ԲՈԼՈՐՆ ԻՐԵՆՑ ԴՐԱԽՏՆ ԵՆ ՓՆՏՐՈւՄ

 

  Ամեն մեկին չէ, սակայն  որ հաջողվում է այն գտնել։  Ժամանակի քամին բոլորին  չէ, որ  հպվելով, երանելի  ուղղությամբ է տանում.  «21-րդ դարի կինոյի դասականի» համարում ունեցող Ուլրիխ Զայլդը, համոզված է, որ «Մենք բոլորս դրախտ ենք փնտրում, բայց իրականում չենք գտնելու այն։ Ես իմ՝ «Դրախտ, սեր» ֆիլմում, ըստ էության երեք՝ Հույս, հավատ և սեր ամուր կապով օղակված հայտնի բառերից  առաջինն ու երկրորդն եմ փոխարինել։ Դրախտ, որովհետև մարդը  հավատ ու սեր որոնելիս իրականում դրախտի մասին է երազում»։    

  Ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը տարիներ առաջ կարող է և որպես անհերքելի ճշմարտություն ընդուներ կինոռեժիսոր Զայլդի հրապարակավ արված այս հայտարարությունը։ Քանի դեռ չգիտեր, որ ճակատագիրն իր համար անակնկալ  ունի պահած։ Եւ այդ անակնկալը լինելու է կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ «Երբ քամին հանդարտվի» ֆիլմում նկարահանվելու առաջարկը։  Պարզվեց, որ առաջարկ չէր, այլ դրախտ մեկնելու հրավեր։  Ֆրանսիայում բնակվող ու ստեղծագործող մեր տաղանդավոր հայրենակցուհին իր այս ընտրությունը պատահական չի համարում։ Երկար է փնտրել։ Որոնում էր Տարկովսկու՝ Ստալկերի պես մի մարդու, որը կարող էր եվրոպացի հանդիսատեսին ուղեկցելով, ոչ միայն հասցնել  Արցախ, այլև  այդ  երկրամասի առանձնահատուկ լինելը ցույց տար։ Իր հերոսին մարմնավորելու  համար պատկերացնում էր պինդ և գրավիչ ֆակտուրա ունեցող մեկին, քանի որ Արցախի  բնաշխարհն է գեղեցիկ  և այն բնակեցնողներն են  ներքին ամրություն ունեցող մարդիկ։ Եւ գտավ։  Քչախոս, զգացմունքային, բայցև շատ փակ ու հարուստ ներաշխարհով Գրեգուարը հենց իր պատկերացրած  դերասան էր։ Գ. Քոլինը, իհարկե  իր համաձայնությունը տալիս, չէր  էլ պատկերացնում, որ  աշխարհի իր երազած անկյունում է հայտնվելու։ 

  «Ասում են ճամփորդությունները մերժում են ինքդ՝ քեզ հասնելու ձգտումը։ Իմ  պարագայում հակառակն եղավ։ Պարզվեց, որ ճամփորդություններն անհրաժեշտ են՝ ի վերջո, ինքդ՝ քեզ հասկանալու համար։ Ես իմ երազած վայրում եմ.- ասացի։  Սա իմ  դրախտավայրն է, և այն երկիր մոլորակի վրա գոյություն ունի։ Առանձահատուկ էր իմ այս ուղևորությունը, որն ինձ բերել է այն տեղը, որն իրապես երկրային դրախտ է ու անուն ունի՝ Արցախ»։  

  Նորա Մարտիրոսյանի  «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը  Արցախում կառուցվող օդակայանի մասին է։ Չէ, կինոնկարն, այն իրական օդակայանի մասին չէ, որ տասնամյակներ շարունակ ահռելի գումարներ ծախսելով, մերոնք կառուցում, կառուցում էին  ու այդպես էլ ավարտին չհասցրեցին։ Իսկ թշնամին ի տես աշխարհի, երկու տարվա ընթացքում, երկու օդակայանի բացում կատարեց Արցախի գրավյալ տարածքներում: Սա՝ չակերտներում, ավելի ճիշտ՝ փակագծերում թողնված փաստ է, ոչ թե արվեստային երևույթ...

 Կինոռեժիսորն այն  համոզմունքն ունի, որ արվեստային ամեն մի երևույթ ժեստ է անկախ բովանդակությունից։ «Տասը տարի պետք եղավ, որպեսզի ես հասկանամ Արցախի էությունը։ Իմ այս ֆիլմով փորձել եմ արտահայտել այն, ինչ հասկացել եմ։ Ես չգիտեմ, թե որքանով է այն ճշմարիտ, և որքանով է այն  ոչ միայն ինձ, այլև Արցախին անհրաժեշտ։ Սա նուրբ հարց է։ Ոչ հեռավոր անցյալին նայելով ես կարծում եմ որ մենք երազանքով ենք  ապրել։ Միամիտ երազանքով... Ինձ թվում է, որ մեր ժողովուրդը իմաստուն պետք է գտնվեր հասկանալու  համար, թե ինչ ուղղությամբ պետք է գնար ու գնա ստեղծված իրավիճակից  դուրս գալու, ապրելու և մեր ապագան կերտելու  համար։  Մեր ունեցածը Հույսն է։ եթե մենք հույս չունենանք, մենք ո՞նց պետք է ապրենք, ոնց պետք է շարունակենք մեր ճանապարհը»։  Մի  հարց էլ  կա, որն  ինչպես բոլոր արվեստագետներին, այդպես էլ Նորա Մարտիրոսյանին շատ է հուզում. «Արվեստը ի՞նչ է», հարցը, որի  պատասխանը ինքը համառոտ է ձևակերպում.  «Արվեստը  մարդկային հոգու և մտքի տկարությունը հերքելու ագահությունից բացի ուրիշ ճանապարհ ցույց տալու առաքելություն է կրում։ Այո, այդպես է»։

  Գուցեև այդպես է։ Բայց չէ՞ որ, կա նաև այն կարծիքը, թե  ոչ մեկին պետք չէ արվեստը  և  նյութականացված աշխարհի ներկա համապատկերում ժամանակ և փող պետք է ներդնել ու ծախսել մարդկության համար ավելի կարևոր, այլ ոչ թե անպետք բաների համար։

 «Եթե անպետք է, ինչու՞ են որպես առաջին թիրախ արվեստի գործերն ընտրում», հակադարձում է արվեստագետը։ Ինչու՞ է պատերազմով  աճուրդի հանվում փոքր մի  երկրամաս, որը չքնաղ բնությանը ներդաշնակ մշակութային բացառիկ իր արտահայտություններով ու արվեստային երևույթներով է մարդկությանը որպես երկրային դրախտ  ներկայացվում։

  Ինչու՞ է  հայրենի եզերքից արտաքսվածների մասին պատմող գեղարվեստական ֆիլմն առանձին պատումով պատերազմի  հավաքական «դիմանկարը» դառնում, որը հասարակության միտքը ձևավորելով,  զարմանալիորեն նաև կորուսյալ դրախտը ետ բերելու ուղեցույց  դիտարկվում։ Եւ ինչու՞ դրախտում մոլեգնած քամին այդպես էլ չի հանդարտվում։