ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ Եւ ԿԱՄԻԼԼԱ

    

  Երկար ճանապարհ էին անցել: Ձիերը հոգնածությունից փնչացնելով էին առաջ գնում: Կցասայլի մեջ երեք փոքրիկները փարվել էին մոր փեշերին.«Մայրիկ, ե՞րբ ենք հասնելու»: Մայրը համբուրում էր նրանց լացակումած աչուկներն ու հույս տալիս.«Շուտով, շատ շուտով»: Կինը գեղեցիկ էր, և հոգսն ու հոգնածությունն անգամ չէին ստվերում նրա գեղեցկությունը։ Նա գիտեր, որ չէր կարող, իրավունք չուներ նվվալ առաջ էր նայում և.ձիերի վարգից առաջացած փոշու ամպի մեջ, միայն նրան էր տեսնում՝ կարոտյալ ամուսնուն: Օր, ժամ առաջ նրան հանդիպելու մտքից ուժ էր գալիս վրան, ձգվում էր ու ավելի ամուր գրկում երեխաներին: Առաջին անգամ էր մեկնում Հայաստան,ամուսնու պատմական հայրենիքը: 1920 թվականն էր; Ալեկոծ, խառնաշփոթ ժամանակներ:

   Սանահին կայարանում վաճառեցին ձիերն ու կցասայլը, որպեսզի  այդ գումարով գնացք նստեն ու հասնեն Երևան: Չէր հաջողվում…Ուղիղ երեք օր գիշերեցին բաց երկնքի տակ: Վագոնները բեռնատար էին: Ոչ մեկը ձեռք չէր մեկնում:«Օգնեցեք, մարդիկ, ես Աելեքսանդր Թամանյանի կինն եմ,երեխաներիս հետ գնում եմ ամուսնուս մոտ`Երևան, տեղ տվեք մեզ թեկուզ բեռների կողքին»: Կնոջ  աղաչանքին ականջալուր եղավ վագոններից մեկի պատուհանից դուրս  նայող մի տղամարդ. «Դուք Թամանյանի կի՞նն եք,եկեք,եկեք կմեկնեք ինձ հետ»… Լևոն Շանթն էր: Նրա համար հաճելի անակնկալ էր հանդիպումը  անվանի ճարտարապետի կնոջ ու երեխաների հետ: Նույնքան էլ անակնկալ էր  լինելու հենց իրենց` ամուսինների հանդիպումը։ Ալեքսանդրապոլում, գնացքից իջնելուն պես,   տեսնում են Ալեքսանդր Թամանյանին, որը Անիից վերադառնում էր Երևան: Այդ միջոցին, արդեն Թամանյանին է թվում, թե դեպի իրեն վազող երեխաները և հունական գեղեցկության աստվածուհու նման Կամիլլան, իր երևակայության կրկնվող ու խաբուսիկ  տեսիլքներից մեկն է :

  Ո՞վ էր նա, ու՞մ էր վիճակված լինելու մեծ ճարտարապետի անբաժան ընկերուհին, հանճարեղ մարդու չարչարանաց կյանքի ճանապարհների անդավաճան ուղեկիցը:

  Կամիլլա (Մաթյու) Մատվեևնա Էդվարդսը դուստրն էր Սանկտ Պետերբուրգի խոշոր անգլիացի ֆաբրիկատեր, ազգությամբ անգլիացի Մատվեյ (Մաթյու) Էդվարդսի և Ֆրանսուհի Կամիլլա  Նիկոլաևնա  Բենուայի: Հայրն ապահովել էր իր մեծ ընտանիքի (տասմեկ երեխա) բարվոք կյանքը, իսկ մայրը`  մտավոր ու հոգևոր զարգացմանն էր հետևել: Նա այն ժամանակ ոչ միայն Ռուսաստանում,այլև արտասահմանում ճանաչված նկարիչ Ալեքսանդր Բենուայի քույրն էր: Կամիլլան ծանոթացել է Ալեքսանդր Թամանյանի հետ մորաքրոջ տանը, որը հայտնի քանդակագործ Լանսերեի կինն էր։ Նրանց տանը հաճախ էին հավաքվում արվեստի աշխարհի մարդիկ, որոնց շարքում և նա էր` Գեղարվեստից Կայսերական պետերբուրգյան ակադեմիայի բարձրագույն ուսումնարանի ուսանող Ալեքսանդր Թամանյանը: Առաջին իսկ հանդիպման ժամանակ նա գրավում է Կամիլլայի ուշադրությունը, որ հետագայում պիտի գրեր.«Նա բաձրահասակ էր, համակրելի ինքնատիպ դիմագծերով, սև մազերով և տարբերվում էր ռուս ընկերներից աշխույժ և ուրախ բնավորությամբ։ Մեր երեկույթների կենտրոնն էր»։ Կամիլլան չի գրել, թե երբ և ինչ պայմաններում է երիտասարդ ճարտարապետը խոստովանել իր սիրո մասին։    Հայտնի է,միայն  որ նա 1907-ին ամուսնացել է գեղատես Կամիլլայի հետ: Ուղիղ տասը տարի Թամանյանի ընտանիքը ապրում է Սանկտ Պետերբուրգում:1917-ի հոկտեմբերյան հեղափոխությա եռքի ընթացքում արդեն ակադեմիկոսի տիտղոս ստացած Թամանյանն իր երեք երեխաներին ու կնոջը տեղափոխում է Անապա` ապահով վայր: Ի՞նչ իմանար ստեղծագործական վիթխարի ճանապարհ ելած Ճարտարապետը, որ ինչքան դժվարություններ աշխատանքում, նույնքան էլ ընտանեկան ու անձնական կյանքում է առճակտվելով, հաղթահարելու: Իսկ գուցե զգում էր, քանի որ նրանց թողնելով  և վերադառնալով Սանկտ Պետերբուրգ, շուրջ երկու տարի զրկված է մնում ճարտարապետական իր մտահղացումներն իրականացնելու հնարավորությունից:

     1919թ. նա Երևանում էր: Նորից առանց ընտանիքի: Նրա տաղանդի ու խոր իմացության կարիքն էր զգում հայրենի երկիրը` որբի պես տկլոր ու անխնամ: Ժամանակը սահում էր,իսկ Կամիլլայից լուր չուներ: Ով և ոնց բերեր: Ճանապարհները` փակ, խառնաշփոթ և տագնապալից տարիներ էին: Հոգու մեծ տառապանքը փորձում էր թեթևացնել մտովի զրույցելով նրա հետ: Եւ որքան մեծ էր ուրախությունը, երբ հնարավորություն եղավ նամակատար գտնել, գեթ այդպես հաղորդակցվել սիրելիների հետ:

     «Կամիլոչկա, սիրելիս և իմ պաշտելի երեխաներ Արոչկա,Ժորժիկ և Մարուսենկա

Ո՞նց եք ապրում, սիրելիներ … Ինչպե՜ս կուզենայի,որ երեխաների հետ միասին այստեղ լինեիք… Երբ իմացա,որ եղբայրներդ Բաթումի են գնացել և դու նրանց հետ չես, կարոտից ու անհուսությունից չգիտեի ինչ անել: Սիրելիս, ինչու՞ բաց թողեցիր այդ հնարավորությունը: Չէ՞ որ ես կարող էի անմիջապես մեկնել Բաթումի,ուր գոնե երկու ամիս միասին կլինեինք: Ես գիտեմ,ինձ ես սպասել, վախեցել ես ճանապարհ  ընկնել: Սակայն իմ գալը հնարավոր կլիներ նորմալ ժամանակներում,ոչ թե այսպիսի խառնաշփոթ պայմաններում: Ճանապարհածախսն էլ ահագին է: Ինչքան փորձեցի, բան դուրս չեկավ: Իհարկե,արդեն իզուր է ասել, բայց մինչև հիմա չեմ հանգստանում այն մտքից, որ կարող էիր Վանյայի հետ մեկնել Բաթումի: Մի խոսքով,երջանկությունն այնքա՜ն մոտիկ ու այնքա՜ն հնարավոր էր: Մնում էր միայն սպասել ճանապարհների բացվելուն: Երկաթուղիով անհնար է,որովհետև Վրաստանն ու Ադրբեջանը պատերազմի մեջ են: Հույսի մի թույլ շող կա մեջս,թե գալդ գուցե հնարավոր լինի Սերգեյ Իվանովիչի հետ, որը սպասում է Հայաստանի կառավարության հեռագրին:

   Ամեն օր աշխատում եմ շատ ծանրաբեռնված ու լարված: Գործ շատ կա, բայց աշխատելը շատ դժվար է,որովհետև աշխատանքային պայմանները շատ ծանր են, ինչ արած,համառությամբ ու եռանդով պիտի հասնես նպատակիդ: Դժվարությունն այն է, որ աշխատանքային անհրաժեշտ  նյութեր ու վարպետներ չկան: Ամենահասարակ գործն իսկ գլուխ բերելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Իմ հիմնած հաստատությունը (գլխավոր ճարտարապետի վարչություն), աստիճանաբար կազմավորվում և համալրվում է: Արդեն առանձին շենք ունեմ` համեստ առանձնատուն: Ինձ հետ են աշխատում քո մտերիմուհին `Լյուսյա Ակոպովան և Արալովների բարեկամը, որի միջոցով քեզ նամակ էի ուղարկել: Թանկություն է, ապրելը` դժվար,բայց ես ուրախ եմ,միայն ձեր պակասն եմ զգում: Եթե այստեղ լինեիք,ես շատ երջանիկ կլինեի, ե՞րբ, ե՞րբ նորից միասին կլինենք,ե՞րբ նորից կշրջեմ իմ աննման Արոչկայի հետ: Երևանի շուրջբոլորը այգիներ կան,և մենք կարող էինք մեր երեխաների հետ զբոսնել այնտեղ: Բաթումիից նամակ եմ ստացել Մեշչեներովից և Լուկիան Եգորովիչից: Նրանք քո մասին ոչինչ չեն հաղորդում: Նամակ եմ ստացել Լանսերեից,նրանք հաջողությամբ աշխատում են Թիֆլիսում… 

   Շտապում եմ նամակը հանձնել նամակաբերիս: Կուզենայի դեռ էլի գրել,շատ  գրել, բայց ժամանակ չկա: Ամուր, ամուր համբուրում եմ: Ձեզ անսահման կարոտած` Շուրա» : 

 Չստացավ Կամիլլան այս նամակը: Այն հասավ... Փարիզ: Քառասուն տարի անց միայն «վերադարձավ» Երևան ու հանձնվեց Կամիլլային։ Թամանյանն արդեն վաղուց չկար:

 Նամակներն էլ են ճակատագիր ունենում: Այն մասունքի պես պահում է մեծ ճարտարապետի որդու`Գևորգ Թամանյանի կինը` Էլեոնորա Տեր- Պողոսյանը:

  1920թ. կնոջ և երեխաների Երևան գալը մեծ զոհաբերություն պահանջեց: Կամիլլան նույնպես տառապալից ամիսներ անց կացրեց Անապայում: Հորից ստացած զարդերը արդեն վաճառել էր իր և երեխաների գոյությունը պահպանելու համար: Հարուստ ֆաբրիկատիրոջ դուստրը, ակադեմիկոսի կինը ստիպված, անգամ լվացք  արել, որպեսզի երեխաները քաղցած չմնան: Ամուսնու` հիշյալ նամակում գրած թախանձանքներին անտեղյակ` վճռեց վաճառել տուն ու տեղը նաև մինչև վերջին մանրուքը, տրանսպորտի`այն ժամանակ ընդունված,սակայն կնոջ համար ոչ այնքան ապահով ձևը` ձի գնելու համար: Պիտի մեկներ Հայաստան: Չէր կարող չգնալ,գիտեր,որ իր ներկայությունը շատ է պետք ամուսնուն: Բայց Երևանում էլ չհաջողվեց նրանց վայելել ընտանեկան ջերմ անդորրը։1921թ. փետրվարին Հայաստանում բռնկված քաղաքացիական խժդժությունները պատճառ դարձան, որ շատ մտավորականների հետ Թամանյանն էլ  հեռանա Հայաստանից: Գնաց Պարսկաստան: Փախավ, ստիպեցին փախչել: Նորից երեք երեխաներին հետ՝ Կամիլլան գնաց նրա հետ: Չտրտնջաց, չբողոքեց: Որտեղ Շուրան, այնտեղ` ինքը: Փախստականի վիճակին դեռ չհարմարված` ընտանիքն այս անգամ նոր ու ավելի ծանր հարված է ստանում...Տիֆից մահանում է սիրելի դուստրը՝ 13-ամյա Մարուսյան: Բնությունից է տրված. որքան ծանր է հակազդեցության գործոնը ,այնքան հզոր է դիմագրավելու կամքը: Կամիլլան ուժեղ էր, խելացի և ,հասկանում էր, որ տառապանքների գերի դառնալը կարող է վհատեցնել ամուսնուն, որին նման պահին նեցուկ, ոգեղեն հենարան էր պետք, ամուր մնալու համար:

 Թավրիզը նրանց ոչինչ չուներ տալու: Իրենք էլ քաղաքին: Ծնվեց չորրորդ զավակը` Յուլին: 1923 թ. Թամանյանն Հայաստանի կառավարությունից հեռագիր է ստանում` վերադառնալ Երևան` շարունակելու համար հայրենի երկրի կառուցման աշխատանքները: Երևանում, Աստաֆյան փողոցի կիսագետնահարկ տներից մեկում էր ապրելու ճարտարապետի ընտանիքը։ Նա ով նախագծելու էր փողոցների փոշուց թմրած, կավաշեն տների պաղ գույներից մրսող գավառական քաղաքի գլխավոր  հատակագիծը, նոր Երևանը:

 Երկու սենյականոց,առանց հարմարությունների այդ փոքրիկ բնակարանում բազմանդամ ընտանիքի հետ ապրում էին նաև Թամանյանի քույրերն ու փոքր դստեր անապաստան ընկերուհին: Կամիլլան ավագ որդու`Գևորգի հետ քնում էր բաց պատշգամբում… անգամ ձմռան ամիսներին: Առավոտյան արթնանում էր ձյան փոշին դեմքին ու անկողնում: Կամիլլան շուտ հարմարվեց նաև հայկական կենցաղին, հայազգի տնտեսուհիներից ոչ պակաս հմտությամբ հայկական ճաշատեսակներ էր պատրաստում, հյուրասեր էր, անսահման բարի:

   Թամանյանի թոռնուհին `ճարտարապետ Գայանե Թամանյանը ,պատմում էր, որ երբ ինքը դպրոցական էր, հաճախ էին ընկերներով գալիս իրենց տուն`տատիկի տապակած կարտոֆիլն ուտելու: Իսկ տիկին Էլեոնորան`Գայանեի մայրը, նրան հիշում էր միշտ կոկիկ հագնված,գեղեցիկ բարձր սանրվածքով,անկախ տրամադրությունից,  որը կարող էր փոխվել և՚ ընտանեկան, և՚ ծանր աշխատանքային պայմանների թելադրանքով:

  Կամիլլայի հարազատները` քույրերը, եղբայրները,ցրված էին աշխարհով մեկ` Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա… Ապրում էին ապահով,չիմանալով ինչ է վախը, սովը, հիվանդությունը: Կամիլլան ճաշակել էր այդ բոլորը,բայց իրեն էլի երջանիկ էր զգում սիրելիների՝ երեխաների, ամուսնու կողքին: Ու երբևէ մտքովն իսկ չէր անցնում խաղաղ ու ապահով կյանք որոնել դրսերում:

 Ընդհակառակը, 30- ականներին,երբ լուրջ խոչընդոտներ էին ծագել Երևանի հատակագծման թամանյանական ծրագիրն իրականացնելու գործընթացում, Կամիլլան ամուր թևու թիկունք էր ամուսնու համար` իր  հավատով  ու խորհրդատուի հմուտ դրսևորումներով: Ոչ  մի օր անգամ մտովի չլքեց նրան: Նա օգնեց Թամանյանին ժպիտով ու համառությամբ նաև հաստատակամությամբ հաղթահարել իր և իր ազնիվ գործի դեմ նյութված դավերը։ Ինչպիսին էր, օրինակ, 1930թ. Վրաստանում լույս տեսնող «Զարյա Վաստոկա » ռուսալեզու թերթի մարտի 6-ի համարում տպագրված նամակը: Ահա այն.

 «Ժողովրդական տան» փոխարեն կկառուցենք պրոլետարական տան դարբնոց

 Սոցիալիստական շինարարության զարգացման ներկա ժամանակաշրջանը    արմատական բեկում  մտցրեց  մշակութային հեղափոխության բնագավառում:

 Այդ գործում մեծ է ճարտարապետության դերը այնքանով,որ վերակառուցումը մեր շինարարության առջև մի շարք նոր խնդիրներ է դրել,որոնց լուծումը մեզանից պահանջում է նոր, հեղափոխական մոտեցում: Նոր բնակարանը ,գործարանը, ակումբը,քաղաքը այժմ մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով այն կոչված է լինել նոր սոցիալիստական կենցաղ և նոր մարդ կերտելու կենտրոն: Բեկման այս դարաշրջանում, ավելի սրվող դասակարգային պայքարի պայմաններում անհրաժեշտ  է հեղափոխական վճռականություն` կասեցնելու համար այն ամենը, ինչը կարող է   խափանել մեր տնտեսական և մշակույթային շինարարության ճիշտ ընթացքն ու զարգացումը:

 Այսպիսի վտանգ մեզ սպառնում է «ժողովրդական տան» կողմից, որը նախատեսված է կառուցել Էրիվանում, ակադեմիկոս Ա. Թամանյանի նախագծով:

 Հենց «ժողտուն» տերմինը պրոլետարական դիկտատուրայի դարաշրջանում  հնչում է որպես ցնցող ժամանակավրիպում` մեխանիկորեն անցյալից մեր օրերն անցած: Անցյալի ավանդներին հավատարիմ, ակադեմիկոս Թամանյանի Նախագիծը ոչ իր նշանակությամբ, ոչ էլ բովանդակությամբ չի տարբերվում ցարական  ժամանակներում կառուցված.«ժողովրդական» անվանումը կրող այն տներից,որոնք եղել են թեթև զվարճության և մանր  բուրժուազիայի (ծառայողների, արհեստավորների և աշխատավոր արիստոկրատիայի) ժամանցի վայրեր: Եթե անգամ տարբերություն կա, ապա այն  կայանում է նրանում,որ Էրիվանյան «Ժողտունը» գերազանցում է հներին իր արտաքին փքունությամբ` պալատական կառույցների նմանությամբ:

   «Ժողտան» նախագիծը նախատեսում է միայն թատերական և համերգային դահլիճների և թանգարանների գոյությունը, այսինքն` այլ կերպ ասած, այն վայրերի, որտեղ աշխատավորները պետք է հայտնվեն պասիվ - հայեցողական վիճակում`միայն հանդիսատեսի և ունկնդրի դերում: Այնինչ, մեր օրերում, ամբողջ Միության մասշտաբով կառուցվում են պրոլետարական մշակույթի դարբնոցներ: Այստեղ աշխատավոր լայն մասսաները կստանան քաղաքական, արտադրական, մասնագիտական,գիտական, գեղավերստական և ֆիզիկական դաստիարակություն և գիտելիքներ:Ինքնագործունեության հիմունքներով սոցիալիզմի շինարարներն այնտեղ կկոփվեն: Այսպիսով, Էրիվանյան «Ժողտունը», լինելով ակադեմիզմի և թանգարանային հնագիտության արդյունք, ոչ մի կապ  չունենալով մեր արդիականության կուլտուրական պահանջմունքների հետ, հենց իր բնույթով հետադիմական և օտար է մեր ժամանակների համար:Ինչ վերաբերում է ճարտարապետական ձևավորմանը,անհրաժեշտ է խոստովանել,որ հեղինակը կարողացել է մեծ բարեխղճությամբ և հնագիտական ճշգրտությամբ վերականգնել հին պալատական ճարտարապետությունը, համեմելով այն եկեղեցա- ֆեոդալական (ըստ հեղինակի «ժողովրդական») և հելլենական ոճերի խառնուրդով ` մեջընդմեջ օգտագործելով ամպիր ոճը: Այս էկլեկտիզմը,որը բնորոշ է առևտրա- արտադրական կապիտալի դարաշրջանին, չափազանց անտանելի է դառնում պրոլետարիական դիկտատուրայի դարաշրջանում: Բացի այդ, էկլեկտիզմը կառչում է հետամնաց շինարարական մեթոդներից և  դրանով հակասում ժամանակակից տեխնիկայի նվաճումներին և տեմպին: Ահա թե ինչու «ժողտան» միայն մեկ (առայժմ առաջին) մասի` թատերականի կառուցումը սպառնում է ձգձգվել երեք տարի (հեղինակի ենթադրությամբ), դե, առանց այն էլ չի կարող այդ ժամկետից շուտ ավարտվել, քանի որ «տան» ճարտարապետությունը պահանջում է այնպիսի ճարտար ու նուրբ աշխատանք, որը խելքին մոտ է միայն փարավոնների, Լյուդովիկոսների և Ռոմանովների ժամանակների տաժանակիր աշխատանքի պայմաններում:

  Եթե այս ամենին ավելացնենք այն, որ այս կարգի ճարտարապետությունը երեք անգամ ավելի մեծ չափով աշխատանքային ուժ, շինարարական նյութ և դրամական միջոց կկլանի, ապա պարզ կդառնա, թե ինչու ենք մենք անթույլատրելի համարում ակադեմիկոս Թամանյանի նախագծով «Ժողտան» կառուցումը,որն անընդունելի է մեր օրերում և իր բնույթով, և ձևավորմամբ:

 «Ժողտան» փոխարեն մենք առաջարկում ենք կառուցել պրոլետարիական կուլտուրայի դարբնոց, որն իր բնույթով և ձևով կհամապատասխանի սոցիալիստական շինարարությանը:Դարբնոցի կառուցումը կարող է ավարտվել նոր կառուցվող «Ժողտնից» շատ ավելի վաղ (նույնիսկ եթեկառուցումը սկսվի մեկ տարի ուշ) և շատ ավելի քիչ նյութական միջոցներ կպահանջի:

 Դիմելով մեր մամուլին, կուսակցություններին, խորհրդային, հասարակական և պրոֆեսիոնալ կազմակերպություններին, մշակույթային հեղափոխությունը ղեկավարող մարմիններին, աշխատավոր լայն մասսային, կոչ ենք անում թույլ չտալ «Ժողտան» կառուցումը ակադեմիկոս Թամանյանի նախագծով: Փոխարենը կկառուցենք մշակութային կենտրոններ,որոնք կձևավորեն սոցիալական կենցաղը և նոր մարդուն:

 Հայկական ԽՍՀ պրոլետարիական ճարտարապետների միության հիմնադիր անդամներ,ճարտարապետներ` Ավանեսյան Ա. Ահարոնյան Ա.,Հակոբյան Ռ.,      Հալաբյան Կ,Մարգարյան Օ. Սաֆարյան Ս., տեխնիկներ՝ Մանվելյան Լ. Մկրտչյան Ի.տեխնիկներ` Մանվելյան Լ.,Մնացականյան Ս., նկարիչ` Արուտչյան Մ.

  Թամանյաններին վհատեցնողը, սակայն սոսկ անբարացակամության մթնոլորտն ու մարդկային տգեղ վարքն ու վերաբերմունքն չէր։ Անհահաթահարելին վրահաս դժբախտությունն էր լինելու։ Ընտանիքը նոր՝ երկրորդ անդառնալի կորուստն է ունենում: Մահանում է 17-ամյա դուստրը` Վարվառան, որի հանդեպ հայրը մի առանձնահատուկ սեր էր տածում:

 Դստեր վաղաժամ մահը շատ է ընկճում Թամանյանին: Գրեթե ամեն երեկո նա այցելում էր Արոչկայի գերեզմանին, ժամեր անցկացնում այնտեղ: Այս անգամ արդեն Կամիլլան անզոր է լինում նեցուկ դառնալ ամուսնուն, ամոքել ծանր կսկիծը։,Ինքն էլ դրա անհրաժեշտությունն ուներ: Ցրտին ու անձրևին շիրիմի մոտ անցկացնելը և՚ ֆիզիկապես, և՚ հոգեպես քամում են ճարտարապետին: Նա հիվանդանում է։ Կրկնակի վիշտը, դժվարին, խոչնդոտումներով ընթացող աշխատանքը ցավալի  հետևանքներ են թողնում։    1936թ. ձմռանը գրեթե կուրացած, Ալեքսանդր Թամանյանը մահանում է: Նա ընդամենը 58 տարեկան էր․

   Կամիլլան, Թամանյանի կյանքի ծանր օրերի լավագույն ընկերը, նրան  ոգեշնչողն ու հավատարիմ ուղեկիցը,չի կորցնում իրեն: Շուրջը հավաքելով տղաներին, թոռներին ու հարսներին, հոգ է տանում, օգնում, որ շարունակեն հանճարեղ ճարտարապետի գործը: Ապրելով ավագ որդու`Գևորգի ու նրա կնոջ` Էլեոնորայի հետ, շարունակում է պահպանել թամանյանական տան  ջերմությունն ու  սովորույթները: Դեռևս ամուսնու կենդանության օրոք նրանով հիացող ամուսնու մտերիմները, նշանավոր մտավորականներ, արվեստի գործիչներ Թորոս Թորոմանյանը, Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Մարիետա Շահինյանը, Հրաչյա Աճառյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք շարունակում էին հատկապես տոն օրերին,  հյուրընկալվել Կամիլլային:

  • Ընդամենը երկու զգեստ ուներ,-- պատմում էր Էլեոնորան,-- հյուրերի այցելությունների օրերին արթնանում էր առավոտ վաղ, թխվածք էր պատրաստում,հագնում էր երկար, սև զգեստը ու նստելով բազմոցին, անհամբեր սպասում նրանց: Շատ լավ տիրապետում էր հայերենին, թեպետ միշտ չէ, որ հայերեն էր խոսում: Կամիլլայի հյուրասիրության, առհասարակ Թամանյանների տան ջերմ մթնոլորտի մասին գրել է նաև Ալեքսանդր Բենուան Ֆրանսիայում հրատարակված իր գրքում

 Կամիլլան ապրեց մինչև 1960 թվականը: Նա տեսավ ամուսնու խորունկ մտքի և անթերի ճաշակի կնիքը կրող ճարտարապետական ինքնատիպ շինություններով կառուցապատվող «արևային քաղաքը», իրենց երազած նոր Երևանը։ 

  Հ.Գ. Թեպետ ստվերող երևույթներ հետագայում էլ անպակաս չեղան, բայց վստահաբար Կամիլլան երևակայել անգամ չէր կարող, որ 21-դարի Երևանում «հզոր մտքի տեր» արտոնյալ այնպիսի մարդիկ են հայտնվելու, որոնք խոշոր գումարներ են ծախսելու, որպեսզի պատմական հուշարձանի համարում ունեցող թամանյանական շինությունների սրբատաշ քարերի վրա տոնական լույսեր ամրացնելու համար 5000 անցք փորելով խաթարեն, դարերին պահ տված շքեղ կառույցի արտաքին տեսքն ու պատերը։