ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԻՇԵՐ

Մեկ շաբաթ է անցել «Թանգարանային գիշեր» խորագրով անցկացված մշակութային իրադարձությունից, որը իսկապես իրադարձություն համարվելու ոչ թե մեկ, այլ մի քանի հիմնավոր պատճառներ ունի. արձագանքները՝ գրավոր եւ բանավոր դեռ շարունակվում են։ Ինքնատիպ ակցիա, որի կայացմամբ ակնհայտ դարձավ, որ պոմպեզ, երբեմն պաթետիկ ու բովանդակազուրկ վերտառություններով շոուների կազմակերպիչների համառ հետեւողականության շնորհիվ չէ միայն, որ հայերը, մանավանդ երիտասարդները կարողանում են մշակութային այսօրինակ միջոցառումներին ներկայություն ապահովել։
«Թանգարանային գիշերվա» մասին իրազեկվեց զանգվածային լրատվական միջոցներով ու արդեն հայտնի էր, որ այն մարդկային որոշակի խմբի կամ հանրության լայն խավերի համար կազմակերպվող պարտադիր ու հերթական միջոցառում չէր։ Հիշեցնելու պես, հայտնվեց նաեւ, որ երկրի թանգարանները բաց են լինելու երեկոյան ժամերին եւ հանրության բոլոր անդամները մինչեւ կեսգիշեր կարող են այցելել իրենց նախընտրած թանգարանը կամ տուն-թանգարանը։
Այն, որ մշակութային նման ձեռնարկ կազմակերպելու գաղափարը ծնվել է Ֆրանսիայում, ապա մեծ հաջողությամբ տարածում գտել եվրոպական գրեթե բոլոր երկրներում, գիտեինք։ Գիտեինք նաեւ, որ փոքր ինչ ուշացումով այս ծրագիրը կիրառվեց եւ մեր տարածաշրջանում ու որակական այնպիսի աստիճանով, որ ոչ միայն կայացավ այլեւ ավանդույթ դառնալու մակարդակ ապահովեց։ Փաստ է այլեւս, որ մեր երկրում սկզբնավորված «Գիշերը» ահա քանի տարի է, ինչ պահպանելով շարունակականությունը մեծ հաջողությամբ է ընթանում։ Նման հաջողությունը հազիվ թե թանգարանների մուտքի անտոմս, այսինքն անվճար լինելու հանգամանքով պայմանավորված լիներ։ Այնպես որ մայիսի 14-15-ը երեկոյան ժամերին մայրաքաղաք Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում, Վանաձորում, Սիսիանում եւ մեր մյուս քաղաքների թանգարանների բազմամարդ լինելը եւ, առհասարակ քաղաքային բնակավայրերում աշխույժ անցուդարձն ու տիրող ուրախ տրամադրությունը մշակութային նախաձեռնության կայացման շահեկան մի քանի փաստարկների մասին է հուշում։ Օրինակ այն մասին, որ մեր հասարակայնության նկատելի ու հատկապես երիտասարդ հատվածն առանձին հետաքրքրություն ունի մշակութային իրական արժեքների հանդեպ։ Եւ ազգային ժառանգությանը ծանոթանալու կամ թե այն նոր մի հայեցակետից դիտարկելով ճանաչելու եւ վերաիմաստավորելու պահանջ ունի։ Մի բան, որ ինքնին հուշում է՝ խնդիրը ոչ թե ջահելների գեղագիտական ցածր ճաշակն ու մակարդակն է, այլ այն, թե ինչ առաջարկություններ են նրան արվում, ինչ որակի գործեր են հրամցվում։ Ի դեպ, պարզվում է, որ անսովոր ժամն էլ իր դրական նշակությամբ է կարեւորվում։ Մանավանդ որ «Թանգարանային գիշերը» անիմաց էջեր «թերթելու», հաճելի անակնկալների առիթ է ընձեռում։ Օրվա առիթով շատ թանգարաններ նոր ցուցադրություններ են կազմավորում արվեստի տարբեր ժանրերից ընտրված գործերի համադրությամբ, պահոցները բացելով, մոռացության շերտերից հանում եւ բացառիկ հետաքրքիր նմուշներ են ներկայացնում։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք նաեւ, որ նշված բնագավառի մի շարք գործիչների կարծիքով այդ օրը թանգարանները այցելուներին պետք է ներկայանան ոչ թե սովետների տարիներից հայտնի գրական-երաժշտական կոմպոցիաներով եւ այս ֆորմատի մեջ ընդգրկված տարբեր վիկտորինաների ու ասմունքի ծրագրերով, այլ այն «տեսքով», ինչպիսին, որ լինում տարվա բոլոր ժամանակներում։ Սա, իհարկե կարծիք է, որը կարելի է եւ ուշադրության արժանացնելով, չշրջանցել։ Բայց եթե օրը անսովոր է թե ընդունելության կարգով, թե ընտրված ժամով, ապա նաեւ ցուցադրությունը պետք է նորոգ տեսքով առանձնանա։ Ինչպես ասենք, Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ իմացական հորիզոնները ընդլայնող նրբաճաշակ, բարձրակարգ մշտական էքսպոզիցիային զուգահեռ հնատիպ գրքեր էր ցուցադրել` «Գրավոր հիշողություն» խորագրով։ Իսկ Ազգային պատկերասրահը, որ Պատմության թանգարանի վերին հարկում է գտնվում, նույն այս թեման զարգացրել էր օրիգամի եւ տառերի արվեստին անդրադարձող ցուցահանդեսով։ Այս ամենի հետ այցելուներին հնարավորություն էր ընձեռվել դիտելու կինոարվեստի սիրված ժանրում ստեղծագործած Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը։ Արվեստների տարբեր ասպարեզների՝ կիթառի համերգի եւ թատերական ներկայացման ունկնդիր ու հանդիսատես էին դարձել Ալեքսանդր Թամանյանի թանգարանի այցելուները։ Մարտիրոս Սարյանի տունը այցելուներին հրավիրել էր տեսնելու եւ լսելու վարպետի հուշերն ի մի բերող ցուցադրության հետ մեկտեղված կամերային երաժշության համերգ։
Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի հովանու ներքո անցնող գիշերն նույնիսկ պետական այրերի համար կարեւորվեց եւ «ժողովրդի հետ» լինելու առիթ դարձավ նրանց համար։ Մարդկանց մի խումբ, օրինակ շտապեցին Հովհաննես Թումանյանի տուն, որովհետեւ գիտեին՝ այստեղ էր լինելու երկրի վարչապետը, որոշներն էլ ճիշտ նույն պատճառով նախնական որոշումը փոխելով նախընտրեցին մեկ այլ թանգարան գնալով հաղորդակից լինել օրվա խորհրդին։ Ազգային ժողովի նախագահի թանգարանային այցը լուսաբանող հեռուստահաղորդումներից եւ հաղորդագրություններից էլ` չիմացողներն իմացան երեւանյան թանգարանների շարքը համալրած եւս մեկ՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին։ Տեղեկացան, որ պետական, քաղաքական հայտնի գործիչ՝ Կ. Դեմիրճյանի անձնական արխիվից բացի թանգարանն ունի փաստավավերագրական հարուստ նյութեր, որոնք վերաբերում են անցյալ դարի վերջին տասնամյակներում ու ներկա հարյուրամյակը սկզբնավորող բարդ ժամանակների՝ հայաստանյան իրադարձություններին։ Այս այցելության ընթացքում էլ տեղեկացվեց մոտ ապագայում ստեղծվելիք Ազգային ժողովի թանգարանի մասին։
Գարնանային գիշերը թանգարանային գործիչներից ոմանց մղեց օրվա կապակցությամբ իրենց մտորումները բարձրաձայն արտահայտել։ Նրանցից ոմանք առանձնապես շեշտում էին այն հանգամանքը, որ այցելուների հոծ խմբերին ընդունելն, ընթացիկ օրերից տարբերվում է եւ իրենք չափազանց լարված են աշխատում։ Իսկ ամենադժվարը գիշերը կիսող ժամերն են լինում, հասկանալի պատճառներով…
Հայաստանի մի քանի թանգարանների, մասնավորապես «Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանի ու Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրենների դիտարկումների համաձայն էլ միայն «Թանգարանային գիշերն» է այցելուների հոսքը մեծանում, իսկ մնացած օրերին սակավամարդ են մշակութային հիշյալ հաստատությունները։ Ասվածը հաստատելու համար նրանք թվաբանական պարզ հաշվարկներ ներկայացնելով, փաստեցին, որ օրինակ Էրեբունի պատմահնագիտական կենտրոն տարեկան այցելում է 14 000-15000 իսկ մայիսյան այս օրը 11 hազար մարդ։ Այսինքն մեկ օրվա եւ մեկ տարվա այցելուների քանակը գրեթե հավասար նիշի վրա են հայտնվում։ Նույն այդ օրը Ալեքսանդր Սպենդիարյանի տանը հյուընկալվում են 500-600 մարդ, իսկ տարվա ընթացքում թիվն այս տատանվում 3-4 հազարի միջեւ։ Նշվող տատանումների պատճառները, անշուշտ տարբեր են։ Եւ այդ պատճառներից եւ ոչ մեկը չի առնչվում «Թանգարանային գիշեր» ակցիային։ Մշակությային այդ հրաշալի նախաձեռնության չլինելու պարագայում այցելուների ակտիվությունը չէր բարձրանալու, իսկ նշված թվերն էլ նույն չափով նվազելու էին։ Դա նշանակում է, որ երկրի մայրաքաղաքը, երկրի մեծ ու փոքր քաղաքները զրկվելու էին մշակութային նշանակալից այն իրադարձությունից, որ կոչվում է՝ «Թանգարանային գիշեր»։ Մինչդեռ նրանք, ովքեր այդ օրը շրջել են Երեւանում կվկայեն, որ մշակութային այս միջոցառումը լոկալ բնույթ չէր կրում եւ ամբողջ քաղաքն էր դաձել տոնական: Լավ մթնոլորտ էր տիրում Երեւանում։ Եթե անգամ քաղաքի Հանրապետության հրապարակում կամ էլ թե՝ Կասկադում հայտնված լինեին, անթաքուն հիացմունքով կտեսնեին, թե ինչպիսի գեղեցիկ ու կիրթ արտաքինով երիտասարդ տղաներ ու աղջիկներ են մտնում Պատմության թանգարան կամ Գաֆեսճյան թանգարան տանող աստիճաններով բարձրանում։ Նրանցից շատերը գուցեեւ չգիտեին, թե հատկապես հին ու նոր ինչ ցուցադրություն են տեսնելու այս կամ այն թանգարանում։ Գուցե չէին սպասում, որ Գաֆեսճյան մշակութային կենտրոնը առանձին սրահ է ընտրել արդի լավագույն նկարիչներից մեկի՝ Հակոբ Հակոբյանի մեկ` «Հողեղեն գույների երգը» նկարի ցուցադրության համար։ Գնահատելի էր եւ այն, որ ամեն մի թանգարան հաճելի մի անակնկալ էր պատրաստել այցելուների համար։ Տարբեր թանգարաններից ետ դարձողների դեմքերին ծաղկած ժպիտն արդեն իսկ հուշում էր, թե ինչպիսի ներազդեցություն են ունեցել հոգեւոր այն արժեքները, որոնք իրենց այցելուներին ներկայացրել են երկրի մշակութային կենտրոնները խորհրդավոր այն գիշերը, որ կոչվում է՝ Թանգարանային։