ԵՐԿԻՐ, ՈՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՐԿՆԱՅԻՆ ԾԻՐԵՐՈՎ ԵՆ ՄԻԱՑԱԾ

 

«Եթե կողքից, դիտարկողի դիրքից նայենք, կտեսնենք փոքր մի երկիր, ընդդեմ մեծ մի երկրի՝ 70 միլիոն բնակչությամբ, սպառազինման դիտանկյունից աշխարհի չորրորդ պետության, որի կողքին մի այլ ուժ էլ  կա. Ադրբեջանը... Սրանք հայերի երկրի և հայոց պատմության ու մշակույթի ժխտողականության պատճառով գնալով, ավելի հիստերիկ ու ավելի ագրեսիվ են դառնում»  

                                                                                                                                                          *************

  • Հայ ենք, չէ՞, -  հայավարի, առանց առոգանության ասաց, ու երկուսով ծիծաղեցինք։ Էլի մի քանի կարճ արտահայտություններ արտաբերեց ու հայերենի իմացությունը սպառելով, որոշ ժամանակ տիրող լռությունն անակնկալ  խախտեց երգով։ Գիշերը վաղուց կիսած քաղաքի փողոցով  քայլում  և «Սուրբ-սուրբ» էր երգում։ Օտար երկրի, օտար  քաղաքում  մաքրահունչ նրա երգը թևածելով, ասես տարածքներ էր  հատում...  Ցերեկը, մեր զրույցի ընթացքում Անտոնիան  միտքն ու հոգին քրքրել, իր կյանքի էջերը թերթատել և  իր գերդաստանի պատմության ծալքերը ետ տալով, հասել էր Խարբերդ, ապա մեծ  հոր՝ Երվանդ Արսլանի ճակատագրի պարտադրած ճանապարհով վերադարձել Իտալիա։ Իսկ երեկոյան Երևանից ժամանած հյուրի պատվին տված  ընթրիքին, սեղանի շուրջ էր հավաքել եղբայրներին ու հարսներին։ Եւ հյուրի առաջարկով  իտալացիների պես բաժակների պարունակությունը՝ «չին-չին» ասելով  չէին պարպել, այլ նախնիների ավանդույթի համաձայն բաժակը-բաժակին զարկել, կենաց ասելով են խմել։ Կենացներն առիթ դարձնելով անցյալ ու ներկա օրերի ամբարված, չասված ու իրարից  թաքուն պահած,  մի քիչ խենթ ու զվարճալի միջադեպեր հիշելով,  մանկության և հասուն տարիներին  ապրված  պատմություններն էին մոռացության մատնվելուց փրկել։ Եւ ոչ թե գինուց (գինին այդ երկրում ջրին համազոր են խմում), այլ իրենց արմատներին դարձրած այդ  օրվա պարգևած տպավորություններից էին արբել Արսլան գերդաստանի անդամները։ Չէին ուզում միմյանցից բաժանվել։ Ռեստորանի աշխատակիցները նրանց առանց ժամի ուշ լինելը հիշեցնելու, սպասարկում էին սիրով։ Արսլանները ոչ միայն իրենց ապրած Պադովա քաղաքում, այլև Իտալիայում  ճանաչում և մեծ հարգանք վայելող մարդիկ են։

Խարբերդցի պապը՝ Երվանդ Արսլանը ջարդերի պատճառով չէր հայրենիքը թողել։ Մանուկ հասակում զրկվել էր մորից։ Մոր վաղաժամ մահից որոշ ժամանակ անց հայրը ամուսնացել էր։ Խորթ մոր հետ ծագած անհաշտությունը ստիպել էր  տղային խզել ընտանիքի հետ հարաբերությունները, հեռանալ հայրենի տնից  ու հայրենիքից, և Իտալիայում  հաստատվել։  Հայոց սպանդի տարին նա Իտալիայում էր և գերդաստանի մեծ մասի սրի քաշվելու մասին հետո էր իմանալու։ Երբ  հորեղբայրը, որը Հալեպում օտարերկրյա դեսպանություններից մեկի բժիշկն էր, եղբոր զավակներին կառքի մեջ թաքցրած փախցնելով, տարել էր Իտալիա։  Երվանդը Իտալիայում բժշկական համալսարանն էր ավարտել։ Ցուցաբերած արտակարգ ընդունակությունների  ու մարդկային  նկարագրի համար վայելում էր թե դասախոսների, թե դասընկերների համակրանքը։ Այնչափ, որ պոֆեսորներից մեկը իր նորածին աղջկանը կնքում է նրա վաղամեռիկ մոր՝ Իսկուհու անունով։ Նույն այդ պրոֆեսորը հետագայում ոչ միայն աջակցում, այլև  նյութական միջոցներ է տրամադրում շնորհալի ուսանողին, ուսումը Փարիզում շարունակելու համար։ Ֆրանսիայից վերադառնալով Ե. Արսլանը բժշկագիտության ասպարեզում հայտնի է դառնում նորարական մեթոդների ներդրումներով և գործնական այնպիսի արդյունքների է հասնում, որ երկրի լավագույն մասնագետների շարքին է դասվում։ Ամուսնանում է իտալուհու հետ և երկու զավակ ունենում։ Որդիներն էլ Արսլան ազգանվանը ավելի լայն ճանաչում բերող արժանի ժառանգորդներ են դառնում։ Էդուարդ Արսլանը ոչ միայն Իտալիայում, այլ երկրի սահմաններից դուրս հեղինակություն ունեցող խոշոր արվեստաբան էր։ Իսկ Միքայելը հոր մասնագիտությունն ընտրելով,  մեծանուն բժիշկ։  Երկու զավակներն էլ հոր օրինակով իտալուհիների հետ են ամուսնացել։ Էդուարդը՝ երկու, Միքայելը՝ հինգ զավակ է ունեցել։ Անտոնիան Միքայելի դուստրն է։

Առհասարակ,  խառնամուսնություններից ծնված երեխաները հոգեբանական որոշ խնդիրներ են ունենում։ Մանավանդ եթե ծնողներից մեկը իրենց անծանոթ երկրից  ու ժողովրդից է սերված։ Մի հանգամանք, որ հարաբերությունների մեջ սեպվելով, օտարման տխուր հետևանքների է հանգեցնում, եթե իհարկե ծնողը չի թաքցնում իր ազգային պատկանելությունը։ Այդպիսի օրինակներ հայ իրականության մեջ շատ կան։ Այս մասին  խոսելու ընթացքում Անտոնիայի դեմքը նկատելիորեն ստվերվում է։

  • Մեր ծնված օրից գիտեինք, որ հայ ենք։ Ներքին հակադրության, թե երկփեղկության պես մի զգացողություն գոնե ես ունեի, բայց ոչ թե հորս, այլ մորս հանդեպ։ Ես այդպես էլ չկարողացա մորս ու նրա ընտանիքի հանդեպ ունեցած ներքին սառնությունս հաղթահարել։ Պետք է խոստովանեմ, սակայն, որ դա ինքն իրեն ծնված զգացողություն չէ։ Այն իմ մեջ սերմանել էր թանթս, որն օտարազգի հարսներ ունենալու փաստի հետ մինչև կյանքի վերջն անհաշտ մնաց։

Թանթը մեծ հոր, Երվանդի քույրն էր։ Եղեռնից մազապուրծ այն չորս երեխաներից մեկը, որոնց հորեղբայրը դեսպանատան կառքի մեջ թաքցրած փրկել էր։ Նա իր կյանքը օտարազգի մեկի հետ չէր ուզել  կապել ուրեմն իր ընտանիքը չի ունեցել։ Եղբորորդիների ու նրանց  երեխաներին է նվիրվել՝ միշտ նրանց հետ է ապրել։ Դաստիարակի կամ մանկավարժի առանձին ձիրք կամ իմացություն չի ունեցել, բայց կարեցածի չափով փորձել է հայեցի դաստիարակություն  տալ զարմիկներին՝ հայերեն բառերի ցանկ կազմելով, իմացած երգերը երգելով, երկրի ու երկրում անթաղ մնացած անցվորած մասին պատմելով։ Սակայն հունդի լավ ու առատ լինելը սերմնացանի հմտությամբ ու սերմի որակով չէ միայն պայմանավորված։ Անտոնիան եղբայրերից մեկի ուսերը գրկելով անթաքույց գորովանքով ասում է.

  • Հինգ երեխաներից երկուսս՝ ես ու Ջանին հայ ենք։ Մյուս երկուսը՝ գործարար եղբայրս ու քույրս, որ Պադովայի բժշկական համալսարանի պրոֆեսոր է իտալացի են։ Իսկ մեր կրտսեր եղբայրը կես հայ, կես իտալացի է։

Ստացվել է այնպես, որ հենց՝ հայ Անտոնիան, գրականագիտական, թարգմանական, հետագայում նաև գրողական ձիրքը նշված  հերթագայությամբ  ի հայտ բերելով, Արսլան ազգանվանը  համաշխարհային ճանաչում  բերեց։  Նրա առաջին՝ «Արտույտների ագարակը» գիրքը, որն իր գերդաստանի պատմությունն է, տպագրվել է 300 000 օրինակով, թարգմանվել աշխարհի 20 լեզուներով։ 2007-ին, իտալացի նշանավոր Տավիանի եղբայրները  վեպը սցենարի վերածելով, ֆիլմ են նկարահանել, որը ներկայացվել է կինոաշխարհի նշանավոր փառատոներում։ Երկրորդը՝ «Զմյուռնիայի ճանապարհը» գիրքն է, որը 160 հազար օրինակով, հինգ հրատարակություն է ունեցել։ Երրորդը՝ «Մշո գիրքն» է։ Երեք գրքերն էլ բովանդակային կառուցվածքով միմյանց շարունակությունը կազմող, հայոց ցեղասպանության  հուզական խորքն ու պատմական ճշմարտությունը բացահայտող գործեր են։  

- Առաջին երկու գրքերը Մեծ եղեռնի ողբերգության մի դրվագն են շեշտում, բայց ցեղասպանությունը  միայն մարդկանց սպանություն չէ։ Անցյալ դարասկզբին թուրքերի  կատարածը նաև մշակութային սպանդ էր։ Հայությունը միայն ֆիզիկական բնաջնջման չի ենթարկվել։  «Մշո գիրքը» հայի ստեղծած  մշակույթը, հայի ինքնությունը ոչնչացնելու, փոշիացնելու  թուրքի ծրագրի մասին է։   

Հոգում կուտակվածի մասին բարձրաձայն խոսելը և  ասելիքն այսկերպ աշխարհին  ներկայացնելը,  ավելի ուշ է եղել։ Մինչ այդ կյանքը Անտոնիային ուրիշ և մի  քանի ուղիներով  է տարել... Ի սկզբանե հնագետի մասնագիտությունն էր ընտրել։ Սովորել է Պադովայի համալսարանում։ Եւ բավական ուշ, ավարտելուց հետո է հասկացել, որ սխալ մասնագիտություն է ընտրել։ Հիասթափություն խորացնողը, թերևս ավարտական թեզի իր ղեկավար, պրոֆեսորն է եղել, որին չորքոտանիներից բթագույնի հետ համեմատելով, Անտոնիան լիաթոք ծիծաղում է։ Իհարկե, ոչ միշտ, բայց պատահում է, որ  ճանապարհ խոտորող և հուսահատության շեմին հասցնող մեկի «շնորհիվ» կյանքում շրջադարձային որոշումներ են կայացվում, որոնք անսպասելի, բայցև նախանշված տեղեր են տանում։ Անտոնիայի համար կենսագրություն բեկող շրջադարձային քայլը հենց այդպես է եղել։ Նոր ընտրածը գրականության ասպարեզն էր։ Ուսումնասիրության թեման՝ բանահյուսությունը։ Հետագայում ընդարձակելով հետազոտությունների շրջանակները նա զբաղվում է 19-րդ դարում ստեղծագործած, բայց նվազ կամ բոլորովին անհայտ կին գրողների գրական ժառանգությամբ։ Պատրաստում և տպագրության է ներկայացնում իտալացի մի շարք հեղինակների առավել հետաքրքիր ստեղծագործությունները, նաև այդ ժամանակաշրջանի գրական հոսանքները վերհանող մենագրություններ է հեղինակում։ Այդ ամենին զուգահեռ, արդեն պրոֆեսորի կոչում ստացած Ա.Արսլանը Պադովայի համալսարանում գրականագիտության փիլիսոփայություն է դասավանդում։ Թարգմանությամբ լրջորեն զբաղվելու գաղափարը հասունանում է ավելի ուշ, երբ անվանի հայագետ Լևոն Զեքիյանը  հրավիրում է նրան Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանում, Դանիել Վարուժանի  պոեզիան ներկայացնող  դասախոսությամբ հանդես գալ։ Առաջարկը Վարուժանի գործերը վերընթերցելու նաև հիմնավոր ուսումնասիրելու  առիթ է դառնում։ Որքան խորանում, այնքան ավելի է համոզվում, որ մեկ կամ երկու դասախոսությամբ Վարուժանի աշխարհից դուրս գալն այլևս անհնար է։

- Անտոնիա, Վարուժանի գործերը իտալացի ընթերցողին ներկայացնելու մղում-պահանջը կունենայի՞ք, եթե հայ չլինեիք։  

- Վարուժանը 20-րդ դարի համաշխարհային գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկն է, նրա քերթվածքները, հատկապես սիրո բանաստեղծությունները համարժեք են համաշխարհային քնարերգության լավագույն գործերին։ Իսկ ավելի լայն շրջանակներին Վարուժանը ծանոթ չէ միայն մեկ պատճառով՝ գրել է մի լեզվով որը շատ քիչ մարդ գիտե։ Սա միայն իմ կարծիքը չէ։ Վարուժանի ստեղծագործություններից ծաղկաքաղ արված «Ցորյան ծովեր»  խորագրով առաջին գիրքը շատ մեծ արձագանք ունեցավ։ Իտալիայի հեղինակավոր գրեթե բոլոր պարբերականներն անդրադարձան  զարմանք-հիացմունքով շաղախված գրախոսություններով, որոնք հեղինակել  էին երկրի լավագույն գրաքննադատները ու մշակութի մասին գրող լրագրողները։ Նրանք Վարուժանին  20-րդ դարի մեծագույն պոետների շարքը դասելով, նրա պոեզիան երևույթ, հայտնություն են համարել։ Հիմա արդեն գոնե  Իտալիայում շատ լավ են ճանաչում հայազգի բանաստեղծ Դանիել Վարուժանին։

Ա. Արսլանը իր ասածները հիմնավորող ևս մի քանի փաստարկներ է նշում. «Ցորյան ծովերը» առաջին անգամ լույս է ընծայել է մեծ համբավ ունեցող «Իաքաբուք» հրատարակչությունը, որը հազվադեպ է  մեծ տպաքանակով գրքեր հրատարակում։ Դ. Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուն բացառություն նկատելով՝ առաջին անգամ 15000 օրինակով է հրատարակել։ Եւ չէր սխալվել։ Գիրքը արագ սպառվել էր։  Նույն հաջողությամբ սպառվել են երկրորդ և երրորդ հրատարակությունները։ Արսլանը,  ի լրումն Դ. Վարուժանի չորրորդ  ժողովածուն է կազմում...  Անտոնիան չի խոսում «Ցորյան ծովեր»-ի իտալերեն թարգմանության բարձր  գնահատականների մասին, որոնք վկայում են՝  թարգմանիչը կարողացել է պահպանել Դ. Վարուժանի հզոր թռիչքներով բանաստեղծությունների նուրբ և  անթերի կառուցվածքը։

- Ես աշխատել եմ հայերենին լավ տիրապետող Ալֆրեդ Հեմմետ Սիրակի օգնությամբ։ Վարուժանի բանաստեղծությունները հայերեն ընթերցանությամբ ձայներիզը օրեր, շաբաթներ շարունակ՝ բառը, արտահայտությունը, փնտրված տեղում տեսնելու, տողերի ռիթմը, բառերի հնչողեթյունը, մեղեդայնությունը փոխանցելու համար։ Դասական երաժշտություն ունկդրելու պես, երբ ամեն անգամ նոր շերտեր ես բացահայտում, գաղտնի նրբերանգներ  որսում։ Բայց ամենակարևորը  ներքին հաղորդակցությունն  է, որը եթե առաջին «հանդիպումից» չի կայացել, ապա բարեխիղճ մոտեցումը բանաստեղծական խոսքի և տողի ճշգրիտ փոխադրումն ու տեղադրումը շատ քիչ է պահանջվող մակարդակն ապահովելու համար։  Վարուժանի պոեզիան ոչ միայն անմիջական, այլ շարունակական ազդեցության տակ պահելու հմայք ու զորություն ունի։ Քսան անգամ կարդացածդ   քսամեկերրորդ անգամ  ուրիշ մի  խորհուրդ հուշելով  այնպիսի ուժգնությամբ է ներգործում, որ ապրումներ խտացնելով, զգացողություններ սրելով վերածվում են փնտրված բառերի ու իրենք  «գտնում»  իրենց տեղերը։ Եւ եթե օտարազգի ընթերցողն ապրումների այս ոլորաններն անցնելով է  զգում-ընկալում Վարուժանի պոեզիան, ուրեմն դա վկայությունն է նաև  թարգմանչի «հանդիպման» կայացման մասին։  

 - Գրականության ասպարեզի կանանց կյանքն ու ստեղծագործությունների ուսումնասիրողը լինելով նկատած պետք է լինեք, որ թե այս թե գիտամշակութային  բնագավառներում քիչ թե շատ հայտնի անուն  ունեցողները հաճախ են հայտնվել գործ, թե՝ ընտանիք երկընտրության առաջ։ Ենթադրում եմ, որ Պադովայի համալսարանի պրոֆեսոր, գրող, գրականագետ, թարգմանիչ, հասարակական –մշակութային գործիչ Անտոնիա Արսլանի համար  սա սահուն շրջանցված հարց չի եղել։

 - Դա շատ լուրջ հարց է, որի դեմ-դիմաց հաճախ են հայտնվում թե Իտալիայում, թե ուզածդ երկրում ապրող կանայք։ Ես շուտ եմ ամուսնացել։ Երբ ծնվեց աղջիկս, ամեն ինչ թողեցի։ Մինչև նրա չորս տարեկան դառնալը, քիչ եմ աշխատել։ Ավելի ճիշտ , չեմ աշխատել։  Եւ կարծես թե դրանք դրանք զուր կորսված տարիներեր չեղան։ Լավ աղջիկ ունեմ։ Ի դեպ, նա վերջերս իր անվանը  իմ ազգանունը  հավելելու թույլտվություն է խնդրել։  Աղջիկս՝ Չեզարե Վերոնեզեն ավարտել է Պադովայի համալսարանի արվեստաբանության բաժինը։ Նրա հեղինակած աշխատություններից մեկը  Ալեքսանդր Մակեդոնացուն նվիրված ծավալուն գրքի բյուզանդական արվեստը ներկայացնող բաժինն է կազմում։ Չեզարեն երեք տարի Հայաստանում է աշխատել։

Ի՞նչն է ստիպել դեռատի աղջկան մեկնել Հայաստան։ Մեծ հոր հանդեպ ունեցած սիրո կամ թե պարտքի թելադրանքո՞վ, թե բոլորովին այլ պատճառով է  նման որոշում կայացրել։ Թերևս մայրը գիտեր այս հարցի պատասխանը, բայց նրան ուրիշ մի հարց եմ տալիս։

- Անտոնիա իսկ Ձեզ համար ի՞նչ է Հայաստանը։  Կան հայ մարդիկ, որոնք ասում են, թե հայրենիքն այն է, որտեղ ծնվել են իրենց նախահայրերը, որտեղից տարհանվել են իրենց մեծ հայրն ու մեծ մայրը։     

- Ինձ համար տարանջատման նման խնդիր երբևէ գոյություն չի ունեցել։ Քանի որ շոշափեցիք այդ հարցը, ապա մի խոստովանություն պետք է անեմ, որն ամենամտերիմներիցս անգամ թաքուն եմ պահում։ Տարիներ շարունակ «Հայկական բալլադներ» խորագրով բանաստեղծություններ եմ գրել և չեմ հրապարակել, որովհետև շատ ներաձնական գործեր են։ Հայաստանի մասին ունեցած մտորումերս են չափածո տողերով արտահայտված։ Գուցե մի օր խիստ ընտրությամբ մի շարք հրատարակեմ։ Այդ գործերիցս մեկում ես նկարագրում եմ իմ Հայաստանը։ Այն լեռներով շրջապատված մի աշխարհ է, որի անջատ տարածքների սահմանները, նախանշված, նաև միավորված են երկնային ծիրերով։ Սա գեղարվեստական պատկեր չէ, այլ համոզմունք։ Ինձ համար Հայաստանը իրական, hարազատ երկիր է, որը նաև իմն է։ Իմ հայրենիքը։       

Հ.Գ. Անտոնիայի նախաձեռնությամբ  44 օրյա պատերազմից հետո  Արցախում հիմնադրվել է «Անտոնիա Արսլան. Հայ-իտալական կրթահամալիրը», որը միջազգային չափորոշիչների համապատասխան կրթություն է կազմակերպում։