Ի՞ՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Հեռավոր անցյալում չէ, ընդամենը մի քանի տարի առաջ, իտալացի նշանավոր կինոբեմադրիչներ՝ Տավիանի եղբայրներից մեկը՝ Վիտորիո Տավիանին իրենց նոր ֆիլմի պրեմիերայից առաջ  ասել էր.  

- Ես վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության մասին  նկարահանած մեր ֆիլմը մի քանի տարի անց կցուցադրվի թուրքական դպրոցներում։

- Մի անգամ, երբ Պոլիս էի գնացել գործի բերումով, Թուրքիայի վարչապետն ուրախ զարմանքով հարցրեց. «թուրք ե՞ս»։ Ասացի՝ հայ եմ։ Խարբերդցի հայի թոռ եմ։ Դեմքի  արտահայտությունն ակնթարթորեն փոխվեց։

Սա նշված ֆիլմը նկարահանելուց շատ ավելի վաղ պատմել էր  իտալահայ Անտոնիա Արսլանը, որի «Արտույտների ագարակը» գրքի հիմքով են Տավիանի եղբայրները նկարահանել համանուն վերնագրով իրենց ֆիլմը։    

Ընդամենը մի քանի տարով ընդմիջված  Ժամանակը ի՞նչ է փոխել։  Շատ բան և... ոչինչ։  Մարդուն կացնով սպանող ոճրագործը ոչ միայն չի դատապարտվել ու չի պատժվել, այլ  ավելի դաժան ու վայրագ հանցանքներ գործելով, նորագույն զենք ու զինամթերքով է սպառազինվել ու ...

Ժամանակը միայն չի հիշեցնում, նաև հուշում է։        

- Հայերի մասին մեր ֆիլմը կզայրացնի Անկարային,- Վիտորիո Տավիանիի այս խոսքը «Արտույտների ագարակը» կինոնկարի մասին էր։ Ֆիլմ, որը  միաժամանակ ուզում էին առաջինը ներկայացնել և՚ Կանի և՛ Բեռլինի փառատոնի կազմակերպիչները։ Գերմանացիները չգիտես ինչու ավելի համառորեն էին պնդում գուցե ոչ միայն իտալական կինոյի  ներկայությունն ապահովելու, այլև հայերի հանդեպ գործած իրենց մեղքն ինչ-որ չափով քավելու համար։

 Ներկա օրերում, սակայն նրանք կարծես թե արդեն նման զգացողությունից ձերբազատվել են 2022-ի սեպտեմբերի 13-ին մեր երկրի վրա ադրբեջանի հերթական հարձակումից հետո, Բեռլինում Ադրբեջանի դեսպանության պարիսպները ծածկվել էին սպիտակ մեծ պաստառներով, որոնց վրա սև ու կարմրաներկ տառերով  «Հայաստանը ահաբեկչական պետություն է», «Դադարեցրեք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա» և նմանօրինակ բովանդակությամբ մի շարք գրություններ էին հայտնվել։  Գերմանիայում ադրբեջանի դեսպանի ու դեսպանության Հայաստանի դեմ տարվող ակտիվ գործունեության մասին իրազեկող  հոդվածում նաև հիշատակվում էր, որ՝ «Գերմանացի լրագրողի այն հարցին, թե՝ արդյո՞ք դիվանագիտական պրակտիկա՞ է, որ Բեռլինում ադրբեջանական դեսպանությունն իր պարսպից ատելություն և կեղծիք է տարածում, արտգործնախարարության խոսնակը հրաժարվել է պատասխանել, ասելով, թե այդ հարցի հասցեատերը ես չեմ»։ Հոդվածի հեղինակը հայությանը և Հայաստանին վերաբերող մեծ ու փոքր իրադարձությունները մշտապես իր սրատես հայացքի տակ պահող և խորագիտակ մեկնաբանություններով ներկայացնողը, «Ազգ» թերթի լրագրող  Անահիտ Հովսեփյանն է։ Սրան հաջորդած «Բեռլինի լռության ապառաժը և մեր լացի պատը» խոսուն վերնագրով  հոդվածում, Անահիտը  ուշադրություն է հրավիրում  կարևոր ևս մեկ  իրողության վրա. «Գերմանիան խոսում է խաղաղությունից, որտեղ մենք չկանք։ Հայաստանը շրջել է այդ խոսույթը կամ սկսել 0 կետից»... Հայաստանի մասին ոչ մի շշուկ»։    

Մինչդեռ մի քանի տարի առաջ, նույն այդ Գերմանիան Հայոց ամենացավոտ հարցի մասին շատ բարձր էր խոսում։ Օրինակ, երբ Բեռլինում պատրաստվում  էին ցուցադրել Տավիանի եղբայրների ֆիլմը, որի հիմքում բոլոր ժամանակների համար ծանրակշիռ՝ 1915-16թթ գերմանացիների դաշնակից թուրքերի կատարած ոճրագործության՝ հայոց ցեղասպանության թեման էր։ Լրատվամիջոցները կինոնկարի մասին պատվիրված լռություն էին պահպանում։ Թեպետ ռեժիսորը  համոզված էր, որ գաղտնիության քողով շղարշված կինոերկը (ոչ մի լուսանկար, ոչ մի հեռուստատեսային ռեպորտաժ, ոչ մի հարցազրույց), Կաննում ներկայացնելն ավելի նպատակահարմար կլիներ։ «Իրականում Ֆրանսիան յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերում ահավոր այս ողբերգության հանդեպ։ Հիշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց մի օրենք, ըստ որի պատիժ է սահմանվում  բոլոր նրանց համար, ովքեր ժխտում են հայերի ցեղասպանությունը։ Բայց Բեռլինը առանձին ջերմությամբ ու համառությամբ էր հրավիրում»։ Վ.Տավիանին իր այս ելույթի ընթացքում նաև շեշտել էր՝ «Արտույտների ագարակը» հաստատապես չի գոհացնելու Էրդողանի ղեկավարած թուրքական կառավարությանը»։ Եւ չէր սխալվել։ Ստրասբուրգում իտալական «Հյուսիսային դաշինքի» հարցապնդումներին հետևել էին թուրքական դիվանագիտության տհաճ ճնշումները։ Կինոբեմադրիչներին հորդորել  էին մեղմել իրենց տեսակետները։ Վիտորիո Տավիանին, սակայն բարեկրթորեն բացատրել էր, թե երբեք չի ուզել  ներքաշվել նման վեճերի մեջ. «Մենք մաղթում ենք, որ թուրքական կառավարւթյունը հաղթահարի տաբուն և հաշիվ տա պատմական մի ժամանակահատվածի համար։ Ինչպես մենք՝ ֆաշիզմի համար»։ Երբ ֆիլմը արդեն պատրաստ էր, Բեռլինում ահազանգեցին, թե նկարը թուրքական համայնքում բողոքի հուժկու ալիք կբարձրացնի։ «Դեր Շպիգել» շաբաթաթերթը գրել էր. «Բեռլինալեի հատուկ բաժնում» ցուցադրվելիք «Արտույտների ագարակը»  Գերմանիայի մայրաքաղաքում ապրող 250 000 թուրքերի մասնակցությամբ բողոքի ցույցի սպառնալիք է ենթադրում։ Եւ այդ պատճառով պետք է ուժեղացնել անվտանգության միջոցները»։

 Համբուրգի շաբաթերթերից մեկը զգուշացնում էր, թե ֆիլմը կարող է դառնալ «Բեռլինալեի քաղաքական սկանդալը» և միաժանակ քննադատելով կինոփառատոնի կազմակերպիչներին, նաև նկատել, որ այն պետք է ներկայացվեր մրցութային ֆիլմերի շարքում։ «Միթե՞ հենց հիշողության կուլտուրան սատարող  ամենատպավորիչ ու ամենակարևոր նպաստ բերող կինոնկարը պետք է հայտնվեր մրցույթից դուրս», դժգոհել էր «Շպիգել»-ը, ապա շարունակել. «Տավիանի եղբայրները ստեղծել են  սարսափազդու ողբերգական պատկերներ, որոնք անտարբեր չեն թողնի հանդիսատեսին ու երկար ժամանակ հետապնդելու են նրան։ Եւ սա է կինոերկի ծանր անեծքը և կայացած լինելու գրավականը»։ Իրենց հերթին նույն թերթին տված հարցազրույցի ընթացքում, Տավիանի եղբայրները զգուշացրել էին, որ՝ «Յուրաքանչյուր տեսարան, անգամ ամենասարսափելին, պատմական ու վավերագրական ճշգրտություն ունի»։ Ապա ավելացրել. «Կիրակի օրերին Բեթղեհեմում հոգևոր հայրերը խոսում են անմեղ զոհերի մասին, սակայն  նրանց խոսքերը եկեղեցու պատերից  դուրս չեն հնչում։ Կինոն կարող է լսելի դարձնել նրանց ձայնը»։

Վեպի հեղինակ՝ Անտոնիա Արսլանը պնդում  է, որ Մեծ եղեռնի մասին լռություն պահպանելը մեղք գործել է նշանակում։ Մեղք՝ և Աստծո, և նահատակված մեր նախնիների հանդեպ։ Մենք պետք է հետամուտ լինենք, որ հայոց պատմության և հատկապես անցյալի այս էջի մասին շատ ֆիլմեր նկարահանվեն։՛ Ինքը այդ լռությունը փորձել էր խախտել վիպական ասքի ձևերի կիրառմամբ՝ իր իսկ գերդաստանի  պատմության տարբեր շերտերը  (զգայական ապրումներ, մահվան սպառնալիք,  բացահայտ ատելություն, բարբարոս վայրագություններ), պեղելով և ներկայացնելով։ Աշխարհի քսան լեզուներով թարգմանված վեպի գործողությունները ծավալվում են հայազգի երկու եղբայրների՝ Երվանդ և Սմբատ Արսլանյանների կենսագրության շուրջ։ Առաջինը ծննդավայր Խարբերդից հեռանում է Վենետիկում ուսանելու համար։ Իսկ երկրորդը մնում է հայրենիքում։ Տարիներ անց, սակայն եղբայրները, որոշում են երկարամյա բաժանումից հետո միասին ապրել։ Անտեսելով, քաղաքական իրավիճակը, 1914-ի առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծավալվող  իրադարձություններն, իրենց  գաղափարից ոգևորված նրանք հայրենի եզերքի չքնաղ մի անկյունում շքեղ մի առանձնատուն են սկսում կառուցել։ Մեկը՝ Սմբատը Արտույտների ագարակն է կառուցում, մյուսը՝ Երվանդը Իտալիայից ներքին ձևավորման համար անհրաժեշտ  իրերն ու կահույքն է ապահովում։ Սակայն երազանքի իրականացման, անհամբեր սպասումի և անափ  կարոտի հաջորդվելիք հանդիպումը չի կայանում։ Արտույտների ագարակ են ներխուժում թուրք մարդասպանները...

- Մենք խոսում ենք մարդկային ողբերգության մասին, -  Բեռլինում  ասել էր Պաոլո Տավիանին և շարունակել,- նման ողբերգություններ են կատարվել նաև Բալկաններում, Ռուանդայում, Սուդանում։ Սպանություններ են կատարել գերմանացիները։ Ահաբեկչություններ են կատարվում և կատարվել միշտ և ամենուրեք։ Ինչո՞ւ, ուրեմն լռել հայերի ողբերգության մասին։ Մեր կինոերկը Թուքիայի դեմ ուղղված գործ չէ, այն  հասցեգրված է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայում հետաքրքրվում են պատմությամբ»։ Եւ  նույն այդ պահին էլ  ավելացրել էր. «Ես վստահ եմ, որ մի քանի տարի անց ֆիլմը կցուցադրվի թուրքական դպրոցներում»։ Կինոռեժիսորի այս միամիտ մաղթանք-լավատեսությանը,  մի քանի տարի անց Թուրքիան պատասխանել է  Հայաստանի  դեմ սանձազերծած պատերազմի 44 օրերին ու հաջորդ տարիներին  իր «եղբայր» Ադրբեջանին սատարելով և զորք ու զինամթերք մատակարարելով։ Շարունակաբար խրախուսելով  Հայաստանի տարածքների բռնագրավումն ու հայոց երկիրն վերաձևելու ռազմական գործողությունները, վաղեմի հրեշավոր  ծրագիրն իրականացնելու  համար իրենց  պատկերացրած «խաղաղությունը» պարտադրելով։ Այլապես...  «Շարունակելու  ենք անել այն, ինչ սկսել ենք»։ Պրահայում Էրդողանի բարձաձայնած այս արտահայտությունը, որը  ներկայացվել է նաև՝ «Այն, ինչ սկսել ենք, ավարտին ենք հասցնելու» թարգմանությամբ, լրագրողներն անհասկանալի են համարել։ Եւ թողել Ժամանակի պարզաբանմանը։ Միայն թե Ժամանակին ապավինելը, հուսահատությանը չենթարկվելը իրականում ոչինչ չի  նշանակում։  Իմացողները՝ թերևս հիշում են Հայոց եղեռնի 100- ամյակը նշելու 2015-ին, մեզանում  հրատարակված սև ու կարմիր շապիկով հաստափոր մի գրքի  «բանաստեղծական խորագիրը. Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը»։ Տխուր է ու անհեթեթ  ոչ միայն այն, որ սա գրվել է, այլև այն, որ սրան ենք հավատացել...         

 

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ Ռ. ԶԱՔԱՐՅԱՆԸ Եւ Լ. ՄԵԼԻՔՅԱՆԸ