ՓԱՌԱՏՈՆ, ՈՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ

  “Ոսկե ծիրան” Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը ավարտեց իր աշխատանքները: Տոնական շաբաթվա վեցերորրդ օրը  տարբեր անվանակարգերում աշխատած Ժյուրիի խմբերը պիտի ազդարարեին հաղթող ֆիլմերի ու նրանց հեղինակների անունները:  Կինոգործիչների և կինոսիրողների հոսքը դեպի Ազատության հրապարակ. Կարմիր գորգով անցնող մանկասայլակով  տիկին. Այս անգամ այդպես է. գորգը շրջանցվում է: Անուններ չեն ազդարարվում: Ոսկե ծիրանը թե' բացման թե' փակման արարողությունները միշտ տարբեր են, չկրկնվող: Կրկնվում են կարծիքները. “Այս անգամ ավելի հետաքրքիր էր”,-ասում են: 11-րդ էլ բացառություն չէր` նույն այս արտահայտությամբ գնահատվեց:

 Երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը իսկապես հետաքրքիր էր` երաժշտական հրաշալի կատարումներով ընդմիջված: Պարզ է` Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող երեկոյի առանցքը տարբեր անվանակարգերում աշխատած ժյուրիի խմբերի բեմում հայտնվելն էր: Քանի որ հենց նրանք էին հայտարարում այն կինոգործիչների անունները, որոնց ստեղծագործությունները հաղթող են ճանաչվել երևանյան կինոփառատոնում:   Բայց մենք պիտի երեկոյի ընթացքում հնչեցված անունների հերթականությունը խախտելով, ներկայացնենք այն ֆիլմերը, որոնք առանձնացվել ու մրցանակներով են գնահատվել.

 

Բեմ  հրավիրված   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ Ժյուրիի անդամները հայտարարում են.

 Ոսկե Ծիրան -Առաջին Մրցանակին է արժանացել ուկրաինական “Ցեղը” ֆիլմը. Ռեժիսոր և սցենարի  հեղինակ Միրոսլավ Սլաբոշպիցկի. 

Սա մի կինոնկար է, որի հեղինակները  ևս մի  անգամ հաստատում են հանրահայտ այն ճշմարտությունը, թե մարդը որոշում է, Աստված տնօրինում.   Մասնագիտացված գիշերօթիկ դպրոց է ընդունվում Սերգեյ անունով խուլ և համր երիտասարդը, որի հիմնական նպատակը հանցագործության և մարմնավաճառության առնչվող դպրոցական ցանցի, այսպես կոչված` ցեղի պաշտոնակարգության շարքեր մտնելն է: Մասնակցելով մի քանի գողության, նա կարծես հաջողության հասնելու  երաշխիքներ  է ձեռք բերում: Բայց   դեպի վեր տանող նրա ուղին անսպասելի խոտորվում է:  Երիտասարդը հանդիպում է “ցեղապետի” հարեմի աղջիկներից մեկին` Աննային: Ճակատագրական հանդիպում, որի արդյունքում ֆիլմի գլխավոր հերոսը խախտում է ցեղի գրված ու չգրված բոլոր օրենքները…  

 

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ .- Երկրորդ մրցանակը տրվում է վրացական  «Կույր ժամադրություններ» ֆիլմին,  ռեժիսոր` Լևան Կոգուաշվիլի .

Սիրահարված տղամարդ, որի ընտրյալը, սակայն ամուսնացած է… Թբիլիսում ապրող քառասունամյա ուսուցիչ Սանդրոյի կյանքի պատմությունն է, որի անձնական երջանկություն գտնելու բոլոր փորձերը անհաջողության են մատնվում:

 

 

 

 

 

Կյանքի, սիրո, անդրշիմյան աշխարհի շուրջ խորհրածություննների մղող ֆիլմը, որը Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել, կոչվում է   «Նատյուրմորտ»:  Կինոնկարի ռեժիսորը`  Ուբերտո Պազոլինին է (Մեծ Բրիտանիա /Իտալիա):

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈւՄ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-առաջին մրցանակին արժանի նկար է ճանաչվել «Քարե գետը» (Իտալիա/Ֆրանսիա).

  20-րդ դարի սկզբին օվկիանոսը հատած և ամերիկյան Վերմոնթ նահանգի Բարրի քաղաքում հաստատված եվրոպացի  քարագործ վարպետների ու նրանց ամերիկյան երազանքները փշրող աղետալի իրադարձությունների մասին է կինոնկարը: Իրական մի պատմություն, որի կինոտարբերակը սցենարի հեղինակ և ռեժիսոր` Ջիովանի Դոնֆրանչեսկոն ստեղծել է  30-ականներին քարագործ եվրոպացիների հետ ամերիկյան մի խումբ գրողների արված հարցազրույցների հիմքով: Պատկերային գրավիչ եղանակների կիրառմամբ ու պատումնային հետաքրքիր ոճով  առանձնացող ֆիլմը վեր է հանում  Մեծ լճացման շրջանի Ամերիկայի իրական պատկերը:  

 

 

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ , երկրորդ մրցանակը հանձնվում է «Դոմինոյի էֆեկտը» նկարին, որը հեղինակներն են` Էլվիրա Նևերան, Պյոտր Ռոսոլովսկին  (Լեհաստան/Գերմանիա):

 Ֆիլմը  մարդկային բարդ հարաբերությունների մասին է, որը հարթվելու փոխարեն ավելի է խճճվում: Գուցե նաև այն պատճառով, որ գլխավոր հերոսներից մեկը ազգությամբ ռուս է, իսկ իրադարձությունները ծավալվում են պատերազմից բզկտված ու չճանաչված  փոքրիկ Աբխազիայում:

 

 

 

 

 

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն նկար է ճանաչվելով,  ՈՍԿԵ ԾԻՐԱՆ, առաջին  մրցանակին է արժանացել. «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա) կինոնկարը:

 Հայրենիք` Պաղեստին վերադարձող հերոսը, երկրով  անցնելու  տունդարձի ճանապարհին  վերհիշում է սեփական կենսագրության էջերը: Ամերիկա մեկնելու, օտար ափերում  խաղաղ ապրելու որոշումից  հրաժարվելու և Հայրենիքի ձգող ու հաղթող ուժի մասին է ֆիլմը:

 

 

 

 

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացել է «Կարմիր Հալքը» ֆիլը, որի ռեժիսորն է` Ասմինա Պրոեդրուն (Հունաստան): Աթենքում ապրող միայնակ երիտասարդի տառապանքներն ավելի են խտանում, երբ նա ակամա մասնակից է դառնում ռասայական բռնության…

ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ  ԱՆՎԱՆԱԿԱՐԳԻ,  ՈՍԿԵ ԾԻՐԱՆ   առաջին մրցանակը ստացել է լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ» ֆիլմը,  ռեժիսոր` Ջիվան Ավետիսյան,  (Հայաստան/Լիտվա):

Կինոնկարը երեք մասից է բաղկացած.

Արամի կենսագրության առաջին իսկ էջերը սկսվում են կյանքի հարվածներով. Փոքրիկ տղայի մանկությունը խաթարվում է հարազատ  ու ամենասիրելի մարդկանց, ծնողների պատճառով, որոնք նույն կյանքի պարտադրանքով ստիպված են բաժանվել:

Խաղաղությունից-պատերազ, մեկ օր` ողբերգական իրադարձություններով հագեցած: Օր, որի ավարտին  Աստղիկը մնալու էր միայնակ ծնողներին ու սիրեցյալին կորցնելով: Երրորդը` Թևանիկի պատմությունն է: Տասնչորսամյա տղան մասնակցում է պատերազմական գործողություններին ու վարկյանները որոշիչ են դառնում նրա համար միայն այն պատճառով, որ գեղեցիկի վրա ձեռք բարձացնելու ուժ չի ունենում:

Հրանտ Մաթևոսյանի անվան լավագույն սցենարի համար հատուկ մրցանակն և ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  առաջին մրցանակը տրվել է կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր»  ֆիլմին,  ռեժիսոր` Վահրամ Մխիթարյան,  (Լեհաստան/Հայաստան)ը:

 Սեթոն, որ տաս տարեկան է, հուզմունքով է սպասում փոքրիկ եղբայր ունենալու ընտանեկան նշանակալից իրադարձությանը: Դժբախտաբար, նորածին երեխան մահանում է: Մեծ կորուստի ցավը մասամբ մեղմացնում է  նրանց տանը հայտնված  գառնուկը, որը սնվում է որդեկորույս մոր կրծքից:

 

 

 

 

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ երկրորդ մրցանակակիր ֆիլմը դարձավ  լիամետրաժ-խաղարկային` «Ռոմանտիկները», ռեժիսորներ` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան, (Հայաստան).

 Մեր օրերի Երևանը,  մեր կյանքի անբաժան մաս դարձած արտագաղթի սովորական մի պատմություն: Ընդ որում, իրական պատմություն:   Հայաստանից հեռանալու վճիռը կայացրած երիտասարդ դերասանը Ամերիկա մեկնելուց առաջ, մտերիմներին հրավիրում է հրաժեշտի երեկոյի: Տոնական հավաքը, սակայն ողբերգական ավարտ է ունենում:

 

 

 

Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության “Թագուհի Նուարդ”   մրցանակով և Ոսկե ծիրան

 փառատոնի Պատվոգրով է առանձնացվել ` «Նորմալ եղիր, խնդրում եմ» ֆիլմը:  Ռեժիսորը` ամերիկաբնակ մեր հայրենակիցն է. ճանաչված   դերասան Վլադիմիր Քոչարյանի որդին` Հայկ Քոչարյանը (ԱՄՆ), որը 1993-ից ապրում է Նյու Յորքում: Նա մի քանի կարճամետրաժ ֆիմերի սցենարիստն ու ռեժիսորն է , որոնցից “Չարլին”  հաղթող է ճանաչվել  կարճամետրաժ ֆիլմերի Thirteen/WNET Reel 13 մրցույթում:

 

 

 

 

ՄՐՑՈՒՅԹ անվանակագի մրցանակին արժանացել է «Շքամուտք» կինոնկարի ռեժիսոր` Լուսինե  Սարգսյանը (Հայաստան).

 Քաղաքային բազմաբնակարան շենք, որի շքամուտքում ոչ միայն իրադարձություններ են ծավալվում, այլև արժևորվում այստեղ ապրողների կորցրածն ու գտածը: 90-ականների սև ու մութ օրերին սկզբնավորված այս կենսաձևին “հետևող” կինոխցիկը որսում է այն հիմնարար փոփոխությունները, որոնց ենթարկվում են մարդիկ…

 

 

 

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿԻՆ արժանացած երկրորդ ֆիլմը կոչվում է «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն»: Սցենարի հեղինակ և ռեժիսոր ` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան).

 Երկու տարի, տասնմեկ երկրում կատարված նկարահանումներ, արխիվային եզակի նյութեր, ձեռագրեր, անձնական օրագրեր, նոթեր` Փարիզի,Լոնդոնի, Լիսաբոնի գրադարաններից “պեղված”:  Սրանք են հիմք դարձել ակադեմիական մի կինոպատումի, որի հեղինակն ու ստեղծագործական խումբը փորձել են  պարզել կամ հասկանալ, թե ինչպես է հայերին հաջողվել մեծ բացահայտումների դարաշրջանից շատ առաջ Արևելքը կապել Արևմուտքին:   

 

 

 

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ տրվեց «Հարություն» ֆիլմի սցենարի հեղինակ և  ռեժիսոր` Ալեն Մանուկյանին,  (Հայաստան): Երիտասարդ արվեստագետի համար սկզբնավորված խոստումնալից ուղի` առաջին ֆիլմ, առաջին կինոփառատոն, առաջին  մրցանակ…

Ավելացնենք` փակման արարողության օրը Ոսկե ծիրան փառատոնի կազմակերպիչնեըը  հաճելի անակնկալ մատուցեցին  կինոաշխարհում ճանաչված երկու անհատականությունների:  “Փարաջանովյան թալեր” հատուկ մրցանակ տրվեց   պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող, անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:

Կարևոր ևս մի հանգամանք` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը փակման այս արարողությամբ չի ավարտում իր աշխատանքները:

 

 

Փառատոնը վերջին տարիներին   շարունակում  է կինոհանդիսություններ` տոնական ծրագրեր իրականացնել Հայաստանի մարզերում, Արցախում և  Ջավախքում: Այնպես, որ  մրցանակների արժանացած,  ինչպես նաև փառատոնային ծրագրերում ներառված մի շարք  ֆիլմեր դիտելու հնարավորություն կունենան նաև այն կինոսիրողները, որոնք հուլիսի 13-20, 2014 թ. Երևան գալու հնարավորություն կամ առիթ չեն ունեցել: