ԵՐԲ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

 

 Մարդկանց մոլորակի բնակիչներից լավերից էր Էդվարդ Մսրլյանը։ Մեծ հայը այլևս մեզ հետ չէ։Կարծես երկրից մի մեծ ժայռաբեկոր պոկվեց։ Էդվարդ Մսրլյանը հեռացավ իր ետևից թողնելով հայրենավեր և բարի գործերի մեծ շառավիղ։ Թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում հայրենանվեր  գործունեություն էր ծավալում և դեպի հայրենիք բերող ճանապարհը բանուկ պահելով էր տարաբնույթ  ներդրումներով նյութական նաև կազմակերպչական աջակցություն ցուցաբերում  երկրի երկու հատվածներին։  Ազնիվ էր: Բարի ու ներողամիտ  էր, ու սիրտը փառավորվում էր, երբ տալիս էր, երբ օգնում  էր մարդկանց իրականացնել իրենց երազանքներն և ծրագրերը։ Մարդկանց հետ հարաբերվելու առանձնահատուկ ձիրք ուներ և մեկենաս  էր բառի  դասական իմաստով։ Երբեք չուզեց ի ցույց  դնել կամ լրատվամիջոցներով բարձրաձայնել իր հովանավորությամբ և աջակցությամբ իրականացված գործերի մասին։ Թեպետ նրա աջակցությամբ երկու տասնամյակ  հրապարակվող «Arvest.am» մշակութային պորտալը կար և էլի ուրիշ հանդեսներ կային։ Ամենամտերիմ մարդիկ անգամ չգիտեին,  թե ինչ շառավղով է  ծավալվում նրա գործունեությունը։ Ամեն մեկն թերևս իր բնագավառի մասին էր տեղյակ։ Այդու հայտնի էր, որ Վերժին և Էդվարդ Մսրլյանները  Գյումրիում՝ «Օվսաննա» կրթօջախն են հիմնադրել, Շուշիում «Սոսե» մանկապարտեզը, որը նոր մասնաշենքով գործել է, մինչև քաղաքի անկումը, նաև Վանաձորի մանկատան հովանավորներից էին։ Մսրլյանը մշակույթի և գեղարվեստի հանդեպ մանկության տարիներից պահած սեր ուներ և այդ  հետաքրքրությունները դրսևորվել են թե՛ այն երկրներում, որտեղ ապրել էր՝ Սիրիա, Լիբանան, Կանադա, Ամերիկա, թե՛ հայրենքում՝ ուր նա շտապեց գալ ցուրտ և մութ օրերով սկզբնավորված տարիներին։ Նրա ներկայությունը հայրենիքում նշանավորվեց արժեքավոր ու մնայուն գործերով։ ժամանակի ընթացքում  ճանաչելի դարձավ գեղանկարների անհատական հավաքածու կազմավորելով, արվեստի մարդկանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ բացելով, գեղանկարիչների, լուսանկարիչների պատկերագրքերը, գրողների ստեղծագործությունները հրատարակելով,  երաժշտության՝ հատկապես կատարողական արվեստի ասպարեզի գործիչներին սատարելով նաև  տարբեր բնագավառներում գործող գիտնականների մենագրությունները հրապարակմանն ու թանգարաննների հետազոտական աշխատանքներին, հնագիտական պեղումներին աջակցելով։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի կազմակերպած «Արշալույս քրիստոնեության հայոց» միջազգային գիտաժողովի «Հայոց հնագույն պատմության հիմնահարցերը» խորագրով ծրագրի «Աստվածաշնչյան օջախ Հայաստան», «Հայկազունիներ», «Տիգրան Մեծ» վերտառությամբ գիտաժողովները, որոնք  նախորդների շարունակություն էին, նույնպես իրակացվել են  Էդվարդ Մսրլյանի հովանավորությամբ։ Վերջին շրջանում առանձնապես շատ էր ոգևորված    «Արևահովիտ»-ի բեղուն գործունեությամբ։ Այս ամենին զուգահեռ նրա անունով  «Ցանկությունների մատյան» կայք էր գործում, որի վերնագիրն իսկ հուշում է, թե ինչ նպատակով էր այն բացված։ Երբ կյանքի հունը փոխվելու հետ բարոյական արժեքներն էլ փոխվեցին նա էլի հավատարիմ մնաց իր սկզբունքներին՝ հակադրվելով շրջանառության մեջ առնված այն խոսք ու վարքին, թե բարի գործերն այլևս չեն պահպանում  մարդու հոգու մաքրությունը։

  Հայրենի եզերքում ծավալած տարաբնույթ  նախաձեռնությունների և գործունեության ընթացքում հիասթափությունների տեղիք տվող շատ դեպքեր ու առիթներ էլ են եղել, բայց մի կարգախոս ուներ, որը հիմա որպես ողջ հայությանը  հղված պատգամ է հնչում։ Ասում էր. «Ապերախտ մարդոց պատճառով չես կըրնար և իրավունք ալ չունիս նեղանալ ու ընդմիշտ հեռանալ հայրենիքեն»...Նրան ճանաչողները կհաստատեն, եթե  հայրենիքի երկու հատվածների՝ Արցախի և Հայաստանի վտանգված լինելու ցավը գնալով չխորանար, թերևս  նա հրաշալի իր  ծրագրերից ամենակարևորներն իրականացնելուց հետո  միայն  հավերժի ճանապարհով հեռանար...       

 Arvest.am հանդեսի խմբագրակազմը ցավացում է Էդվարդ Մսրլյանի ընտանիքի անդամներին ու բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու վայելել են նրա բարեկամությունը:

 

Author