Ո՞Ր ԴԱՐՆ ԷՐ ՀԱՅՈՑ ՀԱՄԱՐ ԲԱՐԻ

                                                                             

«Կա այսպիսի մի դատողություն, որը գուցե մի քիչ հեքիաթային է թվում, թե Հայոց հարցը պետք է 18-րդ դարում լուծվեր, որովհետև այն բարի դար էր։ Չեմ ասի, թե դա գիտականորեն հիմնավորված էր։ Բայց գիտեմ, որ հիմա աշխարհը գնում է դեպի չարը».- Լևոն Հախվերդյան. 1992թ. «Հայություն».

 

                                                                                               ***************************************************

 

 Ետ նայելը, գոնե երբեմն առ երբեմն, անհրաժեշտ պայման է։ Վստահ ու շիտակ  քայլերով առաջ գնալու երաշխիք է։ Ետ նայելիս, երբեմն  ընդգրկուն ու զննող է դառնում մարդու հայացքը։ Երբեմն  կարող է սևեռվել աննշան թվացող մի կետի վրա, ուր ծվարել է տվյալ պահին հուզող հարցերից մեկի պատասխանը: Մատնանշվածն էլ մեն մի տարեթիվ կարող է լինել։ Ասենք՝ 1999 թ. սեպտեմբեր, որը ամռան ու աշնան միջնամասում երկրում  կայացած մի իրադարձության՝ համահայկական առաջին համաժողովի մասին է հուշում։  Առաջինը...   Իսկ սրան նախորդած կամ հետո գումարված հավաքների լրիվ կամ ոչ լրիվ ցանկի մասին իմանալն էլ՝  ըստ հայեցողության... Համահայկական  համաժողները վերջին երեք տասնամյակում կայացել են Սփյուռքում և Հայաստանում ապրող, գիտության ու մշակույթի, տարբեր ասպարեզները ներկայացնող հեղինակավոր և ճանաչված անհատների մասնակցությամբ։ Հրավիրյալները օրվան և ապագային միտված հետաքրքիր և խորագիտակ ծրագրերով էին հիմնականում ներկայանում։ Դրանց հպանցիկ ծանոթանալու դեպքում անգամ ափսոսանքով ես նկատում, որ առաջարկների թեկուզ քառորդ  մասը  կյանքի կոչելու դեպքում երկիրը կենսունակության այլ համակարգ և  այլ քայլք ու ընթացք էր ունենալու։ Այդպես չեղավ։ «Ինչու՞»,  հարցը, նաև առաջարկ- ծրագրերից քանի՞սն էին կյանքի կոչվել, քանի՞սն են խոսքից՝ գործի վերածվելով, նկատելի արդյունքով նշանավորվել հարցերը մնացել են օդավորված։ Եւ  խնդիրը միայն համաժողովների հաջորդականությունը պահելը չէր։ Պահելու դեպքում էլ  տաշտակը նույնն էր մնալու։ Իսկ դրական արդյունքով, փակուղիներից խուսանավելու, կայուն և ապահով երթը  ունենալու համար ընդամենը  պետք էր բաժանարար պատնեշը վերացվեր։ Հակառակն եղավ, գնալով՝ ամրացվեց։ Այսինքն,  նրանք,  ովքեր ծրագիր մշակող և  ներկայացնող մարդիկ էին և նրանք, որոնք իշխանության  ու նյութական միջոցներ տնօրինելու արտոնություն ունեին, չմիաբանվեցին, համատեղ չգործեցին։ Եւ ստացվեց այնպես, ինչպես  հայտնի  առակագիրն է ասում.  «Երբ մարդիկ համերաշխ չեն իրար հետ, օգուտ չի լինում բռնած գործից»։  Եւ արդյունքում՝ «թե սայլ, թե բեռ նույն տեղն են դեռ»...  Կրկին ետ նայենք.

 Այս անգամ ավելի վաղ, 1992թ «Հայաստանը 21-րդ դարի շեմին» խորագրով համայակական համաժողովին անդրադառնալու համար։ Եւ  նշված  համաժողովից որպես օրինակ, անուշադրության մատնված երեսուն ելույթներից մեկը ներկայացնելուց առաջ նշենք, որ գիտաժողովն իրականացվել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախաձեռնությամբ։ Նման համաժողով կազմակերպելու մտահղացման հեղինակներից մեկը գրող, կինոգործիչ Աղասի Այվազյանն էր։ Նա երկրի համար դժվարին ու բարդ այդ հատվածում իր իսկ հիմնադրած «Հայություն» պարբերաթերթի գլխավոր խմբագիրն էր։ Եւ պարբերաթերթի 1922թ. հունիս, թիվ 9-10 համարներում հրապարակել էր  Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում երկու օր ընթացող «Հայաստանը 21- դարի շեմին» գիտաժողովում ներկայացված զեկույցները։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մտավորականների մասնակցությամբ համաժողովում, ինչպես  պարբերաթերթն է տեղեկացնում. «Ներկայացվել է մոտ երեսուն զեկուցում, որոնց հիմքում հայության ներկա վիճակի, նրա գոյատևման կազմակերպման բազմաբարդ ու կնճռոտ խնդիրների շուրջ, «մտավոր ճիգեր գտնելու հնարավոր ուղիներ են» փորձել առանձնացնել խճճված հարցերի թնջուկից։ Վերին ոլորտում պահելով հարցերի հարցը՝ համազգային միաբանության «աշխարհով մեկ սփռված էթնոսին մի առանցքի շուրջ բերելու անհրաժեշտությունը»։ Գիտաժողովը տեղի ունեցավ պատմական մի փուլում, երբ հայությունը նորից հայտնվել էր բարդ, բայցև առավելագույն հնարավորություններ խոստացող մի փուլում, որը ճակատագրական լինելու և մեր պատմության բազմադարյա շղթայի մեջ նոր ու բարենպաստ երանգ ավելացնելու հնարավորություն է ենթադրում։ Գիտաժողովում բարձր մակարդակով ներկայացվեցին հայ ժողովուրդի առաջ ծառացած խնդիրները։ Արծածվեց հայրենիք- արտաքին և ներքին սփյուռք կապերի հարցը։ Նշվեց, որ այն մակերեսային բնույթ է կրում, որ հայրենիքում սփյուռքի մասին Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները հնարավորություն չունեն մասնակցելու  երկրի անկախության  ու պետականության ամրապնդման գործընթացին։ Այս իմաստով քննարկման նյութ դարձավ միասնականության, միաբանության խնդիրը, որը սակայն չի նշանակում մտածողության ու տեսակետների համահարթեցում, այլ  լիիրավ  ազատ և գործնական մասնակցության հնարավորություն»։ Ապա  շեշտվել է մտավորականության դերի կարևորությունը. «Ճակատագրական նման փուլում մտավորականությունը պետք է վեր կանգնած լինի կուսակցական նեղ շահերից, անգամ կառավարությունից»։  Ընդհանուր եզրահանգման գալով, նշվեց, որ  մտավորականության առաջնահերթ խնդիրն է ստեղծել համահայկական լրատվական կենտրոն, որն աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին ճշմարտացի տեղեկություններ կհաղորդի ինչպես հանրապետությունում, այնպես էլ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։ 1992թ. «Հայաստանը 21-դարի շեմին» խորագրով գիտաժողովում  և «Հայություն» պարբերաթերթում հրապարակված ելույթներից մեր ընթերցողին  ներկայացնելու համար ընտրել ենք  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ խոսքը.                  

                                                                                ԱՊԱԳԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

 Աստղաբաշխական և պատմական ժամանակաշրջանները միշտ չէ, որ համընկնում են։ Ասում են, որ օրինակ 19-րդ դարը շատ երկար տևեց։ Այն կարծես թե սկսվեց 1783 թվականի ֆրանսիական հեղափոխությունից և ավարտվեց 1914 թվականին։ 20-րդ դարը մյուս դարերի հետ համեմատությամբ շատ կարճատև եղավ։ Սկսվելով 1914-ից, 80-ականներին այն արդեն վերջացրել էր իր անելիքները։ Եւ մեր այս գիտաժողովի թեման որոշ առումով ապայագիտական (ֆուտուրոգոլիական) է։ Ես չգիտեմ, մենք ունենք արդյո՞ք մի կարգին ապագայագետ, որ կարողանա քիչ, թե շատ պատկերացում տալ այն մասին, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 21-րդ դարում։ Դա երևի հավասարում է  բազում անհայտներով, որն, իհարկե ունի նաև հայտնի գործոններ, որոնք մենք պետք է աչքի առաջ ունենանք։ Մարքսիստները շուտ վարկաբեկեցին Մալթուսին, որը նախազգուշացնում էր, թե երկրագնդի բնակչությունը աճում է երկրաչափական, իսկ բնական պաշարները թվաբանական պրոգրեսիայով։ Այսինքն ստեղծվում է մոլորակի գերբեռնված վիճակ։ Սակայն քրիստոնեական բնակչության աճը Եվրոպայում գնալով նվազում է, Ռուսաստանում ծննդաբերության տոկոսը ոչ միայն չի աճում, այլև մահացության տոկոսն է մեծանում։ Հայաստանում ավելի քան տխուր վիճակ է։ Ի՞նչ երեխա բերելու ժամանակ է։ Էլ չենք խոսում սոցիալական անապահովության մասին, դրան էլ գումարած արտագաղթը։ Իսկ մեր հարևաններն իրենց իմաստուն կրոնի և չգիտես էլ ինչի շնորհիվ սաստիկ բազմանում են։ Սա առաջին գործոնն է։ Երկրորդ գործոնը, որ նույնպես անտեսել չի կարելի, ազգայնամոլությունն է։ Ես համոզված եմ, որ սա համայն մարդկության դժբախտությունն է։ Ովքե՞ր են ազգայնամոլության փոթորկումից  ավելի շատ տուժում։ Այն ժողովուրդները, որոնք ցրված են և տարբեր տեղերում են ապրում։ Հիմա նացիոնալիզմի մոլեգնության ժամանակներ են և յուրաքանչյուր ժողովուրդ համոզված է, որ իր երկրում ուրիշ մեկը չպիտի ապրի։ Այս հարցը ժամանակին Ժորդանիան է առաջ քաշել, հետո Գամսախուրդիան է կրկնել։ Իսկ ի՞նչ են ասում Կուբանի և Դոնի կազակները։ Հիմա նացիոնալիզմի այնպիսի մի ալիք է բարձրացել, որը գործում է ի վնաս հայությանը։ Այսպիսով՝ մեր հարևան երկրներում և բովանդակ աշխարհում մոլեգնող ազգայնամոլությունը չի կարող չգործել ի վնաս հայությանը։ Երրորդ գործոնը, որ նույնպես չենք կարող հաշվի չառնել, կրոնն է։ Մենք կովկասյան ցեղ չենք։ Մենք Միջին Արևելքի Ժողովուրդ ենք։ Իսկ Արևելքում  այսօր առաջին ջութակը պատկանում է իսլամին։ Սա մի հանգամանք է, որ մեր քաղաքագետները չեն կարող հաշվի չառնել։ Եւ մեր Իրան-Սիրիա-Հայաստան ալյանս ստեղծելու գաղափարը ճիշտ է, թեև սա զիջում է Ամերիկա – Իսրայել ալյանսին։ Մեկ ուրիշ խնդիր էլ կա, առհասարակ մենք Իսրայելի հետ հոգևոր եղբայրներ ենք, բայց տարբեր կշիռներ ունենք։ Եւ այն բոլոր թռիչքները, որ մենք ունենում ենք Իսրայելի հետ մեծ արձագանք է ստանում արաբական աշխարհում։ Ուրեմն, ստացվում է, որ պատմական, մշակութային և այլ մերձեցումներ ունենալով, մենք նաև հակառակորդներ ենք։ Չորրորդ գործոնը հետևյալն է՝ 21-րդ դարը արտադրական հարաբերությունների դար է։ Այս դարի ևս մեկ կարևոր հատկանիշ, որ գործում է ի վնաս մեզ։ Անկման վիճակ, որի ականատեսն ենք մենք, և, որն անդրադառնում է, բոլոր բնագավառների վրա։ Մեր գիտական ներուժը ներկայացնող ուսանողներն, օրինակ սովորելու ոչ մի ցանկություն չունեն, չունեն պահանջվող մակարդակ, ամեն ինչ նրանց թվում է ավելորդ, աննպատակ։ Կա ևս մի խնդիր, դա երկրի բնական ռեսուրսների հարցն  է։ Ու՞ր են այն մարդիկ, որ ասում էին. «Բա մեր Ջերմուկը, մեր մոլիբդենը, ամբողջ Հայաստանը կարող ենք պահել»...  Սա ի՞նչ բան է։ Որքա՞ն կարելի է ազգին մոլորեցնել։  Հիմա մենք հավաքում ենք այդ մոլորության պտուղները...  

Կա այսպիսի դատողություն, որը գուցե մի քիչ հեքիաթային է թվում, թե Հայոց հարցը պետք է 18-րդ դարում լուծվեր, որովհետև այն բարի դար էր։ Չեմ ասում, թե դա գիտականորեն հիմնավորված էր։ Բայց գիտեմ, որ հիմա աշխարհը գնում է դեպի չարը։ Այն գործոնները, որոնք ես թվարկեցի, վերաբերում են մեզ բոլորիս ու մեր բոլոր կուսակցություններին և մեր եկեղեցուն։ Մենք պետք է բեռնաթափվենք հին բեռից։ Այսօր դաշնակցությունը, հնչակյանները, ռամկավարները և բոլորս պետք է վերանայենք մեր դիրքորոշումները։ Սա մերօրյա պահանջն է։

 

ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ