ԼՈՒՍԱՐՁԱԿՈՂ ԱՍՏՂԵՐ ԹԵ ՍԵՎ ԽՈՌՈՉՆԵՐ

 

 Ասում է. – ֆանտաստիկ մարդիկ են ժամանել Հայաստան. տիեզերագնացներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, աստղագետներ, աշխարհահռչակ երաժիշտներ, երգիչներ...

- Նոբելյան  մրցանակակիրներից բացի այնպիսի խոշոր գիտնականներ են, ամեն օր Հայաստանում ելույթներով հանդես գալիս, որոնց դասախոսություններին  ներկա գտնվելու  համար  նախատեսված 1500 տոմսը  երկու ժամվա ընթացքում է սպառվում.- խոսքը շարունակում է Գարիկ Իսրայելյանը։  Ինքը Նույն այդ նշանավորների շարքին դասվող աստղաֆիզիկոս գիտնական է, որի նախաձեռնությամբ  է Երևանում և Հայաստանի   քաղաքներում մեկնարկել «STARMUS»-6 փառատոնը։  

2011-թ. հիմնադրված   առանձնահատուկ այս փառատոնի մտահղացման ու իրականացման հեղինակներն են՝ Գարիկ Իսրայելյանը և «Quuen» հանրաճանաչ խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։ Մեզանում անցկացվող փառատոնը, նվիրված էր Մարս-3 տիեզերակայանի առաջին վայրեջքի 50-ամյակին։ Շեշտելով, հիշեցնենք կրկին, որ կարմիր մոլորակի վրա «Prop-M» անվանումով տիեզերակայանի հեղինակը հայազգի մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանն է։

«Starmus»-ի  նպատակը  աշխարհն ավելի լավը դարձնելն է։ Էդպես են ասում հիմնադիրները։ Բայց արդյո՞ք դա նրանց հաջողվում է, հատկապես հիմա, երբ աշխարհը չընդհատվող ցնցումների մեջ է։ «Starmus»-2022-ի, Սթիվեն Հոքինգի մեդալի դափնեկիր Բրայան Մեյը  խոստովանում է, այո՛ երկիր մոլորակը զարգանում է սխալ ուղղությամբ և հնարավոր ամեն բան պետք  է արվի, եթե ոչ կասեցնելու  ապա   պայթյունավտանգ իրավիճակների սրացումները գոնե մեղմելու համար։    

 Ֆիզիկոսներն ու աստղագետները  համոզված  են, որ ստեղծված իրավիճակները պարզապես  պարտադրում են դադարեցնել երկնակամարում թրթռացող կրակների նման մեծ ու փոքր աստղերի ուսումնասիրություններն, իրենց ուշադրությունը երկիր մոլորակի վրա սևեռելու համար։ Տիեզերքի մատչելի գալակտիկաների «բնակչությանը»  թողնելով, մեր մոլորակի մարդկության վարքն ու բարքն  դիտարկումների և ուսումնասիրությունների կենտրոն դարձնելու համար։   

«Եթե մենք մեր մոլորակի հանդեպ պատշաճ ուշադրություն չենք դարձնում, արդյո՞ք իրավունք ունենք տիեզերք գնալու և այտեղ էլ ամեն ինչ փչացնելու»- Երևանյան իր մի հանդիպման ժամանակ այս հարցը բարձրաձայնողն, աստղերի  զարգացմանը հետևելու, աստղերի թարթող աչքերին նայելու իր իրավունքը վերահաստատելու  մտահոգություն ունեցողը՝ Բրայան Մեյն է։

 ՍԵՎ ԽՈՌՈՉԻ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼՈւ ՎՏԱՆԳԸ...

Ի՞նչ է սև խոռոչը։ Ինչու՞ է 21-րդ դարում ապրող մարդուն սև խոռոչի մեջ հայտնվելու վտանգ սպառնում։ Ինչու՞ են դրանց  թվերը  նվազելու փոխարեն աճում։  Սև խոռոչների խնդրահարույց թեման  միայն գիտնականներին  չէ, որ հետաքրքրում է։ Հայտնի է, որ գիտության զարգացման գործում արվեստի դերի մասին  ուսումնասիրություններ շատ կան։  Բնականաբար ինչպես անցյալ, այնպես էլ ներկա ժամանակներում գիտության  և արվեստի մարդոց  հետաքրքրել է գիտության ազդեցությունն արվեստի զարգացման վրա և հակառակը։ Այս զուգահեռում է  քննարկվել՝ ի՞նչ է սև խոռոչը, ապա նաև ին՞չ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ, հարցադրումները։ Հարցը դիտարկողներից   են  նոբելյան մրցանակի դափնեկիր, աստղաֆիզիկոս  Քիփ Թորնը և արվեստաբան Լիա Հարոլնը, որոնք  ներկայացրեցին  սև խոռոչների մասին արված իրենց   ուսումնասիրությունները։ Այս հետազոտություններն գիտության,  արվեստի ու գրականության փոխազդեցության մասին  նոր  վկայություններ են։ Տվյալ թեմայի շրջանակներում, հետաքրքիր է նաև գեղանկարչության վրա աստղագիտության ազդեցության  բացահայտումը, որի  հեղինակն է Գարիկ Իսրայելանը։

Քիփ Թորնը հավատացնում է, որ գիտության, արվեստի ու գրականության համադրումը  ոգևորում  է հատկապես մշակույթի ասպարեզում ստեղծագործող երիտասարդներին։ Ասում է՝ թե գիտության, թե արվեստի  ասպարեզն ընտրած երիտասարդները հաջողակ լինելու համար  նախ  պետք է հավատ ունենան սեփական ուժերի հանդեպ։  Երկու  բնագավառում էլ նկատելի ներդրում անելու համար պահանջվում է նվիրում և հետևողական  աշխատանք։ Ուշադրության կենտրոնացում։ Այս ամենի առկայությունն հոդս կցնդի, սակայն եթե ջահելները  առանց ոգևորության  գործեն։ Ոգևորությունն է ամենամեծ խթանը։  

                         ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀԱՏԿԱՊԵՍ ԳԵՂԵՑԻԿԸ ՈՉՆՉԱՑՆՈւՄ                

Կարո՞ղ են  երկիր մոլորակի անցյալ- ներկա-ապագա կամուրջն ամուր պահելը կարևորող  գիտության և արվեստի մարդիկ, սթափեցնել  մոլորակը բնակեցնող մարդկանց  այն  հատվածին, որը պատերազմներ է հրահրում։  Որը «Գեղեցիկը կփրկի աշխարհը» բանաձևումը ոչ միայն հերքելու, այլև հենց Գեղեցիկը ոչնչացնելն է հիմնական նպատակը դարձրել... Այս արհավիրքին դիմակայելու համար ի՞նչ են անում  նրանք, որոնց  պրպտող միտքն ու  հայացքը տիեզերական տարածքներում, իռեալ աշխարհներում են թափառում։ Իրենց կոչմանը հավատարիմ այդ մարդիկ, զգոնության կոչերով, երկիր մոլորակի շեղված ընթացքը կարգի բերելու ի՞նչ հույսեր են փայփայում։  Ի՞նչ առաջարկներ ունեն պատերազմների տարածվող լավաները հանգցնելու, ստեղծված  փակուղուց դուրս գալու ի՞նչ ելքեր  են նախանշում։  Սթափվելու կոչերից բացի սեփական մոլորակին սպառնացող վտանգները կանխելու համար ի՞նչ են ձեռնարկում։

Պոետ Դայանա Աքերմանը, որը երևանյան «Starmus» փառատոնի Սթիվեն Հոքինգի մեդալի դափնեկիրն է, երկիր մոլորակի հանդեպ  մարդկության հոգատարության մասին խոսելով, նշում է. «Եթե տարբեր երկրներում ապրող, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ միաբանվեն կարող են շատ կարևոր հարցեր լուծել։ Նման վերջնարդյունք երբեք չենք ունենա եթե առանձին-առանձին գործենք։ Ասենք՝ գիտության մարդիկ իրենց համար, արվեստագետներն էլ՝ իրենց։ Տիեզերքից երկիր մոլորակը բոլորովին ուրիշ՝ առանց երկրների աշխարհագրական սահմանազատումների պատկեր ունի։ Մարդկությունն էլ  նավ հիշեցնող մի  ընդհանուր պաստառի վրա է երևում։ Սա է հայելային այն անդրադարձը, որտեղ մենք պետք է տեսնենք մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք»։         

  «STARMUS»-6 միջազգային փառատոնը, որի հիմնական նպատակն է միավորել գիտությունը, կրթությունը և արվեստը, տոն էր, անշուշտ։ Բայց այս մեկը, որ Հայաստանում էր, սոսկ  նշված  բնագավառների առաջատար ու հռչակավոր անհատների հավաք չէր։ Քանի որ գիտության և  մշակույթի ամենատարբեր ասպարեզները ներկայացնող մեծանուն գործիչների մասնակցությամբ իրականացվող  բազմաբովանակ  ծրագրերին, հրաշալի համերգներին, բացառիկ դասախոսություններին զուգահեռ նաև երկիր մոլորակում կատարվող դաժան, ցավոտ  իրադարձություններին անդրադարձող փառատոն էր։ Պատերազմներ հրահրողներին շեղված գծից  ետ պահելու, այն ամենն, ինչ ամենաթանկն է կործանումից ու ոչնչացնելուց փրկելու, հնարավոր ելքերի առաջարկություններ բարձրաձայնող փառատոն էր։  Գուցե՞  «Starmus»- 2022 –ի այս առանձնահատկությունը պայմանավորված էր նաև  ընտրված տեղավայրով։   

                              ԱՅՆ ԱՅԼԵւՍ  ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ Է ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐՈՒՄ

«Հպարտ եմ, որ իմ հայրենի երկրում կարողացանք այսպիսի շքեղ ու իրապես համաշխարհային  մասշտաբի իրադարձության նախաձեռնողը դառնալ։  Ի ուրախություն ինձ՝ Ստարմուսի պես համաշխարհային փառատոնի հեղինակավոր խորհրդի՝ Հայաստանում հաջորդ հավաքը անցկացնելու որոշմանը նպաստեցին մեր երկրի պատմականորեն  գիտական հարուստ ժառանգության գոյությունն ու ներկայիս զարգացումները։ Իսկապես նման փոքր երկրում, աշխարհահռչակ գիտնականներ են խոշոր հայտնագործություններ արել։ Ստարմուսը այստեղ է, գիտությունը որպես նոր բրենդ առաջարկելու, մտածողություն փոխելու և դեպի ապագան միտվող ուղղություններ ներկայացնելու համար։ Համոզված եմ ՝ այն երիտասարդության (և ոչ միայն նրանց)  համար ոգեշնչման նոր աղբյուր է հանդիսանալու...»- սա փառատոնի բացման ժամանակ  Գարիկ Իսրայելյանի խոսքն է, որը նա սկսել էր անձնական զգացողությունն  արտահայտող կարճ մի նախադասությամբ՝ «Սթարմուս» փառատոնի կայացումն այլևս իրականություն է»։  

Այն իրականություն է, թե  բազմաշերտ բովանդակությամբ, թե  խոսքային բնութագրման անենթակա մեր իրականության մթնոլորտը տիեզերքից սեպող լավատեսությամբ...