ԳՆԱՑՔԻ ՍՈՒԼՈՑԸ

 

 ԱԲԴՈՒԼ ՄԱՋԻԴ ՆԱՋԱՖԻ

 

              ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԲԱԺԻՆԸ ՎԱՐՈՒՄ Է ԳՈՀԱՐ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ                        

-Չէ, էդ ճիշտ չի: Հիմա եմ համոզվում, որ Համիդի դուրը չի գա: Բայց ի՞նչ անեմ էս հևոցի, էս արյան ճնշման, կոկորդիցս դուրս էկած էս ուռուցքի հետ, եթե հիվանդանոց չպառկեմ… Օ~ֆ, ավելի լավ: Կմեռնեմ, հոգիս կազատվի: Բայց չէ, իսկ եթե՞… Չէ՛, չեմ կարող էնտեղ գնալ: Ի՞նչ կասեն: Բա չե՞ն ասի` ա՛յ պառավ, հին ցավերդ բերել, մեր վզին ես փաթաթում: Չե՞ն ասի` որդիդ նահատակվել է հանուն Աստծու, ոչ թե նրա համար, որ որդուդ արյան գնով հարցերդ լուծես, հը՞: Էդպես չե՞ն  ասի: Չէ~… Նրանք կարգին տղամարդիկ են, ծեր կնոջ սիրտը չեն կոտրի… Բայց… Մեկ է, չեմ գնա… Ի՞նչ անեմ: Իրոք, ամաչում եմ…

Ծեր կինը քայլում էր մտքերի ու մտածմունքների հետ կռիվ տալով: Միկրոավտոբուսը, որ կյանքի վերջին շրջանում էր, ուժ էր գործադրում, որպեսզի ինքն իրեն քարշ տա  «Գոլզար-ե շոհադա»-ի[1] զառիվերով: Մի քանի ակնթարթ  ծեր կինը պոկվեց մտածմունքի ճիրաններից և հարցրեց կողքի ուղևորին.

-Ինչքա՞ն է մնացել: Ինչի՞ չենք հասնում:

-Մի՛ շտապիր, մայրի՛կ: Հիմա կհասնենք,- պատասխանեց երիտասարդ, գեղեցկադեմ կինը:

Ծեր կինը ոչինչ չասաց, միայն մի քանի անգամ չոր հազաց` ամեն հազի հետ զգալով ներսից կրծքի ճանկռվելը:

Միկրոավտուբուսը կանգ առավ նոճու ստվերում: Ասես հևհևում էր: Փառք տալով Աստծուն` ուղևորները մեկիկ-մեկիկ իջան: Ծեր կինն էլ զգուշորեն իջավ և դեռ մի քանի քայլ չարած` տնքաց.

-Վա~յ, էս արևը: Մարդկանց խաշում է: Ավելի լավ է` շատ հետ չընկնեմ… Հա~, լվացվեցի՞: Հը՞: Լա՛վ, հիշեցի, տանը լվացվել եմ[2]:

Ամեն քայլի հետ կինն զգում էր, որ ողնաշարը դաղվում է: Նա զարմացավ, որ «Գոլզար»-ն ամեն շաբաթվա պես մարդաշատ չէր: Հեռվից երևաց որդու շիրմաքարը:

-Համի՛դ, բալե՛ս: Ա~խ: Նայի՛ր, Աստվա՛ծ: Արևը փայլում է կրծքին…   Ա~խ: Ա~խ: Մեռնե՛մ ջանիդ, Համի՛դ ջան: Մենակ ես, հա՞:

Քարշ տալով իրեն` հասավ տղայի գերեզմանին, թեև դողդոջուն ոտքերը չէին կարողանում հանդուրժել վտիտ մարմինը: Հանգիստ նստեց շիրմաքարի կողքին և սկսեց լալ.

-Բարև՛, տղա՛ս: Ո՞նց ես: Լա՞վ ես, ցավդ տանեմ: Ա~խ-ա~խ, թող էդ ապակին մաքրեմ: Ինչքան կեղտ ու փոշի է նստել վրան: Համի՛դ ջան, մեռնում եմ, բալես: Տեսնո՞ւմ ես` ձեռքերս ոնց են դողում: Տեսնո՞ւմ ես` շունչը փորիցս դուրս չի գալիս:

Մի քանի անգամ երկարատև հազաց ու շարունակեց.

-Մեռնեմ ջանիդ, Համի՛դ ջան: Ինձ կթողնե՞ն, որ մոտդ գամ: Հա՞: Չէ՛, չեն թողնի: Ես ի՞նչ եմ արել: Իմ կուրծքն էլ քոնի նման չի քրքրվել, չէ՞: Քրքրվե՞լ է: Չէ՛, չի քրքրվել: Թևերս էլ քո թևերի պես չեն կտրել, չէ՛…

Ծեր կնոջ արցունքները հոսեցին այտերն ի վար և լցվեցին գոգը: Մի քանի անգամ հազաց ու շարունակեց.

-Պարզ է, հոգի՛ս: Պարզ է` չեն թողնի, որ մոտդ գամ: Համի՛դ ջան, թող վերքերդ արցունքներովս լվանամ: Ախր ես ոչ մի բան չունեմ, բացի արցունքից: Համի՛դ ջան, բժիշկն ասում է` պիտի պառկեմ հիվանադանոց: Բայց ինձ փող որտեղի՞ց: Ինչքան ժամանակ է` ողորմած հերդ էն աշխարհում է: Մաշ Ղոլամի կնիկն ասում է` գնամ, հիմնադրամից օգնություն խնդրեմ: Բայց, Համի՛դ ջան, ես չեմ կարող գնալ, ամաչում եմ: Բալե՛ս, դու էլ ես ինձ նման, հիշո՞ւմ ես: Էն տարի գերազանցիկ էիր, բայց տարեվերջին ամաչեցիր` գնաս, գովասանագիրդ վերցնես: Ի՞նչ անեմ, Համի՛դ ջան:

Կինը գլուխը հենեց նկարակալի ձողին: Ձայնը նվաղել էր: Լացում էր: Ինչ-որ բան էր մրմնջում:

Իրիկուն էր: Արևը բարդիների կատարից անցել, հասել էր «Գոլզար»-ի հարավային հատվածին: Զեփյուռը մեղմ տարուբերում էր  կանաչ-կարմիր դրոշակները: Կինն զգաց` գլուխը ցավում է: Հիշեց` նամազ չի արել: Ձեռքը գցեց նկարակալի ձողին, դժվարությամբ վեր կացավ և սկսեց հրաժեշտ տալ.

-Համի՛դ ջան, ուշ է, ցավդ տանեմ: Արդեն պիտի գնամ: Նամազ էլ չեմ արել: Բայց չասացիր` ինչ… Հա~, ժամացույցը:

Կնոջ աչքն ընկավ տղայի ժամացույցին, որ տղայի նկարի առաջ` ցուցափեղկի մեջ էր: Կամացուկ ողբաց. «Համի՛դ, թույլ կտա՞ս` ժամացույցը վերցնեմ: Սա էլ քեզ պետք չի: Պե՞տք է»: Ի վերջո ձեռքը մտցրեց ժիլետի գրպանը, հանեց մոմլաթե մի հին տոպրակ, որի մեջ փոքրիկ բանալի կար. բացեց ցուցափեղկն ու վերցրեց ժամացույցը: Ժամացույցի ջերմությունն այրում էր ափը: Այն դրեց տոպրակի մեջ, կողպեց ցուցափեղկը, բանալին ևս գցեց ժամացույցի հետ: Նայեց տղայի նկարին և ասաց.

-Հաջո՛ղություն, տղա՛ս, գնամ, ժամացույցը ծախեմ, գուցե էդ փողով թողնեն հիվանդանոց պառկեմ:

Երբ կինը մոտեցավ բարդիներին, միկրոավտոբուսն ուզում էր շարժվել: Դժվարությամբ գոռաց.

-Կանգնի՛ր… կանգնի՛ր…

Ավտոբուսն արգելակեց: Կինը դժվարությամբ իրեն քարշ տվեց վերև: Մի երիտասարդ վեր կացավ և տեղը նրան զիջեց: Կինն օրհնեց տղային, և ավտոբուսը ճամփա ընկավ: Զգաց` սիրտը թուլանում է: Զգաց` կոկորդն այրվում է: Մի հայացք նետեց դեպի դուրս և խորասուզվեց մտքերի մեջ.«Ի~նչ սիրուն ժամացույց է, Համիդ: Որ ստիպված չլինեի, չէի ծախի: Ծախե՞մ: Չէ՛, չեմ ծախի: Հա~, սիրելի՛ս, կթողնեմ, մոտդ թող մնա: Բայց ի՞նչ անեմ առանց փող: Նեղն եմ… ինչպես միշտ»:

Երբ ավտոբուսը հասավ կայարանի մեծ հրապարակ, կինը տեսավ` հոծ բազմություն է հավաքվել: Հապճեպ պտտվեց ու հարցրեց.

-Էս ի՞նչ խաբար է:

Կողքին նստած կինը, գրկի երեխային տալով ամուսնուն, որը կանգնած էր,  պատասխանեց.

-Զինվորները գնում են ճակատ, մայրի՛կ: Մարդիկ եկել են ճանապարհելու:

-Կանգնի՛ր, աղա՞: Կանգնի՛ր:

Վարորդը մի հայացք գցեց հայելուն և բաց բեռնաթափքով մեքենայի հետևում արգելակեց: Ծեր կինն աճապարանքով իջավ ու քայլեց: Սիրտն արագ զարկում էր: Զգաց` եռման ջուրը բլթբլթալով թափվում է մազաբաժուկից: Մի պահ կանգնեց ու շունչ առավ:

-Փա՛ռք Աստծո, ճակատում Համիդիս տեղը դատարկ չէ:

Կանգ առավ երկաթուղայինի շենքի առաջ: Հազի նոպան սկսվեց:

-Ամա~ն, էս հազի ձեռը… Աստված իմ, խեղդվեցի…

Նստարանի կողքին` մեծ ժամացույցի տակ, «Բասիջ»[3] մի քանի ներկայացուցիչներ էին կանգնած. ասում-խոսում-ծիծաղում էին: Նրանցից մեկը ծանոթ թվաց: Ոգևորված` ինքն իրեն ասաց. «Ա՛յ քեզ բան: Ինչքա~ն նման է Համիդիս: Թող նայեմ: Բոյով, ժպտերես, սահուն, սև մազերով… հազիվ տասնհինգ-տասնվեց տարեկան լինի»:

Սիրտն ավելի արագ էր բաբախում: Քրտնաշաղախ էր: Ինչ կար սրտում, ընկղմվում էր նոսր մառախուղի մեջ: Մարդիկ, ձայներ, ծիծաղ, լաց, դեմքեր: Կինն առաջացավ:

-Բարև՛, տղա՛ս:

-Բարև՛, մայրի՛կ,- պատասխանեց նույն տղան` ընդհատելով զրույցը:

Կինը թափանցել էր զորակոչիկի օվալաձև դեմքի մեջ: Աչքերը հառել էր նրան: Նրա ողջ էությունը լցված էր ձայներով:

-Տղա՛ս: Անունդ ի՞նչ է:

-Համիդ:

Զորակոչիկը շատ սիրալիր պատասխանեց: Կինը փլվեց: Շուրջն ամեն ինչ սկսեց պտտվել:

՞նչ: Հա…հա… Համի՞դ: Ա~խ…սիրտս:

՞նչ եղավ, մայրի՛կ: Վա՞տ եք զգում:

-Համի՛դ, ինչի՞ ինձ մենակ թողեցիր… Օգնի՛ր, նստեմ:

-Իհա՛րկե, մայրի՛կ, իհա՛րկե:

Պատանին կնոջը նստեցրեց նստարանին: Արցունքը, խոսքը, վարդաջուրը, փսփսոցը խառնվել էին իրար: Մի ձայն զրնգաց կնոջ ուղեղում:

-Էս ի՞նչ ձայն է, տղա՛ս:

-Գնացքի սուլոցն է:

Զորակոչիկները վազում էին: Ծեր կինը նվաղուն ձայնով ասաց` հասկացա, հասկացա:

-Համի~դ, արագացրո՛ւ: Շո՛ւտ արա,- կանչեց ինչ-որ մեկը:

Պատանին, փոքր –ինչ ոտքը կախ գցելով, պատասխանեց` հիմա կգամ:

Կինը երկար հազաց ու հարցրեց.

-Տղա՛ ջան, ժամը քանի՞սն է:

Տղան մի քանի քայլ հետ գնաց, հայացք գցեց պատի ժամացույցին ու վերադարձավ նախկին տեղը.

-Հինգն անց քսանհինգ է, մայրի՛կ:

-Ժամացույց չունես, հա՞,- խռպոտ ձայնով հարցրեց կինը.

-Չէ՛, մայրի՛կ, ժամացույց չունեմ,- պատասխանեց տղան գեղեցիկ ժպիտով, որ շուրթերի անկյունում էր:

Ծեր կինը ձեռքը տարավ ժիլետի գրպանը, հանեց մաշված տոպրակը, շտապով դուրս բերեց ժամացույցը: Դողացող ձայնով ասաց.

-Տղա՛ս, հիշատակ է… Չէ՛, էս ժամացույցը հենց քոնն է: Արի՛, վերցրո՛ւ… Ինչի՞ ես լացում: Աստված սիրես, ժպտա…Ա~խ… Գնացքն էլի ազդանշան է տալիս… Վազի՛ր:

Պատանի զորակոչիկը վերցրեց ժամացույցն ու սեղմեց իր փոքրիկ բռան մեջ: Դեպի գնացքը վազելով` գլուխը շրջեց դեպի կինն ու գոռաց.

-Հաջո~ղություն, մայրի՛կ, հաջողությո~ւն:

Երբ վագոններից մեկի պատուհանից երևաց նույն պատանի զորակոչիկի դեմքը և թափահարող ձեռքը, գնացքն արդեն ճամփա էր ընկել: Այդ պահին կինը մտածեց, որ տարիներ ի վեր է`արյան ճնշում ու սրտի խնդիրներ ունի: Զգաց` արդեն մի քանի անգամ այս իրադարձությունը կրկնվել է իր կյանքում:

Իր տղան բազմիցս պատերազմ է մեկնել ու բազմիցս նահատակվել: Ուժասպառ վեր կացավ: Սրտի բաբախյունը մեղմացել էր: Ջանաց հիշել` քանի անգամ: Բայց չկարողացավ մտաբերել: Ուժեղ քամի էր փչում, և երկաթուղային կայարանի տարածքում իջնում էր լռությունը:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

 


[1] Հանուն հայրենիքի նահատակվածների գերեզմանոց: Նույնանուն գերեզմանոցներ կան Իրանի տարբեր շրջաններում:

[2] Խոսքը վերաբերում է աղոթքից առաջ ծիսական լվացում կատարելուն:

[3] Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` աշխարհազորայինների կազմավորում: