ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ ԷԻՆ ՆՐԱՆՔ...

Թե՛ պատմական, թե՛ ներկայիս Հայաստանում կան վայրեր, որ առանձնահատուկ են իրենց էներգետիկ ուժով, մի տեսակ բարեբեր դաշտ են, նաեւ աստվածային շնորհների առումով. այդպսիսն է Գյումրին, այդպիսին են Լոռին, Վանը, Անին... Այսպիսի օծվածություն ունի նաեւ ներկայիս փոքրիկ Ծաղկաձոր քաղաքը, որն ըստ հնագիտական հետազոտությունների, բնակեցվել է Ք.ա. 3-2 հազարամյակում: Այստեղ գտնվում է Կեչառիսի հայտնի եկեղեցին, այստեղ «Խաչեր» եւ «Այգիներ» հնավայրերում վերջին հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են Ք.ա. 8-7 դարերի եւ մ.թ.11-րդ դարին պատկանող մշակութային արժեքներ: Այստեղ է գտնվում Հայաստանի գրողների միության հանգստյան տունը, որտեղ Ծաղկաձորի մուսաներն ու շնորհները հաճախակի այցելուներ են, այստեղ է գտնվում հրաշալի մի թանգարան, որը քաղաք եկող ամենատարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդկանց կենսագրական հարուստ տեղեկությեւններ են տալիս մեծանուն երեք եղբայրների` Լեւոն, Ռուբեն եւ Հովսեփ Օրբելիների մասին: 2008 թվականին քաղաքապետարանի, հատկապես քաղաքապետ Գարուն Միրզոյանի, Մարինե Բունիաթյանի (թանգարանի տնօրեն) եւ ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանի ջանքերով հիմնավոր վերանորոգման ենթարկվեց մի եզակի թանգարան, որ վկայությունն է վերը ասվածի: Սա Օրբելի եղբայրների տուն-թանգարանն է, որ հիմնադրվել է 1982թ. եւ բացվել հուլիսի 6-ին՝ Լեւոն Օրբելու ծննդյան 75-ամյակի առթիվ: Լեւոն Օրբելին` 20-րդ դարի մեծագույն ֆիզիոլոգներից մեկը, ծնվել էր հենց այս փոքրիկ ավանում, 1882թ.: Նրա հայրը նահանգապետարանի կարեւոր պաշտոնյա էր, եւ շատերի պես ընտանիքով ամբողջ ամառն անց էր կացնում Ծաղկաձորում. սա նաեւ այն ժամանակ մեծ տարածում ունեցող վարակիչ հիվանդություններից խուսափելու միջոց էր: Լեւոնն ընտանիքի երկրորդ զավակն էր: Իրենից ավագին ու իրենից կրտսերին նույնպես նախասահմանված էր աշխարհի մեծագույն հայտնագործություններից մի քանիսի հեղինակը լինել: Ծնողներն իրենց արտասովոր ընդունակություններով լիուլի օժտված երեխաներին դաստիարակել էին ազգասիրության եւ մարդասիրության բարձր գաղափարներով: «Ես ուզում եմ,- գրել է մայրը՝ տոհմիկ ազնվական, Արղության-Երկայնաբազուկների շառավիղ Վարվառան որդիներից մեկին,- որ դուք շարունակեք գիտությունը, ես ավելի քան համոզված եմ դրանում, որպեսզի դուք պահեք ոչ միայն ձեր ծնողների պատիվը, այլ նաեւ՝ ամբողջ ազգի: Ես իհարկե կհրճվեմ եւ կլսեմ ինչպես են իմ հետեւից ասում.«Երջանի~կ մայր»: Իր ազգի պատմությունն ու մշակույթը մինչեւ ակունքները պեղելու ընթացքում եղբայրներից կրտսերը՝ Հովսեփ Օրբելին հաճախ էր կրկնում, որ իրենք սերում են Մամիկոնյաններից եւ Զաքարյաններից: Հայրը` Աբգար Օրբելյանը, ավարտել էր Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ռուբեն Օրբելին` ավագ որդին, մասնագիտությամբ նույնպես իրավաբան էր: Բայց նա պետք է հանրահայտ դառնար որպես ստորջրյա հնագիտության հիմնադիր... Նրանն էր ջրասույզ եղած համաշխարհային պատմական արժեքները ջրերի հատակից դուրս բերելու եւ մյուսների կողքին դնելու մտահղացումը: Նա ղեկավարում էր ջրասուզակների` ԽՍՀՄ-ում առաջին գիտական արշավախումբը: Գտնում էր, որ պետք է ստեղծել ջրասուզակների մեծ դպրոց: Մի բան, որ իրականություն չդարձավ, եւ «Կուրսկ»-ի նման վիթխարի սուզանավի խորտակումից ոչ ոք չկարողացավ փրկվել: Լեւոն Օրբելին ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է տեղի հեղինակավոր 3-րդ գիմնազիան, այնուհետեւ ավարտել Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: Աշակերտել է Ի.Պ.Պավլովին՝ հետագայում դառնալով նրա թիվ առաջին աշակերտը: Դասավանդել է ռազմաբժշկական ակադեմիայում, ղեկավարել է ամենատարբեր լաբորատորիաներ, ինստիտուտներ, որոնց «Ալմա մատերը» ռազմաբժշկական ակադեմիան էր /1943-50թ.թ./: ԽՍՀՄ ԳԱ կենսաբանության բաժանմունքի առաջին ակադեմիկոս, քարտուղարն է եղել: Համաշխարհային գիտություն նա մտավ որպես էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի, ինչպես նաեւ ավիացիոն բժշկության հիմնադիր (դիմակի, կատապուլտի ստեղծողն է): Տիեզերագնացների առաջին անձնակազմն նա է ընտրել: Օդաչու Բախչիվանիջիի վարած սովետական առաջին ռեակտիվ ինքնաթիռի մեծ աղմուկ հանած վթարից հետո, Լ.Օրբելին, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գիտական խորհրդատուն լինելով, ցրեց բոլոր հնարածին վարկածները եւ հաստատեց, որ պատճառը տեխնիկական է եղել: Աշխարհում ֆիզիոլոգների ամենամեծաքանակ եւ համախմբված դպրոցը ստեղծել է Լեւոն Օրբելին: Վիթխարի թվով հետեւորդներ է ունեցել: Շատ հիշողություններ են պահպանվել նրա անսահման բարության մասին: 1945թ. ստացել է ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Հովսեփ Օրբելին Պետերբուրգում գերազանցությամբ ավարտել է արեւելագիտության ֆակուլտետը: 3-րդ կուրսում միացել է Նիկողայոս Մառի՝ Անիի պեղումների համար կազմած արշավախմբին: 1908 թվականին Անիում հիմնադրվեց թանգարան, որի կառուցմանը եւ կազմակերպմանը մեծ մասնակցություն ուներ. նշանակվում է թանգարանի տնօրեն, հաճախ էքսկուրսիաներն ինքն էր վարում: Մեծ Ջիվանու՝ այս օրերին Անի կատարած մի այցելության արդյունքում է ստեղծվել «Ձախորդ օրերը...» երգը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հովսեփ Օրբելին կարողացավ կազմակերպել ու մեծ շուքով նշել «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակը... Մ.Աբեղյանը մշակեց էպոսի Օրբելու կազմած հավաքական տեքստը: Հ. Օրբելին մեծ արեւելագետ, հնագետ, աղբյուրագետ, մեր նոր դպրոցի հիմնադիր լինելուց զատ, նաեւ հիանալի կազմակերպիչ էր, մի հատկանիշ, որ հաճախ խանգարում էր նրա գիտական գործունեությանը: Նա էր, որ Պիատրովսկուն ճակատագրով կապեց Հայաստանի հետ: Ամեն տարի Հայաստանից ուսանողներ էին մեկնում Լենինգրադ, որտեղ ջերմ ընդունելության էին արժանանում: Էրմիտաժը Հայաստանի դեսպանատուն էր հիշեցնում: 1935թ. նույն օրը Լեւոն եւ Հովսեփ Օրբելիները դարձան ԽՍՀՄ ԳԱ անդամ, եւ միայն 1943թ.-ին Հ. Օրբելին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի անդամ դարձավ: Նրա խոսքը մեծ կշիռ ուներ Խորհրդային մեծ երկրում: Ավստրիացի նշանավոր կենսաբան Կոնրադ Լորենցը պատերազմի ժամանակ գերի էր ընկել ու հայտնվելով Սեւանում գտնվող գերիների ճամբարում՝ ժամանակը զուր չէր կորցրել՝ սկսել էր ուշի ուշով դիտարկել տեղի ֆաունան: Գերին ազատման այլ ելք չտեսնելով՝ ի վերջո դիմել էր Հ.Օրբելուն: Օրբելին հաջողել էր գիտնականի վերադարձը հայրենիք, որ այնուհետեւ իր Նոբելյան մրցանակի արժանացավ հենց Հայաստանի այծյամների վարքագիծն ուսումնասիրելու համար : Թանգարանային անգնահատելի նմուշներ են Օրբելի եղբայրների ընտանեկան իրերը՝ կահ կարասին, հագուստները, մոր դաշնամուրը, եւ այլ իրեր, որ բացի հայ նշանավոր գերդաստանի մասունքներ ներկայացնելուց, ժամանակի շունչն են հաղորդում սերունդներին, մեր պատմական ամցյալով ոգեւորում, հուսադրում են, որ միշտ էլ ծնվելու ու գործելու է հայ գիտնականի հզոր միտքը, թնդացնելու է մեր համբավն աշխարհում: Թանգարանը նաեւ գողտրիկ, բայց պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող Ծաղկաձոր քաղաքի պատմության պահոց դառնալու ճանապարհին է: Սրա մասին են վկայում սրահներից մեկում ցուցադրվող հնագիտական եզակի նմուշերը:

ՀԵՂԻՆԱԿ Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արձակագիր, հրապարակախոս. Ավարտել է Եր¨անի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը. Հայաստանի գրողների միության ¨ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է. Աշխատել է «Էկրան», «Ֆիլմ», «Գեղարվեստ», «Հայություն» պարբերականներում, արդիական այլ¨այլ խնդիրներ արծարծող հոդվածները տպագրվել են Հայաստանում ¨ սփյուռքում լույս տեսնող պարբերական մամուլի էջերում: Վիպակները («Լենինական, Գյումրի, Կումայրի», «Չի կարող պատահել»), վեպը («Օղակը փակվում է»), պատմվածքները ամփոփված են «Թանաքագույն առավոտներ», «Սիրո քնքուշ հեքիաթ», «Դարձ նավահանգիստ» ¨ «Օղակը փակվում է» ժողովածուներում: «Թունելից վախեցող գնացքը», «Կանաչ, ուրախ ճամփորդներ գրքերը նվիրված են մանուկներին: