՆ

 

  Կոստան Զարյանի  խոսքն ընտրվեց  որպես վերնագիր, քանի որ  «Արվեստի հյուրասրահում» կայացած զրույցը  հայության  մասին  է.

 Ուսումնասիրություն չէ, Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան խմբի գլխավոր նախագահ, ճարտարապետ Սարգիս Շահինյանի հետ զրույց  է։ Խորհրդածություններն են  մի մտավորականի, ում գիտական թեզի ղեկավարը  հայտնի ճարտարապետ, մշակութաբան Արմեն Զարյանն է եղել։ Ս.Շահինյանը  միջնադարյան հոգևոր ճարտարապետությանը նվիրված  ուսումնասիրությունների  հեղինակ է։ Նա հայկական  շինարարական արվեստի  հարուստ ժառանգության առանձնահատկությունները ներկայացնող թեմատիկ դասախոսություններ և ցուցահանդեսներ  է կազմակերպել Եվրոպական երկրներում,  նաև գիտաուսումնական ծրագրեր իրականացրել Շվեյցարիայի  Ցյուրիխի   պոլիտեխնիկական համալսարանում...

                                                                                               *************         

 - Պարոն Շահինյան, Ձեզ քաղաքական դաշտից  մշակույթի ասպարեզ «վերադարձնելու»  որոշումը  ներկայի ու անցյալի զուգահեռում ազգային մեր նկարագրին վերաբերող որոշ  հարցեր  քննելու հրավեր է։  Մեր  ինքնության ինչ-ինչ դրսևորումները հասկանալու  փորձ։ Ինչպես և կրկին վերհանելու հարցերի հարցը՝ ե՞րբ ու ի՞նչն է պատճառ հանդիսացել հարևան ու մեզ թշնամի երկրին՝  հային   բնաջնջելու մոլուցքը։ Նպատակ, որը  ժամանակների մեջ  պահպանել և նորանոր ու հրեշավոր  եղանակներ կիրառելով, դրսևորվեց  նույնիսկ  21-րդ դարում։

 - Այն  օրվանից, երբ հայ ժողովուրդը հաստատվեց այս լեռնաշխարհի վրա, կապվեց այս հողին, մշակեց այն և այնպիսի պտուղներ ստացավ, որոնք քաղելով, զարգացավ և գանձ ու մարգարիտ կերտեց նաև այդ ամենին  շունչ տվող  լեզու սարքեց։ Որոշ չափով  դաժան նստավայր մեզ տրվեց, կոշտ ու քարաշատ, բայց հեռացուց այն  պահանջքից, թե  մենք  խորհրդանիշեր արտահայտելով, կողքից և մարդկանցից ինչ պետք է ստանանք։ Մեր մշակույթի մասին է խոսքը։ Եւ երբ  նույնիսկ մեր աշխարհագրական տարածքի ղեկավարությունը  կասկածելի, նույնիսկ  դատապարտված կացության էր մատնվում, մեր ժողովրդի «բանալի» անձինք հասկանում էին, որ միմիայն միտքն է  անմահական դարձնելու մեր երկիրը  և պահպանելու մեր ազգի հավիտենությունը։ Այն, ինչ որ մենք այսօր ապրում ենք, որքան էլ որ տխուր, չի բաղդատվում ոչնչացման այն եզրին, այն հանգրվանին, որուն հասել էր Հայաստանը, երբ  որ կիսվեց Պարսից և Հռոմեական կայսրությունների միջև՝ 363 թ մեր թվարկությունեն  հետո։ Սահակ Մեծն Կաթողիկոսն, որը պարսիկ ընտանիքից էր սերված, հասկացավ, որ մեզ պետք է մի  հեղափոխական,  արմատական, մեր հավերժությունը հաստատող միջոց։  Այն, որ մեր մշակույթի մարդոց ստեղծագործելու հիմքը պիտի դառնա։ Այն, որ պետք է  արտահայտեր մեր ու  Աստծո (առաջին) սուրբ խոսքերը։  Եւ դա արվեց և մի ժամանակ իրականացվեց, որը  «ծանր շրջան» որակումով  սերունդե- սերունդ  փոխանցվեց։

  - «Մի հատիկ բան ունեյինք Մեսրոպատառ գիրը,- փաստել է Լեոն  ու շարունակել.- մեր հազարամյա անցյալի երկար ճանապարհն անցնելու համար»։ Այդ ճանապարհն էլ, սակայն անհարթ ու խոտոր եղավ։   Գրավոր աղբյուրներից համառոտ մի մեջբերում ևս.. «Օսմանցիները յուրացրել էին այն տարածքների բնակիչների սովորությունները, արվեստը, մշակութային երևույթները, որոնք գրավել էին»։ Այսպես, Թուրքիայի մշակութային տարբեր բնագավառներում ի հայտ եկած արտահայտությունների մասին հիշատակելով, նշվում է նաև, որ դրանք կրել են  հիմնականում պարսկական, բյուզանդական-հունական և իսլամական մշակութային ազդեցություններ։ Հեռավոր ակնարկ անգամ չկա հայկական մշակույթի մասին։ Մի բան, որ կարծես առանձապես զգոնության  կոչելու կամ ճշմարտությունը մասին ինչպես հարկն է բարձրաձայնելու առիթ չի դարձել  հայերի համար։ Ձեր կարծիքով ի՞նչն էր մեր այս վարքագծի պատճառը։

  - Դուք խոսում եք հայ ժողովրդի ստեղծագործաբանության մասին, որը մինչև այսօր շարունակվում է։ Օսմանցիները միշտ խնդիր են ունեցել մշակութային ինքնության հետ և վերաբերվել են իրենց ենթարկված ժողովրդին, այնպես, ինչպես ասացիք։ Պարսիկները, հույները և հռոմեացիներն էլ նման  խնդիրը ունեին, որը սակայն լուծեցին իրենց մշակույթը ստեղծելով ու զարգացնելով՝ ավել կամ պակաս։ Որ մշակութային աղբյուրները  հայելի են, որոնց մեջ ի հայտ են գալիս ժողովուրդները՝  իրենց տեսակով ու նկարագրով, անհերքելի իրողություն է։ Բայց կարևոր մի հանգամանք կա, որը չենք կարող անտեսել.  ժամանակի մեջ, ինչպես նաև այսօր, ուրիշ ժողովուրդների պես գրականության  և արվեստների ասպարեզում մենք ինչպես հարկն է մերը ներկայացնելու հմտությամբ  չենք փայլել։ Պատճառը թերևս այն է, որ մեր սփյուռքը համեմատաբար շատ ավելի նվազ քանակ  էր կազմում, քան ուրիշ ազգերինը։ Առաջին հերթին պիտի նշենք հրեաներին, որոնք հատկապես մայրենի լեզվի հարցը  չէ, որ առաջնային էին համարում։ Մենք մեր լեզուն պահպանելու խնդրով մտահոգված, չէինք զգում այլոց լեզուն յուրացնելու կարևորությունը։ Մենք՝ մեզ վերացնելու մշտառկա վտանգի զգացողությունից չէինք ազատվում։ Բացի այդ հայ վարպետներն էլ այնքան ինքնավստահ էին, որ կենտրոնացել էին միայն  ստեղծագործելու վրա, անտեսելով իրենց անունը աշխարհին ճանաչելի դարձնելու. գնահատվելու կարևոր պայմանը։ Դյուրին եղավ մեր հակառակորդների գործը, որոնք գտել էին մեր բուն ինքնության  երակը և փորձել այն ոչնչացնել՝ նախ  Թուրքիո մեջ իսկ հետո խորհրդային տարածքում՝ Ադրբեջանի և Վրաստանի մեջ մեծապես հաջողության հասնելով։ Չմոռանանք կարևոր ևս մի հանգամանք, այն, որ մեր ժողովուրդն աշխարհամետ (կոսմոպոլիտ) է և դյուրությամբ է լուծվում գերհզոր այլ մի ցեղի հետ և նրա մշակույթի կրողը դառնում։ Հիշենք. թե ինչ տեղի ունեցավ Անիի ավերումից հետո 1064-ին, Ալփ Փարսիանի զորքի կողմե։ Մեր 300 000  հայրենակիցները գաղթեցին Լեհական թագավորություն  և մեկ դար անց բոլորն  արդեն ձուլվել էին։

«Ո՞ՐՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ Եւ Ի՞ՆՉ Է  ՈՒԶՈՒՄ ՆԱ»

                                                                                    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆ

-  Թուրքերին, հայերը չձուլվելով են ծառայել։ Փաստերը, ցավոք  շատ են։ Թեկուզ այն, որ օսմանյան կայսրությունում 1851թվականին տպագրված առաջին նովելի հեղինակը Վարդան փաշա անունով հայն էր, որի «Աքապպիի պատմությունը» գրված էր հայատառ թուրքերենով։ Թուրքական (թեկուզ ոչ լիարժեք), այբուբենի հեղինակ՝ հայազգի Մատինյանի մասին հիմնականում մերոնք են  հաճախ անառիթ, բայց միշտ հպարտությամբ  հիշեցնում։  Թուրքերը Ստամբուլը ճարտարապետական սքանչելի գլուխգործոցներով շքեղացնող, մեծատաղանդ  Պալյան գերդաստանի անդամների ազգանվան վերջում «ի» տառն ավելացնելով, փորձում էին հավատացնել, թե  մեկ դար իրենց կայսրությունում  հոյակերտ շինություններով ճաշակ թելադրող ճարտարապետները,  ազգությամբ իտալացի են։  Շատ-շատ են անունները, ազգանունները հայերի, որոնք  թշնամական երկրի մշակույթի բոլոր ասպարեզների ակունքներին էին կանգնած։

- Ավելացնեմ, թրքական նոր քայլերգի հեղինակն էլ հայ էր։  Նաև   օտարերկրյա գրականության լավագույն հեղինակների (լավ) թրքերենով թարգմանողներն են հայազգի մասնագետներ։ Լավ ասելով, ուզում եմ հասկանալ ինչու՞ ենք  ինքզինքն  այսչափ ստորացնում մեր հայրենակիցները։ Հայերն արել են այն, ինչ որ  չէր անի որևէ մի ազգ։ Գուցեև չանեյին՝ հայրենանվեր լավ զորավոր, լավ ղեկավար ունենալու դեպքում։ Սա է ճակատագիրը յուրաքանչյուր մի ժողովրդի, որը  հեռահար նպատակ չունի և չի մտածում  ապագայի մասին: Այդ ամենն  ունենալու համար հայեցակարգ պիտի  փոխվի։

- Հայեցակարգ փոխելը որոշակի պահանջներ է առաջադրում։

- Տեսեք, մեզանից շատերը  մեծացել են տարբեր պետություններում, ուր  տաղանդները առաջնահերթ տեղ են գրավում։ Մի բան, որ օրինաչափ է  բոլոր պետություններում, գերպետություններում։  Թուրքերը տարբերվում են իրենց վարած քաղաքականությամբ։ Նրանք ընտրել  ու շարունակում են այլասերված տարբեր  ձևեր կիրառելով մեզ բնաջնջել։ Եւ հաջողում են։ Ոչ այն պատճառով, որ մեզնից ավելի խելացի են, այլ որովհետև մենք ենք ավելի թույլ կապով  կապված մեր ազգային ոգուն, մեր ինքնությանը... Կներեք...։Ուրեմն սրանից ի՞նչ է բխում, Ստորադասությու՞ն։  Այո, ինչպես իմ  ղեկավարը կասեր. –«Տնտեսությունը  ոչ թե  ներդրումներից է կախյալ, այլ ծախսերից»։ Սա մեզ դաս։

- Մեզ  դասեր շատ են տվել, բայց մենք կամ մեզանից շատերը երբեմն քամահրանքով, երբեմն անբացատրելի ու տարօրինակ վարք դրսևորելով են դրանք անտեսել։ Հայը իրեն ոչնչացնելու նպատակը հետապնդողին ոչ միայն իր երկրում, այլև  Թուրքիայից դուրս գալուց հետո էլ է իր հպատակությունը պահել։ Միայն մի օրինակ. Զլջյանները, որ աշխարհում երաժշտական ու հոգևոր շինությունների համար  զանգ արտադրող եզակի  ընկերության հիմնադիրներն են, Թուրքիայից հեռանալով և Ամերիկայում  գործը շարունակելով, իրենց ազգանունը կրող զանգերի վրա շարունակեցին պահպանել՝ «պատրաստված է թուրքիայում» կնիք-պիտակը։ Սա  ոչ թե դաս չյուրացնելու, այլ առհասարակ  տարրական  գիտելիք չունենալու արդյունք է, կարծես։ Թե՞ դուք այն կարծիքին  եք, որ  նման հայերի  գործելակերպը քննելու իրավունք չունենք, քանի որ դա  անձնական տարածք խախտել է նշանակում։

 - Եւ ունենք, և չունենք. Պարզապես մեր խոսքից ոչինչ չի փոխվելու։ Դուք այս օրինակով փաստում եք իշխող  հզոր պետության ազդեցության մասին։ Սա կարևոր գործոն է։ Բա՞ ում պետք է նույնացնեն իրենց արտադրանքը Զլջյանները։ Խարխլված մի հայկական գյուղի՞ հետ։ Նայեցեք թե աշխարհը ոնց է  ղեկավարվում։ Մենք որտե՞ղ ենք մնացել։ Հաղթողն ուժն է։ Ինչու՞ ASSALA-ի կամ Հայ Ցեղասպանության Արդարության Մարտիկների իրողությունն ի հայտ եկավ։ Մի կողմից, հայերս ուզեցինք աշխարհին ցույց տալ, որ մի փոքր ազգ կարող է սպիտակ ձեռնոց նետել հզոր Թուրքիային։ Մյուս կողմից սա տկարի ուժն էր, որ չկարողացավ  ուզած ձևով իր խոսքը հնչեցնել դարի մեծ ողբերության մասին, քանի որ թիկունքին Հայկական պետություն չկար։ Մենք դարձանք Սաբջեքտ(subject), երբ որ թշնամուն հաղթեցինք։ Երբ Հայաստանը անկախ ու ինքնիշխան պետություն հռչակեցինք։  Ամենե բարձր օրինակը 1994-նն էր, որ  ի ցույց դրեցինք։ Բայց չկարողացանք մեր հաղթանակը ոչ՛ ռազմական, ոչ էլ մշակութային գետնի վրա, ինչպես հարկն է փայփայել ու ամրապնդել։ Ինչ որ արեցինք եղավ չափազանց  համեստ, և առանց ներքին հավատի։ Այն ամենը, որ ստեղծել և ունեցել էինք ավելի վաղ, այն ամենն, որ  Երվանդ Քոչարի կերտած արձանով սկզբնավորվեց և ավարտվեց  Մեծամորի  ատոմակայանով, մենք ուղղակի մոռացանք, ինչպես որ  մոռացանք Շուշիի ազատագրումն 1992-ին։  Նույն այդ քաղաքում ստեղծեցինք մշակութային կենտրոններ։ Մինդեռ մենք պետք է վերածնունդի հիմքերը դնեյինք։ Չկարողացանք։  Չհավատացինք՝ նոյեմբեր 6-7-ին։ Ափսոս։    

 - Չհավատալն ու սխալ  ուղի ընտրելու  պատճառով է, որ հիմա թուրքը վերանորոգված հինն  և ստեղծած նորը  ջանասիրաբար և կատաղի ատելությամբ քանդում- վերացնում է։

 - Դա նրանց քաղաքական նպատակն է՝  ոչնչացնել իրենցից բարձր մշակույթները։  Իշխելու համար պետք է վերացնեն։ Ապացուցելու համար, որ ուժն է հաղթողը, ոչ երբեք մշակույթը։  Նման  մշակույթ կերտելու կարողություն իրենք չունեն։ Դրա համար մինչև այսօր տառապում են։ Միայն թե միշտ կարողացել են իրենց ստրկացրած ազգերի մեջ գտնել  անկամ,  այլասեր, բարոյապես խեղված այն մեկին, որին լիովին փոխելով, իրենց օգտին են ծառայեցրել։

 - Կարծու՞մ եք պատմական հիշողություն չունենալն է պատճառը, որ որոշ հայեր  նման ակտիվ մասնակցություն բերելով,  իրենց կարողություններն ի նպաստ թուրքերի են ծառայեցրել թե՝ անցյալում, թե հիմա։

 - Պարզապես  թուրքական իշխանությունները գիտեն, թե ինչպես պետք է կաշառել հային։ Օտար բառով՝ ամբիցիաները կամ փառասիրություն ասվածը ազգայինից վեր դասելու  տարանջատման  եղանակը կիրառելով է իր նպատակին հասել թուրքը։ Եւ  նորերի համար օտարներին անգամ ներգրավել։ Հիշենք, օրինակ, թե ինչպես վերաբերվեցին Սինանի հետ, որը նշանավոր ճարտարապետ էր ու քրիստոնյա, և ըստ որոշ աղբյուրների  ինքն էլ էր հաստատել, որ հայկական արմատներ ունի...    

 - Վերջին տասնամյակներում   հայկական մշակույթը յուրացնելու գործելակերպն են փոխել թուրքերը։  Նոր  եղանակներ են մեջտեղ բերել, որոնք հմտորեն կիրառելով,  փորձում են հայկական մշակույթի արտահայտությունների կրոնական ու ազգային  պատկանելիությունն  հերքելով, սեփականացնել։ Եւ այդ բարբարոսությունը տեսնող  աշխարհն էլի  անտարբեր է։ Թվում է նույնիսկ անզոր է, քանի որ միայն մեր արժեքների հանդեպ չէ նման վերաբերմունք ցուցաբերվում։ Մենք ի՞նչ ենք անում կամ ի՞նչ պետք է անենք  պատերազմի այս դաշտում  տանուլ չտալու համար:

- Ինքզինքը   «դիակ» զգացող ժողովուրդից ի՞նչ եք սպասում։ Վերածնունդը մշակույթից և կրթությունից է ծնվում միայն։ Սա է եղել մեր ուժը. Լեզուն, գիրն ու գիրքը, երգն ու երաժշտությունը, ճարտարապետությունն ու քանդակագործությունը, բանավոր ու գրավոր խոսքը, գեղանկարչությունը և մանրանկարչությունը...  նաև անճարակ հաղորդագրությունները, որոնց փոխարեն  լավ կլիներ, որ իսկապես. բիզնեսի, գիտության և ռազմական ոլորտում  հաջողության հասնելու նպատակով  տաղանդներ զտնելու համար  հոգ տարվի... Հիշու՞մ եք, թե ինչ կատարվեց հետխորհրդային տարիներին Դիլիջանում կամ թե Բյուրականում...

 - Ուրիշի խոսքն եմ  հիշում. «Երբ նետերը խրվեցին իմ մարմնի մեջ, իմ մարմինը չմեռավ։ Մեռավ, երբ տեսավ,  թե ովքեր են դրանք նետել իր վրա».. Մեզ համար է կարծես ասված.  Ինչու՞ ենք մենք, որ վաղուց գիտենք, թե  մեր մարմնի մեջ նետ խրողները ովքեր են, նույն դիրքում և ուրիշի հույսին մնալով,  շարունակում  անպաշտպան  մնալ։

- Որովհետև տկար ենք։ Հեռու մի գնացեք այդ նետերը նետողներն, իրականում մենք ենք։ Տարբեր են պատճառները։ Շատ դյուրին կլիներ բոլորին դավաճան անվանել։ Իսկ ի՞նչ ենք մենք արել կամ անում տկարներին սիրաշահելու, ճիշտ ուղին  ցույց տալու համար։  Մերը ու միասնական դարձնելու և դառնալու համար։  Ուժ ստեղծելու, զորանալու գաղափարն առաջին հերթին մարդու գլխում է ծնվում և կյանքի կոչվում։ Միայն  այդպես, և  դիրք ու դիրքորոշում փոխելով,  կարելի է հաջողել։ Մնացյալը ոչինչ է...

ԶՐՈՒՑԵՑ ՆԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ