ՓՇԵ ՊՍԱԿՈՎ ՄԱՐԴԸ

 

  Սերգեյ Փարաջանովին ձոնված բանաստեղծություններից մեկում այսպիսի մի տող կա. «Քո բազմամարդ մենության մեջ»... Գուցե պարզունակ, բայց ճշգրիտ ձևակերպում է։ Թեև նրա տան դուռն առավոտյան վաղ ժամերից էր բացվում և բացողների թիվը օրվա ընթացքում դժվար թե հաշվելու ենթակա լիներ։Տարբեր Երկրներից ու քաղաքներից եկած ոչ միայն արվեստի, կինոաշխարի, այլև տարբեր մասնագիտությունների տեր հանրահայտ, ծանոթ ու անծանոթ մարդիկ էին։ Եթե սառնարանում ոչինչ չէր գտնում, ճենապակյա գեղեցիկ բաժակներով թեյ էր հրամցնում։ Իսկ հիմնականում և մեծամասամբ հյուրասիրության համար գինին, հացն ու պանիրը պարտադիր էին։ Հախճապակե նրբագեղ գավաթի մեջ լցված գինու մեջ հացը թաթախում և այդպես էր «խմում» առաջարկված կենացը...Կոտե Մեսխի-9 հայրական երկհարկանի տան իրեն հատկացված փոքրիկ հատվածում մշակութային հսկա տարածք էր ստեղծել, որտեղ ոչ միայն իր հեղինակած բազմաժանր գործերն էր տեղավորում, այլև շշմելու և արտասովոր «ներկայացումներ» էր բեմադրում անսպառ ներշնչանքով, պահի ազդեցության տակ, տրամադրության թելադրանքով։ Նայած թե օրը ինչ գույն ունի և ում է բերել մոտը։ Ներկաներից մեկ-երկուսին առանձնացնելով, գլխավոր «հերոս» էր դարձնում, մյուսին, որ  հայկական ազգանունն էր փոխել կամ արմատներից հրաժարվել՝ տատի, նախապապի ազգային պատկանելությունը փաստող վկայություններով էր ապացուցում։ Երբեմն հյուրի հագուկապի վրա էր ուշադրություն հրավիրում, պարսավելով ու գովելով, հեգնելով ու սիրելով, սարկազմով կամ թե հաճոյախոսություններ շռայլելով։ Հանպատրաստից հղացած «ներկայացման»  ընթացքում երբեք պարապ չէր մնում։ Նկարում էր կամ դեն նետելիք  զանազան իրերով, հին ու նոր  արտադրության կոտրված պնակների մասերն իրեն իմաց զանազան նյութերի, առարկաների ներդաշնակ համակցությամբ կոլաժներ ստեղծում։ Արդեն պատրաստի լայնեզր գլխարկին նոր տար ավելացնելով, հյուրընկալվող կանանցից մեկի վրա էր փորձում, և ներկաներին մասնակից դարձնում նաև կարծիք հարցնում կամ ինքն էր գնահատական տալիս ստեղծվող աշխատանքները ցուցադրելիս։ Եւ այդ զուգահեռում իրեն էլ չէր խնայում։ Պետք է ասել, որ իր անձի շուրջ պտտվող արտառոց, անհավանական պատմությունների շրջանառության մեջ դնողներին հենց ինքն էր թեմա տալիս։ Առհասարակ, ինչպես  Պաստեռնակն է հուշում, մեծերի ճանապարհն այնպիսի շրջադարձերով և շեշտակի կորություններով է անցնում, որ այն ամբողջական մի ուղագծով մի հարթության մեջ տեսնելու ակնկալիք պիտի չունենալ։ Նրանց կյանքի մասին տեղեկությունները կարելի է միայն որոնել ու գտնել նրանց ժամանակակիցների, նրանց ճանաչողների կենսագրության կամ հուշերի սյունակներում։ Հանճարի ենթագիտակցության ոլորտները չափման միավորներ չունեն։ Սա էլ հայտնի ճշմարտություն է։ Մարդկային այդ տեսակի անհատական դրսևորումների, ապրելու կերպի մասին հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել այն ազդեցությամբ, որ ունեցել են նրա հետ հաղորդակցված  մարդիկ։ Եւ  հուշապատումներն ու հուշագրությունները, միշտ չէ, որ տվյալ անհատին մեծարելու կամ թե նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մղումով է ծնվում։ Ավելի ստույգ նրան ծանոթ լինելու, նրա հետ շփվելու առանձնաշնորհն ունենալու  յուրահատուկ թանկ  մի պարգև  ունեն, որն ի տես դնելու, որի մասին բարձրաձայն խոսելով, կիսվելու  որոշումից էլ  ծնվում է հուշեր գրելու համարձակությունը։

  Երբ առաջին անգամ թբիլիսյան  նրա տան շեմին հայտնվեցինք, կիսաբաց դուռը փակելով, հարցրեց, «Ո՞վ կա էդտեղ»։ Մեր գալու օրվա, նույնիսկ ժամի մասին տեղյակ էր, բայց իր պարտադրած խաղն ընդունելով, անուն, ազգանուն, մասնագիտություն նշելով, հերթով  ներկայացանք։ «Ներս չգաք, սպասեք»։ Մի քանի վայրկյան անց կանչեց. «Հիմա կարող եք մտնել»։ Սենյակի մեջտեղում աթոռին «հեծած», ժպիտը դեմքին, ողջունեց. «բարով եկաք» ասելով։ Առաջին իսկ  և հաջորդ օրվա հանդիպումից,  ափսոսում եմ, որ ասվածը չի ձայնագրվում։ Իսկական «էպիկական հեքիաթասած»։ Պատմություններ հյուսելու և գունեղ ներկայացնելու ընթացքում նաև նոր ֆիլմերին, թատերական վերջին բեմադրություններին է անդրադառնում՝ մասնագիտական  վերլուծությունների ենթարկելով։ Այդ ամենը հիշողությանը պահ տալով, ճշգրիտ վերարտադրելու դժվարությունը հասկանալով, երկրորդ օրը որոշում եմ ձայնագրիչը միացնել։ Աչքից չի վրիպում.,«Թաքցրու, մի կողմ դիր սարքդ դրա համար դեռ  ժամանակ կունենանք»։  Ժամանակը, սակայն չի նշում։ Դրա փոխարեն ասում է. «Մանչուկս, դու շատ խոցելի մարդ ես, քեզ համար ապրելը դժվար է լինելու»...  

  Ժամանակը՝ իր խոսքը ձայնագրվելու, ձգվելու էր հետագա տարիների տարբեր հատվածներում, կենսագրության էջերում գրանցվող  թանկարժեք հուշեր թողնելով  ու հրաշալի նվերներ պարգևելով։ Վերիկո Անջափարիձեի հետ կայանալիք հարցազրույցի համար պայմանավորվելով և նրա հետ հանդիպման տանելով, «Երաժշտություն հանուն ապրողների» օպերային ներկայացմանը հրավիրելով, Սոֆիկո Ճիաուրելիի տանը հյուրընկալելով, «Վրացֆիլմ» կինոստուդիայում իր նորավարտ «Սուրամի բերդը» կինոնկարիի առաջին հանդիսատեսներից մեկը դարձնելով։  Թբիլիսյան համամիութենական կինոփառատոնի օրերին ցուցադրվող որոշ ֆիլմեր միասին դիտելու հնարավորություն ընձեռելով։ Թբիլիսիի կինոյի տանը կազմակերպած իր գործերի աննման  ցուցահանդեսին հրավիրելով։ Ինքը լռում էր։ Ես չէի հիշեցնում տված խոստումը։ Իրադարձություններով հագեցած այդ հանդիպումների ավարտվող օրերից մեկի ժամանակ անակնկալի բերեց։ Ասաց. «Վաղը կարող ենք զրուցել։ Առավոտյան շուտ արի, որ խանգարողներ չլինեն»։ Գնացի. Հարցերը տրվում են,  պատասխանները  համառոտ են՝ մտքի հոսքի բանավոր ձևակերպումները գրավոր  խոսքի ամուր կառուցվածքով... Պատշգամբում հավաքված և շատացող հյուրերի ձայներն ասես չէր էլ լսում։  Զրույցը ոչ մի անգամ չընդհատվեց։ Այն լույս տեսավ «Իմ ճակատագիրը, իմ տան, իմ ծնողների, իմ մասնագիտության ճակատագիրը» վերտառությամբ։ Ամիսներ անց Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում Սերգեյ Փարաջանովի գործերի առաջին անհատական ցուցահանդեսն էր  բացվելու։ Մայրաքաղաքի մշակութային իրականության համար նշանակալից իրադարձության նախօրեին զանգահարեց Զավեն Սարգսյանը. «Վաղը Փարաջանովի ցուցահանդեսի բացումն է, բայց ինքն ուզում է, որ դու այսօր գաս թանգարան»։ Գնացի,  ամսագիրը տեսնելով ասաց. «Արդեն մի քանի օրինակ ունեմ, բարեկամներս են ուղարկել։ Էս քո բերածը  նվիրում եմ քեզ»։ Եւ բացելով ամսագրային իրեն նվիրված էջը արագ ու վարժ սկսեց «ձևավորել». Նախ փշե պսակի մեջ առավ  իր լուսանկարը, հետո տեքստը «նախշեց»  իմ  անունը  գրելով։ Ապա իր ու իմ մատների ծայրերը մելանի հաստ շերտով պատելով, դրոշմեց էջի վերջում. Ու ծիծաղելով, ավելացրեց. «Սա էլ մեր եկուսի կնիք-ստորագրությունը»։ Հետո  հրավիրեց ցուցահանդեսը դիտելու, որին  հաջորդեց  Զավենի թեյ խմելու առաջարկը։ Հատուկ Փարաջանովի համար ինքնաեռով պատրաստած թեյ մատուցվեց։ Փարաջանովի տան մթնոլորտը նմանեցնող սիրուն հուշում  էր։ Հրաժեշտ տալու համար ներկաներին ուղեկցեց մինչև   թանգարանի մուտքը։ Զավենն էլ եկավ  լուսանկարելու․ Ասաց. «Կանգնիր կողքիս»։ Եւ  Զավենը  լուսանկարեց այն մարդկանց, ում  Փարաջանովը  կամեցել էր հանդիպել ոչ միայն  իր, այլև  մշակութային մեր իրականության համար  նշանակալից  իրադարձության  նախօրեին։

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ․․․