ԻՄ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ԻՄ ՏԱՆ,  ԻՄ ԾՆՈՂՆԵՐԻ,  ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

 

Լուսանկարը՝ Միքայել Վարդանովի

 

  «Arvest. am»-ում  նախորդած «Փշե պսակով մարդը» նյութի խոստացված շարունակությունն է. որը Ս․ Փարաջանովի հետ կայացած հարցազրույցն է՝ համառոտ  հավելումով։

  Պայմանավորվածության համաձայն վաղ առավոտյան երբ մտա բակ, Փարաջանովը  պատշգամբից ողջունելով, հրավիրեց ներս  և աթոռին իր սիրած՝ թարս դիրքով նստելով ասաց.  «Դե, հարցերդ տուր»։ Հարցերը կառուցված էին այդ շրջանում իրեն հուզող թեմաների շուրջ։  Ինքը  արտահայտվելու, իր ստեղծագործական  ծրագրերի մասին խոսելու, իր  հայրենիքում  ապրելու և, որ ամենակարևորն է՝  «Հայֆիլմ»-ում իր կինոն նկարելու պահանջ ուներ։ Եւ դրանք իրականացնելու երազանքներ էր փայփայում։ Խոսքը հասցեատեր ուներ։  Եւ հավատում էր, որ  փակ դռները վերջապես բացվելու են իր առջև։ Թվում էր, թե լավատեսության անսպառ ակունք ունի։ Զարմանալի, անիմանալի։

  Երբ վերադարձա Երևան  և ձայնագրությունը վերծանվելով հայերեն  թարգմանվեց,  որոշեցի առանց իմ հարցերի ներկայացնել զրույցը։  Սերգեյ Փարաջանովի  խոսքն առանց ընդհատումների հայերեն ու գրավոր «հնչեցնելով», լսելի դարձնելու համար։       

 

***************************************************

 

  Խորհրդածել կինոյի ներկա վիճակի մասին, նշանակում է խոսել տեսած-զգացածի և այն մասին, թե ինչ է սպասում կինոարվեստին վաղը, և ինչ անդառնալի արժեքներ կորան երեկ։ Անցած-գնացածն այժմ արդեն կարծես փիլիսոփայորեն է իմաստավորված։ Մենք երբեմն մոռանում ենք, որ կինոնկարը ոչ միայն հրապարակախոսություն է, ոչ միայն պրոպագանդայի միջոց, այլ նաև կինեմատոգրաֆիական լեզվի ցնցող, սքանչելի որոնում։ Իմ կարծիքով նման լեզուն վարպետի հետ է ի հայտ գալիս։ Միթե՞ Ֆելինիի լեզուն Իտալիայի հպարտությունը չէ... Միթե՞ Կիրա Մուրատովայի ֆիլմը սոցիալիստական ռեալիզմի լեզուն չէ։ Ֆիլմ, որ տարիներ շարունակ անվստահությամբ և անտարբերությամբ պարուրված, կարող էր մոռացության մատնվել հեղինակի հետ միասին։ Կիրա Մուրատովան իր հոգու տոկունությամբ դիմադրեց մղձավանջին։ Այլապես մենք կունենայինք ևս մեկ կորուստ։

  Ալբերտ Յավուրյանի հետ նկարում եմ իմ շատ բարդ գործերից մեկը՝ «Դևը» ըստ Լերմոնտովի «Աշուղ Ղարիբ» հեքիաթի։ Կուզենայի վերծանել լերմոնտովյան պոեզիան, եթե իհարկե, ինձ հաջողվի, որովհետև շատերն են փորձել դա անել թե Եվրոպայում, թե մեզանում։ Սերգեյ Գերասիմովը մի անգամ ասաց.«Զարմանալին այն է, որ դու ուզում ես նկարահանել ոչ թե «Դևը», այնպես, ինչպես այն կա, այլ դիվաբանությունը՝ հետևելու հետապնդելու նրա ապրումը»։ Իմ կարծիքով սա այն դեպքն է, երբ  կինոմատոգրաֆը կարող է ստեղծել  պոետական այդ այլաբանությունը։ Իսկ նկարել տառացիորեն այն, թե լեռներում ապրում էր, (որ նշանակում է, թե հիմա էլ կարող է ապրելիս լինի), մի մարդ, մարդակերպ մի էակ, և նա կարող է ձուլվել ժայռերի հետ, դա երևի թե շատ անհետաքրքիր  անհամ բան կլիներ։ ֆիլմն արդեն արտադրության մեջ է։ Դերասաններ եմ ընտրում, զգեստներ կարում, հողմ ու մառախուղ որոնում պոետական պատրանքը վերարտադրելու համար։            

  «Դեւը» վերջացնելուն պես Երևանում կսկսեմ նկարահանել «Խոստովանանք» ֆիլմը, որի սցենարը վաղուց եմ գրել։ Առաջարկում էի տարբեր ստուդիաների, բայց ավաղ... Մի նամակ ունեմ նաև վաղուց ստացված, որը պահում եմ իբրև պերճանք, «Տոնինո Գուերան մեզ պատմեց Ձեր «Խոստովանանք» սցենարը։ Ես լսեցի այն և երախտապարտ եմ Ձեզ։ Այդ պատմության շնորհիվ ես դարձա «Ամարկորդի» հեղինակը։

  Ձեր Ֆրեդերիկո Ֆելինի»

  Իմ ֆիլմը կլինի սև-սպիտակ, առանց մեծ ծախսերի։ Եւ ես այն իրականացնելու համար կծախսեմ իմ ամբողջ կիրքը հարազատ ժողովրդի ճակատագրի, կյանքի մասին հանրագումարի բերած իմ ըմբռնումը։ «Խոստովանանքը», փաստորեն իմ ինքնակենսագրությունն է, միայն թե առնված փոխաբերական և այլաբանական պատկերների մեջ։ Ֆիլմի սյուժեն պարզ է։ Թբիլիսին կերպարանափոխվում է , ընդլայնվում, այլ մակերեսներ ու հորիզոններ է ձեռք բերում։ Եւ գերեզմանատները, որ միշտ քաղաքի ծայրամասերում էին, նրա մատույցներում, հայտնվելով քաղաքի կենտրոնում, քաղաքային խորհրդի որոշմամբ վերածվում են զբոսայգու։ Այդպես «տեղաշարժվել» է Խոջիվանք հայկական  գերեզմանատունը։ Ու՞ր են գնացել իմ նախնիները, որտե՞ղ պետք է ապաստան գտնեն նրանք։ Եթե հանկարծ ինձ մոտ գան, քանի դեռ ողջ եմ, ես նրանց ընդունել չեմ կարող, որովհետև նրանք գրանցում չունեն, չունեն մեր ժամանակներին անհրաժեշտ մասնագիտություն։ Սա իմ ճակատագիրն է, իմ տան, իմ ծնողների, իմ մասնագիտության ճակատագիրն է։ Ճակատագիրն է այն բազում արվեստների, ժողովրդական արհեստների իրենց հատուկ բնույթով ու արտահայտությամբ, որոնք անդառնալիորեն անհետացել են։ Ֆիլմը իրականում ռեքվիեմ է, պատկերային համակարգով  իմաստավորված փիլիսոփայական խոհ։

  Կուզենայի այս ֆիլմը ժառանգություն թողնել երիտասարդ իմ  արվեստակից գործընկերներին, որոնք գալիս են շվարած, երբեմն չիմանալով, թե ինչ նկարեն,ինչ է պետք այսօր։ Մինչդեռ ամեն քայլափոխի կյանքի հրաշալի  սքանչելի հոսքն է մեզ ուղեկցում, որն արվեստագետը կարող է դարձնել պատկեր։ Բարոյական, հոգևոր, ազգային պատկեր։

  Կինեմատոգրաֆը անասելի ոխակալ է դավաճանության և կեղծ տաղանդի հանդեպ։ Այսօր  մի ֆիլմ կարող է լավը թվալ, պատվի, հարգանքի արժանանալով, իսկ վաղը այն մոռացված է, դուրսը թողնված, ֆիլմապահոցի մի մութ անկյուն նետված։ Ցավում եմ, որ հայ ռեժիսորների հանդեպ պատշած ուշադրություն չկա, փոխըմբռնում չկա։ Քանի- քանիսը թռչունի պես թևաթափ անցան, կամ... թաղվեցին... Հիշենք թեկուզ Համո Բեկնազարյանին։ Անտարբերություն կար և իմ նկատմամբ տասնհինգ տարիներ ի վեր։ Սա ոչ ոք, ոչ մի սերունդ չի ներելու։ Մեկ է կգա մի Աբաշիձե վրացի կամ հայ մի ռեժիսոր և ցույց կտա Վառլամին ճիվաղային հրեշի կերպարանքով...

  Կինեմատոգրաֆը նուրբ, զարմանալի նուրբ արվեստ է։ Զարմանալի կուսական ու զարմանալի առնական և չափազանց բարդ։ Ուստի իսկական ռեժիսորին կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է փայփայել, շոյել։ Լավ ռեժիսորը, որին շոյում են, սատարում շատ ավելի լավ ֆիլմ է ստեղծում։ Իսկ եթե հալածանքի մեջ է...

  Ինչ վերաբերում է ինչպիսի՞ն է լինելու մեր կինոյի վաղը հարցիՆ, ապա միայն մի բան կարող եմ ասել, թող կրկնվի այն, ինչ եղավ նրա արշալույսին։ Թող վաղվա օրը լինի այդ որակի կրկնությամբ։ Ի՞նչ է, կարծում եք պատմությունը չի դնում ամեն ինչ իր տեղը։ Ենթադրում եմ, որ առջևում արվեստի մեծ, սարդարապատյան հզորությամբ մարտեր են սպասվում։ Հայ ժողովուրդը, որը ստեղծարար, աշխատավոր ժողովուրդ է արժանի է մեծ կինեմատոգրաֆի։