ՀՈւԴԱՅԻՆ ՓՆՏՐԵԼԻՍ

 

Նույն մի բառը՝ «Նա չէ, նա չէ» կրկնելով, ոչ բառից էր հոգնում, ոչ էլ տարիներով  ձգվող զուր անցնող որոնումներից։ Մի օր, սակայն  քաղաքում, շրջապատին անհաղորդ շրջելիս ցնցվում  է, տեսնելով նրան անկապ մի տեղ՝  հին ու չօգտագործվող ջրանցքի մեջ ընկած։  Զարմանքը՝ բարձրաձայն, բայց էլի մի հատիկ բառով է արտահայտում. «Սա է»։  Վերջապես։ Պատահականությա՞ն, թե՞ նախախնամության մատուցած հերթական անակնկալն է։ Այդ  հարցը  հետո էր տալու։  Իսկ այդ պահին  աչքը հառել էր այն տեղին, որտեղ ընկած էր իր երևակայության  հորինածը։ Մնում էր պահը չկորցնելով, արագ կողմնորոշվել։ Քանի որ   սկսած գործն ավարտին հասցնելու  հատկացված ժամանակն  այլևս նահանջելու տեղ չէր թողել...

Գործը,  որ գալիք   դարերում ցնցող դրամատիզմով պիտի գրավեր  երկիր մոլորակի մարդկությանը, վերնագիր ուներ։ Այն որոշ ժամանակ անց  հայտնի էր դառնալու նաև հանրությանը՝ «Խորհրդավոր ընթրիք» վերնագրով և  դասվելու էր  հեղինակի գլուխգործոցների շարքին։ «Հանճարեղ է» բառի հենքով  բոլոր ժամանակների տեսաբաններն ու  արվեստի և գրականության մարդիկ  իրենց  հիացմունքը  հիմնավորող  աշխատություններ էին հեղինակելու։ Այն գեղարվետական տարբեր ժանրերի ստեղծագործությունների հիմք էր դառնալու։  Եւ  մշակույթի խորհրդանիշ էր համարվելու, թե՛ իր՝ Լիոնարդո Դա Վինչիի ժամանակակիցների,  թե՛ գալիք    սերունդների համար։   

1498 թվականի փետրվար ամսվա վերջին օրերին արդեն հանճարեղ Լիոնարդոն վերջապես ավարտին  հասցրեց Քրիստոսի և նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող որմնանկարը, որն իրականացնում  էր Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիե վանքի սեղանատան պատին։ Մինչև աշխատանքի անցնելն, ինքն իր առջև դրված ու լուծելիք մի քանի խնդիր  ուներ։ Մի քանի կետից  կազմված ու լակոնիկ գրառումներով՝ Հիսուսի կերպարը. Հուդայի կերպարը, Շարժում։  Նախնական  տարբերակում նա որոշել էր Հուդային առանձնացնելով,  մենակ թողնել սեղանի մի ծայրին, իսկ հակառակ մասում Հիսուսին ու տասնմեկ առաքյալներին պատկերել։  Եւ բացի մեկից, մյուսների  գլխավերևում լուսապսակ էր ուզում դնել։ Բայց այս մտքից հրաժարվելով, ուրիշ մի տարբերակ է նախընտրում։ Այն պահը, երբ հենց նոր ավարտված ընթրիքից հետո Քրիստոսն ասում է առաքյալներին, թե նրանցից մեկը շուտով իրեն կմատնի։ Դավաճանության մասին հայտնելու  տեսարանը դրամատիկ է։ Քրիստոսը հենց նոր է արտաբերել իր խոսքը։ Տագնապահարույց  է լուրը, որին  առաքյալներից ամեն մեկը յուրովի է արձագանքում։ Հուդան  ստվերված կիսադեմով  է՝ կանաչ և կարմիր  հագուստով, որի գույները  մյուս աշակերտների հագուստների համեմատ  փոքր-ինչ խամրած են թվում։ Թեքված է։ Հայացքը՝  Հիսուսին հառած։ Դեմքը զարմա՞նք, նաև հարց  է արտահայտում. Որտեղի՞ց է իմացել։ Եւ գիտի արդյո՞ք Հիսուսը, թե ո՞վ է դավաճանը... Լիոնարդոն  այս հարցի պատասխանը տալիս է մատնիչին  առանձնացնող ևս մեկ տարբերանշանով՝ թիկունքով դեպի լույսը նստած և գլուխը բոլոր առաքյալներից ցածր պատկերելով...    

Հայտնի է, որ Լիոնարդո Դա Վինչին որմնանկարի  միայն կոմպոզիցիոն լուծումերի բանաձևը գտնելու շուրջ չէր երկար մտորել։  Գործը ստեղծելու ժամանակ  նա չէր կարողանում  կենտրոնական երկու Հիսուսի և Հուդայի կերպարների համար  բնորդներ գտնել։ Բավական ժամանակ էր  վատնել   մինչև  տեսնելը  նրան, ով համապատասխանում էր Քրիստոսի կերպարի իր   պատկերացումներին և պահանջներին։ Իսկ Հուդայի կերպարը կերտելու համար նրա որոնումները տարիներ շարունակ մնում էին անարդյունք։ Հուսահատվելով՝ ետ ընկրկելն ու մոտավոր մեկին ընտրելը,  նրան հարիր   հատկանիշներ  չէին։  Համառորեն շարունակում էր փնտրտուքները։  Երեք տարի էր պահանջվել, որ նա՝ «Սա է» բացականչեր, տեսնելով  հին մի ջրանցքում  ընկած  տարեց ու հարբած տղամարդուն։  Հետո պիտի նկատեր, որ  տղամարդը իրականում երիտասարդ է, բայց ծեր է երևում, որովհետև թունդ  հարբեցող էր։  Ընկած տեղից նրան դուրս բերելը հեշտ չէր Լիոնարդոյի համար։  Մի կերպ  աղտոտ ջրանցքից հանելով, նրան տանում է մոտակա պանդոկը։ Եւ շտապ, ժամանակ չվատնելու համար  գործի է  անցնում։  Սկսում է նկարել։ Մինչ այդ  մարդը  լվացվել էր ու արդեն Լեոնարդոյի հյուրասիրած ուտելիքն էր վայելում։ Եւ ուտելու ընթացքում, երբ արդեն  սթափվել  էր,  դիմելով նկարչին ասում է.

-Դուք ինձ մի անգամ արդեն նկարել եք։

 Լիոնարդոն, ընդհատելով  նկարելը, զարմացած նայում է նրան։ Մարդը շարունակում է.

-Դա տարիներ առաջ էր, երբ ես երգում էի եկեղեցական երգչախմբում։ Այն ժամանակ դուք ինձ ընտրեցիք  Քրիստոսի կերպարը կերտելու համար։

Առեղծվա՞ծ է,  պատահականությու՞ն, թե՞ ճակատագրի հեգնանք. Նա  գիտեր, որ  պատահական ոչինչ չի լինում։  Պատահականություններն այն  հրաշալի  իրադարձություններն են, որոնք իրականանում են երկնային  որոշումների արդյունքում։  Բայց  ինչու՞ այդքան երկար ձգված ժամանակից հետո։ Եվ ինչու՞ է կյանքը այդ մարդուն իր ծուղակի մեջ առել և ուրիշ մի իրականություն  պարտադրել։ Եւ դավադիր այնպիսի մի հմտությամբ  կերպարանափոխել նրան, որ Քրիստոսի կերպարը պատկերելուց  տարիներ անց անգամ ինքը՝ Լիոնարդոն  չէր հիշել, չէր ճանաչել նրան։ Եւ ինչու՞  հենց նա է նմանվել իր մտապատկերում կերտված  Հուդայի նզովյալ ու ողբերգական կերպարին...