ԿԱՄՈՒՐՋ

 

 Տխուր, տագնապալից իրադարձություններով հագեցված լրահոսից առանձնացվող մի տեսանյութ, օրերս զարմացրեց հաճելի մի նորությամբ։ Ասվում էր, թե  2023-ին, պետք է սկսվեն Կարմիր կամուրջի վերականգնողական աշխատանքները։ Նախագծի հեղինակ՝ Լևոն Վասիլյանը, լուրը հաստատելով, նաև նշեց, թե որքան գումար է նախատեսել գործի իրականացումը  ստանձնած  բարերարը, ով չի կամենում հրապարակել իր անունը։ Սա էլ նույնքան անսպասելի և հաճելի լուր էր։ Ուրեմն, մեզանում նման անհատներ էլ դեռ կան, որոնք հետևում և հարգում են. «Աջ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը» պատվիրանը, նաև կարևորում պատմամշակութային հուշարձանների  պահպանումը։

 1679-ին Զանգվի վրա կառուցված միջնադարյան կամուրջը մեզ հասած Երևանի երեք պատմական կամուրջներից մեկն է։ Եւ միակը։ Կարմիր է կոչվել ընտրված տուֆի գույնի պատճառով։ Փիլավի է կոչվել  այն մեծահարուստ հայի անունով, որի միջոցներով ու ջանքերով  իրականացվել է։ Մեծ, չորս կամարային բացվածքներով  կամուրջը կարևոր դեր ուներ  քաղաքի համար։ Դեպի Երևան տանող միակ ճանապարհը, որ անցնում էր Հրազդանի կիրճով այս կամուրջով էր կապվում։ Բայց  այն հայտնվել է կործանման եզրին և վաղուց է ինչ իր նպատակին չի ծառայում։  Մեր մեղքով կամ մեր անտարբերության պատճառով։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է, որ կամուրջի առաջին վերանորոգողը եղել է մեծահարուստ Փիլավին։ Բայց մեկ այլ տեղեկագրում նշվում է, թե  1830-ին, Կարմիր կամուրջը բարեփոխումների է ենթարկվել  Ռուսաստանի  պետական վարչակարգի նախաձեռնությամբ։ Եւ սրանով էլ սկսվել ու ավարտվել են կամուրջի  վերանորոգումները։  20-րդ դարի վերջերին սկսված հիմնանորոգման աշխատանքներն ընդհատվեցին 1988-ին, երկրում կատարվող հայտնի  իրադարձությունների պատճառով։  21-րդ դարի առաջին տասնամյակներին  «գումար չկա» պատճառաբանությունը շրջանառության մեջ պահելով, թիվ նշեցին՝ մի միլիոն դոլար, որի հայթայթելն անկարելի համարվեց։  Թեպետ ցանկության դեպքում և՛ անհրաժեշտ գումարն  էր հնարավոր գտնել և՛ կամուրջի գոնե պահպանված մասն  էր հնարավոր նորոգել։  Խառը մեր այս ժամանակներում, Կարմիր կամուրջը վերջնական կործանումից փրկելու  մասին բարձրաձայնելը  չէ, ակնարկելն անգամ  անհարկի ու ժամանակավրեպ  էր  թվում։  Բայց  խոսվեց։ Եւ խոսվեց  ոչ թե խնդրի, այլ կայացած որոշման մասին։ Իսկապես, որ բացատրության անենթակա  երևույթներ կան, որոնց անիմանալի խորհուրդը  ժամանակին է պահ տրվում։ Հուշելով, որ ներկա պահին  ավելի լավ է կարևորել  այն,  ինչը  կա՝ մեկենասի  կայացրած  որոշումը, աշխատանքները սկսելու ֆիքսված ժամկետը,  ճարտարապետի  նախագիծը։   

 Կամուրջը  ճարտարապետական ու շինարարական արվեստի գործ չէ միայն: Կամուրջը երկրի, քաղաքի, և ուզած բնակավայրի համար կիրառական նշանակության հետ նաև պաշտպանական շինությունների՝ բերդերին, պարիսպներին, ամրոցներին համարժեք կառույց է։ Եւ մարդկության գոյության ողջ ընթացքում, իր այս նշանակությունը չի կորցրել, այլ հակառակը՝ շինարարական և տեխնիկական ասպարեզների նվաճումներին զուգահեռ նորարարական զարգացումներ է ունեցել։ Մեր ճարտարապետները և շինարարները ինքնատիպ ու ամուր՝  եռաչքանի, հնգաչքանի, կամարակապ, մի քանի թռիչքներով, տեխնիկական բարդ ու նոր լուծումներով և չափերով, մեկը մյուսին չկրկնող բազմաթիվ հորինվածքներ իրականացնելով նաև աշխարհի կամրջաշինությանը փորձն են հարստացրել։

 Դեռևս 1664թ. Նորքի ձորում, գետառի վրա ծնունդ է առնում քաղաքի միաչքանի կամուրջը։ Սրան հաջորդում են նույնատիպ ավելի փոքր մի քանի կամուրջներ։ Ամենահայտնին ու ամենամեծը, սակայն  Հրազդանի կիրճում գետանցի միջոց դարձած կամուրջն էր, որը նաև ռազմավարական կարևոր դեր ուներ քաղաքի համար։  Երևանի բերդի հսկողության տակ գտնվող կամուրջը 1679 թ. երկրաշարժից մեծ ավերածության է ենթարկվում, բայց բարեբախտաբար շատ արագ վերակաշինվում է և կրկին ծառայում նպատակին։ Մեր քաղաքում դասականի համարում ունեցող 60մ երկարությամբ և11մ առաջին խոշոր այս կամուրջը գետը սնուցող երկու բացվածքով, երկու ջրանցույցների շուրջ սլաքաձև զույգ կամարներով հոյակապ կառույց է։  Առհասարակ,  թե ճարտարապետական մտահղացմամբ, թե կոնստրուկտորական լուծումներով,  թե շինարարական որակով Հայաստանում և հատկապես մայրաքաղաքում իրականացված կամուրջները ավանդույթներ զարգացնող բացառիկ ու բարձրակարգ կառույցներ են։ Կամրջաշինությունը, թերևս շինարարական արվեստի այն բնագավառն է, որը ինչպես եկեղցաշինությունը, բնակելի ու հասարակական շինությունները, ոչ միայն խաթարումներից է զերծ մնացել, այլև նշանակալից վերելք է ապրել։ Քաղաքային մեր կամուրջները գեղարվեստական, պլաստիկ լուծումներով և ռիթմով հարստացնում են Երևանի ճարտարապետական միջավայրը։ Կամուրջների   շնորհիվ քաղաքը կարծես  թևերն է պարզում։  Շքեղ կամարներով, բազալտե հոյակերտ կառույց է  Հաղթանակի կամուրջը, որի դերը մեծ էր երկրի ու նրա մայրաքաղաքի համար։ Հրաշալի հղացում էր Կիևյան կամուրջը, որի ներկայությամբ Երևանն, ասես  ձորի երկու ափին բացվելով, ծավալն ընդաձակեց և շնչառությունը մեծ երկիր էր միտում։ Ճարտարապետական արվեստի գոհար է կոչվել Հրազդանի կիրճը մարզադաշտի հրապարակին միացնող Ռ. Իսրայելյանի հեղինակած ակվեդուկը։ Նշանակալից դեր ունի Նոր նորքի և Ավանի թաղամասերը քաղաքին կապող կամուրջը, որը Երևանի դուրս ու ներս տանող ճանապարհները  երկհարկանի բաժանումների ենթարկելով, թռիչքաձև հորինվածքով միջավայրը կոկիկ ու  հավաք դարձնելու հատկանիշներով է առանձնանում։ Իսկ հակառակ ծայրում քաղաքի սլացքը  դեպի Էջմիածնի ճանապարհը ձգող՝ Շահումյանի կամուրջն է, որը տրանսպորտային հանգուցալուծման  ծանրությունը  թեթևացնելու նպատակին է ծառայում։  Օրինակները  հաստատում են նաև, որ կամուրջները և՛ ժամանակի և՛ քաղաքի առաջադրած պահանջով են կառուցվում։   

 Դավթաշենի կամուրջն, օրինակ սոսկ  քաղաքի գեղագիտական միջավայրը հարստացնելու համար  չէր մտահղացվել։ Այն նաև կիրառական մեծ դեր կրելու, տնտեսական  ծախսեր կրճատելու  և  նորաշեն, նույնանուն  թաղամասի բնակչության կենսակերպը կազմակերպելու համար է կառուցվել։ Շատերը գիտեն, բայց նորից  հիշեցնենք, որ  թաղամասի բնակիչները (և ոչ միայն նրանք), Կիևյան փողոց հասնելու և համանուն  կամուրջով անցնելու համար բավական ժամանակ վատնելով, երկար  ճանապարհ էին անցնում։ Իսկ հիմա կամուրջը  ոչ միայն տրանսպորտով, այլ  պարզապես հետիոտն հատելով են քաղաքի ամենաբանուկ, Կոմիտասի պողոտայում հայտնվում։ Հրաշքի պես մի բան է, ասես։ Բայց հրաշքները անսպասելի ու արագ են կատարվում։ Մինչդեռ  Դավթաշենի կամուրջի իրականացումը  մեկ տասնամյակից էլ ավելի ձգձգվեց։ Բայց այդ պատմությունը թողնենք անցյալում։ Հիմա  ժամանակը ետ տալով, փորձենք  պատկերացնել, թե միջնադարում Զանգվի վրա առաջին խոշոր կամուրջի պատվիրատու՝ Խոջա Փիլավին ի՞նչ կարողության տեր է եղել,  մարդկային ի՞նչպիսի  նկարագիր է ունեցել, որ սեփական ունեցվածքը չխնայելով, նշանակալից նման մի գործ իրականացնելով,  դարերի մեջ իր անունը հավեժացնելու իմաստնություն է ցուցաբերել։ Նույն Ժամանակն առաջ հրելով, փորձենք գուշակել նաև, թե Կարմիր կամուրջի վերանորոգման աշխատանքները  քանի ամիս ու քանի տարի է տևելու։ Եւ ո՞վ է Կարմիր կամուրջը նորոգող մերօրյա մեկենասը, որի ազգանունը գալիք դարերում պետք է հիշատակվի ու պահպանվի Երևանի առաջին կամուրջի պատվիրատուի անվան կողքին...