ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ

Մեզանից ոչ մեկի մտքով անգամ չի անցել, թե ու՞ր են անհետանում այն ծաղիկները, որոնք մնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 23 -ի՝ ուշ երեկոյան սկսված եւ 24-ի գիշերն ավարտված մարդկային հոսքից հետո։ Օրվա խորհուրդի առաջ խոնարհվողներս երբեւէ ուշադրություն դարձնելով, չէինք կարող հաշվել, թե հատկապես քանի՞ պսակ է օղակում հուշակոթողի՝ հայ ժողովուրդի վերածննունդը խորհրդանշող 44 մետրանոց ստելլան։ Անկարելի էր նաեւ որոշել, թե որքան ծաղիկ է դրվել հայոց կորսված նահանգների թիվը նշող 12 կոնաձեւ խոշոր սալիկների կենտրոնում վառվող հավերժական կրակի շուրջը։ Չնայած տեսողական հիշողությունն մեր, այդուհանդերձ ֆիքսում էր, որ ծաղկեփնջերից գոյացած «պատը» գերազանցում է հավերժական կրակն ամփոփող տարածքի մեկուկես մետրանոց խորությունը։ Այսպես էր տասնամյակներ շարունակ… Բայց ժամանակները սրբագրումներ անելու զորություն ունեն։ Եւ նոր ժամանակների մեջ երիտասարդ մարդիկ են հայտնվում, որոնց միտքն ու աչքը հավասար եւ հստակ տեսնում են այն, ինչ, մինչ այդ վրիպել է նախորդ սերունդների ուշադրությունից։
- Ու՞ր են տարվում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին բերված ծաղիկները,-հարցի շուրջ գուցե թե Ռուբեն Խաչատրյանն էլ երբեւէ չէր մտածել, բայց հարցը ծնվել ու պատասխանը ստացել էր գրեթե միաժամանակ։ Դեռեւս ութ տարի առաջ, երբ ապրիլի 24-ին հաջորդած օրերին , պատահաբար տեսել էր, թե ինչպես են եղաններով մարդիկ հուշակոթող բերված ծաղիկները հավաքում եւ լցնում աղբատար մեքենան։ Տգեղ, նաեւ տխուր տեսարան էր, որը «երկար ժամանակ մոռանալ չէր լինում։ Ծիծեռնակաբերդ բերված ծաղիկների անչափ կարեւոր առաքելությունը այսպիսով կոպիտ ընդհատելով, վերածում էին աղբի։ Հուշահամալիրում հանգչող ծաղիկների թառամած խուրձերը աղբատար մեքենաներով տեղափոխելու պրոցեսը նկարահանեցին գերմանացի գործընկերներս, որոնք հաջորդ տարի իմ հրավերով գարնան հիշյալ օրերին Երեւանում էին։ Եւ այս գործողության յուրաքանչյուր պահը որսած լուսանկարներն ավելի շեշտված հուշեցին, որ նշանային իմաստ ունեցող ծաղիկների վախճանն այսպես պիտի չլինի, որ այդ ծաղիկները հարություն առնելու եւ իրենց տրված խորհուրդը վերահաստատելով, նորոգ մի կյանքով պիտի ապրեն»։ Ռուբեն Խաչատրյանը գիտեր արդեն, թե դրա համար ինչ պետք է արվի։ Նախ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին դիմեցին, որը ոչ միայն պատրաստակամորեն, այլեւ ոգեւորությամբ ընդառաջեց այն առաջարկությանը, որ արեցին «Վայրի բնության եւ մշակույթի արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրենն ու նրա թիմը։ Մանավանդ որ առաջարկությունից գործ տանող ճանապարհը նշանավորող աշխատանքներով, նույն այս հաստատությունը դպրոցահասակ երեխաներին ու պատանիներին պատմության էջերն ընթերցելու, պատմամշակութային արժեքները գնահատելու, իր իսկ ինքնությունը ճանաչելու եւ քաղաքացիական որոշակի դիրքորոշում ձեւավորելու ծրագիր էր նաեւ իրականացնում։ «Ժողովրդականի» բնութագրական հատկանիշներ ձեռք բերող, տոնի վերածվող նոր նախաձեռնությունն էլ մի քանի նպատակների էր միտված, որոնց իրականացմանն, ինչպես տեղեկացնում է Ռուբեն Խաչատրյանը այս տարի ավելի շատ կազմակերպություններ են ներառվելով, մասնակցելու։ Մի բան, որ վկայում է ծրագրի գործուն լինելու եւ շարունակությունը պահելու մասին եւ ըստ էության, նաեւ հոգեբանական բեկում է առաջացնում մարդկանց գիտակցության մեջ։ «Գիտակցությունը տպավորությունն է»,- ասում է իսպանացի փիլիսոփա Խ. Օրթեգա-Ի-Գասեթը։ Այն տպավորությունը որ թողնում է ծաղիկների վերափոխման գործը ոչ միայն ներազդող, այլեւ գեղագիտական տարրերով հարուստ, սքանչացնելու չափ գրավիչ արարողություն է։ Ծիսակատարության պես։ Ավելի ստույգ, իրական ու իսկական մերօրյա ծիսակատարություն է, որ սկզբնավորվել է 2010-ին, ապրիլ 27-ին, Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում.
Վառ՝ սպիտակ ու կարմիր գույներով համակցկված արտահագուստով, տարբեր տարիքի աղջիկներն ու տղաները հուշ-ծաղիկների թերթիկները ցողուններից պոկելով, լցնում են առանձին տարաների մեջ։ Հետո արդեն զուգահեռաբար ճերմակ կտորներն են ձգվում հուշահամալիրի տարածքում եւ սրանց վրա էլ փռվում են բազմատեսակ ծաղիկների թերթիկները, որոնք մի դեպքում ծաղկե պուրակներ, իսկ մեկ այլ դիտանկյունից գունային նուրբ համադրումներով շքեղ ուղեգորգեր են հիշեցնում։ Աշխատանքն ավարտին հասցնելով, սակայն «գորգերն» այդ դանդաղ ու խնամքով ծալել-հավաքվում, տարվում են հատուկ մշակման։ Ցողունները՝ հումուսի են վերածվում, որպես պարարտանյութ բնապահպանության մեջ կիրառելու համար։ Իսկ թերթիկները դառնում են թուղթ, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը օգտագործում է պաշտոնական գրությունները՝ շնորհակալագրերի, հուշագրերի, թեմատիկ տեքստերով նամակների համար։ Այսպես՝ ծաղիկների հումքով պատրաստված թղթերը, Ռ. Խաչատրյանի հավաստմամբ թե՛ բովանդակային առումով, թե՛ ներքին անկյունում զետեղված նախշազարդ գրով նաեւ քաղաքական ենթատեքստ կրող յուրօրինակ մեսիջների հնչողություն են ստանում՝ աշխարհի ժողովուրդներին հղվող։ Կա մի ավանդույթ, որի համաձայն Աստղիկ աստվածուհու տաճարը գտնվում էր Ծիծեռնակաբերդում, որտեղից ծիծեռնակները որպես սուրհանդակներ լուրեր էին նրանից տանում Վահագն աստծուն։ Այստեղից է, ի դեպ առաջացել Ծիծեռնակաբերդ անունը։ 21-րդ դարում, նույն Ծիծեռնակաբերդից աշխարհի տարբեր անկյունները՝ 1915 թվականին կատարված եղելությունների մասին պատմող խոնարհումի ծաղիկներն են տարածություններ հատող սուրհանդակներ դառնում...


ՀԵՂԻՆԱԿ

Ռուզան ԶԱՔԱՐՅԱՆ

Ծնվել է Երեւանում.
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտական որակավորում է անցել Լենինգրադի /Սանկտ-Պետերբուրգ/ Ա.Պուշկինի տուն-թանգարանում եւ Էրմիտաժում:
Հայաստանի ժուռնալիստների միության, Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային (FIPRESCI) ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի, «Պո-Արաքս» հայ-իտալական մշակութային ընկերության (Վենետիկ) անդամ է:

Նրա մշակութային խնդիրներ քննող, հրապարակախոսական եւ արվեստաբանական մենագրությունները, միջազգային կինոփառատոների, թատերական ստուգատեսների, ճարտարապետական սիմպոզիումների եւ բիենալեների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ, Միջին Ասիա, Հնդկաստան, Իտալիա, ԱՄՆ) լուսաբանող հարցազրույցները եւ հոդվածները հայերեն եւ թարգմանաբար (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն), տպագրվել են Հայաստանի եւ արտերկի մամուլում:
1998թ «Գյումրի, Գյումրի» հոդվածի համար արժանացել է «Աղետի գոտի` տասը տարի անց» թեմայով հայտարարված` Բաց Հասարակության Ինստիտուտի (OSIF) սահմանած մրցանակին:
Հեղինակն է «Վենետիկյան միջանվագ» գրքի (2000 թ.):

Ռ. Զաքարյանը ԺՀՄ «Ոսկե գրչի» մրցանակակիր է: