ՄԱՍ-ՄԱՍ «ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Մի հին հեքիաթ կա, այս հեքիաթի հիմքով մուլտֆիլմ էլ կա. էս հեքիաթ-մուլտֆիլմիի չար ու ընչաքաղց հերոսը միայն մեկ բաղձանք ուներ. այն ամենին, ինչին ձեռք տա, վերածվի ոսկու: Ագահ մարդու այս մեծ երազանքն իրականանում է, եւ նա ոգեւորված աջ ու ձախ վազվզելով, ձեռք է տալիս իրեն շրջապատող բոլոր իրերին, որոնք նույն վարկյանին դառնում են ոսկի: Բայց երբ հոգնում է ու մի պահ հանգստանալ, քաղցն ու սովը հագեցնել է ուզում, ուտելիքն ու խմելիքն էլ են վերածվում ոսկու: Եւ շուրջը գոյացող ոսկին վարկյաններով է շատանում, քանի որ նա շարունակաբար փորձում է մի պատառ ուտելիք, մի կում խմելիք տանել բերանը: Զուր ջանքեր... Եւ մեր հերոսը, ի վերջո, թաղվում է ոսկու կույտի տակ...
Մեր մայրաքաղաքը վերաձեւող, կանաչ գոտիները վերացնող ու դրանց տեղը «երկնաքերեր» ու տարաբնույթ շինություններ կառուցող մարդիկ, մի օր հաստատ այս հեքիաթի հերոսի վախճանին են արժանանալու: Պարզապես ոսկուն փոխարինելու են իրենց իսկ կառուցած շինությունները: Միայն թե դեռ «տաք են» ու դեռ ըմբոշխնում են իրենց տրված հնարավորությունները եւ արտոնված իրավունքները: Այդ մարդկանց ով կամ ինչ լինելը, որպես կանոն բարձրաձայն չեն հնչեցվում (գոնե հերթական ավերածությունները սկսելու առաջին շրջանում), իսկ նրանց մեծ արտոնություններով օժտողների ով լինելը, կարծես թե այնքան էլ մեծ գաղտնիք չէ: Ստեղծված իրավիճակում հուսադրող հանգամանքն այն է, որ մայրաքաղաքի բնակիչները, կարծես թե արթնացել ու ապրիօրի այս գործողությունների հանդեպ զգայուն են դարձել եւ այլեւս համակերպվելով, չեն լռում: Ոչ միայն չեն լռում, այլ ընդվզում են եւ հետեւողական ու լուրջ քայլեր են ձեռնարկում Երեւանի ճարտարապետական արժեք կրող շինությունները եւ արդեն Շագրենի կաշվի պես փոքրացած կանաչ գոտիները պահպանելու համար: Բավական ուշացած, բայց էլի հուսադրող ձեռնակներ են, որոնք կարծես դրական հետեւանքներ են ունենում:
Լավագույն օրինակը, թերեւս «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կապակցությամբ սկսված մտավորականների բողոքի ակցիաններն էին: Ճիշտ է, դեռ վերջնական որոշում այս առիթով չի կայացվել, բայց պետք է ենթադրել, որ այդուհանդերձ խնդրի լուծումն հասարակության օգտին պետք է լուծվի:
Վերջին շրջանում երիտասարդ երեւանցիներն են ոտքի ելել ու բողոքի ալիք բարձրացրել` ի պաշտպանություն Աբովյան-Տերյան փողոցների միջնահատվածում, Ազգային գրադարանին կից ընկած տարածքի, որն ի դեպ, հայտնի է «Ուսանողական այգի» անվամբ: Ոչ այնքան մեծ, զով ու կանաչ այս այգում գործում են մի քանի բացօթյա սրճարաններ: Այստեղ է գտնվում նաեւ Աստղադիտարանը, որը թե` որպես ճարտարապետական արտահայտություն, թե` որպես գիտական հաստատություն կարեւոր նշանակություն ունի քաղաքի համար: Բայց այս հանգամանքն առանձնապես էական նշանակություն չունի այն խմբի համար, որոնք արդեն մեկ ամիս է, ինչ կառուցապատման աշխատանքներ են սկսել այս այգում: Սրա համար 9 մետրանոց խորությամբ հիմնափոսեր են փորվել, ծառեր են արմատախիլ արվել, կանաչ բուսականաթյան տեղը շինարարկան նյութեր են լցվել: Այսպիսով, նոր տերերը, շահույթ ապահովող նոր շինություններով են փորձում «շենացնել» այգին, վստահ, որ զվարճանքի տարատեսակ կենտրոնները` շատ ավելի նպատակահարմար ու անհրաժեշտ են երիտասարդության համար, քան կանաչախիտ այգու գողտրիկ գեղեցկությունը: Այսպիսով, բուհերում սովորող ուսանողներն ուսումնական ծրագիրը յուրացնելու փոխարեն ժամանակը կծառայացնեն ավելի «էական» բաների վրա: Մանավանդ որ բետոնապատ տարածքն, արդեն իսկ պահանջներ է թելադրում` սրճարաններում նստելու, գարեջուր խմելու, օրվա ճաշակին համահունչ երաժշտություն լսելու եւ այսօրինակ հազար ու մի «հետաքրքիր» զվարճանքներ առաջարկելով: Ուսանողներն էլ իրենց ջահել օրերն «անհոգ ու երջանիկ» անցկացնելու մտահոգությամբ մեծերի ծավալած շինարարական աշխատանքները ոչ միայն շնորհակալությամբ չեն ընդունել, այլ բողոքի ալիք բարձրացնելով են արձագանքել: Եւ հասարակության ու իշխանավորների ուշադրությունը տվյալ խնդրի վրա կենտրոնացնելու համար տարբեր միջոցներ են կիրառում. Վիրտուալ տարածքում` «Մենք ենք մեր քաղաքի տերը» խորագիրը կրող կայքէջ բացելով, արդեն շաբաթներ է, ինչ նրանք ակտիվորեն պայքարում են այգու ոչնչացման դեմ: Նամակներ են հղում տարբեր հաստատություններ, հիմնավոր տեղեկանքներով, լուրջ փաստարկներով նշում, որ հիշյալ կառուցապատումն ընթանում է քաղաքաշինական, ճարտարապետական, վերջապես բնապահպանական օրենքների խախտումներով: Հորդորելով, խնդրում-պահանջում են շինարարական աշխատանքների թույլտվություն չտալ այն անձանց, որոնք մասնավոր շահը վեր են դասում հանրային, մասնավորապես երիտասարդության շահերից: Նաեւ հիշեցնում, որ` «Զբոսայգիները քաղաքային մշակույթի կարեւոր բաղադրիչներից են»: Երիտասարդության նման ակտիվ ու նախանձախնդիր գործողություններից զարմացած (բնականաբար ոչ հիացած), քաղաքապետարանն, անշուշտ ստիպված էր ինչ-որ ձեւով արձագանքել այս ամենին: Եւ արձագանքեց. մասնավորապես տարածելով մի հաղորդագրություն, որտեղ նշվում էր, թե Երեւանի քաղաքապետարանը նոր օբյեկտ կառուցելու արտոնություն չի տվել, որ հնաոճ երկու տաղավարների արդիականացման եւ հիմնանորոգման համար են սկսվել կառուցապատման աշխատանքները: Այգու վերափոխմանը միտված շատ կարեւոր եւս մի փաստարկ էլ է շեշտվում նշված հաղորդագրությունում: Ասվում է, թե իբր քաղաքապետարանն այս գործը ձեռնարկել է հիմնականում բացելու, ի տես դնելու համար այստեղ տեղադրված, բայց այգու ծառերի ճյուղերով ստվերած Վիկտոր Համբարձումյանի արձանը: Ուրեմն, համաքաղաքացիներին գիտության եւ արվեստին հաղորդակցելու ազնիվ մղումով է նաեւ այս գործը նախաձեռնվել: Իսկ ահա երեւանցիները եւ հատկապես երիտասարդները անտեսում են խիստ անհրաժեշտ այս քայլը: Միայն թե հանրությանը ներկայացված նախագիծ-էսքիզն իսկ հստակ պատկերացում է տալիս, թե իրականում ինչ նպատակով է սկսվել «նորոգչական» այս աշխատանքները: Վերջին տարիներին ընդունված գործելակերպին հավատարիմ, շինարարությունն իրականացնող «Էլեգանտ-5» ընկերությունն էլ ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պարտավորվել է ընդամենը «բարեկարգել» սրճարանի տարածքը: Խոսք ու գործի միջեւ այսօրինակ անհամաձայնութունն ծանոթ եղանակ է, որի կիրառումն այլեւս ոչ մեկին զարմանք չի պատճառում: Պարզ է նաեւ, որ այգու «բարեկարգման» համար տարվող աշխատանքների մասին տեղյակ են եղել եւ Քաղաքաշինության նախարարությունը, եւ Բնապահպանության նախարարությունը: Միայն թե նպատակահարմար են գտել աչք փակել եւ «Էեգանտ» ընկերությունն էլ «էլեգանտ» կեցվածք ընդունելով, սկսել ու շարունակել է երիտասարդական այգին ծառահատելու, բետոնապատելու եւ ուտել-խմելու օբյեկտներ կառուցելու խիստ հրատապ աշխատանքները: Հստակ է արդեն, որ այս հաստատությունների ղեկավարների համար անսպասելի է եղել երիտասարդության ակտիվ միջամտությունն ու բողոքի ալիք բարձրացնելը: Ինչպիսի՞ն է լինելու հետագա ընթացքը, թերեւս հայտնի չէ: Իհարկե, լավ կլիներ, եթե այգին «վերանորոգող» ընկերությունն ու նրան սատարող կառույցները կրկին վերհիշեն, թե ինչ ճակատագրի արժանացավ հեքիաթի այն հերոսը, որը, ճիշտ է, ստացավ այն, ինչ ուզում էր, բայց հենց ուտել-խմելու հնարավորությունից զրկվելով մնաց ոսկու դեզի տակ...