ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿ ԵՏ ՀՐԵԼԸ ՊԱՀԱՆՋ Է ԴԱՌՆՈՒՄ

    

Դարերի խորքը տանող, դարերի հեռվից  հնչող «Արձագանք».  Ժամանակը ետ հրելու, անցյալ ու  ներկա դարերը կամրջելու փորձ. Արվեստագետի յուրօրինակ «հրավերք» հեռավոր 405 թվականով նշվող ժամանակներում հայտնվելու, երբ Եդեսիայում մեզանից մեկը՝ «իր սուրբ ձեռքով ստեղծեց նոր ու սքանչելի հայերեն լեզվի նշանագրերը»։ Ապա մեկնեց Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռովանոսի օգնությամբ կատարելագործելու հայոց տառերի գծագրությունը։ Եւ 406-թվականին նորաստեղծ տառերով վերադարձավ հայրենիք, ուր նրան ցնծությամբ դիմավորեցին... Եւ հենց նրա՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա աշակերտների  գործունեության շնորհիվ ու նրանց գրական, մշակութային շարժումով է, որ հայոց ոսկեդարը սկզբնավորվեց...   

2022 թվականի սեպտեմբերի 22-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում «Նինա Խեմչյան. Արձագանք» վերտառությամբ  գործող ցուցադրության հեղինակը  քսանհինգ տարի առաջ է Փարիզում հաստատվել։ Նրա ստեղծագործությունները, խեցեգործական աշխատանքները ներկայացվել են Փարիզում, Միլանում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, իհարկե նաև ծննդավայր՝ Երևանում։ Նինայի՝ «Յոթ հիմնարար մեղքերը» վերտառությամբ գրաֆիկական աշխատանքի մտահղացումը ծնվել ու 50 մ երկարությամբ թղթի վրա իրականացվել ու ցուցադրվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Մեծածավալ մի ստեղծագործություն, որի հիմքում  հայտնի երկիմաստության վերծանումն է՝ ո՞րն է մարդկային որակների տարբերության հայտանիշը։ Չափազանցությա՞ն մեջ է մեղքը, թե՞ չափի պահպանումն է առաքինությունը։ Սև ու Սպիտակի, ասել է, թե՝ Լույս և Մութի (ստվերի) անհավասար, բայց ճշգրիտ բաշխումով է նկարիչը իր այս հարցադրումն առաջադրող մեծածավալ գործով ներկայացել երևանյան արվեստասեր հասարակությանը։

Տարիներ անց նա հիմա հայրենիք է եկել նոր մտահղացումով։ Այս անգամ Նինա Խեմչյանի  ցուցադրության գաղափարը կյանքի է կոչվել Գաֆէսճյան արվեստի կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության արդյունքում։

Նկարիչ, քանդակագործ Նինա Խեմչյանի ուշադրության կենտրոնում  Մեսրոպ Մաշտոց Անհատի կերպարն է։ Պատահական ընտրություն չէ, իհարկե։ Ասելիքի  Ենթատեքստերը շատ են։ Ներկա ժամանակների իրարահաջորդ ու չընդհատվող իրադարձությունների պարտադրանքով նաև բազմաշերտ։ Արվեստագետը հուշում է։ Արվեստագետը Անուն հնչեցնելով է անգամ ասելիքը շեշտավորում։ Ապա նաև մատնանշում  Նրան, ով Հայոց գրերի հեղինակն է, ով փիլիսոփա, աստվածաբան է, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ և բանաստեղծ է, ով առաջինն է, որ հոգևոր երգեցողության հիմնաքարը դրեց։ Ում շնորհիվ  երկրում ծավալվեց Թարգմանչաց շարժումն ու հայ դպրությունը ծաղկեց և դպրոցներ, գրադարաններ նաև գրչության կենտրոններ հիմնադրվեցին։ Ով հոգևոր այն առաջնորդներից էր, որը  դասվեց Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքին:

Մաշտոցի մարդկային նկարագիրն ու նրա թողած հարուստ ժառանգությունն է ոգեշնչման աղբյուր հանդիսացել արվեստագետի համար: Եւ նա հայրենիք է եկել արդեն մի քանի տարի տևած Մ. Մաշտոցի մասին «պատմելու», նրա կենսագրության էջերը «վերհանելու»  ստեղծագործական իր որոնումների արդյունքը ներկայացնելու համար:

Նրա աշխատանքին առանձնահատուկ շունչ է հաղորդում Մաշտոցի հանճարով ոգեշնչված մեկ այլ արվեստագետ` երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը. որը հրեշտակային իր ձայնով երգեցողական արվեստի  ուրույն ոճով  է ներկայացնում  հինգերորդ դարի մեծ մտածողի հեղինակած շարականները:

«Մարմինը չի կարող ապրել առանց հոգու։ Այսպես է և՛ անհատի, և՛ ազգի պարագայում։ Մեր ազգի մեծ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը, իր նվիրական կյանքի և գործունեության ընթացքում կերտել է ոչ միայն հայ ինքնության գրավական այբուբենը, այլև  շարականներ, որոնց կենսատու ելևեջները շոյում են անհատի հոգին և ունակ են ազգի ոգին արթնացնելու մահաբեր քնից, սրբի՝ դարերի խորքից բխող աղոթքի զորությամբ։

Կենտրոնի համար այս նախագիծը ոչ միայն չափազանց կարևոր է, այլև խորհրդանշական, քանզի այստեղ է ցուցադրվում Գրիգոր Խանջյանի հայտնի «Հայոց այբուբեն» որմնանկարը»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։

Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Արծիվ» սրահում սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը։ Մուտքն ազատ է։