Հաղթանակի եռատոնը ազգովին նշեցինք ու այդ օրերին միասնական էինք, միակամ էինք: Մամուլում տպագրվող նյութերը, եթերից հնչող խոսքը, ցուցադրվող տեսանյութերն էլ ճշմարիտ վերծանումներ էին ոչ վաղ անցյալի մեր հերոսական էջերի: Այդ էջերը կերտած մեր հերոսների մասին ֆիլմեր ու հաղորդումներ էին հիմնականում: Եւ նորից`տասներրորդ կամ ավելի անգամ դիտում էինք, որպեսզի հաղորդակցվեինք մարդկային մեր ազնվագույն տեսակին, որպեսզի վերապրեինք հպարտության կորսվող զգացողությունը: Զգացողություն, որը մեր գոյի հիմքն էր Շարժման տարիներին, Անկախության համար մղած պատերազմի տարիներին… Ողբերգական իրադարձություններով, Մեծ կորուստներով, բայցև Հույսի ամուր հիմքով ապրվող տարիներին: Այս ամենի միջով անցած, այս դժվարին ընթացքին համաքայլ գնացողներից մեկն էլ հրապարակախոս, գրող`Մաքսիմ Հովհաննիսյանն էր, որի գործը, ավելի ճիշտ, նրա «Հեռացող երկրի կարոտը» վերառությամբ նոր գիրքը ներկայացնելով է, «Արվեստը» անդրադառնում տոնակատարությանը: Քանի որ Արցախի անկախության կայացման, պատերազմի ու հաղթանակի արդեն պատմություն դարձող տարիների ու հաղթական շրջանին հաջորդած բարդ ու տագնապալից ժամանակների իսկական վավերագիրն է Մաքսիմ Հովհաննիսյանը, որը այսօր էլ իր գրի ամուր ճշմարտությամբ շարունակում է երկրի աննահանջ զինվորը մնալ…
«Բառ, մեղեդուդ վերադարձիր».-ռուս պոետի բանաստեղծական տողը իր նոր` «Հեռացող երկրի կարոտը» գրքի համար, բնաբան ընտրած արձակագիրն, ասես հուշում է, բառն է ամենակարևոր նշանը: Եվ բառն է
Մաքսիմ Հովհաննիսյանի գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակը, ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է: Սա այն համագործակցությունն է, որի կայացման հիմք է դարձել մտավորական երկու անհատների միմյանց հանդեպ ունեցած փոխադարձ հարգանքը: Գրողը գիտեր և սիրում էր նկարչի ստեղծագործությունները: Նկարիչը հետո էր ծանոթանալու գրողի գործերին և սիրով ստանձնելու նրա գրքի ձևավորման աշխատանքը: Թեպետ Էլիբեկյանի հեղինակած նկարները Հովհաննիսյանի գրական տեքստի անմիջական իլյուստացիան չեն: Դրանք` գրական տեքստի բովանդակային իմաստին համահունչ, շեշտադրումներ խտացնող, ժամանակի մետաֆորը ներկայացնող սեղմ խորհրդանիշներ են: Արվեստագետի`տարածություն ընդգրկող հայացքի գեղանկարչական անդրադարձն են հաղթանակած երկրի այն հատվածին, որտեղից դեռևս 18-րդ դարում սերվել են իր նախնիները: Գործեր են, որոնց մասին ասվում է` «լսել աչքերով»: Գեղարվեստի տարբեր արտահայտչաեղանակներով` բառի, գույնի ու գծի հնչեղ ձայնով ներդաշնակված այսպիսի մի գործ են առաջարկում մեզ Մաքսիմ Հովհաննիսյանը և Ռոբերտ Էլիբեկյանը, որի գնահատականը, այդուհանդերձ Ժամանակին է թողնվում: Հույսով, որ այն մունջ չի մնա: