Ու՞Մ Է ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈւԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

 
Հարց, որից բխող խնդիրների շուրջ է մեր զրույցը բանաստեղծ  Սոնա Վանի հետ.
        
       
- Այն, որ ժամանակների հետ փոխվում են նաեւ արժեքային համակարգերը, փաստ է այլեւս: Ժամանակի մեզ տրված այս հատվածում հստակ դարձավ, սակայն, որ արժեքային սանդղակները խարխլվում  են նաեւ այն պատճառով, որ գրականության եւ արվեստի գործերն այն պահանջարկը չունեն, ինչպես ունեցել են նախորդ դարաշրջաններում: Արվեստագետի ասելիքն, ինչպես Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Լը Կլյուզոն է ասում, "այլեւս չի մխրճվում իրական կյանքի մեջ: Գրողի, ավելի շատ պոետի խոսքը փոքր խմբի մտքերի ու հոգիների առաջ է բացում լուսավոր մի անցյալ, իսկ  մնացյալի համար, որ հասարակության մեծ շերտ են կազմում, քամին ցիրուցան է անում":  Քաղաքականացված ու Առ եւ Տուր-ի մեր օրերում արվեստի եւ գրականության ու առհասարակ, ստեղծագործողի դերը, ո՞րն է... Ինչու՞ է գրողը շարունակում գրել, նկարիչը՝ նկարել, կոմպոզիտորը մեծ ու փոքր կտավների գործեր ստեղծել: Արվեստագետը, իր ժամանակակցի՞ն, թե՝ ապագային է հասցեագրում իր ստեղծագործությունները: Իսկ գուցե՞  արտահայտվում է վկայելու համար: Բայց չէ՞ որ նաեւ հիշողությունն է արվեստագետի մեծագույն զենքերից մեկը: Երկրում եւ Երկրից դուրս ստեղծագործող արվեստագետը վկայելու կամ հիշելու պարտավորություն զգու՞մ է հայրենիքի հանդեպ:

Սոնա Վան.- Հայրենիքին հեռվից նայողի հայացքը հասկանալու համար ժամանակ ու նույնիսկ երեւակայության լարում է պետք: Իմ հայացքը հայրենիքին՝ հեռվից չէ: Երբեք այդպես չեմ նայել հայրենիքին: Երկրի ցավը միշտ զգացել եմ զինվորի բացակա ոտքի պես: Իրական: Հայրենիքի թերությունների մասին մտածելիս առաջին ցանկությունս՝ ազատվելն է, ամեն կերպ դրանցից ազատվելն է, ինչպես սեփական երեխայիդ արատները կամ զանցանքներդ ես փորձում թաքցնել, քողարկել, որ հանկարծ ուրիշները չնկատեն...մինչեւ մի ճար գտնես: Իմիջիայլոցությունը. մոտավորը, որպես կեցութաձեւ, համարյա ամեն ասպարեզում է: Վերաբերմունքի պակաս կա, անձնական պատասխանատվության պակաս: Այս համապատկերում, սակայն զվարթ գույներ են ի հայտ գալիս: Նոր սերունդի բերած գույներն են: Պարզապես հիացնում են: Վստահ եմ, որ նրանք ամեն բան փոխելու ներուժ ունեն: Նրանք ավելի  իդեալիստ են, քան իմ սերունդի մարդիկ: Ինչ- որ բան փոխվելու միտումներ ունեն` աշխարհի մակարդակով: Ինչ-որ բան հասնում է կրիտիկական կետին, որին էլ հաջորդում է՝ լինել- չլինելու հավերժական հարցի պատասխանը գտնելու ուղղիների փնտրտուքը, նոր եղանակների որոնումը: Կարծում եմ, որ նոր սերունդը գտնելու է այդ հարցին պատասխանելու իր ձեւը:
    
- Աշխարհին հուզող խոշոր հարցերի համացանցում առաջնայինը, կարծես  նյութականն է: Ժամանակի բավական երկար  հատված է, ինչ մարդկության բոլոր սերունդների հիմնական ու  մտահոգող  խնդիր  դարձել է ճգնաժամը`ոչմիայն տնտեսական: Քանի որ խնդիրը խորքով քննելու դեպքում պետք է հասկանայինք, որ ճգնաժամ ասվածը ,զուտ նյութական գետնի վրա առաջած պատճառ ու հետեւանք չէ:  Ճգնաժամ բառը հին հունարենում թարգմանաբար նշանակում էր Դատաստան... Այսինքն, ճգնաժամը Վերին դատաստան է երկիր մոլորակում կատարվող անարդարությունների համար: Ուրեմն, պետք է ենթադրվեր, որ այն մարդկանց սթափության կոչելու, հայացքը  նյութականից դեպի հոգեւորը դարձնելու միջոց է:  Եթե գերտիրությունների, նաեւ փոքր երկրների իշխանավորները նաեւ մարդկության իշխանատենչ ու նյութական կարողություններ ունեցողների հատվածը հասկանա պարզ այս ճշմարտությունը, թերեւս կարողանա  շտկել երկիր մոլորակի ուղեծրից նկատելիորեն ծռված շառավիղը:

Ս. Վ. և Պատգամը իրականում հստակ է: Ճգնաժամը սկսվում է նախ սրտի, հոգու եւ գիտակցության մեջ, ապա տարածվում արտաքին աշխարհ, հասնում շոշափելի ու նյութական եզրեր, կրկին ու նորից հաստատելով՝ հոգուց դուրս, զուտ շահի ոլորտում գործող բոլոր հարաբերությունները ոչ միայն անհուսալի են, այլեւ կործանման տանող: Պետք է քաջություն ցուցաբերվի եւ մշակույթի մարդկանց խոսքը վերադարձվի իր նախնական ու հիմնական տեղը: Ոչինչ, որ այն մշակութային տարածք է, բայց անցյալներում այդ տարածքից հեռացած բառն, անգամ քաղաքագետի շուրթերին դատապարտված չէր ու շահի դաշտում  նույնքան ճշմարիտ ու ազնիվ էր պահվում, որքան գրողի տողում: Հիմա թե° գովազդային հոլովակներում, թե° բիզնեսի ու քաղաքականության աշխարհում այնքան արժեզրկեցին բառը, նաեւ բառի հետ եկող զգացումներն ու զգացողությունները, որ մաքուր տարածք որոնելու խնդիր առաջացավ: Երջանկության երազի չափանիշը դարձավ այս կամ այն մակնիշի մեքենան: Գուցե պատահական չէ,որ երջանկության իրական տարածքին անտեղյակ նույն մարդը մերսեդես մակնիշի մեքենան ավելի մեծ քնքշությամբ է շոյում, քան երբեւէ կշոյի որեւէ կնոջ: Ամեն բան հանուն կարճատեւ ցնցումի, հանուն վաճառվող ապրանքի ու այդ ապրանքն առավել ցանկալի դարձնելուն, մինչեւ մարդկային պարզ զգացողությունների կորուստը, մեր իսկ զավակների՝ մի օր իսկապես երջանիկ զգալու հնարավորությունը: Ամեն բան հանուն շահի, հանուն փողի, հանուն ապրանքի: Զրոների քաղցկեղ, որը սպառնում է մարդուն, ավելի շատ, քան մարմնում բուն դրած քաղցկեղը: Սա ուտում, քայքայում է մարդու  հոգին եւ մարդկային բոլոր հարաբերությունները՝ վերջնահաշվում իմաստազրկելով...կյանքը:  

- Կարծես թե եկեղեցուն, հոգեւոր հայրերին  ստեղծված իրավիճակը նույնքան մտահոգեր, որքան եւ մշակույթի մարդկանց:  Այն եկեղեցու, որը հայերի համար դարեր շարունակ հիմնարար դեր է կատարել, այն եկեղեցու, որը պետականություն չունեցող երկրի համար առաջնային նշանակությամբ է կարեւորվել: Մինչդեռ, նույն այս ժամանակների պարտադրանքով, կարծես հոգեւոր տան սպասավորներն էլ են փոխել հայացքների ուղղությունը...

Ս. Վ.- Ես չեմ ուզում հոգեւոր հայրերի դերն անտեսել, բայցեւ չեմ կարող չնկատել, որ ինչպես գրականության, ինչպես արվեստի եւ առհասարակ, մշակույթի ուզածդ ոլորտում,  շատ կարեւոր է  խոսքի ճշմարիտ լինելը: Խոսքը, որ հոգու խորքից հորդացող բառերի հոսքն է, արձագանքվում եւ հզոր հնչողությամբ լսելի է դարձնում Պատգամը: Քրիստոնեությունը բառի հենակետով հզոր կրոն է: Աստված ուզեց բան ասել մարդուն եւ այնքան մեծ էր նրա այդ ցանկությունը, որ մարդացավ: Քրիստոսի  ճշմարիտ, հրաշագործ, կարեկից, բուժող խոսքը ինչու՞ է անարձագանք մնում: Նրա խոսքով չբուժվե՞ց Սիմոնը: Անկեղծ ու սիրով ասված խոսքի պակասն է, որ զգում է աշխարհը: Նման խոսք է այսօր ակնկալվում երկրի ղեկավարից, գրողից, արվեստագետից ու մարգարեից: Խոսք, որը ճշմարիտ է եւ բուժիչ հատկություն ունի: