ՀՈւՍԱԼՔՄԱՆ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

 

   Բարեկամ  է՝ վստահելի ու լավ ընկեր։ Կյանքի ճշմարտությունը գիտելիքներ ձեռք բերելով ու աշխատելով է փնտրել։  Այն տեսակից  չէ, որը բարև տալ-առնելուն պես  իր անձի  կամ արդեն արված գործերի ու առաջիկա ծրագրերի մասին ընկերական շրջանակներում կամ հրապարակավ  խոսելով է ներկայանում։ Նախապատվությունը ոչ թե խոսքին,այլ  գործին տվողն է։  Խառնուշփոթ  ու ծանր իրավիճակները  հայրենիքից օտարվելու, հեռուներում մնալու  առիթ ու պատճառ  դարձնողն էլ չէ։ Այստեղ է։ Ներկա է.

Հայրենիք,  Թովնաս Զաքարեանը 1999-ին, մենակ չեկավ։ Նախապատրաստական աշխատանք ձեռնարկելով, իր իսկ հեղինակած «Ճանաչենք հայրենիքը» վերտառությամբ ուսումնական  մի ծրագիր հեղինակեց։ Եւ  օտարալեզու  վարժարաններում սովորող դպրոցահասակ հայազգի պատանիներին հրավիրեց Կահիրեի  ՀՀ  դեսպանատուն, կրթական դասընթացներին շարքին մասնակցելու համար։  Ապա շաբաթօրյա դասընթացների  յուրօրինակ շարքի «ավարտական քննություններն»  անցկացնելու համար  ամռանը՝ «Նախընտրենք հայրենիքը» նշանաբանով դեպի

Հայաստան շրջագայություն կազմակերպեց։

Նույն տարվա  աշնանը կրկին  Երևան  գալով, նա հիմնեց Զաքարյան Հիմնարկ  Բարեգործական հիմնադրամը։ Նպատակը. «Կրթական ոլորտում Սփյուռքի և Հայաստանի միջև կամուրջ ստեղծելն ու նոր սերունդին ազգային դաստիարակություն տալն էր»։  Ասել է, թե կենսագրությունը  շրջադարձորեն փոխելու,նոր փուլ թևակոխելու որոշում էր, որի գործառույթների շրջանակները մեծացնելու, ինչպես նաև  կապը հայրենիքի հետ նորոգ պահելու կամավոր ստանձնած պարտավորությունը պետք է նոր նախաձեռնություններով հաստատեր։ Եւ տասնամյակեր անց միայն «Արվեստի հյուրասրահում»  զրուցելու հրավերն  ընդունելով, խոսեց արված ու ձախողված գործերի մասին։ Մինչ այդ, սակայն ուզեց հստակեցնել, թե ո՞րն է լինելու խոսակցության հիմնական  թեման։

Ո՞վ է Թովմաս Զաքարյանը, հարցով սկսենք զրույցը։

- Այդ հարցումին փոխարէն, թերևս  առաւել ճիշտ կըլլայ պատասխանել, թէ ի՞նչ ըրած է կամ ի՞նչ հանգրուաններէ անցած է Թովմաս Զաքարեանը։

-Լավ. Ուրեմն նախ արմատներին դառնանք, և  շարունակելով, պարզենք, թե որտե՞ղ և ի՞նչ միջավայրում է սկզբնավորվել Ձեր կյանքի  ճանապարհը։

- Հայոց ցեղասպանութիւնը վերապրածներու ժառանգորդ եմ։ Երկու մեծ հայրերէս մէկը՝ Տիգրանակերտէն էր, միւսը՝ Սեբաստիայէն։

Ծնած եմ Գահիրէ,1952թուականին։  Յաճախած եմ Գալուստեան Ազգային Վարժարանը ապա St.Ge orgesCollage ը.. Երկրորդական ուսումս ստացած եմ Կիպրոսի Մելգոնեան Կրթական հաստատութեան մէջ: 1977թվականին  աւարտած եմ Գահիրէի Ամերիկեան Համալսարանի ընկերաբանական բաժինը։ Զուգահեռաբար որպէս երկրորդ  մասնագիտութիւն  «Թատերական Արուեստ» բաժինն ընտրելով։ Այդու երկու տարի հետեւած եմ քաղաքատնտեսութեան մագիստրոսի դասընթացքներուն։ Աշխատակցած և գործունեայ անդամ եղած եմ «Հոկտեմբեր» ամսագրի խմբագրական կազմին և (1977-80թթ) նաև՝ կ ազմակերպած ու մասնակցած եմ անոր երիտասարդական բեմական ներկայացումներուն։ 2018-ի Մայիսին Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի ուսումնասիրութեան գիտաժողովին,մասնակցած եմ, ներկայացնելով՝  «Տարբեր հայօջախներ նման դրսեւորումներ Գահիրէի՝ «Հոկտեմբեր»ը և Պէյրութի՝ «Երիտասարդ Հայը» խորագրով աշխատությամբ։ Շարունակեմ.1987ին նկարահանած և արտադրած եմ վաւերագրական ֆիլմ մը՝ «Է» վերնագրով, ու ր Գահիրէի Գալուստեան Ազգային Վարժարանի անկայուն իրավիճակը քննարկելով,ներկայացուցած եմ համայնքի պատասխանատու անդամներուն տարբեր դիրքորոշումները։

 Տարբեր ժամանակշրջաններու 1993-98,201012թվականներուն դասաւանդած  եմ հայոց լեզու և հայոց պատմութիւն Նուպարեան Ազգային Վարժարանի միջնակարգ դասարաններու սաներուն։ Նույն այդ շրջանին բեմադրած եմ դպրոցական երեք թատերգութիւններ.(Թէնթէն Հայաստանի մէջ). (Դաւիթ և Խաւարի Թագաւորութիւնը) և (Նավը դէպի Հայրենիք 2011)։ Եւ կազմակերպած ու ղեկավարած եմ ուսումնակրթական եօթ շրջապտօյտ դէպի Հայաստան։

- Այսինքն ստացվում է, որ գեղարվեստական իրականությունից դեպի կյանքի իրականություն տանող կամուրջի նշանակությունն եք նաև առաջնային համարելով, կարևորել։

- Անշուշտ,1999-ին սկսեալ՝   «Ճանաչենք Հայրենիքը» հանդիպումներու շարքն իրականացնելէս ետք, «Նախընտրենք Հայրենիքը» անունի տակ դէպի Հայաստան շրջապտոյտը կազմակերպեցի։ Նոյն տարուայ աշնանը, Երևանի մէջ Բարեգործական հիմնադրամը հիմնեցի, կրթական ոլորտում սփիւռքի և Հայաստանի միջև կամուրջ ստեղծելու և աւելի իրատես ազգային դաստիարակութիւն ծաւալելու նպատակը հետապնդելու։ Հիմնադրամն ալ կոչուած էր զարկ տալու և կազմակերպելու ուսումնակրթական շրջապտոյտներ դէպի հայրենիք և սփիւռքի պատանիները շփման մէջ դնելու իրենց տարեկից տեղացիներուն հետ։ Ի դեպ,1999-ի աշնան, նոյն ուղեւորութեան ընթացքին,  կազմակերպած ու վաւերացրած եմ  արուեստագէտ, նկարիչ Շանթ Աւետիսեանին հետ միասին կազմակերպած ու վավերագրած եմ չորս հազար գունավոր լուսանկար՝ Հայաստանն ու Արցախի բնութիւնն, տեսարժան վայրերն ու ժողովուրդը ներկայացնող։ Զուգահեռաբար գրականագետ, մանկավարժ Մանուէլ Քէօսէեանին հետ Երևանի մէջ միջազգային դպրոց բանալու հնարաւորութիւններն ու պայմանները ուսումնասիրած ենք՝ գործնական քայլեր առնելու միտումով։

- Ձեր իրականացրած  աշխատանքներից ու ծրագրերից ո՞րն  եք առանձնացնելով, առավել, նշանակալիցը  համարում։

- Ես չէ, որ պետք է կարևորեմ կամ գնահատեմ։ Կրնամ միայն շարունակելով, հիշատակել, որ    ազգային վարժարաններու մակարդակը բարեփոխելու նպատակով մասնակցութիւն բերած եմ Գահիրէբնակ համայնքին. «Ուսումնական Խորհուրդ»-ին և «Վերահսկիչ Մարմին»-ին, Գահիրէի երկու վարժարաններուն մասին քննական աշխատասիրութիւն մը  (2010թ) որ պատրաստած եմ համայնքի գործադիր մարմնին, Քաղաքական Ժողով-ին՝ պատուէրով։ 2011/12ին Նուպարեան Ազգային Վարժարանի աւարտական կարգի ուսանողներուն համար ծրագրած և դասաւանդած եմ արդիական թեմաներով և լսարանային սկզբունքով  դասընթացքներու շարք մը «Ցեղասպանութիւն», «Հայ Դատ», «Առաջնորդութեան Հիմքերը»,«Հայկական Սփիւռքի Պատմութիւն», «ՀՀ Սահմանադրութիւնը», «Եգիպտոսի Հայոց Կազմական Կանոնագիրը» վերտառություններով։ Հիմա յիշեցի, մի փաստ, որը վերը տրուած հարցի պատասխանը կրնայ դիտարկուիլ. Ազգային հարցերու նկատմամբ  քննական կեցուածքիս պատճառաւ ես չէի վայելած համայնքի աւանդապաշտ հաստատութիւններու հովանին ու համակրանքը, առ ի հետևանք՝ դպրոցներու կրթական մակարդակը բարձրացնելու իմ ջանքերն ու մասնակցութիւնը ղեկավարութեան կողմէ կասեցուեցաւ, ինչ որ ստիպել տուաւ գործնեութիւնս ու բրոակտիվութիւնը փոխադրել դէպի  մէկ ուրիշ հանգրուան՝ Երևան։

 - Տարիները կարծես թե հայրենիքում նույնպես որոշ դժվարություններ անտեսելու նաև հաղթահարելու անգամ որոշ ծրագրեր սրբագրելու կամ փոխելու պահանջ դրեցին։

- Այո,այժմ՝ Հայաստանի մէջ կառուցածս «Լեռմոնթ» հիւրատանս միջոցաւ կը մասնակցիմ Լոռու մարզի՝   կայուն զբօսաշրջիկութեան հնարաւորութիւնները զարգացնելու գործընթացին։ Հայրենիք գալուս առաջին շրջանին Երևանի քաղաքապետարանին դիմեցի որ «Զաքարեան Հիմնարկ»-ին ծրագիրներն իրականացնելու համար տարածք յատկացնեն «Ձորագյուղ ազգագրական» թաղամասին մէջ։ Միջնորդը կաշառք վերցուց և քաղաքապետի կողմէ անյատոյց օգտագործման որոշում ստացայ։ Եւ 770քմ հողատարածքիս վրայ շինարարական աշխատանքներ իրակացնելու քայլերուն անցայ Նախագծի պատրաստութիւնը յանձնած էի «ՀայՆախագիծ ՍՊԸ» ին (Տնօրէն Ազիզյան, Ճարտ Այվազյան)  և առաջադրանքիս մէջ յիշած էի որ կառուցուելիք համալիրը իր մէջ ներառէ, հանդիսութիւններու դահլիճ, թատերասրահ, արուեստի ուսուցման և ցուցադրման արհեստանոցներ, գրադարան, Սփիւռքի թանգարան։ Նաև հիւրատան յարմարութիւններով, երեսուն հոգիի համար կեցութեան բաժին։ 2004թ Աշնան Փաթեթը պատրաստ էր Թաղապետարանէն շինթոյլտւութիւն դիմելու, սակայն՝ մեր ջանքերը ի դերև ելան երբ Քաղաքապետարանին կողմէ տրամատրուած հողաշերտին վրայ  անօրէն տէր մը  յայտնուած էր։ Բնականաբար, հրաժարեցայ այդ գողական ոճով հարցին լուծում տալու և հոս կանգ առաւ իմ մշակութային կենդրոն ստեղծելու հետապնդումները։

   - Վերջին այս տարիներին  մարդիկ եղան, որոնք նման ու խոչնդոտող տարաբնույթ  հանգամանքների պատճառով պարզապես հրաժարվեցին հայրենիքում ներդրումներ անելու իրենց ծրագրերից ու նպատակներից։ Դուք դիմակայեցիք։ Չհրաժարվեցիք։ Ինչու՞։

- Այս հարցը քիչ մը այլ ձևակերպումով երևի թէ հնչեցուի. Ի՞նչն է, որ զիս 15 տարի Եգիպտոս -Հայաստան երթալ- գալով ներդրում ընելու որոշումս անսասան պահեց։  Մէկ խօսքով կրնամ ըսել՝ կրթութիւնս։ Ինչ որ ըրի տրամաբանական արդիւնքն էր դաստիարակութեան մը, գիտակցութեան և Հայաստանի անկախութեամբ տոգորուած սփիւռքահայու մը, որ արկածախնդրութիւն ըլլալէ աւելի խոր համոզմունք մըն էր, թէ  ախբար մը նաև իր մասնակցութիւնը կրնայ ունենալ՝ հայրենիքի պետականութիւն կառուցելու գործընթացին մէջ։ Ուսեալ և ունեւոր երիտասարդներու ոգևորութիւնն էր։ Առաջատարներ ըլլալու համբաւը և ամէն գնով  յաջող արդիւնքներ արձանագրելը մեր այդ ատենուայ մարտահրաւէրն էր կ՛ուզէինք մեր նախաձեռնութիւնները վարակիչ դարձնել  համայնքին մէջ։ Դժուար աշխատանք մըն էր կաշառակերութեան հետքերը և տարաձայնութիւնները զսպելով ,  նոր խենթեր ուղարկել հայրենիքի  շուկայական միջավայրը։ Սակայն հարկ է շեշտել, որ տարրադրամի արժոյթները ի նպաստ սփիւռքին էր, թէ՛ դրամ-տոլար յարաբերութեամբ և թէ՛ տնտեսական բարգաւաճութեամբ։ Լաւ առիթ էր ներդրել Հայաստանի մէջ։ Պատրաստակամութիւնը կար, կար նաև վախը խաբեութեան ծուղակը իյնալու, որու օրինակները շատ էին։ Բոլորովին նոր միջավայր եկած էինք, օրէնքներուն և կենցաղին անծանօթ,  նաև լեզուին՝ նամանաւանդ շուկայական և փողոցի բարբառին։ Եւ քանի որ սկիզբը, ընդհանրապէս կարճ ժամանակով էր այցելութիւնները, ուրեմն անհրաժեշտ էր տեղացի ազգական կամ բարեկամ ճարելը, հեշտացնելու համար երազներ իրականացնելու գործնական քայլերը։ Ամէն օտարերկրեայ քաղաքացիի մը պէս տգիտութանդ համար պետք էիր վճարել,  տեղական վարքն ու փառքը սորվելու համար պէտք էիր սեղան նստիլ, և “հաց ուտենքը կենաց խմենքը”, չմերժել։ Կաշառակերութիւնը՝ նորութիւն կամ անվայել արարք մը չէր մեզի համար, վերջի վերջոյ միջին արևելքէն կու գանք, ստուէրային տնտեսութեան բույնէն։ Հասկանալի էր պատճառները, սակայն անհանդուրժելին խաբեբայութիւնն էր մանաւանդ՝ վարչական մարմիններու մակարդակովը։ 2000 թուականին, Կատասդր, քաղաքապետարան, թաղապետարան, պետռեջիստր, օվիր, բանկեր  և անշարժ գոյքի գրասենեակներուն հետ էր Հայաստան հաստատուելու առաջին  քայլերը։ Քանի մը տարի առաւ իւրացնելու համար ոճն ու խորհրդային շրջանէն մնացած գործելակերպն ու օրինաւորութիւնը։ Ի՜նչ մեծ բաղդաւորութիւն է այսօր, ցանցով կամ էլեքտրոնային բանկոմատով գործարքներդ կատարելը և մէկ սրահի մեջ բոլոր քաղաքացիական պարտաւորութիւններուդ սպասարկողներ գտնելը, սա արդեն քեզ 21-րդ դար   փոխադրած է։

 - Այդ ամենը կար. և  անօրեն ու նեգատիվ երևույթներին բախվող սփյուռքի մեր հայրենակիցներն, այդուհանդերձ եկան  Հայաստան։ Գալիս էին, գիտակցելով, որ  երկիրը երկրաշարժն ու պատերազմի  ավերածություններից ոտքի կանգնեցնլու ծանր իրավիճակից հանելու պահանջ ունի։ Անկախություն  հռչակած երկրում, իրենք էլ «հայրենիքի անկախություն կառուցելու գործընթացին մասնակցություն ունենալու համար էին գալիս»։  Կորսված պատմական տարածքներ ետ բերելով էր  հաղթանակը նշանավորվել ու այդ տեղերում տարաբնույթ ծրագրեր իրականացնելուապրելու համար գրավիչ դարձնելու   եւ  երկրի ապագան լուսավոր տեսնելու երաշխիքները հիմնավորելու նպատակով էին գալիս։ Հիմա, սակայն  այլ է պատկերը։  Պարտված է երկիրը եւ ոչ թե դեպի հայրենիք բերող, այլ դուրս տանող ճանապարհներն են ավելի բանուկ դարձել։ Քսան կամ երեսուն տարվա այս զուգահեռում...

- Կուզէք բաղդատե՞նք ներկայ և անցած տարիների  ժամանակամիջոցը. -ի՞նչ էինք, և հիմա ի՞նչ ենք,- հարցի պատասխանը  գտնելու համար։ Նախ փաստենք, որ  քսան ու ավելի տարի առաջ զբօսաշրջիկին համար այսքան ճոխ չէր երկրի մայրաքաղաքը։ Աւելի ստոյգ՝ Երևանի կենդրոնը  ո’չ ճաշարաններու ներքին ու արտաքին տեսքը ո’չ ալ ճաշացանկը կարելի է համեմատել այսօրուան զանազանութեան հետ։ Յայտնի է, որ եւրոպական ճաշակը և նոյնիսկ կենցաղը դրական դեր ունեցած է այս զարգացման մէջ։ Սակայն այդ բոլոր հրապուրիչ ազդակները յատուկ են միայն Կենդրոն հատուածին, որքան հեռանաս, այնքան կը պակսի ճոխությունը, շռայլութիւնը։ Երևանցիների համար ամէն ինչ հասանելի դարձուցած են իրար յաջորդած բոլոր իշխանութիւնները՝ սուպերմարկեթ, պոլիկլինիք, հիւանդանոց,  դեղատուն, գեղեցկութեան սրահ, ավտո սպասարկող կէտեր, մօյքա, բջջայինների ծառայութիւններ, շինանիւթի շուկաներ, պետական գրասենեակներ, թատրոններ, մոլեր ․․․ և այլն և այլն  Հանգիստ և վայելքների աշխոյժ կյանքով ապրող երևանցին իր դիրքը ուրիշին չէ զիջած, մինջև օրս միակ իր խնդիրը փողի փնտրտուքն է։  Եթէ բաղդատենք երկրի միւս քաղաքներուն հետ, անկասկած առանց վարանումի պիտի ըսենք,  որ այս վերջին տարիներուն միայն Երևանի՛ վրայ լուրջ գումարներ ծախսուած են ան եղած է դրամագլուխներու գրավիչ ազդակ իսկ մնացեալ քաղաք, աւան կամ գիւղ սովետական ժամանակները յիշեցնող՝ չխնամուած կեցութեան վայրեր են․․․ ժողովուրդն ալ իր միջավայրի կերպարը ստացած, հեռատեսիլիերևանցիներուն նմանիլ ցանկացող հասարակութիւն մըն է։ Այնքան համեստ և լճացած է երկիրը, որ կարծես թէ պետական միտումնաւոր քաղաքականութեամբ, օտարին և սփիւռքին համար ստեղծուած մայրաքաղաքը,  ամէն ինչի կեդրոնն է, որ համազօր է ըսելու Երևանը Հայաստան է և վերջ։ Եւ այս անհամեմատելի տխուր վիճակը պահպանուեցաւ տասնամեակներ՝ անկախութենէն մինչև հիմա։ Այսօր՝ 44 օրեայ պատերազմի պարտութենէն ետք, համընդհանուր է յուսախափութիւնը, կորուստներու ցաւը և անորոշութիւնը ապագայի նկատմամբ մէկ բան յայտնի է, որ ապաքինումը հորիզոնի վրայ տեսանելի չէ․․․ ժամանակ, դրամագլուխ և վճռական աշխատանք պէտք է ոտքի կանգնելու համար

 - Ամենակարևոր պայմանը, այդ ամենը կյանքի կոչելու համար, ըստ Ձեզ ո՞րն է  

- Ամենակարեւո՞րը...  Անհրաժեշտ են նուիրեալներ։ Նախ՝ կրթական համակարգը պէտք է նոր հիմունքներու վրայ պատրաստուի ուր հողին հետ կապը անմիջական ըլլայ։ Հողի մշակումը և պաշտպանութիւնը առաջնահերթ պիտի ըլլան բոլոր ուսումնական  գիտելիքները պէտք են այս երկու ոլորտներուն զարգացման ուղորդուին՝  բոլոր ենթախորագրերով և նորարար յեղաշրջումներու հնարաւորութիւններով։ Եթէ ՀՀ մէջ ապրող ամէն քաղաքացիին անվճար տասը հեքտար  հողային տարածք յատկացուի իբրև իր սեփականութիւն, առանց վաճառելու իրաւասութիւն ունենալու (Հողն ու Ջուրը պետական գոյք մնան), արդեօք կարելի կըլլա՞յ պատկանելիութեան զգացումը արթնցնել  և յուսալ, որ թշնամին առանց ընդդիմութեան  չի յառաջանայ և չի զաւթէ մեր երկիրը։ Չգիտեմ։

   - Մարդուց է ամեն ինչ, - ասում են։ Մարդն է ստեղծում ամենագեղեցիկը ու մարդն է ոչնչացնում այն աննման հրաշալիքները, որոնք մշակութային բարձրարժեք ժառանգություն, ուրեմն և հարստություն  են համարվում ոչ միայն դրանք  ստեղծող ժողովրդի, այլ մոլորակը բնակեցնող  մարդկության համար։ Մեր ժառանգությունը  ոչնչացնելու   նորանոր եղանակներ ու ձևեր են  մշակում «խաղաղություն» առաջարկող հարևանները։ Մեր երկրի տարածքների  մեծ մասին տիրացած բարբարոս ցեղը  հայոց  մշակութային ժառանգությունը վերացնելու և յուրացնելու քաղաքականություն վարելու հետ նաև  հայոց ցեղասպանությունը վերջնական փուլով իրականացնելու  իր գերագույն նպատակի մասին արդեն բացեիբաց ու բարձրաձայն և պարբերաբար է խոսում։ 20-րդ դարում ցեղասպանություն իրականացնողը, որը  մերժելով, ժխտում  է իր  գործած ոճրագործությունը մեկ դար շարունակ,  21-րդ դարում սպառնում է, անցյալ դարասկզբին ավարտին չհասցրած ծրագիրն ու նպատակը հիմա իրականացնել։ Այսինքն, թուրքը իր աշխարհաքաղաքական հեռահար ու խոշոր ծրագրերի կյանքի կոչելու մասին անկաշկանդ ու ազատ բարձրաձայնում է։  Ինքը  գիտի, թե ինչ է ուզում։ Իսկ հայը գիտի՞, թե ինչ է ուզում և ո՞րն է ապագային միտված առաջնային ու կարևոր իր  նպատակը...

- Կեցութիւն հաստատած հայուն աչքով Հայաստանի ապագան դէպի ո՞ւր է միտուած ․․․ Մէկ կողմէն թուրքը մեզ ֆիզիկապէս կ՛ուզէ վերացնել իսկ միւս կողմէն ռուսը մեր ամէն ինչին տիրացած  (շուկա, երկաթուղի, լեզու, հանքապաշար, գազ, հոսանք, Մեծամորի ատոմակայան), իր իսկ  նախընտրած կարգավիճակով կը շահագործէ իր դիրքը, ի նպաստ իր կայսերական ներկայութեան։ Ժամանակին՝ սփիւռքահայուն տրամադրուածութիւնը աւելի դրական էր ՀՀ գալու, տուն գնելու և ներդրումային կամ բարեգործական ծրագիրներ իրականացնելու, հակառակ կաշառակերութեան երևոյթին։ Այսօր դժուար թէ համոզես մէկուն իր ապահով ծննդավայրը թողած վասն հայրենասիրութեան ՀՀ հաստատուի կամ խոշոր նիւթական աջակցութիւն ցուցաբերէ՝ նուիրատուութեան ձևով։ Քսան և հինգ տարիներու ընթացքին Արցախի համար հաւաքուած գումարներն ու իրականացած ծրագիրներու յանձնումը թշնամիին, ափսոսանքէ աւելի սփիւռքահայուն անձնական խնայողութեան կորուստն էր, որ Համահայկական Հիմնադրամի միջոցաւ հասած էր Հայաստան և ՀՀ իշխանութեան անխոհեմ  և անմիտ քաղաքականութեան պատճառաւ պատերազմի աւար իբրև՝ հափշտակուեցաւ թշնամիին կողմէ։ Մէկ խոսքով՝ արևմտահայ սփիւռքը դարձեալ հարստահարուեցաւ թուրքին կողմէ, այս անգամ անուղակիօրէն իր իսկ պետութեան մեղսակցութեամբ։

-  Հուսալքման կողքին ամուր կանգնելու դեպքում,  սակայն ապագային միտված անուրջները փրկելն էլ, թերևս անհնարին կդառնա...

- Հայաստանի պետութեան ապագան արդէն որոշուած իրականութիւն է։ Այս տարածաշրջանը՝ հարաւային Կովկասը Մեծերուն համար մէկ միաւոր է՝ երեք պետութեամբ։ Իսկ մենք ինչպէս մեր ամբողջ պատմութիւնը կը վկայէ՝ պարզապէս կայսերապաշտ պետութիւններու կռուախնձորն ենք նորէն։  Դժբախտաբար մենք դաձեալ չկրցանք համեմատաբար անկախ պահել  այս կտոր մը հողը, որ ինչպէս միշտ հսկաներու փլուզման ընթացքին է, որ սպրտած և անկախացած է։ Հիմա ընտրութիւնը մերն է  թէ՝ որո՞ւ վասալը դառնանք։  Մեզմէ զատ աշխարհի վրայ ոչ ոք հետաքրքրուած չէ մեր ազգային իրաւունքներով, անկախութեամբ կամ պետականութեամբ։ Նոյնիսկ սփռուած հայութիւնը՝ պատրաստ է միայն հեռավար դրոյթով մասնակցիլ հանրապետութեան հոգսերուն ․․․ ինչ որ, հայու դարաւոր մտածելակերպի շարունակութիւն կարելի է նկատել։

Ի՞նչ պետք է անել այսօրինակ շարունակությունը կասեցնելու համար։

- Ի՞նչ կրնանք ընել․․․կարծես  թե հրաժեշտ կրնանք տալ սփյուռքահայերու հոսքին։ Պետք է համակերպիլ քաղաքաաշխարհագրական իրավիճակին հետ և Ֆիզիքապէս տոկալ։ Ըստ քաղաքական առաջխաղացումներուն ղեկավարները պիտի զիջին պետականութիւնը վասն քաղաքացու բարօրութեան։ Նոր մշակոյթի, միջազգային արժէքներու և մեսեայի գալուստ   սպասող հռետորաբանութիւնը պիտի տիրեն հայը իր բնաւորութեան համաձայն պիտի ձմեռէ ընտանեկան պատեանի մէջ մտնելով և սպասէ գալիք հրաբխային պոռթկումին․․․

Թովմաս Զաքարեան