ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ / ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԸ ԻՐ ՊԱՐՏՔՆ Է ՏԱԼԻՍ

 

«Արվեստ»-ի հյուրասրահում» գեղանկարիչ Հարություն Հակոբյանն է։

Արվեստագետ, որի գեղանկարներն ավելի շատ դրսում են ներկայացվել (Փարիզ, Վարշավա, Ամստերդամ, Բեյրութ, Թեհրան...), քան հայրենիքում։ Այդպես լինում է։ Հիմա տարիների ընդմիջումից հետո  2023-թ, հուլիսի 8-ին Երևանում բացվելու է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Կազմակերպիչները այն լակոնիկ մի արտահայտությամբ են նաև գովազդում. «Գեղեցկությունը սահմաններ չի ճանաչում»...    

********************

- Ո՞ր գույնն է գերիշխում Ձեր այս ցուցահանդեսում, որը բացվելու է  Gala Art Gallery- ում։
   - Տաք գույնը...
   - Ձեր նախապատվությա՞մբ, թե՝ Gala art - ի նախաձեռնությամբ ու առաջարկով է  ցուցահանդեսը կայանում։
   - Ցուցահանդեսը Gala art Gallery-ի ծրագիրն է՝ ներկայացնել իր արվեստագետներին...Հերթը հասավ ինձ։
   - Իսկ  անհատական ցուցահանդեսով  վերջին անգամ ե՞րբ և որտե՞ղ եք ներկայացել արվեստասեր հանրությանը։
   - Վերջինը 2016-ին էր։ Բեյրութում, Համազգայինի Լյուսի Թութունջյան ցուցասրահում է եղել։
 

- Դուք այն  արվեստագետներից եք, որի գեղանկարները  տարբեր ժամանակներում տարբեր երկրների քաղաքներում են ցուցադրվել։ Արվեստը նաև հիշողություն է, փաստերի ու զգացողությունների հիշողություն է նկարչի համար։ Կա՞ այնպիսի մի ցուցահանդես, որը տպավորվել ու մտապահվել և առանձնահատուկ նշանակությամբ է կարևորվել   Ձեր ստեղծագործական կենսագրության համար։
- Առաջին անհատականը 1998 թվականին, Փարիզի Galeri Les Cent –ում.

Նոր երկիր, նոր քաղաք, նոր տպավորություններ, նոր մտահղացումներ ու ծրագրեր...

   - Ցուցահանդեսը հրավեր է գեղեցիկի աշխարհ։ Գեղանկարչական գործերը  գունապատկերային տարեգրություններ են ապագային միտված։   Գեղանկարչությունը երկխոսություն է աշխարհի հետ, բնության հետ, զրույց Աստծո և մարդու հետ։ Ձեր ցուցահանդեսը սոսկ գեղեցիկի հետ հաղորդակցվելու հրավե՞ր է, թե՞... 
     - 
Ոչ միայն գեղեցիկի... կիսում եմ  իմ մտորումները, ուրախությունները, իմ կասկածները, մոտեցումները, իմ պատկերացումները, էներգիան...

Ֆիդիասը ասում էր, ստեղծագործող մարդը իր պարտքն է տալիս Արարչին։ Չի ասում՝ Աստծուն։ Ասում է՝  Արարչին։ Տաղանդը, որը շնորհել էր Արարիչը չվերադարձնել աշխատանքների տեսքով՝ մեղք էր համարվում։
- Հիմա երկիր մոլորակը ասես դուրս է եկել իր ծիրից և ամեն ինչ խելագար արագությամբ է փոխվում աշխարհում։ Կյանքում կատարվող իրադարձություններն ավելի աբսուրդային են, քան արվեստագետի երևակայության փայլատակումներ համարվող գեղարվեստական իրականության գործերը։ Այն, ինչ կատարվում է աշխարհում և մեր երկրում ազդու՞մ է Հարություն Հակոբյան՝ արվեստագետի ասելիքի, ստեղծագործական ձեռագրի վրա։

  - Չեմ կարծում, թե երկիրը դուրս է եկել իր ծիրից։ Գուցե պտույտն է արագացել։ Դա տիեզերքի շնչառությունն է։ Ուզենք, թե չուզենք պետք է համահունչ լինենք...

Այն, ինչ կատարվում է մեր երկրում՝ դարեր շարունակ կատարվել է...

Կատարվել է.

Պապ թագավորի ժամանակ

Արաբական արշավանքների ժամանակ

Նարեկացու և Քուչակի ժամանակ

Ռուբեն Սևակի ու Եղիշե Չարենցի ժամանակ։

Լեոնարդո դա Վինչին քսանմեկ պատերազմ է տեսել իր կյանքում և ութին անձամբ է մասնակցություն ունեցել։

Ասելիքը մարդու մեջ դրված սերմն է, որն անկախ ամեն ինչից  ծիլ է տալու և չի տալու անկախ ամեն ինչից։

 

  ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ