ՀԱՅՐԵՆԻՔԻ ԻՐԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  Կարինե Թորոսյանի  այս հարցազրույցը   ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ  հետ  տպագրվել է <<Հայություն>> պարբերաթերթում, 1996-ին. Չնայած տարեթիվն այդքան էլ կարևոր չէ. Մեծերի խոսքն  անկայուն աշխարհի մնայուն արժեքներից  է՝ բոլոր ժամանակներին  միտված…   

   Մեր լինելիության, գոյության անժխտելի պայմանն է լեզուն: Աշխարհի քարտեզի վրա ու երկրի հսկա տարածքում գրաված իրենց մի պստիկ տեղը, դարերի ճակատին գրած հայ ու Հայաստան անունը այս փոքրիկ հողն ու ժողովուրդը նվաճել են լեզվով: Լեզուն ապրելու ձև է, լեզուն աշխարհ է, սնունդ ու պայքարի միջոց, ինքնարտահայտման ու ինքնադրսևորման եղանակ:

   Ի՞նչ է լեզուն Ձեզ համար:

 - Լեզուն հայրենիք է: Մտածվում, թե ինձ համար և որևէ գեղջկուհու համար տարբեր մոտեցումներ են պարտադրվում, թե լեզվի մեջ ես ինձ ուժեղ եմ զգում Վահան Տերյանի, Մովսես Խորենացու, Էպոսի, գեղջկականի և մշակութայինի իմացությամբ, բայց նաև չի կարելի մոռանալ, որ լեզվի վայելքը ապրում է եթե ոչ ամբողջ ժողովուրդը, ապա գոնե շատերը, ովքեր լեզուն ընկալում են իբրև նվագ, թատրոն, իբրև խաղ, նկարչություն: Նրանց համար նույնպես լեզուն իրենց Վահան Տերյանի, Խորենացու, մշակութային շերտերն ունի, իրենց համար նույնպես լեզուն հայրենիք է:

   Լեզուն աշխարհ է: Բայց այսօրվա իմ վերաբերմունքը պիտի որ երեկվանից տարբեր լինի: Երեկվա միության ժողովուրդների համատեղ կյանքի, լեզվի կորուստների ու նաև փոքր ազգերի լեզուների չքացման պայմաններում իմ խոսքը բոլորովին այլ երանգ էր առնում: Մարտականորեն էի տրամադրված լեզուն պաշտպանելու, իշխանություններին`դեպի լեզվական հայրենիք վերադառնալու, օտար և ռուսաց լեզվով դպրոցների շատացման պայմաններում դրանց լեզվական հայրենիք բերելու իմ ագրեսիվ կոչերով: Ես այդպես էի տրամադրված, հիմա այդպես չէ: Չնայած այն ժամանակ քաղաքացու վիճակս ավելի նպաստավոր էր, որոշակի պլատֆորմ կար, սովետական մեծ երկրի քաղաքացու կարգավիճակը ինձ ապահովում էր նաև ընդդիմադիր ուժ դառնալ և ինչ-որ բանի համար պայքարել, հիմա հիմքս մի քիչ խախուտ է: Կարծես միության բերած ոչ կայունությունը կա, ոչ էլ իր վտանգը: Ի վերջո, լեզվական տարբեր մարզերի միությունն է ամբողջական լեզուն վարչական, բանակի, գործարանային, փողոցային, տարբեր ժարգոններ: Ռազմական արդյունաբերություն չունես` ուրեմն չունես այդ մարզի բառամթերքը, գրասենյակներդ աշխատում են այլ լեզուներով` ուրեմն աղքատանում է ամբողջ լեզուդ: Նախանձելի է ինձ համար վրացիների, էստոնացիների միտումը` վրացացնել, էստոնացնել բոլոր մարզերը` ծանր մրցակցության պայմաններում: Խանդի պահեր էի ունենում: Մի փոքրաթիվ ազգ, ինչպիսին վրացիներն ու էստոնացիներն են, դեռ էն ժամանակ իրենցից ուժեր էին պոկում, նստեցնում և Ջոյս էին թարգմանել տալիս, համաշխարհային մշակույթի գագաթներ էին փորձում փոխադրել իրենց լեզվական փոքր տարածքներ: Նրանց մոտ ավելի ուժեղ էր այն գիտակցությունը, թե լեզվի կորուստը ցեղի կորուստն է: Այդ վտանգը մեզանում դեռ վերացած չէ: Այլ չափումներում է ապրում այսօր հայոց լեզուն, մտավորականությունը և ժողովուրդը: Լեզվով ապրում, լեզուն հարստացնում այն գործառնության մեջ է դնում ազգի մի չնչին մասը: Մնացածը այլ գործի են և, փաստորեն, հայերենի որդիները չեն: Կհաջողվի՞ արդյոք մեր մտավորականությանը վերադարձի հրավեր անել դեպի գիրը, լեզուն, ինչպես դա արեց 1500-ամյա պատմության մեջ հայ հոգևորականության փոքր ջոկատը: Պահելով գրաբարը նա, փաստորեն եկեղեցու և լեզվի սահմաններում կարողացավ ազգին  վերադարձի կոչ անել դեպի ինքը, դեպի լեզուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Մեր նախնյաց պես մերն էլ նույնն է լինելու, եթե կարողանանք այդ հրավերն անել: Ի սփյուռս աշխարհի շատերը ունենք, որ մեր մշակույթի ոլորտներում չեն: Սա մեր դժվար ժամանակներից է: Սակայն մտավորականության ամենամեծ ջոկատն այստեղ է: Ներուժն այստեղ է: Եթե այսօրվա պայմաններում Հայաստանը կարողանար դառնալ Մխիթարյան միաբանություն և չորս ծագերի վրա իր լույսը, գիրը հղեր…

    Վտանգի տակ է մի մեծ մարզի գյուղական լեզվի գոյությունը: Մի օր լուսահոգի Սահյանի տուն մտա, տեսնեմ քրտինքը ճակատին, շուրջը թղթեր թափված, տեղն էլ երևի հարմար չէր, տնքալով, փնչալով նստած է: Հացի հետ կապված 500 բառ էր գրել` ակոս, լուծ, սամի, եզ, մղեղ, հասկ, ցանքս, կալ, էրան, հերանց գնալ, դեզ, ջաղաց, ալյուր, էդպես եկավ, եկավ… ու վերջում ասում է էսօրվա երեխան էդքան բառի փոխարեն ընդամենը երկու բառ գիտի` կոպեկ ու բուխանկա: Ահա թե աստվածաշնչային տեքստերից ինչքան է հեռանում հայ ընթերցողը, իրենից օտարելով գեղջկական , գյուղական, գյուղատնտեսական հայերենը: Բայց չէ՞ որ քրիստոնեությունը ծավալվել է ինչքան շուկայում, այնքան էլ գեղջկական միջավայրում: Եվ այնտեղի բառամթերքի մեծագույն մասը առնչվում է գյուղական աշխատանքին: Օտարվելով լեզվական այս մեծ շրջանից, իրենից օտարում է Աստվածաշնչի, միջնադարյան մշակույթի բերած լույսը: Եվ եթե ասենք, որ նաև միջնադարյան, համաշխարհային և մեր գրականությունը մեծամասամբ հյուսված են դրանով, այդքանով ահա այդ գրականությունը դժվարամարս է դառնում և ծանոթագրություններ պահանջում:

-Լեզուն իր կենսագրությունն ունի, որ ստեղծում են նաև գրողները:

-Չի կարելի մոռանալ լեզվի կենսագրությունը: Տես, նույնիսկ Թումանյանը թուրքերենի նկատմամբ պուրիտանական վերաբերմունք չուներ, մաքրամոլ չէր լեզվի հանդեպ: Դե, ժողովուրդները միասին ապրել են, լեզուները խառնվել են, և ահա կազմվել է լեզվի կենսագրությունը: Տես, թե գրականության պատմությունը մեզ ինչ է սովորեցնում: Բոլոր գլուխգործոցներն առաջացան ժողովրդի կենդանի լեզվի վրա: Ապա հիշիր Աբովյանի «Վերքը», Սունդուկյանի տիտանական ներկայությունը Թիֆլիսի համով-հոտով լեզվով: Մյուս կողմից էլ մաքրակրոններն ինչ են արել: Կա, պոէզիայում դա կարծես թե ստացվում է: Կարճ շնչառության գործերում մաքուր լեզուն կայանում է. Վարուժանը, Մեծարենցը, Տերյանը…

-Իսկ լեզվի երկփեղկումըԱրևմտահայերենի և արևելահայերենի միջև առաջացած վիհը որքան էլ անհրաժեշտաբար առաջացած իրողություն է, բայցևայնպես կլլեց, տարավ շատ գույներ:

-Լինելու է մեծ, միասնական հայոց լեզու արևելահայերենի հիմքով: Արևելահայերենն է, որ, այնուամենայնիվ, պահելու է հիշողությունը գրաբարի և բարբառների մասին, պահելու է արևմտահայ մշակույթը: Սփյուռքի մեր հայ եղբայրներին հասկանում եմ: Նրանք գիտեն, որ լեզուն աշխարհ է, որ չի կարելի հեղինակին իր լեզվից հանել, ինչպես և չի կարելի մի լեզվից առանց կորուստների փոխադրել այլ լեզու: Թեկուզ համաշխարհային որևէ հեղինակի, ասենք` Շեքսպիրին, բերել հայերեն և կորուստներ չունենալ, Պուշկինին բերել հայերեն և կորուստներ չունենալ, Թումանյանին հայերենից հանել, Սունդուկյանին` իր բարբառից: Այնուամենայնիվ, ճանապարհը սա է: Արևելահայերենը իր մեջ պիտի ներառի ստեղծված մնայուն արժեքները: Մեծերը, տիտաններն են օրենքներ դառնում, տարտամ մշուշը իրենք են կերպարանքի բերում: Փափազյանն արեց, չէ՞, փայլուն ձուլման օրինակը տվեց: Գյոթեն արեց, չէ՞, միասնական գերմաներեն ստեղծեց, Բիսմարկն ու Գյոթեն արեցին, չէ՞: Պուշկինը փախչող, կորչող բարբառների Ռուսաստանը բերեց ռուսաց լեզու: Մի գեղեցիկ բան հիշեցի` Ֆիրդուսու արտահայտությունը. «Երեսնամյա ջանքով պարսկերենով ես կենդանացրի Պարսկաստանը»:  Առանց Տերյանի, Թումանյանի, Մեծարենցի Հայաստան չէր լինելու, էդպես է, հայրենիքի իրական բովանդակությունը իրենք են բերել:

 

 

 

 

 

Ո՞րն է Ձեզ համար բառի արժեքըԻ՞նչ կշիռ ու չափում ունի բառը Ձեզ համար:

 -Երբ դեռ զգայուն էի, հեղինակն ինձ համար բացահայտվում էր առաջին, երկրորդ, երրորդ էջում: Մեկ էլ տեսնում էի էջը արթնացավ այսինչ գտած բառի պատճառով: Բառը առարկայի վրա ճիշտ տեղավորվում էր, ու… առարկան, շարժումը, մակդիրը, իրականությունը, միտքը էջից հառնում էին, և տեքստը առաջանում էր որպես այդպիսին: Հիշիր, թե քո Մահարուն ինչպես ես կարդացել: Մի քիչ մեռած, անկենդան տեքստ, քիչ հետո` առկայծում, կարծես կարճ միացում է լինում: Իրենը թումանյանական խաղաղ, հավասար ջերմությունը չի, ինքը կայծկլտումների, փայլատակումների հեղինակ է:

-Ուրիշ ու՞մ եք համարում բառերի հրավառության հեղինակ:

-Մուշեղն էր էդպիսին: Մուշեղ Գալշոյանը: Իր գաղտնիքն էր բառը: Նույն բառը ուրիշների տեքստերը չի փրկում: Չէ, չի փրկում: Այն ժամանակ Մուշեղին ասացի. « Ինչ մեծ ու գեղեցիկ շտեմարան ունես»: Սասնո բարբառը, էպոսը համաժողովրդական սիմվոլիկա է, գանձարան: Այ այդպես կարդում ես Մուշեղին` ոնց որ գանձարան մտած լինես: Բայց տես, որ ուրիշների համար դա չկա: Ահա, մեծերն են իրենց օրենքներն ստեղծում:

-Ձեր գրականության մեջ էլ է ճարճատում բառը: Որտեղի՞ց են ակունք առնում Ձեր լեզվի զգացողության կայծերը:

-Ի սկզբանե Մահարու, Բակունցի արձակի սերը ես ունեցա: Իմ պատանության տարիները նրանք փրկեցին, հայոց լեզվի տեքստեր տվեցին: Բայց արձակի խաղաղ պատումի ճանապարհը Զորյանն է: Վառվռուն գույների մակդիրներ չունի: Ինձ թվում է, նաև մորս լեզվից եմ շատ բան առել: Մի ակնարկում ես մի «գողություն» էի արել, խոշոր կարտոֆիլը երեխայի գլխի հետ համեմատությունը վերցնելով Վահան Թոթովենցի «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» գործից: Գռեհկաբանություն է. կարտոֆիլն ինչ գործ ունի երեխայի գլխի հետ: Իսկ մայրս նույն այդ ցանքսի մասին` «շաղ եկած գոճի» Շարժվող պատկեր է` կարտոլ, խոճկոր…

         Գրական մեծությունների Տերյանի, Թումանյանի, Չարենցի, Վարուժանի ներկայությունն ինձ մղեց դեպի գրականության լեզուն: Նրանցով հագենալուց հետո եղավ վերադարձը դեպի կենարար ակունքը:

-Չուզենալով համեմատել տասնամյակներ առաջվա պատկերի հետ, չեմ կարող չասել սակայն, որ այսօր մեր ժողովրդի մի ստվար զանգվածի շուրթերին մեր լեզուն հնչում է արևածաղկի չրթոցի անդուր սղոցումով:Կինոժապավենի ետ պտտվող կադրերի նման մեր սրբված ու մաքուր հայերենը գլորվել ընկել է դարակները, քուն մտել փակված գրքերի էջերում: Շուկայաշունչ քաղաքներն ու գյուղերը բռնկվել են գարեջրահոտ խոսքուզրույցով, վաճառակուլ փողոցներում խճճվել, քարկապ են ընկել մեր համով-հոտով լեզվի հնչյուններըՕտարածին բացիլի առաջացրած դողէրո՞ցք է, թե՞ աճպարարի խաղ:

 -Էպոխա է փակվում, հումանիտարի էպոխան: Ոչ թե 70-ամյա կոմունիստական անցյալը, այլև մեր տեսողության սահմանների երկհարյուրամյա անցյալն է փակվում: Ի վերջո, իդեոլոգիկ հանրություն էր նաև ցարի Ռուսաստանը, կաթողիկոսի Հայաստանը: Գաղափարի ժամանակներ էին, որի բաղադրիչներն էին նկարչությունը, երգը, թատրոնը, լեզուն,լեզուն… ցարից մինչև մուժիկ ժողովրդի երթը երթ էր դեպի հումանիզմի գաղափար և գեղեցկություն` ի հակակշիռ նոր շրջանների պրագմատների: Ահա այդ էպոխան է փակվում: Ծանր վիճակի առջև է կանգնած լեզուն իր բոլոր ատրիբուտներով: Հասարակական կյանքը իր բոլոր բաղադրամասերով կանգնած է փորձության առաջ: Բայց ինչ էլ որ լինի, ինքնապաշտպանության բնազդը  մեզ մղելու է ինքնատարբերակման, ինքնապահպանության ճանապարհ: Էջմիածինը երբեք չդարձավ բյուզանդիոնական, երբեք չդարձավ մոսկովյան: Երեկ էր դա, չէ՞, դիմադրություն եղավ, ինքնագիտակցությունը խոսեց. ես պետք է ունենամ իմ ազգային կրոնը: Այդպես էլ այսօր է: Բացվելու է ինքնատարբերակման ուղին իմ տառը քո տառից տգեղ չի լինելու: Վիճակն այս է,ուղին այս է: Մեր ժամանակներում ետ մնալով,մեր ժամանակներ շուտ մտած ազգերին ուսուցիչ անելով, այդուհանդերձ, նրանց «դավաճանելու» ենք: Մենք նրանց երթի մեջ չենք: «Կդավաճանենք», ինչպես միշտ ենք արել, միշտ չենք ձուլվի: Վերադարձ է լինելու ինքներս մեզ:

   - Դուք ասում եք, մենք էլ ենք ասում` լեզուն հայրենիք է: Այսօր բոլորս գիտենք, որ իրավացի թե հանիրավի` շատերն են լքում հայրենիքը: Ասել է թե` լեզուն են լքում: Մեռնո՞ւմ է նրանց հոգում ու մաշկի տակ լեզվի` իրենցը լինելու զգացողությունը:

-Անշուշտ: Ինչքան դպրոցն է ինձ հայերեն սովորեցրել, այնքան էլ մեր տունն ու փողոցը: Օտար միջավայրում նա աղքատանալու է: Մեր մշակութային կենտրոնը, մեր սուրբ Ղազարը Հայաստանն է լինելու: Որովհետև այստեղ է ազգի գլուխը:

- Իսկ ճակատագրով ուրիշ հողում ծնված-մեծացածինը ինչ է, որն է նրա լեզվահայրենիքը:

 -Լեզվի պարտադրանքը, դիկտատը կա: Սարոյանը, այդուհանդերձ, ամերիկերենի, անգլերենի որդին է: Ամերիկացի գրողները անգլերենի դեմ կռվում էին, որովհետև գիտեին, որ անգլերենով ստեղծվող մշակույթը չի մտնում ամերիկյան կյանք, ամերիկյան կյանքից չի արտացոլվում: Ուզում էին ստեղծել իրենց ամերիկյան անգլերենը:

         Մեր լեզվի իմպերատիվը այստեղ մեզ պարտադրելու է իրական հայ մշակույթ,     հայ մշակույթի հայրենիք, դեպի որն էլ եկողներ ու ձգտողներ կլինեն օտարացումներից: