ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀԸ ԱՆԵԶՐ ՏԻԵԶԵՐՔ Է

Մեր օրերում «վիրտուալ աշխարհ» բառակապակցությունը, գրեթե զուգահեռվում է իրական աշխարհի հետ՝ աշխարհագրական նոր տարածքների ձեւաորմամբ, անճանաչ սահմաններով, տարբեր ուղություններով թչիքներ իրագործելու հնարավորությամբ։ Մի խոսքով բոլոր այն առանձնահատկություններով, ինչ երկրային աշխարհում ապրողները տիեզերական են համարում։ Միայն թե այս աշխարհը տարածություններ կտրելու պահանջ չդնելով, այնքան տարաբնույթ հետաքրքրություններ ունի, որ 21-րդ դարի մարդը իր ժամանակի զգալի հատվածը գերադասում է րոպե առաջ այստեղ հայտնվել։ Սեփական հարկը դարձնելով թռիչքադաշտ յուրաքանչյուր-ոք հիմա կարողանում է «մեկնել» նախընտրած մի տեղ, նախընտրած իր գործով զբաղվելու համար։ Սահմաններ մերժող այս աշխարհում, ուր որոնումների, շփման հնարավորությունների ճկուն համակարգ է գործում, նույնքան հեշտ է ձեռք բերել նաեւ ուզածդ գիրքը, քանի որ այս աշխարհում գործող գրադարանները նկատելի առավելություններ ունեն։ Այս առավելություններով է աչքի ընկնում մշակութային նորաբաց մի կառույց, որտեղ այցելելու համար պետք գտնել «digilib. am» կայքը: Սա վիրտուալ մի գրադարան է, որտեղ հավագրվել է հայկական գրական ժառանգության նշանակալից մի հատվածը։ Հայ դասական մատենագիտության թվանշանային գրադարանը բոլորովին վերջերս է մի քանի օր է, ինչ սկսել գործել համացանցում։ Թեպետ «հաստատության» ստեղծման աշխատանքները նախաձեռնվել են տասը տարի առաջ։ Ուղիղ մեկ տասնամյակ առաջ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախկին ղեկավար Հարություն Արմենյանը կոչ արեց դուրս ու ներսում ապրող հայերին համախմբել նյութական ու գիտական ներուժը եւ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների միջոցների կիրառմամբ գրական մեր հարուստ ժառանգությունը ներկայացնել վիրտուալ աշխարհում։ Պարզ այն հիմնավորումով, որ թվանշանային համակարգերը հնարավորություն են ընձեռում մատչելի դարձնելով, առանց միջնորդի հաղորդակցվել ազգային մշակութային ժառանգության հետ։ Ահավասիկ, գործն իրականացված է եւ գրադարանը, որ մշակութային հիմնավոր կառույց է, երեք խոշոր՝ հայ դասական մատենագիտություն (5-17դարեր), արեւմտահայ եւ սփյուռքի գրականություն եւ հայագիտական ուսումնասիրություն բաժիններից է բաղկացած։ Հատկանշական է, որ հայ մատենագիտության թվանշանային գրադարանի հիմնադիրները լայնածավալ աշխատանքներ են կատարել նաեւ արտերկրում՝ մասնավորապես Վենետիկում, Վիեննայում եւ ԱՄՆ-ում գործող հայ կրթօջախներից հավաքագրելով անհրաժեշտ ու կարեւոր նմուշներ։ Արդյունքում գրադարանի «սեփականությունն» են դարձել գրական երկու հազար նմուշ։ Անշուշտ, այս թիվը աճելու միտում ունի, քանի որ գործող շտեմարանը նորանոր գործերով (այդ շարքում նաեւ գիտական պարբերականներով ու հայալեզու թերթերով), հարստացնելու աշխատանքները շարունակվում են։ Գիտական, կրթական, մշակութային նշանակություն ունեցող «digilib. am»-ը, կարեւոր դեր ունի հատկապես մասնագիտացված ինստիտուտներին եւ, որ շատ կարեւոր է հայագետների համար, որոնք այսուհետ աշխարհի տարբեր երկրների գրադարաններում իրենց հետաքրքրող նյութերը գտնելու նպատակով աշխարհագրական տարածքներ հատելու պարտադրանքը չեն ունենա։ Ընդամենը մի քանի վարկյան եւ նրանց «սեղանին» հայտնվելու է հույժ անհրաժեշտ գիրքը կամ հետաքրքրող նյութը այս կամ այն պարբերականում լույս տեսած։ Մի իրողություն, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ֆանտազիայի ժանրին պատկանող գրականության թեմա էր հանդիսանում։ Ճկուն այս համակարգը ներառում է բովանդակային հզոր բազա, թվանիշերի վերածված ինֆորմացիան մարդուն հասանելի ու մատչելի դարձնելու համար։ Հետաքրքիր է, որ կառույցի հեղինակները չեն անտեսել գրադարանի ցանցային ֆորման։ Տեղյակ լինելով, իրենք էլ հանրությանը տեղեկացնում են, որ ներկա ժամանակներում ինֆորմացիան տարածելու լավագույն միջոցը սոցիալական ցանցերն են։ Եւ հենց այդ ցանցերն են, որ լայն պահանջարկ ունեն։ Թեպետ նմանօրինակ ցանցերում գիտահետազոտական նյութեր սովորաբար չեն լինում կամ գրեթե չկան: Այդ կայքերը չունեն այն ավարտուն բովանդակությունը, որը կա համեմատաբար քչաթիվ այցելուներ ունեցող էլեկտրոնային գրադարաններում, եւ որոնք իրենց կառուցվածքի պատճառով է, որ ցանցային բնույթ չեն ստանում։ Նոր գրադարանը երկու տիպի կայքերի համատեղման ինքնատիպ օրինակ է, որը օգտագործելով, կարելի է նաեւ ինֆորմացիա փոխանցել։ Իսկ, որ նույնքան կարեւոր է, այն նաեւ աշխարհի տարբեր կետերում ապրող հայերին միմյանց հետ հաղորդակցվելու հեռահար նպատակն է հետապնդում։ Շարունակելով խոսքը «Հայ մատենագրության գրադարանի» տեխնիկական ղեկավար Հովհաննես Կիզօղյանը, նաեւ շեշտում է, որ գրքի մասին մեր պատկերացումները փոխվող մեր ժամանակներում, փոխվում են: Եւ այսուհետ՝ մագաղաթ-թուղթ-ֆայլ օղակներով միացված շղթան արագորեն է վերաձեւվում է, եւ սա մի պրոցես է, որն այլեւս կասեցման ենթակա չէ։ Սա նաեւ նշանակում է, որ գրքերի աշխարհում կատարված մեծ հեղափոխությունն այլեւս փաստ է։ Հետեւաբար այլ են գրադարանի մասին եղած պատկերացումները եւ այս իրողությունն անտեսելը, ջայլամի` հայտնի դիրքում հայտնվելու պես մի բան է դառնում։ Ընդհանրապես պարբերական մամուլի, մշակութային ու գիտական հանդեսների եւ հատկապես գրքի ու գրադարանի գործառույթը բոլորովվին նոր որակով է կիրառկվում։ Ուզենք, թե չուզենք սա է այլեւս ժամանակի պահանջը։ Իսկ ժամանակի հետ համաքայլ չմնալը տխուր հետեւանքների է հանգեցնում։ Այնպես որ, սա շարունակական ու անընդմեջ զարգացող մի պրոցես է, եռաչափ մի թռիչք դեպի վիրտուալ աշխարհ, ասել է, թե դեպի տիեզերք, որտեղ ժամանակակից մարդը, հատկապես երիտասարդ մարդը, իր ներկայությունը հաստատելով, նախ ինտելեկտուալ իր մակարդակն է բարձրացնելու։ Եւ նոր գործող digilib. am-ը, բովանդակային ու տեխնիկակակ բացառիկ հնարավորություններով մշակութային հրաշալի կառույց է, որտեղ մուտք գործող յուրաքանչյուր-ոք (անգամ եթե նա պատահական է այստեղ հայտնվել), վստահաբար չի շտապելու այնտեղից դուրս գալ …


ՀԵՂԻՆԱԿ

Լիանա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լիանա Ավետիսյանը ծնվել է 1983 թ-ի սեպտեմբերի 12-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը եւ ավարտել բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան` արտասահմանյան գրականություն մասնագիտացումով: Մագիստրատուրային զուգահեռ սովորել եւ 2007 թ-ին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիայի դերասանական բաժինը: Աշխատել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնում, խաղացել է Մելիսա Բրաունի ներկայացումներում, նկարահանվում է ֆիլմերում ու տարբեր հեռուստանախագծերում, զբաղվում է ֆիլմերի կրկնօրինակումներով: