ԳԱՂՏՆԱԳՐԵՐ ԿԱՆ ՎԵՐԾԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

Տպագրության է պատրաստվում ճանաչված նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործական աշխարհը ներկայացնող գիրք-ալբոմը:
"Արվեստի" ընթերցողին ենք ներկայացնում  նկարչի մտորումներից պատառիկներ.

Կյանքս ապրել եմ այն հետաքրքիր  դարձնելով: Իմ մասնագիտությունն է օգնել: Ասում եմ մասնագիտություն, բայց ինձ համար ապրելու հոմանիշը նկարչությունն է, որը ոչ մասնագիտություն է, ոչ էլ կոչում: Ապրելաձև է: Թուղթն է, յուղաներկը, կտավը, որոնք դառնում են մեծ ու փոքր ծավալի գեղանկարներ: Կիրառական արվեստի գործեր, թատերարվեստում իրականացված աշխատանքներ: Բայց ինձ տրվածը որքան էլ սիրում եմ, այդուհանդերձ միշտ մտածել եմ, թե ի՜նչ լավ կլիներ եթե այնուամենայնիվ, Աստված ինձ երգելու շնորհ տար:

Ահա ասացի, բայց խորքում գիտեմ, որ ինձ տրվածն է ամենամեծ պարգևը: Ի վերջո, նկարչի առավելությունն այն է, որ մեն-մենակ ստեղծագործելու հնարավորություն ունի: Մենակությունը, Աստծո տված ամենահրաշալի նվերն է: Մարդը մենակ է ծնվում ու միշտ մենակ է: Եւ կյանքից այնպիսի դասեր է քաղում, հոգևոր այնքան պաշար է ձեռք բերում, ներքին այնպիսի կուտակումներ ունենում, որ ուրիշ որևէ մեկը չի կարող երբևէ կռահել, թե ինչ է կատարվում նրա ներաշխարհում: Մենակության մեջ ես հասկանում, որ գաղտնիքներ կան, ձայներ կան, որոնք միայն քեզ են հայտնի, որոնք միայն քեզ են լսելի:

Նկարիչն, անհնար է անտարբեր մնա որևէ երևույթի հանդեպ: Միայն թե 20, 30, 40 տարեկանում զուտ ֆիզիոլոգիապես չէ, նաև գիտակցական, հուզական, իմացական աշխարհդ է փոխվում: Հայացքդ որսում է բաներ, որոնք քո տեսողական դաշտում մինչ այդ նկատել չեն եղել: Մարդիկ են հեռանում, շատ սիրելի մարդիկ և դա ներքին ցնցումներ է առաջացնում: Հատկապես հարազատների կորուստն է անասելի ծանր  ազդում անհատի վրա: Պրոցեսներ են, որոնք երբեք հասկանալիի սահմաններից ներս չեն մտնում: Եթե հասկանալի դառնային, աշխատելն, իսկ առավել ևս ապրելը անհետաքրքիր կդառնար:

Դիմացս նկարակալն է, որի վրա ճերմակ թուղթ է փակցված. Այնքա՜ն կատարյալ` չափի, ձևի, գույնի ներդաշնակությամբ, որ չեմ էլ ուզում ձեռք տալ: Թուղթը նույնպես մարդու աշխատանքի արդյունք է, չէ՞: Վրան երկու գիծ քաշեցիր ամեն ինչ փոխվեց: Վերջ: ՛՛Կենսագրության" նոր էջ է սկսվում: Թուղթ շատ եմ սիրում: Եւ թղթակույտերից մեկը կամ երկուսը, երբեմն չորսը հանելիս, տխրում եմ: Մտածում եմ, չեմ հասցնի ունեցած բոլոր թղթերը գործածել: Հետո ինքս` ինձ սփոփում եմ, ասում եմ. ոչինչ, ինձանից հետո տղաս կօտագործի: Բայց նույն րոպեին զգում եմ, որ ինքս եմ ուզում ունեցածս տրցակները բացել, նկարակալին փակցնել և նկարել, էլի նկարել: Ափսոսանքս մեծ կլինի եթե չկարողանամ կամ չհասցնեմ ուզածս կերպ օգտագործել իմ ճերմակ թղթերը:

Թատրոն.  Ինչու՞ եմ ես աներևակայելի ուրախություն, հրճվանք ապրում երբ ինձ հրավիրում են (ավա~ղ, շատ հազվադեպ) ներկայացում ձևավորելու: Մասշտաբները բոլորովին այլ են. 14մ տախտակ, բեմ, դեկորներ, վարագույրներ… Թատրոնը աներևակայելի տեսիլքներով հարուստ մի աշխարհ է, որը նկարչի առջև փակ դռներ է բացում: Երաժշտությունը օգնում է նկարչին ստեղծագործական կարողության անծանոթ շերտեր ի հայտ բերել, քանի որ բացվելու, ինքնարտահայտվելու նոր ասպարեզ է բացում: Թատրոնում, օպերային թատրոնում մասշտաբներն ավելի մեծ են: Պերսոնաժները, որոնց դու ես հագցնում, հետաքրքիր են` երգում են, խոսում, պարում: Եւ ռեժիսուրան է հետաքրքիր, որի շնորհիվ ներկայացման վրա աշխատող բոլոր խմբերը բացահայտումներ անելու հնարավորություն են ստանում: Թատրոնը, գեղարվեստական մի իրականություն է, որտեղ նորանոր պերսոնաժներ են հայտնվում` գուսանները, դերասաններ, որոնք դիմակներ են փոխում, դիմակներ պատռում, և նորերը հագնում…  Ամեն մեկը`  «բազմադեմ Յանուս» է: Երբ ավարտվում է ներկայացումը, տխրում ես: Քանի որ երբեմն ետ նայելու, երբեմն զուգահեռներ տանելու, երբեմն անցյալից կարևոր մի դրվագ վերհիշելու,  մոռացված  զգացողություն վերապրելու առիթ է դառնում:  Նաև  տարիքդ է հիշեցնում, որը այնքան էլ  հաճելի մի բան չէ:

 

Մարին իմ կողքին է միշտ.

Թող ասեն, թե կարծրացած միտք է, բայց ոչինչ, որ ես էլ հաստատեմ, թե կանայք շատ զգայուն են արվեստի արտահայտությունների հանդեպ: Դա ես Մարիի օրինակով գիտեմ: Կյանքի փորձով եմ նաև հասկացել: Կինը ներաշխարհը հարստացնելու, գեղեցիկ ներդաշնակության պահանջն ավելի շատ ունի, քան տղամարդը:

Մարին…մի կին այդպիսի: Գեղեցիկ է, թե՛ արտաքին, թե՛ ներքին կերտվածքով: Ամբողջ կյանքում կողքիս է եղել ու երբեք չի հոգնեցրել: Ընդհակառակը` զարմացրել է: Եւ շարունակում է զարմացնել: Մինչև այսօր ինձ համար առեղծված է` մեր հանդիպումը, այն մեծ Նվիրումը, որ միմյանց հանդեպ ունեցանք հենց սկզբից, որը պահպանվեց մեր համատեղ ապրած կյանքում:

Թեմա ասվածը միջոց է: Ընդամենը: Փախուստի միջոց, որին դիմելով նոր իրականություն ես ստեղծում: Հերթական գործն ավարտեցիր, վերջ: Այն արդեն իր կենսագրությամբ է գոյատևում: Հեղինակի ներկայությունը և՛ կա և՛ չկա:

Գործը ծնվում է անսպասելի ազդակներից: Անսպասելի մի տեղ, անսպասելի մի հանդիպումից: Զևսի տաճարը, Կոլիզեյը, Հաղպատը, համաշխարհային մշակույթի պատմությունը հարստացնող նշանավոր բոլոր հորինվածքները` բնության հետ ներդաշնակված հրաշակերտ գոյություններ են, որոնց հետ հանդիպումը աննկարագրելի հույզեր են ծնում, ստեղծագործելու նոր լիցքեր տալիս: Վարպետության հասնելու ճանապարհն անվերջանալի է: Չկա մի եզրագիծ կամ որոշակի սահման, որին պիտի հասնես ու ասես` ահա սա է: Անկարելի է: Վարպետության ճանապարհն անընդհատ աշխատելու պահանջ է դնում: Միայն այդպես կարող ես վարպետության հասնել: Ի՞նչն է պատճառը, որ ամեն օր գալիս եմ արվեստանոց: Նկարում եմ, թե` ոչ, այնքան էլ էական չէ: Տասնյակ տարիներ է արդեն այս ռիթմով եմ ապրում: Ուրեմն գաղտնի մի ուժ կա, որը ձգում, բերում է ինձ այն տարածքը, որ արվեստանոց է կոչվում: Մի տեղ, որի կենտրոնում կտավով ձգված չորս նկարակալ ինձ են սպասում: Տասնամյակներ են անցել, բայց ինքս` ինձ համար դեռ չեմ պարզել, թե ում թելադրանքով եմ գալիս այստեղ: Առեղծված է, որը կարծես թե մինչև վերջ էլ մնալու է անբացատրելի: Իսկ գուցե` ոչ, չգիտեմ...

Լուվրում  հատկապես շատ էի լինում Լեոնարդոյի դահլիճում, բայց չգիտես ինչու՞ միշտ անտարբեր էի անցնում… երկրպագուներով շրջապատված Մոնա Լիզայի կողքով: Մի օր զարմանալի բան կատարվեց, ու ես կրկին անգամ համոզվեցի, որ գեղարվեստի արտահայտությունների հանդեպ վերաբերմունք ձևավորվելիս պրոբլեմը ոչ թե արվեստագետը, այլ հանդիսատես-դիտորդն է ունենում:

 Մի օր, ի՜նչ լավ էր, հիշյալ դահլիճում սովորականի պես այցելունների հոծ խմբեր չկային: Եւ Մոնա Լիզան սովորականի պես "ՙպաշարված" չէր: Շուրջը ազատ էր: Կանգ առա ու տարօրինակ մի բան կատարվեց ինձ հետ. Երեք քայլ եմ անում դեպի ձախ` հայացքով ասես ինձ հետ գալիս է: Կրկին դառնում եմ նախկին տեղս, հետո` թեքվում աջ, էլի նույն` անշեղ հայացքով "նայում է’’ ինձ: Կես ժամ, քառասուն րոպե այդ կախարդանքից ազատվել չեմ կարողանում: Չեմ հասկանում նկար է, թե` նկար չէ: Աչքերում անիմանալի այնպիսի խորություն ու խորհրդավորություն կար, որ թվում էր թե հայացքով թափանցելով սրտիդ մեջ, հասնում էր հոգուդ խորքերը: Չգիտեի, թե ի՞նչու չեմ կարողանում շրջվել, հեռանալ: Գիտակցեցի միայն, որ սոսկ նկար չէ: Առեղծվածային ուրիշ մի երևույթ է: Ընդհանրապես Լեոնարդոյի բոլոր նկարներն անսովոր հարթության մեջ են դիտվում: Նկարիչներ կան, որոնց գործերը ձգողական աներևույթ ուժ ունեն, և կանչում են. "մոտեցիր, նայիր, մոտեցիր նայիր’’- ասում են: Եւ անմոռաց են ամբողջ կյանքիդ ընթացքում: Այդպիսի հատկանիշներով են առանձնանում ասենք, Ջոտտոյի գործերը: Լեոնարդոյի մասին չեմ կարող նույն այդ բանն ասել: Նրա գործերի ներազդեցության ուժն անհնար է չափման որևէ միավորով որոշել: Ուրիշ են, համեմատության անենթակա: Ռաֆայելը, որ նույնպես մեծ է, թույլ է տալիս մոտենալ իր տիրույթների սահմաններին: Միքելանջելլոն, փոթորկուն օվկիանոսի պես է, առավել համարձակներին մոտ գնալու արտոնություն տալիս է: Մոտեցար` բնության հզոր այնպիսի տարերքի ականատեսն ես դառնում, որից ժայթքող էներգիան ոչ միայն զգում, այլև աներևույթ հզոր մի ուժի ենթարկվելով, անծանոթ աշխարհներում ես հայտնվում:

Լեոնարդոյի գործերը դիտելիս մարդկային որևէ ծանոթ զգացում չես ապրում: Տիեզերական, աստվածային էլ չես կարող ասել, որովհետև դրա համար պետք է վերին ինչ- ինչ գաղտնիքների հասու լինես: Գուցե օրը կգա, ու հնարավոր կլինի անիմանալին իմանալի դարձնել: Իսկ գուցե դրա կարիքը բոլորովին էլ չկա, գուցե գոհանանք այդ գոյությամբ, ինչպես գարնան արևով ենք հիանում կամ էլ գարնան անձրևով, որից հետո հողը նմանվում է նոր ծնված երեխայի: Եւ բնության երևույթների մեծ խորհուրդի հանդեպ ունեցած խոնարհումով թողնենք, որ նրա ստեղծած արվեստի առեղծվածը մնա չբացահայտված:

Ինձ սփոփում է այն միտքը, որ կյանքիս բոլոր էտապներում` գրեթե միշտ, հավատարիմ եմ մնացել այն ակունքներին, որտեղից սկզբնավորվել է ստեղծագործական իմ կենսագրությունը: Նաև այն որ մինչև հիմա դեռ որոնումների մեջ եմ: Ինքս` ինձ եմ փնտրում: Հասկանալ եմ ուզում, թե ես ո՞վ եմ, ինչու՞ եմ ստեղծում այս կամ այն գործը: Եւ այս հարցերի գոյությունը գաղտնագրերի պես մի բան են: Եթե գտնեմ կամ վերծանեմ դրանք ապա դա կլինի վերջը: Իսկ ես չեմ ուզում դադար առնել: Եթե Տերը ինձ համար երկար կյանք է կանխորոշել, ապա իմ հարցերը գնալով կավելանան, իմ ստեղծած աշխարհն ավելի կմեծանա` այնքան շատ մտահղացումներ կան, այնքան անհայտ շերտեր կան, որոնք կուզենայի բացահայտել: Որքա՜ն անելիքներ կան այս աշխարհում: Միայն թե հասցնեմ իրականացնել: Ինձ համար հոգնել բառը գործածությունից դուրս է: Ես չեմ հոգնում, երբեք: Հոգնելը մահ է: