ՀՈԳՆԵ՞Լ ԵՍ, ԿԱՐԾՈՒՄ ԵՍ ՈՒՐԻՇ ՄԻ ՏԵՂ ԱՎԵԼԻ՞ ԼԱՎ Է

 

– Բառերով վերապատմել վավերագրական ֆիլմի բովանդակությունը գրեթե անհնար է։ 

– Նկարագրության փորձ է ընդամենը։

– Արվեստը հայելին չէ իրականության...

 «Դիստանցիոն մոնտաժ»  խորագրով իր գրքում Արտավազդ Փելեշյանը հիշեցնում է. «Կինեմատոգրաֆ» բառը հունարեն է՝ թարգմանաբար նշանակում է «շարժում գրանցող» և կինոմատոգրաֆիստները, որոնք փաստագրական ժանրի գործեր են ստեղծում, կատարվածը ներկայացնող, դրանց իսկությունը վավերացնողներն են։

Այո, ճշմարիտ է, բայց ինչպե՞ս և ներքին ի՞նչ մղումով  է վավերագրող արվեստագետը  պեղելով, առանձնացնում, շեշտավորում հատկապես այն  իրադարձությունները, որոնք  լինելու են նաև ապագայում՝ տասը, քսան, երեսուն և ավելի տարիներ անց...

***********************************************

«ՄԵՆՔ» 1967թ.

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլող մարդկային ստվար խմբեր. սգո թափոր, երիտասարդ տղամարդիկ գլխավերևներում պահած տանում են  մեծանուն ու թանկ մարդու աճյունը։ Մարդկային հոսքը  արագ  գրավում է մայթերն ու փողոցները, ապա հետզհետե մեծանալով, ալիքվելով երկու մասի  բաժանվում...

 Բոթ գուժող  երաժշտություն, հզոր պայթյունի սահմռկեցուցիչ արձագանք, օդում հայտնվող փլուզվող կամուրջներ, բնակելի տներ, բարձրահարկ շինություններ... փողոցները լցվող  մարդկային զանգվածներ, հողմի սրնթացությամբ վազող ցուցարարների հոծ խմբեր, որոնք բախվում են մինչև ատամները զինված «օրինապահ» ջոկատներին։ Բարձրացող փոշու քուլաները ստվերում, ծածկում են երկնային տարածքը։ Այն ինչ ներքևում է կատարվում, նույնպես  համատարած խավարի մեջ  հայտնվելով, ասես ձուլվում է երկնակամարին։ Լռություն, որը տևում է այնքան, որ տագնապ է առաջացնում։

Լռություն.  Պրկված լռությունը խախտող մարդկային ընդհատվող խոր հոգոցներ, չարագուշակ  ճիչ... Խավար համատարած, որը մերթ ընդ մերթ լուսավորվելով, ասես ծովի կատաղած ալիքների վրա երևացող  ու կրկին ջրերի մեջ անհետացող,  ավերածություններից փրկված բնակելի շինությունների, ճարտարապետական կոթողների, եկեղեցիների սրբատաշ քարերի մեծ ու փոքր բեկորների տեսարաններով է շարունակվում...

Հենակներով տղամարդիկ, սևազգեստ կանայք... Աստվածամոր պատկերի առաջ մոմեր վառող ձեռքեր, որոնք հետզհետե շատանում են։ Դեպի վեր ձգվող արևագույն բոցերը շաղ տվող մոմեր, մոմեր, մոմեր...

Այս ամենը մենք տեսել ու տեսնում ենք։ Սա ոչ միայն մեզ վաղ անցյալում պատուհասած, և 1988-ից ի վեր ու ներկա ժամանակներում  շարունակվող իրարահաջորդ ծանր և աղետալի իրադարձությունների, այլև երկիր մոլորակում տիրող իրավիճակների ճշմարիտ արտացոլանքն է։    

Արտավազդ Փելեշյանը պնդում է. «Արվեստը հայելին չէ իրականության, այլ սրա տարբերակն է, բացակա վիճակը, բայց այնքան համոզիչ, այնքան ռեալ, որքան իրականությունը»։

  Ֆիլմը, որ կոչվում է «Մենք», ռեժիսորը 1968-ին է  նկարահանել ...

«Երևակայությունը ավելին գիտի, քան գիտությունը»։ Ա. Էյնշտեյնի այս կարծիքը կիսել ու հիմնավորել  են շատ գիտնականներ։ Համոզված, որ  արվեստագետների երևակայությունը  սահմաններ չի ճանաչում, նրանք ապագան տեսնելու ավելի մեծ կարողություն ունեն, քան գիտության մարդիկ։

Ա. Փելեշյանի այս կարողության մասին ոչ միայն գիտնականները, այլև կինոաշխարհի մեծագույն գործիչներն են հաստատել։  Նրա ստեղծագործությունները տիեզերական, էպիկական, ազգային և համամարդկային հավաքական հիշողության բացառիկ նուրբ և խորը արտահայտություններ համարելով։ Նրան Ուսուցիչ և ցնցող մարդ են կոչել, որը «դարը տեսնելու և հասկանալու հնարավորություն է տալիս»... 

 Կրկին վերհիշենք 1967-ին  նկարահանված «Մենք» ֆիլմը, որի ավարտող կադրերը  Սկիզբ են խորհրդանշում.

Դղրդաձայն խուլ աղմուկի ուղեկցությամբ հառնող լեռներ. Հզոր կանչ՝ ալիքվող ձայնով. «Հե՜, հե՜, հե՜, հե՜յ»։ Խոշոր քարեր բարձրացնող տղամարդու ջլապինդ ձեռքեր։

Մոլոր քայլերով  ու փնտրող հայացքով, հուզված մարդիկ։  Օտար ափերից հայրենադարձվող հարազատներին դիմավորող մարդիկ։ Երկար բաժանումից հետո հիշողության  բացած աչքերով,  արցունքախառն ուրախությամբ գրկախառնվող մարդիկ։

 Միմյանց հաջորդելով, նահանջող բարձրագահ լեռներ։ Լռություն՝ խաղաղ, ապահով անդորր հուշող։ Բնակելի շենք, պատշգամբներում և լայն բացված պատուհանների մոտ խռնված մարդիկ։  Նրանց հայացքը ձգվում, տանում է դեպի հեռուն, որտեղից ի տես «ընդառաջ է գալիս»։ Լեռը՝ ճերմակագագաթ, վեհատեսիլ... ապա հեռուների աներևույթ խորքից շամփրող արագությամբ էկրանին է հայտնվում ֆիլմում «հնչող» մեն մի հատիկ բառը՝ «ՄԵՆՔ»... Մենք՝ երեկ, այսօր, վաղը։ Մենք մեր վայրուվերումներով, մեր հաղթանակներով ու պարտություններով, հավաքական ու պառակտված, մեր լավ ու վատ  վարքով. մեր լինելիության խորհրդով, մեր անկումներով ու ձեռքբերումներով, մեր մեռնող ու հառնող հույսերով...

«Տարվա եղանակները» 1975թ.

 «Հոգնե՞լ ես, կարծում ես ուրիշ տեղ ավելի՞ լավ է»  մեզ հետապնդող, մշտառկա հարցը ռեժիսորն իր «Տարվա եղանակները» կինոպոեմում ընտրված ժանրի լեզվով չի հնչունավորել։ Գրավոր, երկաթագիր տողով է ներկայացրել, ասելիքի վրա ոչ միայն  ուշադրություն հրավիրելու, այլև միտք սևեռելու համար։  Հարցը  հռետորական չէ, պատասխանը՝ նույնպես.«Սա է քո հողը»։  «Մոգական ազդեցություն ունեցող կինոնկարը» ձո՞ն է, թե՞ աղոթք հայրենի բնաշխարհին, երկրի  հողին և հողը ծանր մաքառումներով պահող ժողովրդին։  

«Սա է մեր հողը»   տրված հակիրճ պատասխանը, տարիներ անց, 90-ականների սկզբներին Արտավազդ Փելեշյանը խոսքով էր լրացրել. մենք տառապանքների այսպիսի մեծ չափաբաժին չէինք ունենա, եթե՝ «Մեզ մնացած  հողը արժևորել կարողանայինք, եթե մեր ունեցած ամենամեծ խաղաքարտը՝ մեր երկրի աշխարհագրական դիրքը հօգուտ մեզ ծառայեցնեինք։ Բայց մենք այդպես էլ չկարողացանք գնահատել ու ճիշտ օգտագործել մեզ տրված հնարավորությունը»։